Աղքատն ավելի է աղքատանում
«Ոչ մի հասարակություն չի կարող ծաղկել ու երջանիկ լինել, եթե նրա անդամների մեծամասնությունը աղքատ է ու դժբախտ»։
ՏՆՏԵՍԱԳԵՏ Ադամ Սմիթը հայտարարել է սա 18–րդ դարում։ Շատերի համոզմամբ նրա խոսքերի ճշմարտացիությունը շատ ավելի ակնհայտ է այսօր։ Ունևորների և չունևորների միջև եղած տարբերությունը ավելի բացահայտ է դարձել։ Ֆիլիպիններում բնակչության մեկ երրորդի օրածախսը կազմում է ավելի քիչ, քան մեկ դոլար՝ մի գումար, որը հարուստ երկրներում րոպեների ընթացքում են աշխատում։ ՄԱԿ–ի «Մարդու զարգացման մասին հաշվետվության (2002թ.)» մեջ ասվում է, որ «աշխարհում ապրող ամենահարուստ մարդկանց 5%–ի եկամուտները 114 անգամ գերազանցում են ամենաաղքատ մարդկանց 5%–ի եկամուտներին»։
Մինչ ոմանք ապրում են համեմատաբար հարմարավետ պայմաններում, միլիոնավոր մարդիկ ապրում են թափառական կյանքով՝ սարքելով ապրելատեղեր, որտեղ որ կարող են։ Ուրիշները դա էլ չունեն. նրանք ապրում են փողոցում՝ հողից նրանց բաժանում է ընդամենը ստվարաթղթի կամ պլաստմասսայի մի կտոր։ Նրանցից շատերը հաց են հայթայթում ինչպես կարող են՝ աղբանոցներում ինչ–որ բան փնտրելով, ծանր բեռներ փոխադրելով կամ ձեռնասայլակներում վերամշակման համար պիտանի իրեր հավաքելով։
Հարուստների և աղքատների միջև անհավասարություն գոյություն ունի ոչ միայն զարգացող երկրներում, այլև, ինչպես հաղորդում է Համաշխարհային բանկը. «Հարուստների և աղքատների միջև տարբերությունը սովորական բան է բոլոր երկրներում»։ Բանգլադեշից մինչև Միացյալ Նահանգներ, անկախ նրանից, թե որքան հարուստ են ոմանք, կան այնպիսի մարդիկ, ովքեր պայքարում են նվազագույն չափով սնունդ կամ իրենց գլխավերևում ծածկ ունենալու համար։ «Նյու Յորք Թայմզ» թերթը մեջբերում էր 2001թ.–ի՝ ԱՄՆ–ի մարդահամարի գրասենյակի հաշվետվությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգներում շարունակում է մեծանալ հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը։ Այնտեղ ասվում էր. «Ամենահարուստների մեկ հինգերորդը անցյալ տարի ստացել է բոլոր ընտանեկան եկամուտների կեսը (50%)... Սակայն ամենաաղքատների մեկ հինգերորդը ստացել է 3,5 տոկոսը»։ Շատ այլ երկրներում դրությունը համանման է կամ ավելի վատ։ Համաշխարհային բանկի մի հաշվետվություն ցույց տվեց, որ ամբողջ աշխարհի բնակչության մոտ 57 տոկոսը ապրում է օրական ծախսելով 2 դոլարից էլ քիչ։
2002թ.–ին իրավիճակն ավելի բարդացավ, քանի որ միլիոնավոր մարդիկ վրդովվեցին՝ տեղեկանալով կասկածելի հանգամանքներում հարստացած պաշտոնավոր մարդկանց մասին։ Նույնիսկ եթե բացահայտ կերպով ոչ մի անօրինական բան չէր արվել, շատերը մտածեցին, որ այս պաշտոնյաները «դառնում են չափազանց մեծ, անպատմելի և անպատշաճ հարստության տեր»,— ասվում էր մի պարբերագրում («Fortune»)։ Հաշվի առնելով այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում՝ ոմանք ցանկանում են իմանալ, թե ինչպես կարող են արդարացվել «երկնքից թափված» այդ հսկայական գումարները, որ որոշ անհատների դեպքում կազմում է հարյուր միլիոնավոր դոլարներ, երբ այնքա՜ն շատ մարդիկ են ապրում աղքատության մեջ։
Աղքատությունը միշտ կմնա՞
Սա չի նշանակում, որ ոչ ոք չի փորձում ինչ–որ բան անել աղքատ մարդկանց վիճակը բարելավելու ուղղությամբ։ Լավ նկատառումներ ունեցող պետական պաշտոնյաները և բարեգործական կազմակերպությունները, անշուշտ, իրավիճակը փոխելու նպատակով նախագծեր են առաջ քաշում։ Այնուամենայնիվ, փաստերը մնում են վհատեցնող։ «Մարդու զարգացման հաշվետվության (2002թ.)» մեջ ասվում է, որ «շատ երկրներ այժմ ավելի աղքատ են, քան տասը, քսան, իսկ որոշ դեպքերում նույնիսկ երեսուն տարի առաջ»՝ չնայած բարելավումներ անելու բազմաթիվ ջանքերին։
Արդյո՞ք աղքատ մարդկանց համար չկա ոչ մի հույս։ Մենք ձեզ հրավիրում ենք կարդալու հաջորդ հոդվածը, որտեղ կքննարկվեն իմաստություն արտահայտող որոշ գործնական խորհուրդներ, նաև լուծումներ, որոնց մասին միգուցե չեք մտածել։