Կենսագրություն
Մենք սովորեցինք ամբողջովին ապավինել Եհովային
Պատմում է Նատալի Հոլթորֆը
Հազար ինը հարյուր քառասունհինգ թվականի հունիսն էր։ Մի օր մեր տան առջև հայտնվեց գունատ դեմքով մի անձնավորություն և լուռ կանգնեց դռան առաջ։ Կրտսեր աղջիկս՝ Ռութը, վախեցած բացականչեց. «Մա՛մա, դռան մոտ մի անծանոթ մարդ է կանգնած»։ Նա չգիտեր, որ այդ անծանոթը իր հայրն է՝ իմ սիրելի ամուսին Ֆերդինանդը։ Երկու տարի առաջ՝ Ռութի ծնվելուց ընդամենը երեք օր անց, Ֆերդինանդը, տանից դուրս գալով, ձերբակալվել էր և ի վերջո տարվել նացիստական համակենտրոնացման ճամբար։ Սակայն այժմ, վերջապես, Ռութը հանդիպեց իր հորը, և մեր ընտանիքը միավորվեց։ Ես ու Ֆերդինանդն այնքա՜ն բան ունեինք իրար պատմելու։
ՖԵՐԴԻՆԱՆԴԸ ծնվել է 1909 թ.–ին Գերմանիայի Քիլ քաղաքում, իսկ ես՝ 1907 թ.–ին Դրեզդենում։ Առաջին անգամ մեր ընտանիքը կապ հաստատեց Աստվածաշունչ ուսումնասիրողների հետ (հետագայում՝ Եհովայի վկաներ), երբ 12 տարեկան էի։ Տասնինը տարեկանում ես հեռացա ավետարանչական եկեղեցուց և կյանքս նվիրեցի Եհովային։
Միևնույն ժամանակ Ֆերդինանդը ավարտեց ծովային ուսումնարանը և դարձավ նավաստի։ Ճանապարհորդությունների ընթացքում նա մտածում էր, թե արդյոք գոյություն ունի Արարիչ։ Հերթական ճանապարհորդությունից վերադառնալով՝ Ֆերդինանդն այցելեց իր եղբորը, որը Աստվածաշունչ ուսումնասիրողներից էր։ Այս այցելությունը բավական եղավ, որպեսզի Ֆերդինանդը համոզվեր, որ Աստվածաշնչում կան իրեն հուզող հարցերի պատասխանները։ Նա լքեց լյութերական եկեղեցին, ինչպես նաև որոշեց այլևս չաշխատել որպես նավաստի։ Քարոզչական ծառայության մեջ իր առաջին օրը անցկացնելուց հետո նա զգաց, որ մեծապես ցանկանում է այդ գործն անել իր ողջ կյանքի ընթացքում։ Այդ նույն օրը՝ երեկոյան, Ֆերդինանդն իր կյանքը նվիրեց Եհովային։ 1931 թ. օգոստոսին նա մկրտվեց։
Նավաստի և քարոզիչ
1931 թ. նոյեմբերին Ֆերդինանդը գնացքով ուղևորվեց Նիդեռլանդներ, որպեսզի այնտեղ աջակցի քարոզչությանը։ Երբ այդ երկրում քարոզչական գործը կազմակերպող եղբայրն իմացավ, որ Ֆերդինանդը նավաստի է եղել, բացականչեց. «Դու հենց այն մարդն ես, որը մեզ պետք է»։ Եղբայրները մի նավակ էին վարձել, որպեսզի ռահվիրաները (լիաժամ քարոզիչներ) կարողանային քարոզել երկրի հյուսիսում՝ ջրային ուղիների մոտ ապրողներին։ Նավակազմը բաղկացած էր հինգ հոգուց, սակայն նրանցից ոչ մեկն էլ նավ վարել չգիտեր։ Ուստի Ֆերդինանդը դարձավ նավապետ։
Վեց ամիս անց Ֆերդինանդին առաջարկեցին ծառայել ռահվիրա Թիլբուրգում՝ Նիդեռլանդների հարավում։ Մոտավորապես այդ ժամանակ ես նույնպես գնացի Թիլբուրգ՝ ծառայելու որպես ռահվիրա։ Մենք հանդիպեցինք։ Սակայն հենց այդ ժամանակ մեզ խնդրեցին տեղափոխվել Գրոնինգեն, որը գտնվում է երկրի հյուսիսում։ Այնտեղ 1932 թ. հոկտեմբերին ամուսնացանք և մի տանը, որում մի քանի ռահվիրաներ էին ապրում, անցկացրեցինք մեր մեղրամիսը՝ միևնույն ժամանակ շարունակելով մեր ռահվիրայական ծառայությունը։
1935 թ.–ին ծնվեց մեր դուստրը՝ Էսթերը։ Թեև համեստ եկամուտ ունեինք, սակայն վճռեցինք շարունակել ռահվիրայությունը։ Մենք տեղափոխվեցինք գյուղ, որտեղ ապրում էինք շատ փոքրիկ տան մեջ։ Մի օր ես էի երեխային հոգ տանում, որ ամուսինս ամբողջ օրը ծառայեր, մյուս օրը նա էր տանը մնում։ Մենք շարունակեցինք ծառայել այս ձևով, մինչև Էսթերն այնքան մեծացավ, որ կարող էր մեզ հետ գալ ծառայության։
Կարճ ժամանակ անց Եվրոպայի քաղաքական հորիզոնում սկսեցին գորշ ամպեր կուտակվել։ Մենք իմացանք, թե ինչ հալածանքներ են կրում Վկաները Գերմանիայում, և հասկացանք, որ շուտով մեր հերթն էլ կգա։ Մտովի պատրաստվում էինք դիմանալու ուժեղ հալածանքներին։ 1938 թ.–ին Նիդեռլանդների իշխանությունները հրամանագիր հրապարակեցին, ըստ որի՝ օտարերկրացիներին արգելվում էր կրոնական բովանդակություն ունեցող գրականություն տարածել։ Որպեսզի օգնեին մեզ շարունակելու մեր ծառայությունը, հոլանդացի Վկաները տեղեկացնում էին մեզ, թե ովքեր են հետաքրքրություն ցույց տալիս մեր պատգամի հանդեպ. այդպես կարողացանք մի քանիսի հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։
Մոտենում էր Եհովայի վկաների համաժողովներից մեկը։ Թեև մենք գնացքի տոմս գնելու համար փող չունեինք, բայց շատ էինք ցանկանում մասնակցել համաժողովին։ Ուստի հեծանիվով եռօրյա ճամփորդություն ձեռնարկեցինք, իսկ փոքրիկ Էսթերին նստեցրինք հեծանիվի ղեկի մոտ տեղադրված նստատեղին։ Գիշերելու նպատակով ճանապարհին կանգ էինք առնում Վկաների տներում։ Շատ ուրախ էինք առաջին անգամ ներկա գտնվել այդպիսի մեծ համաժողովի։ Ծրագիրը ուժ տվեց մեզ՝ դիմանալու առջևում սպասվող փորձություններին։ Այնտեղ մեզ հիշեցրին, որ վստահենք Եհովային։ Մեր նշանաբանը դարձավ Սաղմոս 31։6–ում գրված հետևյալ միտքը. «Բայց ես Տիրոջն եմ յուսացած»։
Հետապնդվում ենք նացիստների կողմից
1940 թ. մայիսին նացիստները ներխուժեցին Նիդեռլանդներ։ Դրանից կարճ ժամանակ անց գեստապոն՝ գաղտնի ոստիկանությունը, անսպասելիորեն այցելեց մեզ, երբ դասավորում էինք հերթական անգամ ուղարկված աստվածաշնչյան գրականությունը։ Ֆերդինանդին տարան գեստապոյի գլխավոր շտաբը։ Ես ու Էսթերը կանոնավորաբար այցելում էինք նրան։ Երբեմն նրան հարցաքննում ու ծեծի էին ենթարկում հենց մեր առաջ։ Դեկտեմբերին Ֆերդինանդին անսպասելիորեն ազատ արձակեցին, սակայն նրա ազատությունը երկար չտևեց։ Մի երեկո, տուն վերադառնալով, տեսանք, որ տան մոտ գեստապոյի մեքենա է կանգնած։ Ֆերդինանդը կարողացավ հեռանալ, իսկ ես ու Էսթերը տուն մտանք։ Գեստապոյի գործակալները մեզ էին սպասում։ Նրանք Ֆերդինանդի ետևից էին եկել։ Նույն գիշերը՝ գեստապոյականների գնալուց հետո, եկան հոլանդական ոստիկանության աշխատողները և ինձ տարան հարցաքննելու։ Հաջորդ օրը ես ու Էսթերը հեռացանք տնից ու թաքնվեցինք նորապսակ Վկաների՝ Նորդեր ամուսինների տանը. նրանք մեզ առան իրենց տանիքի տակ և ապաստան տվեցին։
1941 թ. հունվարի վերջին ձերբակալվեցին Վկա ամուսիններ, որոնք ապրում էին նավում և ծառայում էին որպես ռահվիրաներ։ Հաջորդ օրը ամուսինս և մի շրջանային վերակացու (շրջագայող ծառայող) գնացել էին այդ ամուսինների նավ–տնակից որոշ իրեր վերցնելու, սակայն գեստապոյի գործակալները հանկարծակի վրա էին հասել։ Ֆերդինանդը կարողացել էր հեծանիվով փախչել նրանցից, իսկ շրջանային վերակացուին տարել էին բանտ։
Այդ դեպքից հետո պատասխանատու եղբայրները խնդրեցին Ֆերդինանդին, որ փոխարինի շրջանային վերակացուին։ Դա նշանակում էր, որ ամսվա մեջ Ֆերդինանդն ընդամենը երեք օր էր տանը լինելու։ Սա մի նոր դժվարություն էր մեզ համար, սակայն ես շարունակում էի ծառայել որպես ռահվիրա։ Գեստապոն սկսել էր կրնկակոխ հետևել Վկաներին, ուստի մենք ստիպված էինք անընդհատ փոխել մեր բնակության վայրը։ Միայն 1942 թ.–ին երեք անգամ տեղափոխվել ենք։ Ի վերջո, բնակություն հաստատեցինք Ռոտերդամում՝ բավական հեռու այն վայրից, որտեղ Ֆերդինանդը կատարում էր իր ընդհատակյա ծառայությունը։ Այդ ժամանակ ես արդեն երկրորդ երեխայիս էի սպասում։ Քեմփ ամուսինները, որոնց երկու որդիներին տարել էին համակենտրոնացման ճամբար, սիրով տեղ տվեցին մեզ իրենց տանը։
Կրնկակոխ՝ մեր հետքերով
Մեր երկրորդ երեխան՝ Ռութը, ծնվեց 1943 թ. հուլիսին։ Ռութի ծնվելուց հետո Ֆերդինանդը կարողացավ մեզ հետ մնալ ընդամենը երեք օր, այնուհետև նա պետք է գնար. մենք այլևս չտեսանք նրան երկար ժամանակ։ Մոտ երեք շաբաթ անց Ամստերդամում Ֆերդինանդին ձերբակալեցին։ Ամուսնուս տարան գեստապոյի բաժանմունք, որտեղ հաստատեցին նրա ինքնությունը։ Գեստապոյականները ինտենսիվ հարցաքննության ենթարկեցին նրան, որպեսզի ստիպեին տեղեկություններ հայտնել քարոզչական գործի մասին։ Սակայն Ֆերդինանդը միայն պատասխանում էր, որ Եհովայի վկա է և ոչ մի քաղաքական գործունեության չի մասնակցում։ Գեստապոյի աշխատողները գազազած էին, որ Ֆերդինանդը, լինելով գերմանացի, չի ներկայացել զինվորական ծառայության, և սպառնում էին մահապատժի ենթարկել նրան՝ որպես դավաճանի։
Հետագա հինգ ամիսները Ֆերդինանդն անցկացրեց բանտախցում, որտեղ նրան անընդհատ սպառնում էին գնդակահարությամբ։ Սակայն նա ոչ մի րոպե չի տատանվել Եհովային հավատարիմ մնալու հարցում։ Ի՞նչը նրան օգնեց մնալ հոգևորապես ամուր։ Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը։ Իհարկե, Ֆերդինանդին՝ որպես Վկայի, չէին թույլատրում Աստվածաշունչ ունենալ։ Սակայն մյուս բանտարկյալները կարող էին Աստվածաշունչ խնդրել։ Ուստի Ֆերդինանդը համոզեց իր հետ միևնույն բանտախցում գտնվող մարդուն, որ նա իր հարազատներից Աստվածաշունչ ուզի։ Այդ մարդը կատարեց նրա խնդրանքը։ Տարիներ անց, երբ էլ որ Ֆերդինանդը պատմում էր իր կյանքի այս դրվագը, նրա աչքերը փայլում էին, և նա բացականչում էր. «Ինչպիսի՜ մխիթարություն տվեց ինձ այդ Աստվածաշունչը»։
1944 թ. հունվարի սկզբին Ֆերդինանդին հանկարծակիորեն տարան Վուխտի (Նիդեռլանդներ) համակենտրոնացման ճամբարը։ Այս անսպասելի տեղափոխությունը օրհնություն եղավ նրա համար, քանի որ այնտեղ 46 Վկաներ կային։ Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ նա կենդանի է, թեև գտնվում է համակենտրոնացման ճամբարում։
Ճամբարում քարոզչությունը երբեք չդադարեց
Համակենտրոնացման ճամբարում կյանքը շատ ծանր էր։ Անբավարար սնունդը, տաք հագուստի բացակայությունը և սառնամանիքը սովորական երևույթ էին։ Ֆերդինանդը հիվանդացավ նշագեղձերի սուր բորբոքումով։ Ցուրտ եղանակին երկար անվանականչից հետո նա գնաց հիվանդների համար նախատեսված բաժինը։ Այնտեղ թույլատրում էին մնալ 40 աստիճան կամ դրանից բարձր ջերմություն ունեցողներին։ Բայց Ֆերդինանդին թույլ չտվեցին մնալ այնտեղ, քանի որ նա ընդամենը 39 աստիճան ջերմություն ուներ։ Նրան ուղարկեցին աշխատելու։ Սակայն կարեկցող բանտակիցները օգնեցին Ֆերդինանդին՝ ժամանակ առ ժամանակ թաքցնելով տաք տեղում։ Նրա վիճակն ավելի թեթևացավ, երբ եղանակները տաքացան։ Նաև, երբ եղբայրներից ոմանք սննդամթերք էին ստանում, նրանք բաժին էին հանում մյուսներին։ Դրա շնորհիվ Ֆերդինանդը մի փոքր վերականգնեց իր ուժերը։
Քարոզչությունը ամուսնուս կյանքի ուղին է եղել նախքան նրա բանտարկվելը, և նա չի դադարել իր համոզմունքների մասին պատմել նույնիսկ համակենտրոնացման ճամբարում։ Ճամբարի պաշտոնյաները հաճախ ծաղրի էին ենթարկում նրան իր մանուշակագույն եռանկյունու համար։ Այդ նշանը ցույց էր տալիս, որ բանտարկյալը Եհովայի վկա է։ Բայց Ֆերդինանդը այդ առիթներին նայում էր որպես զրույց սկսելու հնարավորությունների։ Սկզբում եղբայրների քարոզչական տարածքը սահմանափակված էր այն բարաքներով, որոնք հիմնականում բնակեցված էին Վկաներով։ Եղբայրները մտածում էին, թե ինչպես կարող են ավելի շատ մարդկանց քարոզել։ Այս հարցի լուծմանը ակամայից նպաստեց ճամբարի ղեկավարությունը։ Ինչպե՞ս։
Եղբայրները ինչ–որ տեղում աստվածաշնչյան գրականություն և 12 Աստվածաշունչ էին պահում։ Մի օր պահակները որոշ գրականություն գտան, սակայն չկարողացան պարզել, թե ում է այն պատկանում։ Ուստի ճամբարի պաշտոնյաները մտածեցին, որ պետք է կոտրել Վկաների միասնությունը։ Որպես պատիժ՝ նրանք բոլոր եղբայրներին տեղավորեցին տարբեր բարաքներում, որտեղ Վկաներ չկային։ Դեռ ավելին, ճաշի ժամերին եղբայրները չպետք է նստեին Վկաների կողքին։ Սա մի իսկական օրհնություն եղավ նրանց համար։ Այժմ եղբայրները կարող էին անել այն, ինչն ամենից շատ էին ցանկանում՝ քարոզել որքան հնարավոր է շատ բանտարկյալների։
Միայնակ մեծացնում եմ աղջիկներիս
Մինչ Ֆերդինանդը ճամբարում էր, ես ու աղջիկներս ապրում էինք Ռոտերդամում։ Հատկապես դաժան էր 1943–1944 թթ. ձմեռը։ Մեր տան ետևում հակաօդային հրետանու մարտկոց կար, որտեղ ծառայում էին գերմանացի զինվորները։ Իսկ առջևում Վաալի նավահանգիստն էր՝ Դաշնակից ռմբակոծիչների գլխավոր թիրախներից մեկը։ Ինչ խոսք, մեր տունը լավագույն տեղը չէր թաքնվելու համար։ Բացի դրանից, դժվար էր սնունդ գտնել։ Ուստի առավել քան երբևէ, մենք սովորեցինք ամբողջովին ապավինել Եհովային (Առակաց 3։5, 6)։
Ութ տարեկան Էսթերն օգնում էր մեր փոքրիկ ընտանիքին՝ բարեգործական ճաշարանում հերթ կանգնելով։ Բայց հաճախ մինչև հերթը հասնում էր նրան, սնունդը վերջացած էր լինում։ Մի անգամ, երբ Էսթերը գնացել էր սնունդ փնտրելու, ընկել էր ռմբակոծության տակ։ Ես շատ անհանգստացա՝ լսելով պայթյունները, սակայն շուտով անհանգստությունս փոխարինվեց ուրախության արցունքներով, երբ նա անվնաս վերադարձավ և նույնիսկ հետը բերեց շաքարի մի քանի ճակնդեղ։ Իմ առաջին խոսքերն էին. «Ի՞նչ արեցիր այդ ժամանակ»։ Նա հանգիստ պատասխանեց. «Երբ ռումբերը սկսեցին ընկնել, ես արեցի այն, ինչ հայրիկն էր սովորեցրել. «Պառկիր գետնին, մնա այդ դիրքով և աղոթիր»։ Դա իսկապես օգնեց»։
Իմ գերմանական արտասանության պատճառով ավելի ապահով էր, որ Էսթերը կատարեր գնումները։ Իհարկե, դա չէր վրիպել գերմանացի զինվորների ուշադրությունից, և նրանք հարցաքննել էին Էսթերին։ Սակայն նա ոչ մի գաղտնիք չէր հայտնել։ Տանը ես Էսթերին աստվածաշնչյան կրթություն էի տալիս, և քանի որ նա չէր կարող դպրոց հաճախել, սովորեցնում էի նրան կարդալ, գրել և այլ բաներ։
Էսթերն ինձ օգնում էր նաև ծառայության մեջ։ Ամեն անգամ, երբ պատրաստվում էի գնալ աստվածաշնչյան ուսումնասիրության, Էսթերն ինձանից առաջ էր դուրս գալիս տնից, որպեսզի տեսնի, թե որևէ մեկը մեզ չի հետևում։ Նա ստուգում էր, թե արդյոք այն նշանները, որ որոշել էինք Աստվածաշունչ ուսումնասիրողի հետ, տեղում են։ Օրինակ՝ Աստվածաշունչ ուսումնասիրողը, որին պատրաստվում էի այցելել, պետք է ծաղկամանը որոշակի դիրքով դներ պատուհանի գոգին։ Դրանով նա ցույց էր տալիս, որ կարելի է ներս մտնել։ Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում Էսթերը, Ռութին մանկական սայլակի մեջ դրած, զբոսնում էր փողոցում՝ տեսնելու, թե արդյոք չկան վտանգի նշաններ։
Զակսենհաուզեն
Իսկ ինչպե՞ս էր Ֆերդինանդը։ 1944 թ. սեպտեմբերին նրան բազմաթիվ այլ բանտարկյալների հետ միասին բռնի կերպով տարան երկաթուղային կայարան, որտեղ սպասող ապրանքատար վագոններից յուրաքանչյուրի մեջ խցկեցին 80 մարդ։ Յուրաքանչյուր վագոնում կար մեկ դույլ, որը ծառայում էր որպես զուգարան, և մեկ դույլ խմելու ջուր։ Ճանապարհը տևեց երեք օր։ Ամեն մեկը միայն կանգնելու տեղ ուներ։ Վագոնում օդ չէր խաղում. ընդամենը մի քանի տեղից դիտանցքի մեծությամբ անցքեր կային։ Խոսքերով անհնար է նկարագրել այն հեղձուկը, սովը, ծարավը, ինչպես նաև գարշահոտությունը, որոնց նրանք պետք է դիմանային։
Գնացքը դանդաղորեն կանգ առավ վատահամբավ Զակսենհաուզեն ճամբարի մոտ։ Բոլոր բանտարկյալներից խլեցին անձնական իրերը, բացի 12 Աստվածաշնչերից, որ Վկաները ունեին իրենց հետ ողջ ճանապարհորդության ընթացքում։
Ֆերդինանդին ութ եղբայրների հետ միասին ուղարկեցին Զակսենհաուզենի տնօրինության տակ գտնվող Ռատենաու ճամբարը՝ աշխատելու ռազմամթերքի արտադրության վրա։ Եղբայրները հրաժարվում էին անել այդպիսի աշխատանք, թեև նրանց հաճախ սպառնում էին մահապատժով։ Որպեսզի իրար քաջալերեին մնալ ամուր, առավոտյան նրանք աստվածաշնչյան որևէ խոսք էին քննարկում, ինչպես օրինակ՝ Սաղմոս 18։2–ը, որ օրվա ընթացքում խորհեին դրա շուրջ։ Սա նրանց օգնում էր մտածել հոգևոր բաների մասին։
Ի վերջո հրետանու ձայնը ազդարարեց Դաշնակից և ռուսական զորքերի մոտենալը։ Ռուսները առաջինը հասան այն ճամբարը, որտեղ գտնվում էին Ֆերդինանդն ու նրա ընկերակիցները։ Նրանք բանտարկյալներին ուտելիք տվեցին և հրամայեցին հեռանալ ճամբարից։ 1945 թ. ապրիլի վերջին ռուսական բանակը նրանց թույլ տվեց վերադառնալ տուն։
Վերջապես միասին
Հունիսի 15–ին Ֆերդինանդը հասավ Նիդեռլանդներ։ Գրոնինգենի եղբայրները ջերմորեն ընդունեցին նրան։ Շուտով նա իմացավ, որ մենք կենդանի ենք և ապրում ենք երկրի ինչ–որ մասում։ Մենք նույնպես իմացանք, որ Ֆերդինանդը վերադարձել է։ Նրան սպասելը մի ողջ հավիտենություն թվաց մեզ։ Վերջապես մի օր փոքրիկ Ռութը բղավեց. «Մա՛մա, դռան մոտ մի անծանոթ մարդ է կանգնած»։ Դա իմ սիրելի ամուսինն էր և նրանց հայրը։
Մինչև կկարողանայինք նորից նորմալ ընտանիք լինել, հարկավոր էր լուծել բազմաթիվ խնդիրներ։ Մենք չունեինք ապրելու տեղ, և ամենամեծ խնդիրը մշտական բնակության մեր կարգավիճակը վերականգնելն էր։ Քանի որ ազգությամբ գերմանացի էինք, Հոլանդիայի իշխանությունները մի քանի տարի մեզ վատ էին վերաբերվում։ Վերջիվերջո մենք հիմնավորապես հաստատվեցինք մի վայրում և կարողացանք ապրել այնպիսի կյանքով, որին շատ էինք ձգտում, այսինքն՝ ընտանյոք հանդերձ ծառայել Եհովային։
«Ես Տիրոջն եմ յուսացած»
Հետագայում, երբ էլ որ ես ու Ֆերդինանդը առիթ էինք ունենում շփվելու մեր այն ընկերների հետ, ովքեր անցել էին այդ սաստիկ փորձությունների միջով, նրանց հետ միասին հիշում էինք այդ ծանր օրերում Եհովայի տված սիրալիր առաջնորդությունը (Սաղմոս 7։1)։ Մենք ուրախ էինք, որ տարիներ շարունակ Եհովան մեզ թույլ էր տվել մասնակցություն ունենալ Թագավորության շահերը առաջ տանելու գործին։ Հաճախ ասում էինք, թե որքան երջանիկ ենք, որ մեր երիտասարդությունը անցկացրել ենք՝ Եհովային սուրբ ծառայություն մատուցելով (Ժողովող 12։1)։
Նացիստների հրահրած հալածանքներից հետո ես ու Ֆերդինանդը միասին ծառայել ենք Եհովային ավելի քան 50 տարի, մինչև նրա երկրային կյանքի վերջը՝ 1995 թ. դեկտեմբերի 20–ը։ Շուտով ես կլինեմ 98 տարեկան։ Ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Եհովային, որ այն դժվար տարիներին մեր երեխաները մեծապես աջակցել են մեզ, և որ մինչև այժմ ի վիճակի եմ անել այն, ինչ կարող եմ՝ ի փառս Եհովայի անվան։ Ես երախտապարտ եմ իմ հանդեպ Եհովայի արած բոլոր բաների համար, ու ի սրտե ցանկանում եմ այսուհետ էլ ապրել իմ նշանաբանի համաձայն. «Բայց ես Տիրոջն [Եհովային] եմ յուսացած» (Սաղմոս 31։6)։
[նկար 19–րդ էջի վրա]
Ֆերդինանդի հետ 1932 թ. հոկտեմբերին
[նկար 19–րդ էջի վրա]
«Ալմինա» նավը, որով գնում էին քարոզչության, և նրա անձնակազմը
[նկար 22–րդ էջի վրա]
Ֆերդինանդի ու երեխաների հետ