Ինչպես հաղթահարել վհատությունը
ՎՀԱՏՎԱ՞Ծ ԵՔ։ Շատերն են վհատության զգացում ունենում անորոշությամբ և անհանգստություններով լի այս դարում։ Դրա պատճառը կարող են լինել աշխատանք չունենալը, դժբախտ պատահարի հետևանքների դեմ պայքարը, ընտանեկան խնդիրները, լուրջ հիվանդությունը կամ միայնության զգացումը։
Եթե վհատված եք, որտեղի՞ց կարող եք օգնություն ստանալ։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ մխիթարություն են գտնում՝ կարդալով Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը։ Նրանց քաջալերում են Պողոս առաքյալի խոսքերը. «Օրհնեալ լինի Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, գթութիւնների Հայրը եւ ամեն մխիթարութեան Աստուածը, որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը» (Բ Կորնթացիս 1։3, 4)։ Դուք նույնպես կարող եք ձեր Աստվածաշնչում ընթերցել այս խոսքերը, ինչպես նաև դրանց նման այլ համարներ։ Դա «[կ]մխիթարէ ձեր սրտերը եւ [կ]հաստատէ ձեզ» (Բ Թեսաղոնիկեցիս 2։16)։
Վհատությունը հաղթահարելու համար օգնություն կարող ենք ստանալ նաև՝ ընկերակցելով նրանց հետ, ովքեր ծառայում են Եհովային։ Առակաց 12։25–ում ասվում է. «Մարդիս սրտին վիշտը կ’ճնշէ նորան, բայց բարի խօսքը նորան կ’ուրախացնէ»։ Երբ հաճախում ենք քրիստոնեական հանդիպումներին, լսում ենք այդ «բարի խօսքը», որը «քաղցր է հոգիին եւ բժշկութիւն՝ ոսկորներին» (Առակաց 16։24)։ Հրավիրում ենք ձեզ այցելել Եհովայի վկաների Թագավորության սրահներում անցկացվող որևէ հանդիպման. դուք կտեսնեք, թե ինչպես կարող է զորացնել այդպիսի հավաքույթը։
Զորության աղբյուր նաև կարող է լինել աղոթքը։ Եթե կյանքի հոգսերը ձեզ ճնշում են, պատմեք ձեր զգացումների մասին ‘աղոթք լսողին’ (Սաղմոս 65։2, ԱԱ)։ Մեր Արարիչը՝ Եհովա Աստված, ավելի լավ է հասկանում մեզ, քան մենք ինքներս մեզ։ Մենք կարող ենք հուսալ նրա օգնությանը։ Նրա Խոսքը հավաստիացնում է. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը» (Սաղմոս 55։22)։ Այո՛, «Տիրոջն ապաւինողները կ’նորոգուին ոյժով» (Եսայիա 40։31)։
Եհովա Աստված զորեղ միջոցներ է տվել, որոնք կարող են օգնել մեզ հաջողությամբ հաղթահարելու վհատությունը։ Իսկ դուք կօգտվե՞ք դրանցից։