Պարզապես սովորությո՞ւն, թե՞ կաշառք
ԼԵՀԱՍՏԱՆԻ մի քանի քոլեջներում ուսանողները սովորության համաձայն փող են հավաքում, որպեսզի ուսուցիչների համար նվերներ գնեն՝ հուսալով քննությունների ընթացքում ավելի լավ գնահատականներ ստանալ։ Զարմանալի չէ, որ մի երիտասարդ քրիստոնյա՝ Կատարժինա անունով, դժվար իրավիճակի մեջ ընկավ։ «Ես է՞լ պետք է գումար տամ, թե՝ ոչ»,— տարակուսեց նա։ Նրա համակուրսեցները այսպիսի հիմքեր բերեցին. «Սա ընդունված սովորություն է։ Դու ոչինչ էլ չես կորցնում, այլ շահում ես շատ բան, ուստի ինչո՞ւ ես երկմտում»։
«Պետք է խոստովանեմ, որ ուսանողական առաջին տարում ես մասնակցեցի փող հավաքելուն,— պատմում է Կատարժինան։— Միայն ավելի ուշ հասկացա, որ դա անելով ես պաշտպանել եմ կաշառքի գաղափարը, որ դատապարտվում է Աստվածաշնչում»։ Նա մտաբերել էր սուրբգրային համարներ, որոնք ցույց էին տալիս, որ Եհովան խիստ դեմ է կաշառքին (Բ Օրինաց 10։17, 16։19, Բ Մնացորդաց 19։7)։ Կատարժինան ասում է. «Ես հասկացա, թե որքա՜ն հեշտ է հասակակիցների ճնշմանը տեղի տալ։ Ես վերանայեցի իմ տեսակետը ու դրանից հետո այլևս երբեք չմասնակցեցի այդ սովորությանը»։ Վերջին երեք տարիներին, չնայած մյուս ուսանողների ծաղրանքին, նա կարողացավ բացատրել նրանցից ոմանց, որ ինքը այդ «նվերների» հավաքմանը չի մասնակցում, որովհետև ունի Աստվածաշնչի վրա հիմնված համոզմունքներ։
Ոմանք մեղադրեցին Կատարժինային, թե նա եսասիրաբար ու ոչ սիրալիր կերպով է վարվում։ «Մինչև օրս իմ ու նրանց հարաբերությունները ընկերական չեն,— ասում է նա։— Այնուհանդերձ, շատերը հարգում են իմ տեսակետը, ինչը ինձ ուրախություն է պատճառում»։ Կատարժինային ճանաչում են որպես Եհովայի վկայի, որն իր կյանքի բոլոր ասպարեզներում հետևում է աստվածաշնչյան սկզբունքներին։