Ինչպիսի՞ անուն եք ստեղծում ձեզ համար
ՏԵՂԱԿԱՆ թերթերում երբևէ կարդացե՞լ եք մահախոսականներ, կամ մահացած մարդու կյանքի ու ձեռքբերումների մասին հրատարակված հոդված։ Հարցրե՞լ եք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կասեին մարդիկ իմ մասին»։ Քանի՞ հոգի են երբևէ մտածում, թե ինչպես իրենց կհիշեն մահից հետո։ Անկեղծորեն խորհեք այս հարցերի շուրջ՝ ի՞նչ կասեին մարդիկ ձեր մասին այսօր, եթե երեկ դուք մահացած լինեիք։ Ինչպիսի՞ անուն եք ստեղծում ձեզ համար, ինչպե՞ս կուզենայիք հիշվել ձեզ ճանաչող մարդկանց և Աստծո կողմից։
Աստվածաշնչի «Ժողովող» գրքի գրողը՝ մի իմաստուն անձնավորություն, ասել է. «Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից. եւ մահուան օրը նորա ծննդեան օրիցը» (Ժողովող 7։1)։ Բայց ինչո՞ւ է մարդու մահվան օրը ավելի լավ, քան ծնվելու օրը։ Որովհետև երբ մարդ ծնվում է, նա դեռ որևէ համբավ չունի։ Նրա մասին դեռ ոչինչ հնարավոր չէ ասել։ Կյանքի ընթացքում է, որ նա կա՛մ դրական, կա՛մ բացասական անուն ձեռք կբերի։ Նրանց համար, ովքեր տարիների ընթացքում լավ անուն են ձեռք բերել, մահվան օրը այս առումով իսկապես ավելի լավ է, քան ծնվելու օրը։
Մենք ընտրության հնարավորություններ ունենք։ Իսկապես, ամեն օր մենք շատ ընտրություններ ենք կատարում, և մեր մահվան օրը մեր կատարած այդ ընտրությունները կորոշեն մեր համբավը, հատկապես թե ինչպես կհիշվենք Աստծո կողմից։ Ահա թե ինչու եբրայեցի այն նույն իմաստուն մարդը գրեց. «Արդարների յիշատակը օրհնուած կ’լինի, բայց ամբարիշտների անունը կ’փտի» (Առակաց 10։7)։ Աստված հիշելու է մեզ՝ օրհնելու նպատակով. ինչպիսի՜ առանձնաշնորհում։
Եթե խելացի ենք, մեր նպատակը կլինի հաճեցնել Աստծուն՝ ապրելով նրա չափանիշների համաձայն։ Սա նշանակում է հետևել այն հիմնական սկզբունքներին, որ տվեց Քրիստոսը. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը։ Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները» (Մատթէոս 22։37–40, ԷԹ)։
Ոմանց հիշում են որպես բարեգործների, հումանիստների, քաղաքացիական իրավունքի պաշտպանների։ Ոմանց՝ առևտրի, գիտության, բժշկության բնագավառներում իրենց ձեռքբերումներով կամ այլ գործունեությամբ։ Իսկ դո՞ւք ինչպես կցանկանայիք, որ ձեզ հիշեն։
Շոտլանդացի պոետ Ռոբերտ Բյոռնսը (1759–1796թթ.) ցանկություն արտահայտեց, որ մի ուժ պարգև տար տեսնելու մեզ այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում։ Կարո՞ղ եք օբյեկտիվորեն քննել ձեզ ու ասել, որ լավ համբավ ունեք մարդկանց ու Աստծո մոտ։ Վերջիվերջո ուրիշների հետ ունեցած մեր փոխհարաբերություններն անշուշտ ավելի կարևոր են, քան այն կարճատև հաջողությունները, որ հնարավոր է ունենանք սպորտի կամ բիզնեսի աշխարհում։ Հետևապես հարց է ծագում՝ ինչպե՞ս է ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքը՝ խոսակցությունը, վարվելակերպը, շարժուձևը անդրադառնում նրանց վրա։ Համարում են մեզ շփվո՞ղ, թե՞ ինքնամփոփ անձնավորություն, բարի՞, թե՞ կոպիտ, զիջո՞ղ, թե՞ համառ, ջերմ և մարդկայի՞ն, թե՞ սառը և անսիրալիր, ընկճող քննադա՞տ, թե՞ քաջալերող խորհրդատու։ Եկեք քննարկենք անցյալի և ներկայիս որոշ օրինակներ ու տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել։
[նկար 3–րդ էջի վրա]
Ռոբերտ Բյոռնսը ցանկություն հայտնեց, որ մի ուժ պարգև տար տեսնելու ինքներս մեզ այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում
[թույլտվությամբ]
From the book A History of England