«Երկու հոգի թակեցին մեր դուռը»
«ԱՆՑԵԼ է արդեն երկու տարի այն օրից, երբ սոսկալի վշտի մեջ ընկանք՝ կորցնելով մեր փոքրիկ դստրիկին»։ Այսպես է սկսվում մի բաց նամակ՝ տպագրված Սենտ Էտիեն քաղաքում լույս տեսնող «Le Progrès» թերթում (Ֆրանսիա)։
«Մելիսան երեք ամսական էր ու տառապում էր «18–րդ քրոմոսոմի տրիսոմիա» կոչվող սարսափելի հիվանդությամբ։ Այս հիվանդությունից ազատում չկա, և դա թվում է այնքա՜ն անարդարացի։ Թեև մենք կաթոլիկական դաստիարակություն էինք ստացել, մեզ շարունակ հանգիստ չէր տալիս հետևյալ միտքը. «Աստվա՛ծ, եթե կաս, ինչո՞ւ ես թույլ տալիս, որ այսպիսի բաներ տեղի ունենան»»։ Ակնհայտ է, որ այս նամակը գրող մայրը ճնշված ու անօգնական վիճակում է եղել։ Տեսնենք, թե ինչ է ասվում նամակի շարունակության մեջ։
«Այս դեպքերից կարճ ժամանակ անց մեր դուռը թակեցին երկու հոգի։ Ես իսկույն հասկացա, որ նրանք Եհովայի վկաներ են։ Պատրաստվում էի քաղաքավարի կերպով մերժել նրանց, բայց հանկարծ աչքովս ընկավ գրքույկը, որ ուզում էին առաջարկել ինձ։ Դա այն մասին էր, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ տառապանքը գոյություն ունենա։ Ես միտքս փոխեցի ու նրանց ներս հրավիրեցի, բայց մի մտադրությամբ՝ ապացուցելու, որ նրանց ասածները սխալ են։ Իմ համոզմամբ՝ տառապանքի առումով մեր ընտանիքը ինչքան ասես կրել էր իր բաժինը, և ինչքան ասես լսել էինք այնպիսի դատարկ խոսքեր, ինչպես՝ Աստված էր տվել, Աստված էլ վերցրեց։ Վկաները մեկ ժամից ավել մնացին մեր տանը։ Նրանք ինձ լսում էին մեծ կարեկցանքով ու երբ արդեն պատրաստվում էին գնալ, ես ինձ այնքան լավ էի զգում, որ որոշեցի իմ համաձայնությունը տալ հաջորդ հանդիպման համար։ Այդ ամենը եղել է երկու տարի առաջ։ Ես չեմ դարձել Եհովայի վկա, սակայն ես նրանց օգնությամբ սկսել եմ ուսումնասիրել Աստվածաշունչը և այժմ հնարավորին չափ հաճախակի այցելում եմ նրանց հանդիպումներին»։