Հույս՝ անմխիթար պայմաններում. համաժողով փախստականների ճամբարում
ԿԱԿՈՒՄԱՅԻ ճամբարը գտնվում է Քենիայի հյուսիսում՝ Սուդանի սահմանի մոտ։ Այնտեղ ապրում է ավելի քան 86 000 փախստական։ Տարածաշրջանը չորային է, ցերեկը օդի ջերմաստիճանը հասնում է 50°C–ի։ Փախստականների միջև բռնության պոռթկումները սովորական երևույթ են։ Ճամբարում շատերը հուսալքվում են, իսկ ոմանք էլ հույս են ձեռք բերում։
Փախստականների մեջ ապրում են մի խումբ Եհովայի վկաներ, որոնք եռանդուն կերպով հռչակում են Թագավորության բարի լուրը։ Նրանք Լոդվարի՝ ճամբարից 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքրիկ ժողովի անդամներ են։ Հաջորդ մոտակա ժողովը հասնելու համար պետք է ութ ժամ ճանապարհորդել ավտոմեքենայով։
Քանի որ փախստականները ազատ ելք ու մուտք չունեն ճամբարից, նրանցից շատերը չեն կարողանում գնալ Եհովայի վկաների համաժողովներին։ Այդ պատճառով եղբայրները մեկօրյա հատուկ համաժողով կազմակերպեցին ճամբարում։
Ճանապարհորդություն դեպի հյուսիս
Համաժողովին աջակցելու համար Էլդորեթ քաղաքից (ճամբարից 480 կիլոմետր դեպի հարավ) 15 Վկաներ հանձն առան կատարել այդ դժվար ճանապարհորդությունը դեպի չորային հյուսիս։ Նրանց ուղեկցում էր Աստվածաշունչ ուսումնասիրող մի անձնավորություն, որը տրամադրել էր իր փոքրիկ ավտոբուսը և այն ապահովել վարորդով։ Նրանք սրտանց ցանկանում էին քաջալերել և զորացնել իրենց եղբայրներին։
Վկաները իրենց ճանապարհորդությունը սկսեցին Քենիայի արևմուտքում գտնվող լեռնային շրջանից։ Ցուրտ առավոտ էր։ Խորդուբորդ ճանապարհը նախ անցնում էր գյուղատնտեսական շրջաններով ու անտառներով, ապա շոգ անապատի մացառների միջով։ Այս անհյուրընկալ տարածքում արածում էին այծերի և ուղտերի հոտերը։ Երևում էին ինչ–որ ցեղի անդամներ՝ ավանդական հագուստով, շատերի ձեռքին՝ մահակներ, աղեղներ ու նետեր։ 11 ժամ ճանապարհորդելուց հետո Վկաները հասան Լոդվար՝ մի շոգ ու փոշոտ բնակավայր, որտեղ մոտ 20 000 մարդ է ապրում։ Հյուրընկալները ջերմորեն ողջունեցին նրանց, այնուհետև ճանապարհորդները որոշեցին մի փոքր հանգստանալ, որպեսզի կարողանան մասնակցել շաբաթ–կիրակի օրերին ծրագրված միջոցառումներին։
Հաջորդ առավոտյան այցելուները գնացին դիտելու տարածաշրջանի որոշ տեսարժան վայրեր։ Առաջին հերթին ծրագրված էր տեսնել Տուրկանան՝ Քենիայի ամենամեծ լիճը։ Այն շրջապատված է կիլոմետրերով ձգվող անապատային թփերով և տուն է հանդիսանում ամենամեծ թվով կոկորդիլոսների համար։ Ալկալիով հարուստ ջրերը ապրուստի միջոց են ապահովում այն փոքրաթիվ մարդկանց համար, որոնք ապրում են Տուրկանայի ափին։ Երեկոյան բոլորը միասին հաճույքով ներկա եղան տեղի ժողովի Աստվածապետական ծառայության դպրոցին և Ծառայողական հանդիպմանը։ Նրանք գեղեցիկ Թագավորության սրահ ունեն, որը կառուցվել է 2003 թ.–ին սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում Վկաների հաստատած շինարարական ծրագրի շնորհիվ։
Մեկօրյա հատուկ համաժողովը
Մեկօրյա հատուկ համաժողովը ծրագրվել էր անցկացնել կիրակի օրը։ Առավոտյան ժամը ութին Լոդվարի ժողովի անդամները հեռվից եկած Վկաների հետ միասին թույլտվություն ստացան մտնել ճամբար։ Նրանք շատ էին ցանկանում արագ հասնել տեղ։ Ոլորապտույտ ճանապարհը անբերրի հողերի միջով ձգվում էր դեպի Սուդանի սահմանը։ Ճանապարհի վրա վեր էին խոյացել ատամնաձև լեռները։ Շուտով երևաց Կակումա գյուղը։ Անձրև էր գալիս, և դեպի ճամբար տանող ցեխոտ ճանապարհը որոշ տեղերում ուղղակի անանցանելի էր։ Այդ գյուղում տների մեծ մասը կառուցված էր ցեխից պատրաստված աղյուսներով, իսկ տանիքները ծածկված էին թիթեղներով կամ բրեզենտով։ Տարբեր տեղերից փախած մարդիկ՝ եթովպացիներ, Սոմալիից, Սուդանից եկածներ և այլոք ունեն բնակության իրենց առանձին տարածքները։ Փախստականները ջերմորեն ողջունեցին այցելուներին։
Համաժողովը անցկացվեց ճամբարի կրթական կենտրոնում։ Թեև պատերին նկարված պատկերները վկայում էին փախստականների տանջալից կյանքի մասին, սակայն այդ օրը դահլիճում տիրում էր բոլորովին այլ մթնոլորտ, որը հույս էր ներշնչում։ Բոլոր ելույթները միաժամանակ ներկայացվեցին անգլերեն և սվահիլի լեզուներով։ Հռետորներից ոմանք, ովքեր ազատ տիրապետում են այդ երկու լեզուներին, անձամբ էին թարգմանում իրենց ելույթները։ Սուդանի փախստական եղբայրներից մեկը ներկայացրեց առաջին ելույթը, որի վերնագիրն էր՝ «Քննենք մեր այլաբանական սիրտը»։ Մյուս ելույթները ներկայացրին հյուր եկած երեցները։
Յուրաքանչյուր համաժողովի ուշագրավ մասն է մկրտությունը։ Մկրտության ելույթի վերջում բոլորն իրենց աչքերը հառեցին Գիլբերտի՝ մկրտության միակ թեկնածուի վրա։ 1994 թ. ցեղասպանության ժամանակ Գիլբերտը իր հոր հետ միասին փախել էր հայրենիքից։ Սկզբում նրանք հույս էին ունեցել, որ ապահով կապրեն Բուրունդիում, սակայն շուտով հասկացել էին, որ վտանգի տակ են։ Գիլբերտը փախել էր Զաիր, հետո Տանզանիա, որտեղ ժամանակ առ ժամանակ թաքնվել էր անտառներում, և ի վերջո եկել Քենիա։ Շատերի աչքերը արցունքներով լցվեցին, երբ հռետորը նրան ողջունեց որպես եղբոր։ Կանգնելով 95 հոգու առջև՝ Գիլբերտը հռետորի տված երկու հարցերին հստակ ձայնով ու վստահությամբ պատասխանեց՝ նդի՛յո, որը սվահիլի լեզվով նշանակում է՝ այո՛։ Նա մի քանի եղբայրների հետ միասին փոքրիկ ջրավազան էր փորել և այն պատել բրեզենտով, որով մի ժամանակ ծածկում էր իր բնակատեղին։ Համաժողովի օրը՝ առավոտյան, նա այդ ավազանը դույլ առ դույլ լցրել էր ջրով՝ դրանով իսկ ցույց տալով մկրտվելու իր ցանկությունը։
Հետճաշյա ծրագրում ուշագրավ էր այն, որ փախստական Վկաները պատմեցին, թե այդ յուրօրինակ իրավիճակում ինչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել իրենց հետ։ Եղբայրներից մեկը պատմեց, թե ինչպես է քարոզել ծառի տակ նստած մի մարդու.
— Ասացեք խնդրեմ, անվտա՞նգ է արդյոք բոլոր ժամերին նստել ծառի տակ։
Այո՛,— պատասխանել էր մարդը, այնուհետև ավելացրել,— բայց ոչ, գիշերը անվտանգ չէ։
Եղբայրը նրա համար կարդացել էր Միքիա 4։3, 4 համարները. «Ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի»։ Ապա ասել. «Գիտե՞ք՝ Աստծու նոր աշխարհում միշտ անվտանգություն կտիրի»։ Այդ մարդը աստվածաշնչյան ձեռնարկ էր վերցրել։
Մի քույր, որը եկել էր ապրելու Կակումայում, վերջերս կորցրել էր իր ընտանիքի անդամներից երեքին։ Ճամբարում բնակվող եղբայրների մասին նա ասաց. «Այստեղ այնքան դժվարություններ կան, սակայն եղբայրները պահպանել են իրենց ամուր հավատը։ Նրանք ապրում են անմխիթար պայմաններում, բայց երջանիկ են՝ ծառայելով Եհովային։ Նրանք խաղաղություն ունեն Աստծու հետ և ինձ էլ քաջալերեցին պահպանել խաղաղությունս ու ծառայել Եհովային։ Ես տրտնջալու պատճառ չունեմ»։
Օրը շատ արագ մոտեցավ իր ավարտին։ Եզրափակիչ ելույթի ժամանակ հռետորը նշեց, որ համաժողովին ներկա էին ութ երկրների ներկայացուցիչներ։ Փախստական եղբայրներից մեկն ասաց, որ այս համաժողովը ապացույցն էր այն բանի, որ Եհովայի վկաների միջև գոյություն ունի սեր և միություն, թեև նրանք ապրում են պառակտված աշխարհում։ Նրանք իսկապես գտնվում են ճշմարիտ քրիստոնեական եղբայրության մեջ (Յովհաննէս 13։35)։
[շրջանակ 25–րդ էջի վրա]
«ՍՈՒԴԱՆԻ ԿՈՐԱԾ ՏՂԱՆԵՐԸ»
1983 թ.–ին Սուդանում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր հինգ միլիոն մարդ տեղահան է արվել իրենց տներից։ Նրանց թվում կային մոտ 26 000 երեխաներ, որոնց բաժանել էին իրենց ընտանիքներից։ Հազարավոր երեխաներ փախան Եթովպիայում գտնվող փախստականների ճամբարները, որտեղ մնացին մոտ երեք տարի։ Ստիպված լինելով կրկին տեղափոխվել՝ նրանք մեկ տարի ճանապարհորդեցին ետ՝ դեպի Սուդան, իսկ այնտեղից էլ Քենիայի հյուսիս։ Այս երեխաների միայն կեսը վերապրեց տանջալի ճանապարհորդություններից, մինչդեռ մյուսները ընկան զինվորների, ավազակների ձեռքը, վայրի գազանների ճանկը կամ մահացան հիվանդությունների պատճառով։ Կենդանի մնացած երեխաները դարձան Կակումա ճամբարի կորիզը։ Բարեգործական կազմակերպություններում նրանք հայտնի են «Սուդանի կորած տղաները» անունով։
Կակումայի փախստականների ճամբարը այսօր բազմազգ բնակչություն ունի։ Այնտեղ ապրում են Սուդանից, Սոմալիից, Եթովպիայից և այլ երկրներից փախած մարդիկ։ Երբ նոր փախստական է գալիս ճամբար, նրան տալիս են շինանյութ՝ տուն կառուցելու և բրեզենտ՝ տանիքը ծածկելու համար։ Ամիսը երկու անգամ յուրաքանչյուր փախստական ստանում է մոտ 6 կիլոգրամ ալյուր, 1 կիլոգրամ լոբի, մի քիչ ձեթ և աղ։ Բազմաթիվ փախստականներ վաճառում են իրենց ստացած մթերքների մի մասը, որպեսզի այլ անհրաժեշտ բաներ ձեռք բերեն։
Այս կորած տղաներից ոմանք հետագայում կրկին միացել են իրենց ընտանիքներին, կամ բնակություն հաստատել ուրիշ երկրներում։ Սակայն, համաձայն Փախստականների վերաբնակեցմամբ զբաղվող վարչության՝ «հազարավոր մարդիկ մնացել են փոշոտ, ճանճերով վխտացող Կակումայի ճամբարում, որտեղ ստիպված են սնունդ փնտրել և կրթություն ստանալու համար ջանքեր թափել»։
[թույլտվությամբ]
Courtesy Refugees International
[Քարտեզ 23–րդ էջի վրա]
(Ամբողջությամբ տեքստը տեսեք պարբերագրում)
Կակումայի ճամբարը
Լոդվար
Էլդորեթ
ՔԵՆԻԱ
Նայրոբի
Տուրկանա լիճը
[նկար 23–րդ էջի վրա]
Կակումայի ճամբարում ջուրը չափաբաժնով է
[նկար 23–րդ էջի վրա]
Քենիայի Վկաները երկար ճանապարհորդություն են կատարում հյուսիսում ապրող իրենց եղբայրներին քաջալերելու համար
[նկար 23–րդ էջի վրա]
Ճամբարում դժվար կենսապայմաններ են տիրում
[նկար 24–րդ էջի վրա]
Միսիոները թարգմանում է տեղի հատուկ ռահվիրաներից մեկի ելույթը
[նկար 24–րդ էջի վրա]
Մկրտության ավազանը
[թույլտվությամբ]
Rationing water and Kakuma Refugee Camp: Courtesy Refugees International