Բարի լուրը պտուղներ է բերում Սան Թոմեում և Պրինսիպիում
ՄԱՐԴԿԱՆՑ մեծամասնությունը հավանաբար չի լսել Սան Թոմեի և Պրինսիպիի մասին։ Այս կղզիները սովորաբար չեն հայտնվում տուրիստական գրքույկներում։ Աշխարհի քարտեզի վրա նրանք երկու փոքր կետերի տեսքով են՝ Աֆրիկայի արևմտյան ափի մոտ՝ Գվինեական ծոցում։ Սան Թոմեն գրեթե հասարակածի վրա է, իսկ Պրինսիպին՝ մի փոքր դեպի հյուսիս–արևելք։ Անձրևային խոնավ կլիմայի պատճառով առաջ են եկել փարթամ խոնավ արևադարձային անտառներ՝ ծածկելով ավելի քան 2 000 մետր բարձրություն ունեցող լեռների լանջերը։
Այս արևադարձային կղզիները՝ շրջապատված կապույտ ջրերով և արմավենիներով զարդարված ծովափերով, բնակեցված են բարյացակամ, ջերմասիրտ մարդկանցով, որոնց աֆրիկյան և եվրոպական ծագումների միաձուլումից առաջ է եկել մշակույթների հաճելի խառնուրդ։ Բնակչությունը, որ կազմում է 170 000, զբաղվում է հիմնականում կակաոյի արտահանումով կամ հողագործությամբ ու ձկնորսությամբ։ Վերջին տարիներին օրվա հացը վաստակելն անգամ դժվարություն է իրենից ներկայացնում։
Սակայն 20–րդ դարի վերջին տասնամյակը աչքի ընկավ մի իրադարձությամբ, որը մեծ ազդեցություն ունեցավ այս կղզիներում շատացող բնակչության կյանքի վրա։ 1993 թ. հունիս ամսին Եհովայի վկաները պետականորեն գրանցվեցին Սան Թոմեի և Պրինսիպիի կառավարության կողմից։ Այսպիսով ավարտվեցին Եհովայի վկաների համար երկար ու հաճախ դժվարին ժամանակները այս կղզիներում։
Սերմեր, որ ցանվել են դժվարությունների ներքո
Պարզվում է, որ այս երկիր առաջին Վկան ժամանել է 1950–ականներին, երբ Աֆրիկայում գտնվող պորտուգալական մյուս գաղութներից բանտարկյալներ ուղարկվեցին աշխատելու այս կղզիների ուղղիչ–աշխատանքային գաղութներում։ Այդ Վկան՝ աֆրիկացի մի ռահվիրա, կամ՝ լիաժամ ծառայող, արտաքսվել էր Մոզամբիկից, որովհետև այնտեղ քարոզել էր Աստծո Թագավորության բարի լուրը։ Այս միակ քարոզիչը կղզում միշտ զբաղված էր Աստծո գործով, և վեց ամսվա ընթացքում այստեղ 13 հոգի ևս սկսեցին բարի լուրը տարածել։ Հետագայում նույն հանգամանքներում գտնվող ուրիշ Վկաներ էլ ժամանեցին այս կղզիներ Անգոլայից։ Բանտարկության մեջ եղած ժամանակ նրանք օգտվում էին ամեն մի առիթից, որպեսզի բարի լուրի մասին պատմեին տեղի բնակիչներին։
1966 թ.–ին մոտ ժամանակներում Սան Թոմեի գաղութներում գտնվող բոլոր եղբայրները վերադարձան Աֆրիկա մայրցամաք։ Կղզում մնաց Թագավորության քարոզիչների մի փոքր խումբ, որը շարունակեց քաջաբար կատարել իր ծառայությունը։ Նրանք հալածանքների ու ծեծերի ենթարկվեցին, ինչպես նաև բանտարկվեցին այն պատճառով, որ հավաքվում էին միասին Աստվածաշունչ ուսումնասիրելու։ Այնտեղ ոչ ոք չկար, որ այցելեր ու քաջալերեր նրանց։ 1975 թ.–ին երկիրն անկախացավ Պորտուգալիայից և դանդաղ, բայց հաստատուն տեմպերով Թագավորության մասին ճշմարտության սերմերը սկսեցին պտուղներ բերել։
Ընդարձակումն ու շինարարությունը
1993–ին պետականորեն գրանցում ստանալու ամսին քարոզիչների բարձրագույն թիվ գրանցվեց՝ 100 հոգի։ Նույն տարում Պորտուգալիայից հատուկ ռահվիրաներ եկան։ Տեղի բնակիչները սիրեցին նրանց այն բանի համար, որ նրանք ջանքեր ներդրեցին պորտուգալական կրեոլերենը սովորելու։ Առաջնահերթ հարց դարձավ Թագավորության սրահի համար տեղ գտնելը։ Լսելով, որ այդպիսի կարիք կա՝ Մարիա անունով մի քույր նվիրաբերեց իր սեփական հողատարածքի կեսը։ Հողատարածության վրա գտնվում էր հենց իր փոքր տունը։ Հողակտորը բավական էր մի մեծ Թագավորության սրահ կառուցելու համար։ Մարիան չգիտեր, որ փառասեր գործարարները աչք էին դրել նրա սեփականության վրա, որովհետև ինքը ոչ մի հարազատ չուներ։ Մի օր հայտնի գործարարներից մեկը եկավ Մարիայի հետ զրուցելու։
— Այն, ինչ լսում եմ քո մասին, լավ չէ,— զգուշացրեց նա Մարիային։— Լսել եմ՝ նվիրաբերել ես հողակտորդ։ Չգիտե՞ս, որ այն բավական մեծ գումար արժե, քանի որ գտնվում է այստեղ՝ հենց քաղաքում։
— Եթե այդ տարածությունը ձեզ առաջարկեի, որքա՞ն կվճարեիք ինձ,— հարցրեց Մարիան։ Երբ այդ մարդը չպատասխանեց, Մարիան շարունակեց։— Նույնիսկ եթե դուք ինձ տայիք աշխարհում եղած ամբողջ փողը, այն բավական չէր լինի, քանի որ փողով հնարավոր չէ կյանք գնել։
— Դուք երեխաներ չունեք, այնպես չէ՞,— հարցրեց մարդը։
Որպեսզի վերջ տա զրույցին, Մարիան ասաց.
— Հողը պատկանում է Եհովային։ Այսքա՜ն տարիներ շարունակ նա ինձ էր տվել դա, իսկ այժմ ես այն ետ վերադարձրեցի նրան։ Ես ցանկանում եմ հավիտյան ապրել։— Հետո նա հարցրեց այդ մարդուն։— Դուք հավիտենական կյանք չեք առաջարկում, այնպես չէ՞։
Առանց որևէ բառ ասելու՝ այդ մարդը շրջվեց ու հեռացավ։
Այդ հողատարածության վրա Պորտուգալիայից եկած համապատասխան պատրաստվածություն ունեցող եղբայրների օգնությամբ մի հրաշալի երկհարկանի շենք կառուցվեց։ Այն ունի ներքնահարկ, Թագավորության ընդարձակ սրահ և ապրելու համար սենյակներ։ Այն նաև ունի դասարաններ՝ երեցների, ծառայող օգնականների և ռահվիրաների դպրոցի համար։ Հիմա այնտեղ իրենց հանդիպումներն են անցկացնում երկու ժողովներ։ Այսպիսով՝ մայրաքաղաքում այն դարձել է կրթական լավ կենտրոն, որտեղ սովորում են մաքուր երկրպագություն մատուցել։
Մե Սոշիում 60 եռանդուն քարոզիչներից բաղկացած մի ժողով կար։ Քանի որ ժողովի հանդիպումներն անցկացվում էին բանանի պուրակում սարքված ժամանակավոր Թագավորության սրահում, համապատասխան Թագավորության սրահի կարիքն ակնհայտ դարձավ։ Այդ մասին տեղեկացվեց քաղաքապետարանին, և բարեսիրտ պաշտոնյաները կենտրոնական փողոցի վրա գտնվող մի լավ տարածք առաջարկեցին։ Պորտուգալիայից եկած եղբայրների օգնությամբ արագացված մեթոդով երկու ամսվա ընթացքում մի հրաշալի Թագավորության սրահ կառուցվեց։ Տեղացիները հազիվ էին հավատում իրենց աչքերին։ Մի շվեդ ինժեներ, որը քաղաքում մասնակցում էր շինարարական մի նախագծի, զարմացած էր՝ տեսնելով թե ինչպես էին աշխատում եղբայրներն ու քույրերը։ «Անհավատալի է,— նշեց նա,— Եհովայի վկաներն այստեղ են՝ Մե Սոշիում, և կառուցում են արագացված մեթոդով։ Ահա թե ինչպես մենք պետք է կազմակերպենք մեր աշխատանքը»։ Թագավորության սրահի նվիրումը տեղի ունեցավ 1999 թ. հունիսի 12–ին, որին ներկա էին 232 մարդ։ Սրահը դարձել է Մե Սոշի այցելողների ուշադրության գլխավոր առարկան։
Պատմական նշանակություն ունեցող համաժողով
Սան Թոմեում և Պրինսիպիում ապրող Եհովայի վկաների համար պատմական իրադարձություն էր 1994 թ. հունվարին տեղի ունեցած «Աստվածային ուսուցում» եռօրյա մարզային համաժողովը։ Դա առաջին համաժողովն էր այս կղզիներում։ Այն տեղի ունեցավ երկրում ամենալավ օդափոխությունն ունեցող դահլիճում։ Կարո՞ղ եք պատկերացնել Թագավորության 116 քարոզիչների ուրախությունը, երբ տեսան համաժողովի եկած 405 հոգու, նաև առաջին անգամ դիտեցին աստվածաշնչյան դրամա և ստացան համաժողովին լույս տեսած հրատարակությունները։ 20 անհատներ, ովքեր իրենց անձերը նվիրել էին Եհովային, մկրտվեցին արևադարձային ծովափի ջրում։
Հասարակության ուշադրությունը գրավեց մի նորույթ. դա համաժողովի պատվիրակների կրած պլակետկաներն էին։ Պորտուգալիայից ու Անգոլայից 25 այցելուների ներկայությունը համաժողովին միջազգային երանգ տվեց։ Շուտով համաժողովի պատվիրակների միջև քրիստոնեական ջերմ սիրո կապ հաստատվեց, և շատերի աչքերն արցունքով լցվեցին, երբ ծրագրի վերջում հրաժեշտ տվեցին միմյանց (Յովհաննէս 13։35)։
Ազգային ռադիոյից լրագրողներ եկանև հարցազրույց անցկացրին համաժողովի վերակացուի հետ։ Նաև որոշ ելույթներից հատվածներ հաղորդեցին ռադիոյով։ Դա իսկապես պատմական իրադարձություն էր, և այն օգնեց երկար ժամանակ մեկուսացած վիճակում գտնվող հավատարիմ Վկաներին շատ մոտ զգալ Եհովայի տեսանելի կազմակերպությանը։
Պտուղ են բերում Եհովայի փառաբանման համար
Երբ Թագավորության պատգամը պտուղ է բերում, դա դրսևորվում է բարի վարքով, որը փառք ու պատիվ է բերում Եհովային (Տիտոս 2։10)։ Մի դեռահաս աղջիկ շատ հավանում էր այն, ինչ սովորում էր Աստվածաշնչի շաբաթական ուսումնասիրությունից։ Սակայն նրա հայրը արգելեց ժողովի հանդիպումներին հաճախել։ Երբ աղջիկը հարգալից տոնով բացատրեց նրան քրիստոնեական հանդիպումների կարևորությունը և ասաց, թե ինչու է ուզում դրանց հաճախել, հայրն անմիջապես վռնդեց նրան տնից։ Ըստ երևույթին, նա մտածում էր, որ աղջիկը կանի այն, ինչ որ շատ երիտասարդներ են անում՝ անմիջապես սկսել ապրել մի մարդու հետ, որը հոգ կտաներ նրան։ Երբ հայրն իմացավ, որ աղջիկը՝ որպես քրիստոնյա, օրինակելի, անարատ կյանք է վարում՝ մղվեց ետ ընդունել նրան և լիարժեք ազատություն տալ Եհովային ծառայելու մեջ։
Մեկ այլ օրինակ։ Երաժշտական խմբի մի ղեկավար հիասթափվել էր իր անբարո ապրելակերպից։ Մինչ կյանքում իմաստ էր փնտրում՝ ծանոթացավ Եհովայի վկաների հետ։ Երբ սկսեց ապրել ըստ Աստվածաշնչի բարոյական սկզբունքների, դարձավ քաղաքի խոսակցության առարկան։ Շուտով նա հասկացավ, որ անհրաժեշտ է վերջ տալ բոլոր վատ ընկերակցություններին (Ա Կորնթացիս 15։33)։ Այնուհետև նա մկրտվելու՝ Եհովայի հանդեպ իր նվիրումը խորհրդանշելու կարևոր քայլը ձեռնարկեց։
Մի քանի երիտասարդներ ճշմարիտ կրոնն էին փնտրում։ Նրանց փնտրտուքները հանգեցրին որոշ ավետարանչական խմբերի հովիվների հետ զրույցների, բայց արդյունքում նրանք ավելի շփոթված և հիասթափված վիճակում հայտնվեցին։ Հետևանքը եղավ այն, որ նրանք սկսեցին քամահրանքով վերաբերվել կրոնին ընդհանրապես և կազմավորեցին փողոցային բանդա։
Մի օր Եհովայի վկա մի միսիոներ գնում էր Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու և մտավ այնտեղ, որտեղ որ այս երիտասարդներն էին։ Խումբն ուզում էր, որ միսիոները մի քանի հարցերի պատասխաներ, ուստի նրան տարան բակ և աթոռակ տվեցին, որ նստի։ Դրան հետևեց հարցերի տարափ՝ հոգու, դժոխքի կրակի, երկնային կյանքի և աշխարհի վերջի մասին։ Վկան նրանց բոլոր հարցերին պատասխանեց այն Աստվածաշնչով, որը նրան տվեց բանդայի ղեկավարը։ Մեկ ժամ հետո ղեկավարը, որի անունը Լո էր, ասաց միսիոներին. «Երբ մենք քեզ խնդրեցինք գալ և հարցերի պատասխանել, մեր նպատակն էր ծաղրել քեզ, ինչպես որ վարվել ենք այլ կրոնների մարդկանց հետ։ Մտածում էինք, որ ոչ մեկը չի կարող պատասխանել այդ հարցերին։ Բայց դու պատասխանեցիր, և դա արեցիր՝ օգտագործելով միայն Աստվածաշունչը։ Ասա՛ ինձ, ինչպե՞ս կարող եմ ավելի շատ բան սովորել Աստվածաշնչի մասին»։ Լոի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց, և նա շուտով սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին։ Դրանից կարճ ժամանակ անց նա հեռացավ խմբից և դադարեց բռնություն գործելուց։ Մեկ տարվա ընթացքում Լոն նվիրեց իր կյանքը Եհովային և մկրտվեց։ Այժմ նա ծառայող օգնական է։
Այս տարածքում խոր արմատներ գցած մի սովորույթ կա, ըստ որի զույգերը առանց օրինականորեն ամուսնանալու ուղղակի ապրում են իրար հետ։ Շատերը տարիներ շարունակ միասին են և երեխաներ ունեն։ Նրանք դժվարանում են Աստծո տեսակետն ընդունել այս հարցում։ Հուզիչ է տեսնելը, թե ինչպես է Աստծո Խոսքն օգնել մի անհատի հաղթահարել այս խոչընդոտը (Բ Կորնթացիս 10։4–6; Եբրայեցիս 4։12)։
Անտոնիուն հասկացավ, որ պետք է օրինականացնի իր ամուսնությունը և պլանավորեց դա անել եգիպտացորենի բերքահավաքից հետո, որպեսզի ամուսնական խնջույքի համար գումար ունենար։ Բերքահավաքից մի օր առաջ՝ գիշերը, նրա բերքը գողացան։ Նա որոշեց սպասել մյուս տարվա բերքին, սակայն այդ բերքն էլ գողացան։ Երբ ամուսնության համար գումար հավաքելու այս մի փորձն էլ ձախողվեց, Անտոնիուն հասկացավ, թե իրականում ով էր իր հակառակորդը։ «Սատանան այլևս խաղ չի խաղա ինձ հետ,— ասաց նա,— մեկ ու կես ամսից մենք կամուսնանանք՝ անկախ նրանից կլինի խնջույք, թե՝ ոչ»։ Նրանք ամուսնացան, և, ի զարմանս իրենց, նրանց ընկերները ամուսնության առիթով խնջույքի համար բերեցին հավեր, բադեր ու մի այծ։ Ամուսնությունը գրանցելուց հետո Անտոնիուն, իր կինը և նրանց վեց երեխաները մկրտվեցին՝ ի նշան Եհովայի հանդեպ իրենց նվիրման։
Դեպի Պրինսիպի կղզի
Վերջին տարիներին Պրինսիպիի 6 000 բնակիչներին ժամանակ առ ժամանակ Սան Թոմեից այցելել են շրջանային վերակացուն և ռահվիրաներ։ Կղզում բնակվողները շատ հյուրընկալ էին և մեծ ցանկություն ունեին լսելու Վկաների ասածները։ Երբ մի մարդ կարդաց այն թերթիկը, որը ռահվիրաները թողել էին իրեն, հաջորդ օրը փնտրեց ռահվիրաներին և առաջարկեց օգնել ավելի շատ թերթիկներ տարածելու։ Ռահվիրաները բացատրեցին, որ իրենք պետք է դա անեն, բայց մարդը պնդեց, թե պետք է ուղեկցի նրանց տնետուն, որպեսզի ներկայացնի տանտերերին՝ խորհուրդ տալով ուշադիր լսել նրանց։ Վերջիվերջո այդ մարդը գնաց, բայց գնալուց առաջ նա գովեց ռահվիրաներին այն կարևոր աշխատանքի համար, որ նրանք անում էին։
1998 թ.–ին Սան Թոմեից երկու ռահվիրաներ տեղափոխվեցին Պրինսիպի, և շատ չանցած նրանք Աստվածաշնչի 17 ուսումնասիրություն էին անցկացնում։ Աշխատանքը շարունակվեց ընդարձակվել, և շուտով ժողովի գրքի ուսումնասիրությանը սկսեցին հաճախել 16 հոգի, իսկ հանրային ելույթին՝ 30–ից ավելի։ Ժողովն անցկացնելու նպատակով տեղ ունենալու համար դիմեցին քաղաքապետարան, և շատ ուրախալի էր, որ Թագավորության սրահ կառուցելու նպատակով տարածք հատկացվեց։ Սան Թոմեից եղբայրները կամավոր եկան կառուցելու փոքր Թագավորության սրահ, որը նաև երկու հատուկ ռահվիրաների համար բնակվելու հարմարություններ ունի։
Կասկած չկա՝ բարի լուրը շատ պտուղ է բերում և տարածվում այս հեռավոր կղզիներում (Կողոսացիս 1։5, 6)։ 1990 թ.–ին Սան Թոմեում և Պրինսիպիում 46 քարոզիչ կար։ 2002 ծառայողական տարում Թագավորության քարոզիչները բարձրագույն թիվ կազմեցին՝ 388 հոգի։ Քարոզիչների 20 տոկոսից ավելին լիաժամ ծառայողներ են։ Անցկացվում են Աստվածաշնչի մոտ 1 400 տնային ուսումնասիրություններ։ 2001 թ. Հիշատակի երեկոյին ներկաների թիվը կազմեց 1 907 հոգի՝ մինչ այդ եղած ամենաբարձր թիվը։ Այո՛, այս արևադարձային կղզիներում Եհովայի խոսքն արագորեն առաջ է գնում և փառավորվում (Բ Թեսաղոնիկեցիս 3։1)։
[շրջանակ/նկար 12–րդ էջի վրա]
Հայտնի ռադիոհաղորդումներ
«Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը մեծապես գնահատվում է այս կղզիներում։a Երկու շաբաթը մեկ այս նույն վերնագրով 15 րոպեանոց հաղորդում է ներկայացվում ազգային ռադիոյով։ Սիրտդ հուզմունքով է լցվում, երբ լսում ես, թե ինչպես է հաղորդավարը հետևյալ հարցն ուղղում՝ «երիտասարդնե՛ր, ինչպե՞ս կարող եք իմանալ՝ դա իսկակա՞ն սեր է, թե՞ հրապուրանք», ապա ընթերցում այդ գրքից մի հատված (տե՛ս 31–րդ գլուխը)։ Նման մի հաղորդում էլ ներկայացնում է ընտրովի հատվածներ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գրքից։b
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[նկար 9–րդ էջի վրա]
Առաջին Թագավորության սրահը Սան Թոմեում, 1994 թ.
[նկարներ 10–րդ էջի վրա]
1 Մե Սոշիում արագ մեթոդով կառուցված Թագավորության սրահ
2 Պատմական նշանակություն ունեցող համաժողովը տեղի է ունեցել այս դահլիճում
3 Մկրտության երջանիկ թեկնածուները համաժողովի ժամանակ
[նկար 8–րդ էջի վրա. ույլտվությամբ]
Globe: Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.