«Մենք կուզենք պատասխանել՝ այո՛»
ՆԻԳԵՐԻԱՅԻ մասնաճյուղը վերջերս մի նամակ ստացավ, որի մեջ մասամբ հետևյալն էր ասվում.
«Մեր որդին՝ Անդերսոնը, մահացավ, երբ 14 տարեկան էր։ Նախքան մահանալը նա հավի երկու ճուտ էր պահում։ Նա ցանկանում էր վաճառել դրանք և գումարն ուղարկել մասնաճյուղ՝ որպես նվիրատվություն համաշխարհային քարոզչական գործի համար։ Բայց Անդերսոնը մահացավ մինչև դրանց վաճառվելը։
Նրա ցանկությունը հաշվի առնելով՝ մենք՝ նրա ծնողները, մեծացրեցինք ճտերին և վաճառեցինք։ Գումարն ուղարկում ենք ձեզ՝ որպես Անդերսոնի կողմից տրված նվիրատվություն։ Եհովայի խոստումը մեզ վստահեցնում է, որ շուտով, շատ շուտով կրկին կտեսնենք Անդերսոնին։ Երբ նա հարցնի, թե կատարեցինք արդյոք իր ցանկությունը, մենք կուզենք պատասխանել՝ այո՛։ Մենք իսկապես անհամբերությամբ ենք սպասում ոչ միայն Անդերսոնի հետ հանդիպմանը, այլև ‘վկաների [մեծ] բազմության’, որ հարություն կառնի» (Եբրայեցիս 12։1; Յովհաննէս 5։28, 29)։
Ինչպես երևում է վերոհիշյալ նամակից, հարությանը հավատալը մի հույս է, որը զորացնում է ճշմարիտ քրիստոնյաներին։ Ի՜նչ ուրախություն կապրեն միլիոնավոր ընտանիքներ, երբ, Անդերսոնի ընտանիքի նման, ողջունեն իրենց սիրելիներին, որոնցից բաժանվել են թշնամի մահվան պատճառով (Ա Կորնթացիս 15։24–26)։
Հարության վերաբերյալ մխիթարական հույսը Աստծո Խոսքի այն հրաշալի խոստումներից է, որը շուտով կիրականանա արդար նոր աշխարհում՝ Աստծո Թագավորության ներքո (Բ Պետրոս 3։13)։ Խոսելով այն մասին, թե ինչ է Աստված անելու իր ժողովրդի համար այդ ժամանակ՝ Աստվածաշունչն ասում է. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։4)։