«Թանկագին մարգարիտ» գտնենք այսօր
«Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի.... վկայութիւն լինելու համար» (ՄԱՏԹԷՈՍ 24։14)։
1, 2. ա) Հիսուսի օրերում հրեաները ի՞նչ էին մտածում Աստծու Թագավորության մասին։ բ) Ի՞նչ արեց Հիսուսը, որպեսզի մարդիկ ճիշտ պատկերացում ունենան Թագավորության մասին, և ինչ եղավ արդյունքը։
ԱՅՆ ժամանակ, երբ Հիսուսը երկիր եկավ, հրեաներին խորապես հետաքրքրում էր Աստծու Թագավորության թեման (Մատթէոս 3։1, 2; 4։23–25; Յովհաննէս 1։49)։ Սակայն սկզբում նրանցից շատերը լիովին չէին հասկանում, թե որքան ընդգրկուն և հզոր է լինելու այն, ինչպես նաև չգիտեին, որ դա երկնային կառավարություն է լինելու (Յովհաննէս 3։1–5)։ Նույնիսկ Հիսուսի հետևորդներից ոմանք լիովին չէին ըմբռնում, թե ինչ է Աստծու Թագավորությունը, և թե ինչ պետք է անեին, որպեսզի ստանային Քրիստոսի հետ միասին կառավարելու առանձնաշնորհումը (Մատթէոս 20։20–22; Ղուկաս 19։11; Գործք 1։6)։
2 Ժամանակի ընթացքում Հիսուսը համբերատարորեն շատ բան սովորեցրեց իր աշակերտներին, այդ թվում նաև թանկարժեք մարգարտի առակը, որը մենք քննարկեցինք նախորդ հոդվածում։ Այդ առակով նա ցույց տվեց երկնային Թագավորության համար սեփական անձը տրամադրելու կարևորությունը (Մատթէոս 6։33; 13։45, 46; Ղուկաս 13։23, 24)։ Ամենայն հավանականությամբ, սա շատ մեծ ազդեցություն թողեց աշակերտների վրա։ Դա երևում է այն բանից, որ շուտով նրանք սկսեցին քաջաբար և անխոնջ կերպով հռչակել Աստծու Թագավորության բարի լուրը աշխարհի տարբեր մասերում, ինչի մասին վկայում է «Գործք» գիրքը (Գործք 1։8; Կողոսացիս 1։23)։
3. Ի նկատի ունենալով մեր ժամանակները՝ Հիսուսն ի՞նչ ասաց Թագավորության մասին։
3 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի վերաբերյալ։ Միլիոնավոր մարդկանց առջև բաց է Թագավորության ներքո երկրային դրախտի օրհնությունները վայելելու հեռանկարը։ «Աշխարհքիս վերջի» մասին իր վճռորոշ մարգարեության մեջ Հիսուսը կոնկրետ ասաց. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին [«բոլոր ազգերուն», ԱԱ] վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։3, 14; Մարկոս 13։10)։ Նա նաև բացատրեց, որ այս հսկայածավալ առաջադրանքը կատարվելու էր՝ չնայած մեծ խոչընդոտներին և դժվարություններին, նույնիսկ հալածանքին։ Այնուամենայնիվ, Հիսուսը վստահեցրեց. «Ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի» (Մատթէոս 24։9–13)։ Այս ամենը պահանջում էր ցուցաբերել այնպիսի անձնազոհություն և նվիրվածություն, ինչպիսին որ դրսևորեց Հիսուսի առակի վաճառականը։ Կա՞ն այսօր այնպիսի անհատներ, ովքեր նման հավատ ու եռանդ են դրսևորում Թագավորության հանդեպ։
Ուրախություն, որ բխում է ճշմարտությունը գտնելուց
4. Թագավորության մասին ճշմարտությունը ի՞նչ ազդեցություն է թողնում մարդկանց վրա այսօր։
4 Հիսուսի առակի վաճառականը շատ ուրախացավ, երբ հասկացավ որ «թանկագին մարգարիտ» է գտել։ Ուրախությունը նրան մղեց անել իր ձեռքից եկած ամեն բան՝ ձեռք բերելու այդ մարգարիտը (Եբրայեցիս 12։1)։ Այսօր Աստծու և նրա Թագավորության մասին ճշմարտությունը նույնպես գրավում է մարդկանց և մղում գործերի։ Այս փաստը մեզ հիշեցնում է եղբայր Ա. Հ. Մակմիլանի խոսքերը, որն իր՝ «Հավատի երթը» գրքում գրել է այն մասին, թե որն է Աստծու նպատակը մարդկության նկատմամբ, և թե ինչպես է ինքը փնտրել Աստծուն։ Նա նշել է. «Հազարավոր մարդիկ ամեն տարի գտնում են այն, ինչ ժամանակին գտել եմ ես։ Դրանք իմ և ձեր նման մարդիկ են՝ տարբեր ազգությունների, ռասայի, սոցիալական խավերի և ամենատարբեր տարիքի։ Ճշմարտությունն անկողմնակալ է։ Այն գրավում է բոլոր տեսակի մարդկանց»։
5. Ի՞նչ լավ արդյունքների ենք հասել 2004 թ. ծառայողական տարում։
5 Վերոհիշյալ խոսքերի ճշմարտացիությունը երևում է այն բանից, որ տարեցտարի հարյուր հազարավոր ազնվասիրտ մարդիկ, գնահատելով Աստծու Թագավորության մասին բարի լուրը, իրենց կյանքը նվիրում են Եհովային ու ցանկանում կատարել նրա կամքը։ Բացառություն չէր նաև 2004 թ. ծառայողական տարին, որը սկսվել է 2003 թ. սեպտեմբերից և ավարտվել 2004 թ. օգոստոսին։ Այդ 12 ամիսների ընթացքում 262 416 անձնավորություններ հանրայնորեն ցույց են տվել իրենց նվիրումը Եհովային՝ ջրում մկրտվելով։ Սա տեղի է ունեցել 235 երկրներում, որտեղ Եհովայի վկաներն ամեն շաբաթ անց են կացնում Աստվածաշնչի 6 085 387 տնային ուսումնասիրություններ, որպեսզի տարբեր խավերի, ազգերի, ցեղերի և լեզուների մարդկանց օգնեն իմանալ Աստծու Խոսքի կենսաբեր ճշմարտությունը (Յայտնութիւն 7։9)։
6. Ինչի՞ շնորհիվ է մարդկանց թիվը տարեցտարի ավելանում։
6 Ինչի՞ շնորհիվ է այս ամենը հնարավոր դարձել։ Կասկած չկա, որ Եհովան է դեպի իրեն ձգում ճիշտ տրամադրվածություն ունեցող անհատներին (Յովհաննէս 6։65; Գործք 13։48, ՆԱ)։ Սակայն չի կարելի թերագնահատել նաև այն անձնազոհ ոգին և անդուլ ջանքերը, որ քարոզիչները դրսևորում են հանուն Թագավորության շահերի։ 79 տարեկանում եղբայր Մակմիլանը գրեց. «Այն ժամանակվանից, երբ իմացել եմ, թե Աստված ինչ խոստումներ է տալիս հիվանդության և մահվան դատապարտված մարդկանց, իմ հույսը չի թուլացել Աստվածաշնչի պատգամների նկատմամբ։ Հենց սկզբից ես վճռեցի ավելին իմանալ Աստվածաշնչի ուսմունքների մասին, որպեսզի կարողանամ օգնել ինձ նմաններին, որոնք ուզում են սովորել Ամենակարող Աստծու՝ Եհովայի, ինչպես նաև մարդկանց հանդեպ նրա բարի նպատակների մասին»։
7. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, թե որքան ուրախ և եռանդուն են դառնում աստվածաշնչյան ճշմարտությունը գտնողները։
7 Այդ եռանդը կարելի է տեսնել նաև Եհովայի ներկայիս երկրպագուների մեջ։ Օրինակ՝ Դանիելան, որը ծնվել է Վիեննայում (Ավստրիա), պատմում է. «Մանկությունիցս ի վեր Աստված իմ լավագույն ընկերն է եղել։ Ես միշտ ցանկացել եմ իմանալ նրա անունը, քանի որ միայն «Աստված» բառը ինձ ոչինչ չէր ասում։ Սակայն Եհովայի վկաները թակեցին մեր դուռը, երբ արդեն 17 տարեկան էի։ Նրանք պատմեցին այն ամենը, ինչ ես ցանկանում էի իմանալ Աստծու մասին։ Վերջապես գտա ճշմարտությունը, և որքա՜ն հրաշալի էր դա։ Ես այնպես էի ոգևորվել, որ սկսեցի բոլորին քարոզել»։ Շուտով դասընկերները սկսեցին ծաղրել նրան իր պատմածների համար։ Դանիելան ասում է. «Այդ իրավիճակում ես տեսնում էի, թե ինչպես էր կատարվում Աստվածաշնչի մարգարեությունը, քանի որ գիտեի. Հիսուսն ասել էր, որ իր հետևորդները ատված և հալածված կլինեն իր անվան պատճառով։ Ես շատ երջանիկ էի, նաև զարմացած»։ Կարճ ժամանակ անց Դանիելան իր կյանքը նվիրեց Եհովային, մկրտվեց և նպատակ դրեց ծառայել որպես միսիոներ։ Ամուսնությունից հետո իր ամուսնու՝ Հելմուտի հետ միասին Դանիելան սկսեց քարոզել Վիեննայում բնակվող աֆրիկացիներին, չինացիներին, ֆիլիպինցիներին և Հնդկաստանից եկածներին։ Այժմ Դանիելան և Հելմուտը ծառայում են Հարավարևմտյան Աֆրիկայում որպես միսիոներներ։
Նրանք չեն հանձնվում
8. Ի՞նչ ձևով են շատերը դրսևորել իրենց սերը Աստծու հանդեպ ու նվիրվածությունը նրա Թագավորության հանդեպ։
8 Իսկապես, միսիոներական ծառայությունը այն կերպերից մեկն է, որի միջոցով Եհովայի ժողովուրդը ցույց է տալիս իր սերը Աստծու և նվիրվածությունը՝ Թագավորության հանդեպ։ Հիսուսի առակում նկարագրված վաճառականի նման՝ միսիոներները հանուն Թագավորության շահերի պատրաստ են ճանապարհ ընկնել հեռավոր վայրեր։ Իհարկե, այս միսիոներները չեն ճանապարհորդում Թագավորության բարի լուրը գտնելու համար, այլ նրանք այդ լուրը տանում են աշխարհի տարբեր ծայրերը, որպեսզի օգնեն մարդկանց գիտելիքներ ձեռք բերել և դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները (Մատթէոս 28։19, 20)։ Բազմաթիվ երկրներում նրանք մեծ դժվարություններ են դիմագրավում։ Սակայն Աստված նրանց առատորեն օրհնում է իրենց դրսևորած տոկունության համար։
9, 10. Ի՞նչ քաջալերական դեպքեր են պատահում միսիոներների հետ, որոնք ծառայում են հեռավոր վայրերում, ինչպես օրինակ՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում։
9 Օրինակ՝ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը։ Անցյալ տարի Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին այնտեղ ներկա է եղել 16 184 մարդ, ինչը յոթ անգամ գերազանցում է այնտեղի՝ Թագավորության քարոզիչների թիվը։ Քանի որ այդ երկրի շատ վայրերում էլեկտրականություն չկա, մարդիկ իրենց գործերը սովորաբար անում են դրսում՝ ծառերի ստվերի տակ։ Ուստի բնական է, որ միսիոներներն իրենց գործը նույնպես անում են այդ կերպ՝ Աստվածաշնչի ուսումնասիրություններն անցկացնելով ծառերի ստվերի տակ։ Բացի այն, որ դրսում լուսավոր է և զով, նաև մեկ այլ առավելություն կա։ Մարդիկ սեր ունեն Աստվածաշնչի հանդեպ և կրոնական թեմաներ քննարկելը շատ տարածված է նրանց մոտ։ Անցորդները տեսնում են, թե ինչ է կատարվում և հաճախ միանգամից սկսում են մասնակցել ուսումնասիրությանը։
10 Երբ միսիոներներից մեկը աստվածաշնչյան ուսումնասիրություն էր անցկացնում դրսում, մի երիտասարդ անձնավորություն, որն ապրում էր փողոցի մյուս ծայրում, եկավ և ասաց, որ թեև իրեն չեն այցելել, բայց միսիոները պետք է գնա և Աստվածաշունչ ուսումնասիրի իր հետ։ Միսիոները ուրախությամբ համաձայնվեց, և այժմ այդ երիտասարդը հոգևորապես բավականին արագ առաջադիմում է։ Այդ երկրում ոստիկանները հաճախ կանգնեցնում են Վկաներին ոչ թե տուգանելու կամ ծանուցագիր տալու, այլ «Դիտարանի» և «Արթնացե՛ք»–ի վերջին համարները խնդրելու և շնորհակալություն հայտնելու այն հոդվածի համար, որը հատկապես դուր է եկել իրենց։
11. Չնայած դժվարություններին՝ ի՞նչ են մտածում երկար տարիների միսիոներները իրենց ծառայության մասին։
11 Շատերն, ովքեր սկսել են իրենց միսիոներական ծառայությունը 40–50 տարի առաջ, դեռ շարունակում են հավատարմորեն ծառայել այդ դաշտում։ Հավատի և հաստատակամության ինչպիսի՜ օրինակներ են նրանք բոլորիս համար։ Անցյալ 42 տարիների ընթացքում մի ամուսնական զույգ ծառայել է որպես միսիոներ երեք երկրներում։ Ամուսինն ասում է. «Մեր ճանապարհին շատ դժվարություններ են եղել։ Օրինակ՝ 35 տարի շարունակ պայքարել ենք մալարիայի դեմ։ Սակայն երբեք չենք ափսոսել այն բանի համար, որ վճռել ենք ծառայել որպես միսիոներ»։ Կինն ավելացնում է. «Մենք երախտագետ լինելու այնքա՜ն պատճառներ ենք ունեցել։ Քարոզչական ծառայությունը մեծ ուրախություն է պարգևում. հեշտ է աստվածաշնչյան ուսումնասիրություններ սկսել։ Երբ տեսնում ես, որ ուսումնասիրողները գալիս են ժողով և սկսում ճանաչել միմյանց, այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես ամեն անգամ մի մեծ ընտանիք է հավաքվում»։
Նրանք ‘ամեն բան աղբ են համարում’
12. Ինչպե՞ս է անհատն արտահայտում Թագավորության հանդեպ իր գնահատանքը։
12 Երբ վաճառականը թանկարժեք մարգարիտ գտավ, նա «գնաց ամեն ինչ որ ունէր՝ ծախեց, եւ առաւ նորան» (Մատթէոս 13։46)։ Արժեքավոր համարվող բաները զոհաբերելու պատրաստակամությունը բնորոշ է նրանց, ովքեր իսկապես թանկ են գնահատում Թագավորությունը։ Պողոսը, որն առանձնաշնորհում ուներ Քրիստոսի հետ միասին հետագայում վայելելու Թագավորության փառքը, գրեց. «Ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ» (Փիլիպպեցիս 3։8)։
13. Չեխիայում ապրող մի անձնավորություն ինչպե՞ս է ցույց տվել իր սերը Թագավորության հանդեպ։
13 Նմանապես, շատերն այսօր պատրաստ են մեծ փոփոխություններ կատարել իրենց կյանքում՝ Թագավորության օրհնությունները ստանալու։ Օրինակ՝ 2003 թ. հոկտեմբերին Չեխիայում մի 60–ամյա մարդու, որն աշխատում է որպես դպրոցի տնօրեն, տվեցին Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Կարդալով այն՝ նա անմիջապես կապ հաստատեց իր բնակավայրում ապրող Եհովայի վկաների հետ և խնդրեց, որ իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի։ Նա հոգևորապես առաջադիմեց և շուտով սկսեց հաճախել ժողովի բոլոր հանդիպումներին։ Իսկ ի՞նչ պատահեց նրա ծրագրերին՝ դառնալ քաղաքագլուխ և հետագայում իր թեկնածությունն առաջարկել՝ որպես սենատորի։ Այդ մարդն ընտրեց կյանքի ուղին՝ դառնալով Թագավորության քարոզիչ։ Նա պատմում է. «Ես կարողացա մեծ քանակությամբ աստվածաշնչյան գրականություն տարածել աշակերտներիս»։ 2004 թ. հուլիսին՝ համաժողովներից մեկի ժամանակ, նա խորհրդանշեց իր նվիրումը Եհովային՝ ջրում մկրտվելով։
14. ա) Թագավորության բարի լուրը մղել է, որ միլիոնավոր մարդիկ ի՞նչ անեն։ բ) Ի՞նչ սթափեցնող հարցեր պետք է տա մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն։
14 Նմանապես, ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ արձագանքել են Թագավորության բարի լուրին։ Նրանք դուրս են եկել այս չար աշխարհից, դեն նետել հին անձնավորությունը, լքել իրենց նախկին ընկերներին և դադարել հետապնդելուց իրենց աշխարհիկ նպատակները (Յովհաննէս 15։19; Եփեսացիս 4։22–24; Յակոբոս 4։4; Ա Յովհաննէս 2։15–17)։ Ինչո՞ւ են նրանք այսպիսի փոփոխություններ կատարել։ Որովհետև Աստծու Թագավորության օրհնությունները նրանք գնահատում են առավել, քան ցանկացած բան, որ կարող է առաջարկել իրերի ներկա համակարգը։ Ունե՞ս նույն զգացումը Թագավորության բարի լուրի հանդեպ։ Այն մղո՞ւմ է քեզ կատարել անհրաժեշտ փոփոխություններ, որպեսզի կյանքդ, արժեքներդ և նպատակներդ ներդաշնակեցնես Եհովայի պահանջներին։ Այդպես վարվելով՝ մեծ օրհնություններ կստանաս թե՛ հիմա, թե՛ ապագայում։
Հունձքը հասնում է իր ավարտին
15. Ըստ մի մարգարեության՝ ի՞նչ էր անելու Աստծու ժողովուրդը վերջին օրերում։
15 Սաղմոսերգուն գրել է. «Քո ժողովուրդը զօրութեանդ օրը յօժար կամքով պատրաստ կ’լինի»։ ‘Ցողի պես մանկունքը’ և ‘ավետարանող [«կանանց», ՆԱ] մեծ բազմությունը’ այն անձանց թվում են, ովքեր հոժարակամորեն տրամադրում են իրենց անձերը (Սաղմոս 68։11; 110։3)։ Այս վերջին օրերում Եհովայի ժողովրդի՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդների և ծերերի դրսևորած ջանասիրության և անձնազոհության արդյունքն ի՞նչ է եղել։
16. Բեր օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես են Աստծու ծառաները ձգտում օգնել մարդկանց սովորելու Թագավորության մասին։
16 Հնդկաստանում ապրող մի ռահվիրա՝ Թագավորության լիաժամ քարոզիչ, մտածում էր, թե ինչպես կարելի է օգնել այդ երկրում ապրող երկու միլիոնից ավելի խուլ մարդկանց՝ սովորելու Թագավորության մասին (Եսայիա 35։5)։ Ուստի նա որոշեց հաճախել ժեստերի լեզվի դասընթացների Բանգալորում։ Այնտեղ նա կարողացավ Թագավորության տված հույսի մասին պատմել բազմաթիվ խուլերի։ Կազմվեցին Աստվածաշնչի ուսումնասիրության խմբեր։ Մի քանի շաբաթվա ընթացքում 12–ից ավելի անհատներ սկսեցին հաճախել Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին։ Ավելի ուշ՝ հարսանեկան մի արարողության ժամանակ, այդ ռահվիրան ծանոթացավ Կալկաթայից եկած մի երիտասարդ խուլ տղամարդու հետ, որը բազում հարցեր ուներ և մեծ հետաքրքրություն ցույց տվեց Եհովայի մասին գիտելիքներ ձեռք բերելու առնչությամբ։ Դժվարությունն այն էր, որ այդ անձնավորությունը պետք է վերադառնար Կալկաթա՝ 1 600 կիլոմետր հեռու, որպեսզի ընդունվեր ուսումնական մի հաստատություն։ Սակայն Կալկաթայում ժեստերի լեզվին տիրապետող Վկաներ չկային։ Այդ անձնավորությունը մեծ ջանքեր գործադրեց՝ համոզելու իր հորը, որ իրեն թույլ տա սովորել Բանգալորում, որպեսզի կարողանա շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Նա հոգևորապես առաջադիմեց և մոտ մեկ տարի անց իր կյանքը նվիրեց Եհովային։ Իր հերթին այս անձնավորությունը Աստվածաշունչ ուսումնասիրեց մի շարք խուլ անհատների, այդ թվում իր մանկության ընկերներից մեկի հետ։ Հնդկաստանի մասնաճյուղը այժմ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ռահվիրաները կարողանան ժեստերի լեզու սովորել՝ այդ դաշտում քարոզելու նպատակով։
17. Հատկապես ի՞նչն է քեզ քաջալերում 2004 թ. ծառայողական տարվա հաշվետվության մեջ (էջ 19–22)։
17 Այս պարբերագրի 19–22 էջերում դուք կարող եք տեսնել 2004 թ. ծառայողական տարվա՝ Եհովայի վկաների քարոզչական գործունեության համաշխարհային հաշվետվությունը։ Մի փոքր ժամանակ տրամադրեք դրան ծանոթանալու համար և կհամոզվեք, որ ամբողջ աշխարհում Եհովայի ժողովուրդը իր ուշադրությունը լիովին կենտրոնացրել է «թանկագին մարգարիտ» գտնելու վրա։
Շարունակեք առաջ Աստծու արքայությունը փնտրել
18. Վաճառականի մասին առակում Հիսուսն ի՞նչ չհայտնեց և ինչո՞ւ։
18 Անդրադառնալով վաճառականի մասին Հիսուսի առակին՝ նկատում ենք, որ Հիսուսը ոչինչ չասաց այն մասին, թե վաճառականն ինչպես էր պատրաստվում պահպանել իր գոյությունը ամբողջ ունեցվածքը վաճառելուց հետո։ Բնական է, որ ոմանք հարցնեն. «Ինչպե՞ս էր վաճառականը ապրուստ, հագուստ և օթևան հայթայթելու. չէ՞ որ նա այլևս ոչինչ չուներ։ Այս դեպքում ո՞րն է թանկարժեք մարգարիտ ունենալու օգուտը»։ Մարդկային տեսանկյունից սրանք խելամիտ հարցեր են։ Սակայն ի՞նչ հորդորեց Հիսուսն իր աշակերտներին. «Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք [«փնտրեք», ՆԱ]. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։31–33)։ Առակում պարփակված գլխավոր միտքն այն է, որ անհրաժեշտ է ամբողջ սրտով նվիրվածություն դրսևորել Աստծու հանդեպ և եռանդ՝ Թագավորության հանդեպ։ Ի՞նչ դաս կարող ենք սովորել այս առակից։
19. Գլխավորապես ի՞նչ ենք սովորում թանկարժեք մարգարտի մասին Հիսուսի առակից։
19 Անկախ այն բանից՝ վերջերս ենք իմացել բարի լուրը, թե տասնամյակներ է, ինչ գնում ենք Թագավորության հետքերով ու մարդկանց պատմում հրաշալի օրհնությունների մասին՝ մենք պետք է շարունակենք Թագավորությունը դարձնել մեր գլխավոր հետաքրքրությունը և ուշադրության առարկան։ Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, սակայն ամուր հիմքեր ունենք՝ հավատալու, որ այն, ինչ գտել ենք, իրական է և անզուգական, ինչպես վաճառականի գտած մարգարիտը։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ու աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը համոզիչ ապացույցն են այն բանի, որ ապրում ենք «աշխարհքիս վերջ[ում]» (Մատթէոս 24։3)։ Ուրեմն, եկեք վաճառականի նման մենք ևս մեծ եռանդ ցուցաբերենք Աստծու Թագավորության հանդեպ և ուրախանանք, որ բարի լուրը հռչակելու առանձնաշնորհումն ունենք (Սաղմոս 9։1, 2)։
Հիշո՞ւմ եք
• Ինչի՞ շնորհիվ է տարիներ շարունակ ճշմարիտ երկրպագուների թիվն ավելանում։
• Ի՞նչ ոգի ունեն որպես միսիոներ ծառայողները։
• Ի՞նչ փոփոխություններ են կատարել մարդիկ հանուն Թագավորության բարի լուրի։
• Ի՞նչ արժեքավոր դաս ենք սովորում թանկարժեք մարգարտի մասին Հիսուսի առակից։
[գծապատկեր 19–22-րդ էջերի վրա]
2004 SERVICE YEAR REPORT OF JEHOVAH’S WITNESSES WORLDWIDE
(Տես միահյուսված հատորը)
[նկար 14–րդ էջի վրա]
«Ճշմարտությունը.... գրավում է բոլոր տեսակի մարդկանց» (Ա. Հ. Մակմիլան)
[նկար 15–րդ էջի վրա]
Դանիելան և Հելմուտը քարոզում են Վիեննայի օտարախոս դաշտում
[նկար 16–րդ էջի վրա]
Ինչպես վաճառականը, այնպես էլ միսիոներներն այսօր մեծ օրհնություններ են ստանում
[նկար 17–րդ էջի վրա]
«Քո ժողովուրդը.... յօժար կամքով պատրաստ կ’լինի»