Առողջ դատողություն. ինչո՞ւ է այսքան հազվադեպ
«ՆՐԱ հետ ի՞նչ է կատարվում։ Նա գիտի, որ այդպիսի բան չպետք է աներ»,— ասում է մի մարդ։ Մեկ ուրիշը, չհավատալով կատարվածին, գլուխը տարուբերում է և հեռանում՝ քթի տակ ասելով. «Եթե նա մի փոքր առողջ դատողություն ունենար, այդպիսի բան երբեք չէր անի»։ Երբևէ լսե՞լ եք նման խոսքեր։ Իսկ ի՞նչ է «առողջ դատողությունը»։
«Դատողություն» բառը սահմանվում է որպես «ճշգրիտ իմացություն. հասկացողություն. գործնական իմաստություն»։ Այն նշանակում է, որ անհատը, բանականություն գործի դնելով, կարող է դատել և որոշումներ կայացնել։ Առողջ դատողությունը պահանջում է, որ մենք օգտագործենք մեր մտածելու ունակությունը։ Մարդկանցից շատերը նախընտրում են, որ ուրիշները իրենց փոխարեն մտածեն։ Նրանք թույլ են տալիս, որ լրատվական միջոցները, հասակակիցները կամ հասարակական կարծիքը ազդեն իրենց որոշումների վրա։
Այսօրվա աշխարհում մարդիկ այնքան քիչ են դրսևորում առողջ դատողություն, որ մի դիտունակ մարդ նշել է. «Առողջ դատողությունը հազվադեպ հատկություն է»։ Ինչպե՞ս կարող ենք առողջ դատողություն ձեռք բերել։ Որո՞նք են դրա օգուտները։
Ինչպե՞ս ձեռք բերել
Թեև առողջ բանականություն և դատողություն զարգացնելու համար ժամանակ, հարցերի մանրամասն քննություն և մշտական ջանքեր են պահանջվում, այնուհանդերձ, առողջ դատողությունը հասանելի է։ Քննարկենք երեք գործոններ, որոնք կարող են մեզ օգնել առողջ դատողություն ձեռք բերել։
Ուսումնասիրենք Աստվածաշունչը և հետևենք նրա խորհուրդներին։ Աստվածաշունչը, որ լավ լեզվով է գրված ու տրամաբանորեն է շարադրված, հրաշալի միջոց է իմաստություն և առողջ բանականություն ձեռք բերելու համար (Եփեսացիս 1։8, ՆԱ)։ Օրինակ՝ Պողոս առաքյալը հորդորեց իր հավատակիցներին. «Ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք» (Փիլիպպեցիս 4։8)։ Եթե մենք մշտապես հետևենք այս խորհրդին, արդյունքում առողջ դատողություն կունենանք և խելամտորեն կվարվենք։
Սովորենք փորձի հիման վրա։ Կյանքի փորձը կապելով առողջ դատողության հետ՝ շվեյցարացի մի բանաստեղծ գրեց. «Առողջ դատողությունը.... ընդգրկում է փորձ և կանխատեսություն [հեռատեսություն]»։ Իսկապես, «պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը» (Առակաց 14։15)։ Առողջ դատողություն կարելի է զարգացնել՝ լինելով դիտունակ, ուսուցանվելով և փորձ ձեռք բերելով։ Ժամանակի ընթացքում մենք կարող ենք բարելավել մեր գործելակերպը։ Սակայն որպեսզի սովորենք մեր սխալներից, պետք է խոնարհություն և հեզություն դրսևորենք։ Այն, որ այս վերջին օրերում մարդիկ ամբարտավանություն, հպարտություն ու համառություն են ցուցաբերում, ամենևին էլ առողջ դատողության դրսևորում չէ։
Ընկերներ ընտրելիս իմաստուն լինենք։ Մեր ընկերները կարող են կա՛մ օգնել, կա՛մ խանգարել մեզ իմաստություն և առողջ դատողություն դրսևորելու հարցում։ Առակաց 13։20–ում գրված է. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ»։ Մենք չպետք է որդեգրենք այն մարդկանց մտածելակերպն ու գաղափարները, ովքեր չեն հնազանդվում Աստծուն և արհամարհում են նրա Խոսքը։ Առակաց 17։12–ում գրված է. «Լաւ է մարդիս մի ձագերը կորցրած արջ պատահէ, եւ ոչ թէ յիմարն իր յիմարութեան ժամանակ»։
Ինչո՞վ է օգտակար
Առողջ դատողություն զարգացնելը օգտակար է։ Այն կյանքը դարձնում է ավելի հետաքրքիր, ինչպես նաև օգնում է խնայել մեր ժամանակը։ Առողջ դատողությունը կարող է թուլացնել վհատության զգացումը, որն առաջ է գալիս անմտածված քայլերի հետևանքով։ Նրանք, ովքեր թերանում են առողջ դատողություն դրսևորել, դժվարացնում են իրենց կյանքը։ «Յիմարի աշխատութիւնն իրան կը յոգնեցնէ»,— գրված է Աստվածաշնչում (Ժողովող 10։15)։ Այդպիսի մարդիկ անդադար աշխատում են և իրենք իրենց ուժասպառ անում, սակայն նրանց կատարած գործը իրական ոչ մի արժեք չունի։
Աստվածաշունչը բազմաթիվ գործնական խորհուրդներ է տալիս մաքրության, հաղորդակցության, աշխատասիրության, ինչպես նաև աղքատությանը տոկալու և կյանքի այլ բնագավառների վերաբերյալ։ Միլիոնավոր մարդիկ կարող են հաստատել, որ կյանքում հաջողության են հասել, թե անհաջողության մեջ են ընկել, կախված է եղել այն բանից, թե ինչ չափով են կիրառել Աստվածաշնչի սկզբունքները, որոնք օգնում են իմաստություն դրսևորել։
Առողջ դատողությունը օգնում է մեզ մանրամասն հրահանգների կամ օրենքների հետևելուց ավելին անել։ Այն օգնում է կատարել մեր պարտականությունները։ Սակայն առողջ դատողությունը չի փոխարինում գիտելիքներ ձեռք բերելուն։ Առակաց 1։5–ն ասում է. «Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը»։ Մենք պետք է նաև սովորենք վերլուծել մեր ստացած գիտելիքները և համապատասխան եզրակացություններ անենք։ Դա կօգնի մեզ «իմաստութեան մէջ վար[վել]» (Առակաց 28։26)։
Առողջ դատողությունը սերտորեն կապված է համեստության հետ։ Չնայած մենք գուցե ցանկանանք շատ գործեր կատարել, բայց պետք է ողջամտություն դրսևորենք և անենք այնքան, որքան ներում են մեր ուժերը։ Ճիշտ է, Պողոս առաքյալը մեզ ասել է, որ «աւելի առաջա[նանք] Տիրոջ գործումը» (Ա Կորնթացիս 15։58)։ Սակայն այս հորդորը պետք է հավասարակշռել Ժողովող 9։4–ում արձանագրված սկզբունքի հետ. «Ողջ շունը լաւ է մեռած առիւծից»։ Մինչ ծառայում ենք Եհովային, մեր առողջության մասին պատշաճորեն հոգ տանելով՝ կարող ենք ավելի երկար ապրել և շարունակել ակտիվ լինել։ Առողջ դատողությունը կօգնի մեզ հավասարակշռված լինել, ինչի շնորհիվ կկարողանանք անել այն, ինչ անհրաժեշտ է՝ առանց կորցնելու մեր ուրախությունը։ Այո՛, առողջ դատողությունը շատ օգուտներ է բերում։
[նկար 14–րդ էջի վրա]
Աստվածաշնչում բազմաթիվ ողջամիտ խորհուրդներ կան
[նկար 15–րդ էջի վրա]
Առողջ դատողություն կարելի է ձեռք բերել՝ լինելով դիտունակ, ուսուցանվելով և փորձ ձեռք բերելով