Աստծո բարեկամները Բարեկամության կղզիներում
1932 թ.–ին Թոնգա ժամանած մի առագաստանավ շատ թանկարժեք «սերմեր» բերեց իր հետ։ Չարլզ Վետե անունով մի մարդ նավապետից ստացավ «Որտե՞ղ են գտնվում մահացածները» գրքույկը։ Կարդալով այն՝ Չարլզը համոզվեց, որ գտել է ճշմարտությունը։ Որոշ ժամանակ անց Եհովայի վկաների գլխավոր վարչությունը հավանություն տվեց նրա առաջարկին՝ գրքույկը նրա մայրենի լեզվով թարգմանելու։ Այդ հանձնարարությունը կատարելուց հետո Չարլզը ստացավ գրքույկի 1 000 տպագիր օրինակ և ձեռնամուխ եղավ դրանց բաժանման գործին։ Ահա այսպես Եհովայի Թագավորության մասին ճշմարտության սերմերը սկսեցին տարածվել Թոնգայի Թագավորությունում։
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍԻ հարավային շրջանները պատկերող քարտեզում Թոնգան հարկավոր է փնտրել օրվա փոփոխման գծի և Այծեղջյուրի արևադարձի հատման կետից արևմուտք։ Նրա ամենամեծ կղզին՝ Թոնգատապուն, գտնվում է Օքլենդից (Նոր Զելանդիա) դեպի հյուսիս–արևելք՝ 2 000 կիլոմետր հեռավորության վրա։ Թոնգայի կազմի մեջ է մտնում 171 կղզի, որոնցից ընդամենը 45–ն է բնակեցված։ 18–րդ դարում անգլիացի հայտնի ծովագնաց Ջեյմս Կուկը այս մեկուսացած երկիրն անվանեց Բարեկամության կղզիներ։
Մոտավորապես 106 000 բնակչություն ունեցող Թոնգա արշիպելագը կազմված է երեք գլխավոր կղզեխմբերից, որոնք են՝ Թոնգատապուն, Հաապայը, Վավաուն։ Եհովայի վկաների հինգ ժողովներից երեքը գտնվում են ամենից խիտ բնակեցված Թոնգատապու խմբում, մեկը՝ Հաապայում, և վերջինը՝ Վավաուում։ Վկաները, որոնց նպատակն է օգնել մարդկանց դառնալ Աստծո բարեկամները, երկրի մայրաքաղաքում՝ Նուկուալոֆայում, ունեն միսիոներական տուն և թարգմանչական գրասենյակ (Յակոբոս 2։23)։
Չարլզ Վետեն 1930–ական թվականներից ի վեր հայտնի էր իբրև Եհովայի վկա, թեպետ նա մկրտվեց միայն 1964 թ.–ին։ Վկայություն տալու գործում նրան միացան նաև ուրիշ անհատներ, և 1966 թ.–ին այստեղ կառուցվեց մի Թագավորության սրահ, որը նախատեսված էր 30 հոգու համար։ 1970 թ.–ին Նուկուալոֆայում ժողով կազմավորվեց, որը բաղկացած էր Թագավորության 20 քարոզիչներից։
Սկսած այդ օրերից՝ Թոնգա կղզիներում ակնհայտորեն իրականանում են Եսայիա մարգարեի հետևյալ խոսքերը. «[Թող] պատիւ մատուցանեն Տիրոջը, եւ նորա փառքը պատմեն կղզիներումը» (Եսայիա 42։12)։ Թագավորության գործը այս երկրում շարունակեց բարգավաճել, ինչի շնորհիվ բազմաթիվ մարդիկ փոխհարաբերություններ հաստատեցին Եհովայի հետ։ 2003 թ.–ին Նուկուալոֆայում տեղի ունեցած մարզային համաժողովի ժամանակ գրանցվեց ներկաների բարձրագույն թիվը՝ 407 հոգի, որոնցից հինգը մկրտվեցին։ Իսկ 2004 թ. Հիշատակի երեկոյին ներկա էր 621 մարդ, ինչը խոսում է այն մասին, որ հետագա աճի հեռանկարներ կան այստեղ։
Կղզեբնակների պարզ կյանքը
Մայրաքաղաքից դուրս դեռևս մեծապես զգացվում է Թագավորության քարոզիչների կարիքը։ Օրինակ՝ Հաապայի 16 մարդաբնակ կղզիների բնակիչներին (8 500) անհրաժեշտ է ավելի շատ գիտելիքներ ստանալ Աստվածաշնչի ճշմարտության մասին։ Այդ կղզեխումբը հիմնականում բաղկացած է արմավենիներով պատված, ցածրադիր կղզիներից՝ սպիտակ ավազով ծածկված, ընդարձակ ափերով։ Օվկիանոսի ջուրը արտակարգ պարզություն ունի, և երբեմն ամեն բան հստակ երևում է ավելի քան 30 մետր խորությամբ։ Անկրկնելի զգացումներ ես ապրում, երբ լողում ես բուստային խութերի միջով՝ հարյուրավոր տեսակի բազմագույն արևադարձային ձկներով շրջապատված։ Սովորաբար գյուղերը փոքր են։ Տները, համեստ լինելով հանդերձ, կառուցված են այնպես, որ դիմանան արևադարձային ցիկլոններին։
Հացածառն ու մանգոն զովացնում ու սնունդ են տալիս մարդկանց։ Օրվա մեծ մասը կղզեբնակներն անցկացնում են սնունդ հավաքելով և կերակուր պատրաստելով։ Խոզի մսից բացի, նրանք սննդի մեջ օգտագործում են նաև օվկիանոսի հարուստ պարգևները։ Այգիներում մարդիկ աճեցնում են արմատապտուղներ ու բանջարեղեն։ Ցիտրուսային ծառերը աճում են իրենք իրենց։ Այստեղ նաև կարելի է տեսնել մեծ քանակությամբ կոկոսյան արմավենիներ ու բանանենիներ։ Դեղաբույսերի, ինչպես նաև բուժիչ հատկություն ունեցող տերևների, կեղևների ու արմատների մասին գիտելիքները փոխանցվում են սերնդեսերունդ։
Ինչ խոսք, Հաապայի ամենահիանալի գանձը նրա բարյացակամ ժողովուրդն է, որն ասես ձուլված լինի կղզիների անվրդով միջավայրին։ Նրանց ապրելակերպը աչքի է ընկնում պարզությամբ։ Կանայք հիմնականում զբաղվում են արհեստներով. նրանք հյուսում են զամբյուղներ, ծառի կեղևից պատրաստում կտորներ և գործում խսիրներ։ Աշխատելիս թոնգացի կանայք նստում են ծառի ստվերում և զրուցում են, երգում ու ծիծաղում։ Հաճախ նրանց հետ են նաև երեխաները։ Փոքրիկները կանանց կողքին խաղում են կամ էլ քնում։ Սովորաբար կանայք են տեղատվության ժամանակ հավաքում խութերի «բերքը»՝ խեցեմորթներ և ուտելու համար պիտանի ծովային այլ արարածներ, ինչպես նաև ջրիմուռներ, որոնցից կարելի է համեղ սալաթ պատրաստել։
Տղամարդկանց մեծ մասը զբաղվում է այգեգործությամբ, ձկնորսությամբ, փորագրությամբ, նավակներ պատրաստելով և ուռկանները նորոգելով։ Մի կղզուց մյուսը գնալու համար թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ու երեխաները օգտագործում են ծածկ ունեցող, փոքրիկ ձկնորսական նավակներ. այդպես նրանք կարողանում են այցելել հարազատներին, ստանալ բուժօգնություն կամ առևտուր անել։
Բարի լուրի համար հեռավոր վայր գոյություն չունի
2002 թ. Հիշատակի երեկոյի նախաշեմին երկու միսիոներ ու երկու ռահվիրա ժամանեցին խաղաղ և անվրդով այս վայրը։ Հաապայի բնակիչների հետ մինչ այդ որոշակի կապ արդեն հաստատվել էր։ Կղզեբնակներից ոմանք ստացել էին Եհովայի վկաների հրատարակությունները և նույնիսկ Աստվածաշունչ ուսումնասիրել նրանց հետ։
Աստվածաշնչի չորս ուսուցիչները երեք նպատակ էին հետապնդում. տարածել աստվածաշնչյան գրականություն, սկսել Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ և հետաքրքրություն ցուցաբերած անհատներին հրավիրել Տերունական ընթրիքին։ Երեք նպատակներն էլ հաջողվեց իրականացնել։ Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին գալու հրավերին արձագանքեց իննսունյոթ հոգի։ Նրանցից ոմանք ճանապարհ ընկան անծածկ նավակներով՝ չնայած հորդ անձրևին և ուժեղ քամիներին։ Վատ եղանակի պատճառով շատերը գիշերեցին այն վայրում, որտեղ անցավ Հիշատակի երեկոն, և տուն վերադարձան հաջորդ օրը։
Հիշատակի երեկոյին ելույթով հանդես եկած եղբոր վիճակը նվազ դժվարին չէր։ «Կարիք չկա նկարագրել, թե նույն երեկոյի ընթացքում երկու անգամ օտար լեզվով ելույթ ներկայացնելու միտքը որքան էր ինձ վախեցնում,— հիշում է միսիոները։— Երևի կպատկերացնեք, թե որքան էի անհանգստանում։ Ինձ անչափ օգնեց աղոթքը։ Ելույթ ունենալիս այնպիսի բառեր և կառույցներ էի օգտագործում, որ չէի էլ պատկերացնում, թե գիտեմ»։
Շնորհիվ այն բանի, որ ավետարանիչները զարգացրին Հաապայի բնակիչների հետաքրքրությունը, այդ տարածքում ապրող երկու ամուսնական զույգ մկրտվեց։ Ահա թե ինչ էր պատահել զույգերից մեկին։ Ամուսինը սկսել էր հետաքրքրվել Վկաների գրականությամբ այն ժամանակ, երբ հատուկ ուսուցում էր անցնում տեղի եկեղեցում ծառայող դառնալու համար։
Թեպետ այդ տղամարդն ու նրա կինը աղքատ էին, նրանք բավական մեծ դրամական նվիրատվություն էին տալիս այդ եկեղեցուն, երբ իրենց անունները կարդում էին եկեղեցու ֆոնդի ընդլայնման միջոցառման ժամանակ, որն անց է կացվում ամեն տարի։ Նրանց այցի գնացած Վկան առաջարկել էր ամուսնուն բացել Աստվածաշունչը և կարդալ Ա Տիմոթէոս 5։8–ը։ Այնտեղ Պողոս առաքյալը գրում է. «Եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է»։ Աստվածաշնչյան այս սկզբունքը հասել էր ամուսնու սրտին։ Տղամարդը հասկացել էր, որ կատարելով եկեղեցու պահանջը մեծ դրամական նվիրատվության տալու վերաբերյալ՝ նա չի կարողանում հոգալ իր ընտանիքի ամենահիմնական կարիքները։ Հաջորդ տարի դրամի հավաքման միջոցառման ժամանակ նա չկարողացավ մոռանալ Ա Տիմոթէոս 5։8 համարը։ Թեպետ գումարն իր գրպանում էր, սակայն երբ կարդացին նրա անունը, այդ մարդը խիզախաբար ասաց քահանային, որ իր ընտանիքի կարիքները հոգալը շատ ավելի կարևոր է։ Արդյունքում եկեղեցու երեցները հրապարակայնորեն նվաստացրին ու պախարակեցին այդ զույգին։
Եհովայի վկաների հետ Աստվածաշունչը ուսումնասիրելուց հետո այդ տղամարդն ու նրա կինը դարձան բարի լուրի քարոզիչներ։ Ահա թե ինչ է ասում ամուսինը. «Աստվածաշնչի ճշմարտությունը փոխել է ինձ։ Ես այլևս կոպիտ ու դաժան չեմ ընտանիքիս անդամների հանդեպ։ Բացի այդ, այլևս չեմ հարբում։ Համագյուղացիներս տեսնում են այն փոփոխությունները, որ ճշմարտությունը մտցրել է իմ կյանքում։ Հուսով եմ՝ մի օր նրանք էլ կսիրեն ճշմարտությունը»։
«Որոնումը» մասնակցում է փնտրտուքներին
2002 թ. Հիշատակի երեկոյից մի քանի ամիս անց մեկ ուրիշ առագաստանավ շատ թանկարժեք բեռ հասցրեց հեռավոր Հաապայ։ 18 մետր երկարությամբ «Քվեսթ» («Որոնում») զբոսանավը, որ եկել էր Նոր Զելանդիայից, սկսեց իր ուղևորությունը Թոնգա արշիպելագով։ Նավի վրա էին Գարին ու Հեթին իրենց դստեր՝ Քեյթիի հետ։ Իրենց երկու ճանապարհորդությունները նրանք կատարեցին ինը թոնգացի եղբայրների ու քույրերի, ինչպես նաև երկու միսիոներների ուղեկցությամբ։ Տեղի վկաները օգնություն էին ցույց տալիս՝ երբեմն վարպետորեն վարելով նավը նույնիսկ քարտեզի մեջ չնշված խութերի միջով։ Այս նավարկությունները հաճույքի համար չէին։ Պարզապես, այդ մարդիկ ճանապարհ էին դուրս եկել Աստվածաշնչի ճշմարտությունը ուսուցանելու նպատակով։ Նրանք օվկիանոսի մի ընդարձակ հատված անցան՝ այցելելով 14 կղզիներ։ Այդ հեռավոր կղզիներից մի քանիսում Թագավորության բարի լուրը երբեք չէր քարոզվել։
Ինչպիսի՞ն էր մարդկանց արձագանքը։ Ծովից դուրս եկած քարոզիչներին սովորաբար դիմավորում էին հետաքրքրությամբ, ջերմությամբ և կղզեբնակներին հատուկ հյուրասիրությամբ։ Երբ մարդիկ հասկանում էին այցելության նպատակը, խոր երախտագիտություն էին արտահայտում այդ կապակցությամբ։ Վկաների համար պարզ էր, որ կղզեբնակները հարգում են Աստծո Խոսքը և գիտակցում իրենց հոգևոր կարիքները (Մատթէոս 5։3, ՆԱ)։
Հաճախ այցելուները նստում էին արևադարձային ծառերի տակ՝ մարդկանցով շրջապատված, որոնք նրանց բազմաթիվ սուրբգրային հարցեր էին ուղղում։ Իսկ երեկոյան ժամերին քննարկումները շարունակվում էին կղզեբնակների տներում։ Մի կղզուց հեռանալիս Վկաները այսպիսի խոսքեր լսեցին. «Մի՛ գնացեք։ Ո՞վ է պատասխանելու մեր հարցերին»։ Քարոզիչներից մեկը ասում է. «Միշտ էլ դժվար էր թողնել ճշմարտության ծարավ ոչխարանման այդքան մարդկանց։ Այնտեղ ճշմարտության շատ սերմեր ցանվեցին»։ Երբ «Քվեսթով» ճամփորդող Վկաները ափ իջան կղզիներից մեկում, տեսան, որ այնտեղի բոլոր բնակիչները սգազգեստ են հագել։ Մահացել էր քաղաքի պաշտոնյաներից մեկի կինը։ Այդ մարդը անձամբ շնորհակալություն հայտնեց եղբայրներին՝ Աստվածաշնչի մխիթարական ճշմարտությունը իրենց հասցնելու համար։
Որոշ կղզիներ հեշտ չէր հասնել։ Հեթին պատմում է. «Կղզիներից մեկը հարմար ափ չուներ, միայն ժայռեր էին, որ մի քանի ոտնաչափ վեր էին խոյանում օվկիանոսից։ Կղզի կարելի էր հասնել միայն մեր փոքրիկ ռետինե նավակի միջոցով։ Նախ՝ ստիպված եղանք մեր պայուսակները գցել ցամաքին կանգնած մարդկանց. բազում պատրաստակամ ձեռքեր բռնեցին դրանք։ Այնուհետև, երբ մեր նավակը հասավ ժայռի մակարդակին, ափ ցատկեցինք, նախքան այն նորից կընկներ օվկիանոսի ալիքների մեջ»։
Նավի վրա գտնվող բոլոր մարդիկ չէ, որ անվեհեր ծովագնացներ էին։ Երկու շաբաթ նավարկելուց հետո Թոնգատապու կղզի կատարած ետադարձ ուղևորության վերաբերյալ նավապետը գրեց. «Մենք պետք է 18 ժամ նավարկենք, սակայն ծովային հիվանդությամբ տառապողների պատճառով մեր ուղին չենք կարող անցնել առանց որևէ տեղ կանգ առնելու։ Թեև ուրախ ենք տուն վերադառնալու համար, սակայն շատ ցավալի է բաժանվել այդքան մարդկանցից, ում արդեն հայտնել ենք Թագավորության լուրը։ Մենք այդ անհատներին թողնում ենք Եհովայի հոգատար ձեռքերում, որն իր սուրբ ոգով և հրեշտակների միջոցով կօգնի նրանց աճել հոգևորապես»։
Խոստումնալից կղզիներ
«Քվեսթի» հեռանալուց մոտ վեց ամիս անց Հաապայում բարի լուրը ավետարանելու ուղարկվեցին երկու հատուկ ռահվիրաներ՝ Սթիվենն ու Մալակին։ Միանալով նոր մկրտված ամուսնական զույգերին՝ նրանք սկսեցին ուսուցանել Սուրբ Գրությունները։ Ներկայումս քարոզիչները աշխույժ զրույցներ են ունենում աստվածաշնչյան ուսմունքների վերաբերյալ և հմտորեն օգտվում են Գրություններից։
2003 թ. դեկտեմբերի 1–ին Հաապայում նոր ժողով կազմավորվեց, որը Թոնգայում հինգերորդն էր։ Հանդիպումներին հաճախողների մեջ կան մեծ թվով երեխաներ։ Նրանք սովորել են ուշադիր լինել։ Երեխաները լուռ են նստում և մեծ եռանդով մեկնաբանություններ են տալիս։ Շրջանային վերակացուի խոսքերով՝ «նրանք լավ գիտեն «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը, ինչը ցույց է տալիս, որ ծնողները լուրջ են վերաբերվում Աստվածաշնչի ճշմարտությունը իրենց երեխաների մեջ սերմանելու պատասխանատվությանը»։ Ինչպես երևում է, այդ կղզիները Եհովայի բարեկամների առատ «բերք» են խոստանում։
Ավելի քան 70 տարի առաջ, երբ Չարլզ Վետեն իր մայրենի լեզվով թարգմանում էր «Որտե՞ղ են գտնվում մահացածները» գրքույկը, նա անգամ չէր պատկերացում, թե որքան խոր արմատներ կգցի Թագավորության սերմը իր հայրենակիցների սրտում։ Եհովան շարունակեց օրհնել այդ համեստ սկիզբը. բարի լուրը ավելի ու ավելի մեծ թափով է հռչակվում աշխարհի այս ծայրում։ Այժմ իսկապես կարելի է ասել, որ Թոնգայի կազմում ևս կան այնպիսի հեռավոր կղզիներ, որոնք, այսպես ասած, դառնում են դեպի Եհովան (Սաղմոս 97։1; Եսայիա 51։5)։ Բարեկամության կղզիներում այսօր ապրում են Եհովայի բազմաթիվ բարեկամներ։
[նկար 8–րդ էջի վրա]
Չարլզ Վետե, 1983 թ.
[նկար 9–րդ էջի վրա]
Կինը ծառի կեղևից կտոր է պատրաստում
[նկար 10–րդ էջի վրա]
«Քվեսթը» մասնակցում էր Թոնգայում բարի լուրը տարածելու գործին
[նկար 11–րդ էջի վրա]
Թարգմանչական խումբը, Նուկուալոֆա
[նկար 9–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Making tapa cloth: © Jack Fields/CORBIS; background of pages 8 and 9, and fishing: © Fred J. Eckert