Կենսագրություն
Եհովան խոնարհներին բերում է դեպի ճշմարտություն
Պատմում է Ասանո Կոսինոն
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ընդամենը մի քանի տարի անց՝ 1949 թ.–ին, Կոբե քաղաքում բարձրահասակ, բարյացակամ մի օտարական այցելեց այն ընտանիքին, որի տանը աշխատում էի։ Նա Եհովայի վկա առաջին միսիոներն էր, որ եկել էր Ճապոնիա։ Նրա այցելությունը ինձ համար ճանապարհ բացեց՝ գալու դեպի Աստվածաշնչի ճշմարտությունը։ Սակայն թույլ տվեք նախ պատմել իմ մասին։
ԾՆՎԵԼ եմ 1926 թ.–ին Օկայամա պրեֆեկտուրայի հյուսիսում գտնվող մի փոքր գյուղում։ Ես մեր ընտանիքի ութ երեխաներից հինգերորդն էի։ Հայրս տեղի սինտոյական տաճարում պաշտվող աստծո ջերմեռանդ հավատացյալ էր։ Ուստի մենք՝ երեխաներս, ուրախանում էինք՝ տարին բոլոր ամբողջ ընտանիքով նշելով տոներ ու կրոնական արարողություններ։
Երբ մեծացա, շատ հարցեր ունեի կյանքի վերաբերյալ, բայց ավելի շատ ինձ մտահոգում էին մահվան հետ կապված հարցերը։ Ըստ ավանդության՝ մարդիկ մահանալիս տանը պիտի լինեին, իսկ երեխաները՝ նրանց անկողնու կողքին։ Ես շատ տխրեցի, երբ մահացավ տատիկս, իսկ հետո եղբայրս, որը դեռ մի տարեկան էլ չկար։ Ինձ համար սարսափելի էր մտածել, որ մի օր ծնողներս էլ էին մահանալու։ «Մի՞թե սա է սպասվում ամենքիս։ Մի՞թե կյանքը չի կարող ավելի իմաստալից լինել»,— ցանկանում էի իմանալ։
1937 թ.–ին, երբ տարրական դպրոցի վեցերորդ դասարանում էի սովորում, սկսվեց Ճապոնա–չինական պատերազմը։ Տղամարդկանց զորակոչում էին և ուղարկում չինական ռազմաճակատ։ Երեխաները հրաժեշտ էին տալիս իրենց հայրերին կամ եղբայրներին՝ գոչելով՝ բանզա՛յ (կեցցե) կայսրը։ Ժողովուրդը համոզված էր, որ հաղթելու էր Ճապոնիան՝ աստվածային ժողովուրդը, և նրա կայսրը՝ կենդանի աստվածը։
Շուտով ընտանիքները սկսեցին ռազմաճակատից մահվան թղթեր ստանալ։ Զոհվածների ընտանիքները մխիթարություն չէին գտնում։ Նրանց սրտերում ատելությունն էր բորբոքվում, և նրանք ուրախանում էին, երբ թշնամին մեծ կորուստներ էր տալիս։ Բայց միևնույն ժամանակ ես մտածում էի. «Հակառակորդներն էլ, անկասկած, կրում են նույնպիսի տառապանքներ, ինչպիսին որ մենք ենք կրում, երբ զոհվում են մեր հարազատները»։ Այն ժամանակ, երբ ավարտեցի տարրական դպրոցը, պատերազմը տարածվել էր մինչև Չինաստանի խորքերը։
Անսպասելի հանդիպում օտարերկրացու հետ
Լինելով հողագործներ՝ մեր ընտանիքը միշտ աղքատության մեջ է եղել։ Բայց հայրս թույլ տվեց ինձ կրթություն ստանալ այնչափ, որչափ որ հնարավոր էր դա ստանալ անվճար։ Այսպիսով 1941 թ. ընդունվեցի աղջիկների դպրոց, որը գտնվում էր Օկայամա քաղաքում՝ մեր բնակավայրից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորության վրա։ Դպրոցը նախատեսված էր կրթելու աղջիկներին՝ դառնալու լավ կին և մայր։ Այնտեղ սովորողները նշանակվում էին ապրելու քաղաքի հարուստ ընտանիքներում որպես աշակերտ–տնային տնտեսուհիներ։ Առավոտյան սովորում էին՝ աշխատելով այդ տներում, իսկ ցերեկվա ժամերին՝ գնում դպրոց։
Երբ դպրոց ընդունվելու արարողությունը վերջացավ, ուսուցչուհիս՝ կիմոնոն հագին, ինձ մի մեծ տուն տարավ։ Սակայն ինչ–որ պատճառով տանտիկինը ինձ չընդունեց։ «Գնա՞նք տիկին Կոդայի տուն»,— հարցրեց ուսուցչուհիս։ Նա տարավ ինձ արևմտյան ոճի մի տուն և դռան զանգը տվեց։ Քիչ անց բարձրահասակ, արծաթագույն մազերով մի տիկին դուրս եկավ։ Ես զարմանք կտրեցի... նա ճապոնացի չէր։ Կյանքումս երբեք արևմուտցի չէի տեսել։ Ուսուցչուհին ծանոթացրեց ինձ տիկին Մոդ Կոդայի հետ և արագ հեռացավ։ Պայուսակներս քարշ տալով՝ հուզված ներս մտա տուն։ Հետո իմացա, որ տիկին Մոդ Կոդան ամերիկացի էր, որ ամուսնացել էր ճապոնացու հետ, որը սովորել էր Միացյալ Նահանգներում։ Տիկին Կոդան մասնավոր դպրոցներում անգլերեն էր դասավանդում։
Հենց հաջորդ առավոտվանից սկսվեցին իմ կյանքի զբաղված օրերը։ Տիկին Կոդայի ամուսինը հիվանդ էր էպիլեպսիայով, և ես պետք է օգնեի հոգ տանել նրան։ Քանի որ անգլերեն ընդհանրապես չէի հասկանում, մի փոքր անհանգստացա։ Սակայն թեթևություն զգացի, երբ տիկին Կոդան ինձ հետ ճապոներեն խոսեց։ Ամեն օր լսում էի, որ նրանք անգլերեն էին խոսում միմյանց հետ։ Ի վերջո ականջներս վարժվեցին այդ լեզվին։ Ինձ դուր էր գալիս տան հաճելի մթնոլորտը։
Ես տպավորված էի իր հիվանդ ամուսնու հանդեպ Մոդի ցուցաբերած նվիրվածությունից։ Նրա ամուսինը սիրում էր Աստվածաշունչ կարդալ։ Հետո իմացա, որ նրանք մի հնագրախանութից ձեռք էին բերել «Դարերի աստվածային ծրագիրը» գրքի ճապոներեն հրատարակությունը և արդեն մի քանի տարի էր, ինչ անգլերեն լեզվով «Դիտարան» պարբերագիր էին բաժանորդագրվում։
Մի օր Աստվածաշունչ նվեր ստացա։ Ես ուրախացել էի, քանի որ կյանքում առաջին անգամ իմ անձնական Աստվածաշունչն ունեցա։ Ես կարդում էի այն դպրոց գնալիս և վերադառնալիս, բայց քիչ բան էի հասկանում։ Քանի որ դաստիարակվել էի որպես ճապոնացի սինտոյական, Հիսուս Քրիստոսը շատ օտար էր թվում ինձ համար։ Մտքովս էլ չէր անցնում, որ այս ամենը սկիզբն էր լինելու այն բանի, ինչը ինձ առաջնորդելու էր նրան, որ վերջիվերջո ընդունեի Աստվածաշնչի ճշմարտությունը և ստանալու էի կյանքի ու մահվան վերաբերյալ իմ բոլոր հարցերի պատասխանները։
Երեք տխուր իրադարձություն
Երկու տարվա աշակերտությունը շուտով ավարտվեց, և ես ստիպված էի հրաժեշտ տալ Կոդաների ընտանիքին։ Դպրոցն ավարտելուց հետո միացա աղջիկներից բաղկացած մի կամավոր խմբի և սկսեցի աշխատել ռազմածովային համազգեստների արտադրամասում։ Սկսվեցին օդային հարձակումներ ամերիկյան B-29 ռմբակոծիչով, իսկ 1945 թ. օգոստոսի 6–ին Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ նետվեց։ Դրանից մի քանի օր հետո հեռագիր ստացա, որ մայրս լուրջ հիվանդ է։ Առաջին իսկ գնացքով տուն մեկնեցի։ Երբ դուրս եկա գնացքից, մեր բարեկամներից մեկը դիմավորեց ինձ և հայտնեց, որ մայրս այլևս չկա։ Նա մահացել էր օգոստոսի 11–ին։ Այն, ինչից որ վախենում էի տարիներ շարունակ, իրականություն էր դարձել։ Նա այլևս չէր զրուցի ինձ հետ և չէր ժպտա ինձ։
Օգոստոսի 15–ին Ճապոնիայի պարտությունը իրականություն դարձավ։ Ուստի ես ականատես եղա երեք տխուր իրադարձությունների, որոնք տեղի ունեցան շատ կարճ ժամանակվա՝ ընդամենը տասը օրերի ընթացքում. ատոմային ռումբի պայթյունը, մորս մահը և Ճապոնիայի պարտությունը։ Բայցևայնպես, մխիթարական էր իմանալ, որ մարդիկ այլևս չէին մահանա պատերազմի պատճառով։ Սրտումս դատարկության զգացումով թողեցի գործարանը ու վերադարձա մեր գյուղ։
Գալիս եմ դեպի ճշմարտությունը
Մի օր անսպասելիորեն նամակ ստացա Օկայամայից։ Մոդ Կոդան հարցնում էր, թե կարող եմ մեկնել իր մոտ և օգնել նրան տան գործերում, քանի որ պատրաստվում էր անգլիական դպրոց բացել։ Մտածում էի՝ ինչ անել, բայց ի վերջո ընդունեցի նրա հրավերը։ Իսկ մի քանի տարի հետո Կոդաների հետ տեղափոխվեցի Կոբե։
1949 թ. վաղ ամռանը բարձրահասակ ու բարյացակամ մի ջենտլմեն այցելեց Կոդաներին։ Նրա անունն էր Դոնալդ Հազլիթ։ Նա Տոկիոյից եկել էր Կոբե, որպեսզի այստեղ միսիոներների համար տուն գտներ։ Նա ամենաառաջին Եհովայի վկա միսիոներն էր, որ եկել էր Ճապոնիա։ Նրան հաջողվեց տուն գտնել, և 1949 թ. նոյեմբերին Կոբե եկան մի քանի միսիոներներ։ Մի օր նրանցից հինգը այցելեցին Կոդաներին։ Նրանցից երկուսը՝ Լլոյդ Բերին և Փերսի Իզլոբը, անգլերեն լեզվով մոտ տասը րոպե խոսեցին տանը հավաքվածներից յուրաքանչյուրի հետ։ Միսիոներները Մոդին ճանաչում էին որպես քրիստոնյա քրոջ, և նա, ակներևաբար, քաջալերվում էր նրանց ընկերակցությունից։ Այդ ժամանակ էր, որ իմ մեջ ցանկություն առաջացավ անգլերեն սովորելու։
Եռանդուն միսիոներների օգնությամբ ի վերջո սկսեցի հասկանալ Աստվածաշնչի հիմնական ճշմարտությունները։ Գտա այն հարցերի պատասխանները, որ դեռ մանկուց ունեի։ Այո, Աստվածաշունչը երկրային դրախտում հավիտյան ապրելու հույս է տալիս և խոստանում է, որ ‘հիշատակի դամբաններում’ եղողների հարություն է լինելու (Յովհաննէս 5։28 ՆԱ, 29; Յայտնութիւն 21։1, 4)։ Ես երախտապարտ էի Եհովային, որ նա իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով հնարավոր է դարձրել այդ հույսը։
Ուրախություն պատճառող աստվածապետական գործունեություն
1949 թ. դեկտեմբերի 30–ից մինչև 1950 թ. հունվարի 1–ը Կոբեում միսիոներների տանը անցկացվեց Ճապոնիայում կայացած առաջին համաժողովը։ Մոդի հետ այնտեղ գնացի։ Դա մի մեծ տուն էր, որը նախկինում նացիստների սեփականությունն էր եղել։ Այնտեղից տպավորիչ տեսարան էր բացվում դեպի Ներքին ճապոնական ծովը և Ավաձի կղզին։ Քանի որ Աստվածաշնչի գիտելիքներս սահմանափակ էին, ասվածից քիչ բան հասկացա։ Սակայն ինձ խորապես տպավորեցին միսիոներները, որոնք ազատորեն շփվում էին ճապոնացիների հետ։ Այդ համաժողովի հանրային ելույթին ներկա էին 101 հոգի։
Դրանից շատ չանցած որոշեցի մասնակցել քարոզչական ծառայությանը։ Ինձ համարձակություն էր հարկավոր՝ գնալու տնետուն, քանի որ բնավորությամբ ամաչկոտ էի։ Մի առավոտ եղբայր Լլոյդ Բերին եկավ մեր տուն՝ ինձ իր հետ ծառայության տանելու։ Նա ծառայությունը սկսեց՝ քույր Կոդայի տան հարևան դուռը թակելով։ Ես գրեթե թաքնվել էի նրա ետևում, մինչ լսում էի նրա մատուցումը։ Երկրորդ անգամ ծառայության դուրս եկա երկու ուրիշ միսիոներների հետ։ Մի տարեց ճապոնացի կին մեզ ներս հրավիրեց, լսեց և հետո ամեն մեկիս մի–մի բաժակ կաթ հյուրասիրեց։ Նա համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել և ի վերջո դարձավ մկրտված քրիստոնյա։ Քաջալերական էր նրա առաջադիմությունը տեսնելը։
1951 թ. ապրիլին եղբայր Նաթան Նորը՝ Բրուքլինի գլխավոր վարչությունից, առաջին անգամ այցելեց Ճապոնիա։ Կյորիցու սրահում, որը գտնվում է Կանդայում (Տոկիո), մոտավորապես 700 մարդ հավաքվեց՝ լսելու նրա հանրային ելույթը։ Այս հատուկ հանդիպման բոլոր ներկաները մեծ ուրախություն ապրեցին, երբ լսեցին ճապոներեն լեզվով «Դիտարան» պարբերագրի թողարկման մասին հայտարարությունը։ Հաջորդ ամիս եղբայր Նորը այցելեց Կոբե, և այնտեղ կայացած հատուկ հանդիպմանը ես մկրտվեցի՝ ի նշան իմ նվիրման Եհովային։
Մեկ տարի անց ինձ քաջալերեցին անցնելու լիաժամ ռահվիրայական ծառայության։ Այդ ժամանակ Ճապոնիայում ընդամենը մի քանի ռահվիրաներ կային։ Ես մտածում էի, թե ինչպես ֆինանսապես ապահովեմ ինձ, նաև թե ինչպես կարգավորեմ իմ ամուսնության հարցը։ Բայց հետո հասկացա, որ Եհովային ծառայելը պետք է կյանքում առաջին տեղում լինի, ուստի 1952 թ.–ին ռահվիրաների շարքերն անցա։ Բարեբախտաբար, ռահվիրայության հետ մեկտեղ կարողանում էի կես օրով աշխատել քույր Կոդայի մոտ։
Այդ ընթացքում եղբայրս, որը, իմ կարծիքով, զոհվել էր պատերազմում, իր ընտանիքի հետ Թայվանից վերադարձավ տուն։ Իմ ընտանիքի անդամները քրիստոնեության հանդեպ երբեք հետաքրքրություն չէին ունեցել, բայց ես, համակված ռահվիրայական ոգով, սկսեցի մեր պարբերագրերից ու գրքույկներից ուղարկել նրանց։ Հետագայում եղբայրս իր աշխատանքի պատճառով ընտանիքի հետ տեղափոխվեց Կոբե։ «Կարդացե՞լ ես պարբերագրերը»,— հարցրեցի եղբորս կնոջը։ Ի զարմանս ինձ՝ նա պատասխանեց. «Հետաքրքիր պարբերագրեր են»։ Նա սկսեց միսիոներներից մեկի հետ Աստվածաշունչ ուսումնասիրել, և փոքր քույրս էլ, որ նրանց հետ էր ապրում, միացավ իրեն։ Ժամանակի ընթացքում երկուսն էլ մկրտված քրիստոնյաներ դարձան։
Տպավորված՝ համաշխարհային եղբայրությունից
Դրանից շատ չանցած անակնկալի եկա. հրավեր ստացա սովորելու «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 22–րդ դասարանում։ Ես և եղբայր Ցուտոմու Ֆուկասեն առաջինն էինք, որ Ճապոնիայից հրավիրվում էինք «Գաղաադ»։ 1953 թ.–ին, մինչև դասերի սկսվելը, մենք հնարավորություն ունեցանք ներկա լինելու «Նոր աշխարհի հասարակություն» համաժողովին, որը կայացավ Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում։ Եհովայի ժողովրդի համաշխարհային եղբայրությունը ինձ վրա խորը տպավորություն թողեց։
Համաժողովի հինգերորդ օրը Ճապոնիայի պատվիրակները, մեծամասամբ միսիոներներ, պատրաստվում էին կիմոնոներ հագնել։ Քանի որ իմ կիմոնոն, որը նախօրոք էի ուղարկել, ժամանակին չհասավ, ես քույր Նորից խնդրեցի իր կիմոնոն։ Ծրագրի ընթացքում սկսեց անձրև գալ, և ես անհանգստացա, որ կիմոնոն կթրջվի։ Հենց այդ պահին ինչ–որ մեկը հետևի կողմից անձրևանոց գցեց վրաս։ «Գիտե՞ս, թե ով է նա»,— հարցրեց կողքիս քույրը։ Հետո իմացա, որ դա եղբայր Ֆրեդերիկ Ֆրանցն էր՝ Կառավարիչ մարմնի անդամներից։ Որքա՜ն զգացի Եհովայի կազմակերպության ջերմությունը։
«Գաղաադի» 22–րդ դասարանը իսկապես միջազգային դասարան էր։ Այն բաղկացած էր 37 երկրներից եկած 120 ուսանողներից։ Չնայած լեզվի հետ կապված խոչնդոտներին՝ մենք լիարժեք կերպով վայելեցինք միջազգային եղբայրությունը։ 1954 թ. մի ձյունառատ օր ավարտեցի դպրոցը և նշանակում ստացա ետ՝ դեպի Ճապոնիա։ Իմ համադասարանցի Ինգեր Բրանթը՝ մի շվեդացի քույր, պետք է լիներ իմ ծառայակիցը Նագոյա քաղաքում։ Այնտեղ մենք միացանք մի խումբ միսիոներների, ովքեր պատերազմի պատճառով էվակուացվել էին Կորեայից։ Այն մի քանի տարիները, որոնք անցկացրեցի միսիոներական ծառայության մեջ, շատ թանկ էին ինձ համար։
Ուրախութամբ ծառայում ենք՝ որպես ամուսնական զույգ
1957 թ. սեպտեմբերին հրավիրվեցի ծառայելու Տոկիոյի Բեթելում։ Երկհարկանի փայտե տունը ծառայում էր որպես Ճապոնիայի մասնաճյուղ։ Բեթելի ընտանիքը բաղկացած էր ընդամենը չորս անդամներից, որոնց մեջ էր եղբայր Բերին՝ մասնաճյուղի վերակացուն, իսկ մյուսները միսիոներներ էին։ Ես նշանակում ստացա թարգմանություն և սրբագրություն անելու, գումարած մաքրություն, լվացք, խոհարարություն և այլ գործեր։
Ճապոնիայում գործունեությունն ընդարձակվում էր, ուստի ավելի շատ եղբայրներ հրավիրվեցին Բեթել։ Նրանցից մեկը նշանակվեց որպես վերակացու այն ժողովում, որի հետ ես համագործակցում էի։ 1966 թ.–ին այդ եղբայրը՝ Ձյունձի Կոսինոն և ես ամուսնացանք։ Ամուսնությունից հետո Ձյունձին նշանակվեց շրջանային ծառայություն կատարելու։ Տարբեր ժողովներ այցելելիս հաճելի էր ծանոթանալ այդքան շատ քույրերի և եղբայրների հետ։ Քանի որ հանձնարարություն ունեի որոշ թարգմանություններ կատարելու, ես անում էի դա այն տանը, որտեղ մնում էինք տվյալ շաբաթվա ընթացքում։ Ամեն անգամ ճամբորդելիս, բացի մեր ճամպրուկներից ու պայուսակներից, ստիպված մեզ հետ էինք վերցնում նաև ծանր բառարանները։
Ավելի քան չորս տարի մենք վայելեցինք շրջանային ծառայությունը և տեսանք, թե ինչպես է կազմակերպությունը շարունակում ընդարձակվել։ Մասնաճյուղը տեղափոխվեց Նումազու, իսկ տարիներ հետո՝ Էբինա, որտեղ գտնվում են ներկայիս մասնաճյուղի շենքերը։ Ես և Ձյունձին հաճույք ենք ստացել՝ երկար ժամանակ ծառայելով Բեթելում, և այժմ էլ ծառայում ենք այնտեղ մոտ 600 հոգուց բաղկացած ընտանիքի հետ։ 2002 թ. մայիսին Բեթելում մեր ընկերները նշեցին իմ լիաժամ ծառայության 50–րդ տարին։
Երջանիկ եմ՝ տեսնելու մեծ աճը
Երբ 1950 թ.–ին սկսեցի ծառայել Եհովային, Ճապոնիայում ընդամենը մի քանի քարոզիչ կար։ Այժմ Թագավորության ավելի քան 210 000 քարոզիչներ կան։ Իրոք որ, Եհովան ոչխարանման հազարավոր անհատների, ինչպես նաև ինձ, ձգել է դեպի իրեն։
Չորս միսիոներ եղբայրներն ու այն քույրը, որ 1949 թ.–ին այցելել էին մեզ քույր Կոդայի տանը, ինչպես նաև քույր Մոդ Կոդան, հավատարմորեն մինչև մահ ծառայեցին Աստծուն. նույնպես և իմ եղբայրը, որը ծառայող օգնական էր, ու նրա կինը, որ մոտ 15 տարի ծառայեց որպես լիաժամ ռահվիրա։ Ինչպիսի՞ն կլինի իմ ծնողների ապագան, որոնց մահը փոքր տարիքում ինձ վախ էր ներշնչում... Հարության վերաբերյալ Աստվածաշնչի խոստումը ինձ հույս ու մխիթարություն է տալիս (Գործք 24։15)։
Ետադարձ հայացք նետելով՝ հասկանում եմ, որ 1941 թ.–ին Մոդի հետ հանդիպումը իմ կյանքում շրջադարձային պահ դարձավ։ Եթե այդ ժամանակ չհանդիպեի նրան և եթե պատերազմից հետո չընդունեի նրա հրավերը՝ աշխատելու իր մոտ, հավանաբար բնակություն կհաստատեի մեր հեռավոր գյուղի ֆերմայում և ոչ էլ կհանդիպեի առաջին միսիոներներին։ Որքա՜ն երախտապարտ եմ Եհովային, որ Մոդի և այդ առաջին միսիոներների միջոցով բերեց ինձ դեպի ճշմարտություն։
[նկար 25–րդ էջի վրա]
Մոդ Կոդայի և նրա ամուսնու հետ (ձախից առջևում կանգնածը ես եմ)
[նկար 27–րդ էջի վրա]
1953 թ.–ին Ճապոնիայից եկած միսիոներների հետ «Յանկի» մարզադաշտում (ձախից առաջինն եմ)
[նկարներ 28–րդ էջի վրա]
Ամուսնուս՝ Ձյունձիի հետ Բեթելում