«Այսպէս աղօթք արէք»
ԳԻՏԵ՞Ք «Հայր մեր» աղոթքի խոսքերը։ Այն տիպար աղոթք է, որ Հիսուս Քրիստոսը սովորեցրեց։ Իր հայտնի Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Դուք այսպէս աղօթք արէք» (Մատթէոս 6։9)։ Քանի որ այն ներկայացրեց Հիսուսը, ուստի աղոթքը կոչում են նաև Տերունական։ Սակայն լայնորեն տարածված է աղոթքի «Հայր մեր» անվանումը (լատիներեն՝ Paternoster)։
Ողջ աշխարհով մեկ միլիոնավոր մարդիկ անգիր գիտեն «Հայր մերը» և հաճախ են կրկնում այն, հնարավոր է ամեն օր։ Վերջին տարիներին այս աղոթքը հաճախ արտասանվում է դպրոցներում և հասարակական միջոցառումների ժամանակ։ Ո՞րն է պատճառը, որ Տերունական աղոթքը այսչափ բարձր է գնահատվում։
Երրորդ դարի աստվածաբան Կիպրիանոսը գրեց. «Ո՞ր աղոթքը կարող է ավելի խորիմաստ լինել, եթե ոչ այն, որը մեզ Քրիստոսն է տվել.... Հորն ուղղված ո՞ր աղոթքն է առավել լի ճշմարտությամբ, եթե ոչ այն, որը մեզ Որդին է հանձնել. նա, որ Ճշմարտությունն է» (Յովհաննէս 14։6)։
Հռոմի կաթոլիկ եկեղեցին իր վարդապետարանում այն կարծիքն է հայտնել, թե «Հայր մերը» «Քրիստոնեական աղոթքների հիմքն է»։ «Ուորլդ բուք» հանրագիտարանում (անգլ.) ասվում է, որ այս աղոթքը քրիստոնեական բոլոր կրոններում առանցքային տեղ է զբաղեցնում, և այն համարվում է «Քրիստոնեական հավատի հիմնական դրույթներից» մեկը։
Սակայն պետք է խոստովանել, որ Տերունական աղոթքն անգիր իմացողներից շատերը լիովին չեն հասկանում այդ աղոթքի իմաստը։ «Եթե դուք թեկուզ մասամբ քրիստոնեական ծագում ունեք, ապա հավանաբար կկարողանաք մեկ շնչով անգիր ասել Տերունական աղոթքը,— ասվում է կանադական «Օտտավա սիթիզեն» լրագրում,— սակայն թերևս դժվարանաք այն դանդաղ ու հասկանալով ասել» («Ottawa Citizen»)։
Բայց իրո՞ք կարևոր է հասկանալ Աստծուն ուղղված մեր աղոթքները։ Ինչո՞ւ Հիսուսը մեզ հանձնեց «Հայր մեր» աղոթքը։ Ի՞նչ է այն նշանակում ձեզ համար։ Եկեք այժմ քննենք այս հարցերը։