Ընթերցողների հարցերը
Արդյո՞ք Դավիթը, որ Աստծու հավանությունն ունեցող անձնավորություն էր, դաժանությամբ էր վարվում իր գերիների հետ, ինչպես եզրակացնում են ոմանք՝ կարդալով Բ Թագաւորաց 12։31 և Ա Մնացորդաց 20։3 համարները։
Ոչ։ Նա պարզապես ամմոնացիների գերիներին տաժանակիր աշխատանքով էր պատժել։ Դավիթի արարքները սխալ են հասկացվել, քանի որ մի քանի ավելի հին Աստվածաշնչի թարգմանություններ այլ կերպ են ներկայացնում այս համարները։
Նկարագրելով, թե նա ինչպես վարվեց պարտության մատնված ամմոնացիների հետ՝ աստվածաշնչյան այդ թարգմանությունները Դավիթին ներկայացնում են որպես բարբարոս և անգութ մարդ։ Օրինակ՝ Բ Թագաւորաց 12։31 համարի համաձայն՝ Դավիթը «Նորանում եղած ժողովրդին դուրս հանեց եւ դրաւ սղոցի եւ երկաթի կամնասայլերի եւ երկաթի տապարների տակ եւ նորանց աղիւսի փուռով անցկացրեց։ Եւ այսպէս արաւ Ամմոնի որդկանց բոլոր քաղաքներին»։ Նույնանման միտք է արձանագրված նաև Ա Մնացորդաց 20։3 համարում։
Սակայն, ինչպես նկատում է աստվածաշնչագետ Ս. Ռ. Դրայվերը. «Դաժանությունը չի համապատասխանում այն ամենին, որ մենք գիտենք Դավիթի բնավորության և հատկությունների մասին»։ Հետևաբար, ոչ բոլոր աստվածաշնչագետներն են համաձայնվում այդ թարգմանությունների հետ։ Օրինակ՝ Աստվածաշնչերից մեկում նշվում է. «Դավիթը գերիներին աշխատեցնում էր՝ գրավված տարածքից տնտեսական առումով օգուտներ ձեռք բերելու նպատակով. մի բան, որն ակներևաբար սովորական բան էր հաղթանակ տարած թագավորների համար» (The Anchor Bible)։ Նույն միտքն է արտահայտում նաև Ադամ Քլարկը։ Նա գրում է. «Այս համարի նշանակությունն այն է, որ Նա (Դավիթը) գերեվարում էր մարդկանց և աշխատեցնում՝ ստիպելով նրանց պատրաստել սղոցներ, տափաններ, ինչպես նաև աշխատել լեռնային հանքերում.... և կտրել փայտեր և պատրաստել աղյուսներ։ Մարդկանց կտրելու և կացինով սղոցելու գաղափարը այս համատեքստին բացարձակապես չի վերաբերում, և ոչ էլ այն վերաբերում է ամմոնացիների նկատմամբ ունեցած Դավիթի վերաբերմունքին»։
Այս համարի վերաբերյալ ավելի ճշգրիտ նկարագրություն տալով՝ տարբեր ժամանակակից թարգմանություններ հստակ ցույց են տալիս, որ Դավիթին չպետք է մեղադրել անմարդկային վերաբերմունքի մեջ։a Ուշադրություն դարձրեք, թե ինչ է նշվում Աստվածաշնչի մի թարգմանության մեջ Բ Թագաւորաց 12։31 համարի վերաբերյալ. «Նա առանձնացրեց այդ մարդկանց՝ ծանր աշխատանքի համար և ստիպեց նրանց տաժանակիր աշխատանք կատարել սղոցներով, երկաթյա քլունգներով և կացիններով և նրանց գործի դրեց, որ աշխատեն աղյուսի թրծավառարաններում։ Դա Դավիթի քաղաքականությունն էր բոլոր ամմոնացիների հետ» (New English Translation 2003)։ Իսկ Ա Մնացորդաց 20։3 համարի վերաբերյալ նշվում է. «Նա քաղաքի բնակիչներին ստիպեց աշխատել սղոցներով, երկաթյա քլունգներով ու կացիններով։ Դավիթը այսպես էր վարվում բոլոր ամմոնացիների հետ» (New English Translation 2003)։ Աստվածաշնչի «Նոր Աշխարհ Թարգմանությունը» նույնպես համահունչ է թարգմանության այս վերջին տարբերակների հետ, քանի որ այնտեղ Բ Թագաւորաց 12։31 համարում գրված է. «Եվ այն մարդիկ, որ այդ քաղաքում էին, նա դուրս բերեց որպեսզի դնի նրանց, որ կտրեն քարեր և երկաթյա սուր գործիքներ և պատրաստեն երկաթյա կացիններ, ինչպես նաև ստիպեց նրանց աշխատել աղյուսի թրծավառարաններում»։ Իսկ Ա Մնացորդաց 20։3 համարում նշվում է. «Եվ մարդկանց, որ այնտեղ էին գտնվում, նա շարունակեց աշխատեցնել, որպեսզի կտրեն քարեր և երկաթյա սուր գործիքներ ու կացիններ. և Դավիթը այդպես էր վարվում ամմոնացիների բոլոր քաղաքների մարդկանց հետ»։
Իրականում Դավիթը պարտված ամմոնացիներին այդպիսի բարբարոսական չարչարանքների և սարսափելի ջարդի չի ենթարկել։ Նա չի ընդօրինակել այն սադիստական վայրագությունը, ինչը պատերազմական սովորություն էր նրա օրերում։
[ծանոթագրություն]
a Ընդամենը մեկ բառի փոփոխությունը հանգեցրել է այն բանին, որ եբրայերեն «Նա նրանց դրեց սղոցի տակ» արտահայտությունը կարծես թե ասում է՝ «Նա նրանց սղոցեց»։ Դեռ ավելին, «աղյուսի թրծավառարան» բառը կարող է նշանակել նաև «աղյուսի կաղապար»։ Իսկ այդպիսի կաղապարը չափազանց նեղ էր, որպեսզի ինչ–որ մեկը կարողանար դրա միջով անցնել։