Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 6/15 էջ 26–29
  • Ալեքսանդր VI պապ, որին Հռոմը չի մոռանում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ալեքսանդր VI պապ, որին Հռոմը չի մոռանում
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դեպի իշխանության բարձունքները
  • Աշխարհիկ իշխաններից ոչնչով չէր տարբերվում
  • Պապի անսանձ վարքը քննադատության է արժանանում
  • Լուրջ հարցեր
  • Սա ճշմարի՞տ քրիստոնեությունն է
  • Հրովարտակներ, որոնք բաժանեցին մայրցամաքները
    2015 Արթնացե՛ք
2003 Դիտարան
w03 6/15 էջ 26–29

Ալեքսանդր VI պապ, որին Հռոմը չի մոռանում

«ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ տեսանկյունից՝ անհնար է ավելի խիստ ձևով դատապարտել Ալեքսանդր VI–ին» («Geschichte der Päpste seit dem Ausgang des Mittelalters» [«Պապերի պատմությունը՝ սկսած միջին դարերի վերջից»])։ «Նա այնպիսի անձնական կյանք է վարել, որ բոլորովին հնարավոր չէ ներել նրան.... Մենք ստիպված ենք ընդունել, որ այս պապը պատիվ չի բերում Եկեղեցուն։ Բորջաների ընտանիքի ժամանակակիցները թեև սովոր էին տեսնել նման բաներ, սակայն նրանք անասելի սարսափով էին արտահայտվում նրանց կատարած հանցագործությունների մասին, որոնց արձագանքն ավելի քան չորս դար անց դեռևս լիովին չի դադարել» («L’Église et la Renaissance» [«Եկեղեցին և Վերածնունդը»], 1449–1517)։

Բարձր գնահատական ստացած պատմական աշխատությունները, որ գրվել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու վերաբերյալ, ինչո՞ւ են այսպես խստորեն արտահայտվում պապի ու նրա ընտանիքի մասին։ Ի՞նչ են նրանք արել, որ արժանացել են նման քննադատության։ Հռոմում բացված ցուցահանդեսը (2002 թ. հոկտեմբեր ամսից մինչև 2003 թ. փետրվար ամիսը), որ կոչվում էր «I Borgia​—l’arte del potere» («Բորջաներ. իշխանության արվեստը»), հնարավորություն ընձեռեց այցելուներին խորհրդածել պապերի ունեցած բացառիկ արտոնությունների մասին, մասնավորապես՝ թե ինչպես է դրանցից օգտվել Ռոդրիգո Բորջան, կամ Ալեքսանդր VI–ը (պապ, 1492–1503)։

Դեպի իշխանության բարձունքները

Ռոդրիգո Բորջան ծնվել է 1431 թ.–ին, Արագոնի թագավորության (այժմ՝ Իսպանիայում) Հատիվա քաղաքի նշանավոր ընտանիքներից մեկում։ Նրա քեռին՝ Ալֆոնս դե Բորջան՝ Վալենսիայի եպիսկոպոսը, հոգ տարավ, որ իր քրոջ որդին կրթվի և ամեն ինչ արեց, որ նա դեռ պատանեկան հասակում ստանա եկեղեցական բենեֆիցիաներ (եկամտաբեր եկեղեցական պաշտոններ)։ Տասնութ տարեկանում Ռոդրիգոն Ալֆոնսի հովանավորությամբ, որն այժմ արդեն կարդինալ էր, տեղափոխվեց Իտալիա, որտեղ ուսումնասիրեց իրավագիտություն։ Երբ Ալֆոնսը դարձավ Կալիստրատոս III պապ, նա Ռոդրիգոյին ու մեկ այլ ազգականի դարձրեց կարդինալներ, իսկ Պեդրո Լուիս Բորջան նշանակվեց մի քանի քաղաքների կառավարիչ։ Շուտով Ռոդրիգոն նշանակվեց եկեղեցու փոխկանցլեր. մի պաշտոն, որը նա իր ձեռքում պահեց մի քանի պապերի օրոք, և որն իրեն հնարավորություն տվեց ստանալու բազմաթիվ ճոխ բենեֆիցիաներ, կուտակել անհաշիվ հարստություն, ունենալ վիթխարի իշխանություն ու ապրել իշխանի շքեղ կյանքով։

Ռոդրիգոն խելացի էր, պերճախոս, ընդունակ՝ հասնելու իր նպատակներին, արվեստի հովանավոր։ Սակայն նա անօրեն հարաբերությունների մեջ էր մի քանի կանանց հետ, որոնցից մեկից (որի հետ ապրեց ողջ կյանքում) ունեցավ չորս երեխա և ուրիշ երեխաներ՝ մյուսներից։ Թեև Պիոս II պապը հանդիմանեց նրան «ամենաանառակ» զվարճության ու «անսանձ հաճույքի» տրվելու համար, բայց Ռոդրիգոն չփոխեց իր ընթացքը։

1492 թ.–ին Իննովկենտիոս VIII պապը մահացավ, և եկեղեցու կարդինալները հավաքվեցին ընտրելու նրա հաջորդին։ Անվիճելի էր, որ Ռոդրիգո Բորջան իր մեծ–​մեծ խոստումներով ու ակնհայտ ցինիզմով գնեց կարդինալների ձայները, որպեսզի կոնկլավից (կարդինալների հավաքից) դուրս գար Ալեքսանդր VI պապ դարձած։ Ինչո՞վ նա վճարեց կարդինալների տված ձայների դիմաց։ Նա նրանց շնորհեց եկեղեցական պաշտոններ, պալատներ, դղյակներ, քաղաքներ, աբբայություններ և թեմեր, որոնք ահռելի եկամուտ էին բերում։ Այժմ դուք կարող եք հասկանալ, թե ինչու եկեղեցու մի պատմաբան Ալեքսանդր VI–ի կառավարման շրջանն անվանեց «Հռոմի կաթոլիկ եկեղեցու խայտառակությունների ու սկանդալների օրեր»։

Աշխարհիկ իշխաններից ոչնչով չէր տարբերվում

Լինելով եկեղեցու ղեկավար և ունենալով հոգևոր իշխանություն՝ Ալեքսանդր VI–ը միջնորդեց, որ Իսպանիան ու Պորտուգալիան իրար միջև բաժանեն Ամերիկայում նոր հայտնաբերված տարածքները։ Նա աշխարհիկ իշխանություն ուներ ու դարձավ Պապական մարզի (կենտրոնական Իտալիա) ղեկավար, և նա կառավարում էր իր թագավորությունը գրեթե այնպես, ինչպես որ Վերածննդի շրջանի ցանկացած այլ միապետ։ Ալեքսանդր VI–ի կառավարումը, ինչպես իրենից առաջ ու հետո եղած պապերինը, նշանավորվեց կաշառակերություններով, նեպոտիզմով (խնամիականությամբ) և մեկից ավելի կասկածելի սպանություններով։

Այդ փոթորկուն ժամանակներում հակամարտ ուժերը պայքար էին մղում իտալական հողերի համար, և պապը չէր մնացել պասսիվ դիտորդի դերում։ Քաղաքական մանևրերը, ինչպես նաև դաշինքները, որ նա կնքում ու խզում էր, նախատեսված էին առավելագույնի հասցնելու իր իշխանությունը, առաջ տանելու իր զավակների կարիերան և Բորջաների ընտանիքը մյուս ընտանիքներից ավելի բարձրացնելու։ Նրա որդի Խուանը, ամուսնանալով Կաստիլիայի թագավորի զարմուհու հետ, դարձավ Գանդիայի (Իսպանիա) դուքս։ Ժոֆրեն՝ մյուս որդին, ամուսնացավ Նեապոլի թագավորի թոռան հետ։

Երբ Ֆրանսիայի հետ հարաբերություններն ամրացնելու նպատակով նրա հետ դաշինք կնքելու անհրաժեշտություն առաջացավ, պապը չեղյալ հայտարարեց իր 13–ամյա դստեր՝ Լուկրեցիայի, նշանադրությունը մի արագոնացի ազնվականի հետ, և նրան կնության տվեց Միլանի դքսի ազգականին։ Իսկ երբ այդ ամուսնությունն այլևս քաղաքական տեսակետից ձեռնտու չէր, պատրվակ գտնվեց լուծելու այն, և Լուկրեցիան կնության տրվեց ախոյան դինաստիայի մի անդամի՝ Ալֆոնս Արագոնացուն։ Այդ ընթացքում Լուկրեցիայի պատվախնդիր ու անողորմ եղբայրը՝ Չեզարե Բորջան, դաշինք կնքեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII–ի հետ, և նրա քրոջ վերջին ամուսնությունը Արագոնացու հետ սկսեց խանգարել նրա պլաններին։ Լուծո՞ւմը։ Ըստ մի աղբյուրի՝ Ալֆոնսին՝ Լուկրեցիայի դժբախտ ամուսնուն, «չորս վարձու մարդասպաններ Սբ. Պետրոս տաճարի աստիճանների վրա փորձեցին սպանել՝ վերքեր հասցնելով։ Նա դեռ չէր ապաքինվել, երբ խեղդամահ արվեց Չեզարեի ծառաներից մեկի կողմից»։ Պապը, տենչալով նոր ստրատեգիական դաշինքներ կնքել, Լուկրեցիային, որն այժմ 21 տարեկան էր, երրորդ անգամ ամուսնացրեց՝ Ֆերարայի հզոր դքսի հետ։

Չեզարեի կարիերան նկարագրվել է որպես «անխղճության մի պատմություն՝ ողողված արյունով»։ Թեև նա հոր կողմից կարդինալ էր նշանակվել 17 տարեկանում, սակայն, մի քանիսի նման լինելով խորամանկ, պատվախնդիր և ապականված անձնավորություն, ավելի շատ համապատասխանում էր պատերազմներ վարելու գործին, քան եկեղեցական։ Եկեղեցական պաշտոնից հրաժարվելուց հետո նա ամուսնացավ մի ֆրանսիացի իշխանուհու հետ՝ այդպիսով ձեռք բերելով Վալենտինուայի դքսությունը։ Հետո ֆրանսիական զորքերի աջակցությամբ նա քաղաքներ պաշարելու և սպանություններ կատարելու արշավ ձեռնարկեց, որպեսզի իր տիրապետության տակ գցեր հյուսիսային Իտալիան։

Պապը, վստահ լինելու համար, որ Ֆրանսիան Չեզարեին ռազմական օգնություն ցույց կտա, որի կարիքը վերջինս զգում էր իր նպատակներն իրագործելու համար, համաձայնվեց Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII–ի ձեռնտու, բայց սկանդալային ամուսնալուծությանը։ Լյուդովիկոս XII–ը ձգտում էր ամուսնալուծվել, ինչը իրեն հնարավորություն կտար ամուսնանալու Աննա Բրետանացու հետ ու իր թագավորությանը կցելու նրա դքսությունը։ Փաստորեն, ինչպես մի աշխատության մեջ է ասվում, պապը «Եկեղեցու հեղինակությունը և խիստ չափանիշները զոհեց հանուն իր ընտանիքի անդամների աշխարհիկ նպատակների իրականացման»։

Պապի անսանձ վարքը քննադատության է արժանանում

Բորջաների անսանձ վարքը առաջ բերեց թշնամանք և քննադատություն։ Պապը հիմնականում անտեսում էր իր քննադատներին, սակայն կար մեկը, որին նա չէր կարող անտեսել. այդ մարդը Ջիրոլամո Սավոնարոլան էր։ Նա դոմինիկյան վանական էր, կրակոտ քարոզիչ և Ֆլորենցիայի քաղաքական առաջնորդը։ Նա դատապարտեց պապի պալատի անդամների արատավոր վարքը, ինչպես և անձամբ պապին ու նրա վարած քաղաքականությունը՝ պահանջելով հեռացնել նրան պաշտոնից ու եկեղեցական բարեփոխումներ կատարել։ Սավոնարոլան որոտում էր. «Եկեղեցու առաջնորդնե՛ր.... գիշերը գնում եք ձեր հարճերի մոտ, իսկ առավոտյան գալիս եք ձեր սրբությունների մոտ»։ Ավելի ուշ նա ասաց. «[Այդ առաջնորդները] ունեն պոռնկի դեմք, նրանց համբավը վնասում է Եկեղեցուն։ Ես ձեզ ասում եմ՝ նրանք չունեն քրիստոնեական հավատ»։

Փորձելով գնել Սավոնարոլայի լռությունը՝ պապը նրան առաջարկեց կարդինալի պաշտոն, ինչից վերջինս հրաժարվեց։ Հայտնի չէ՝ նրա կործանվելու պատճառը պապի դեմ ունեցած քաղաքական հայացքներն էին, թե քարոզչությունը, Սավոնարոլային ի վերջո վտարեցին եկեղեցուց, բանտարկեցին, տանջեցին, որպեսզի խոստովանություն աներ, հետո կախեցին ու այրեցին։

Լուրջ հարցեր

Այս պատմական իրադարձությունները կարևոր հարցեր են առաջ քաշում։ Ինչո՞վ կարելի է բացատրել պապի այդ խարդավանքներն ու վարքը։ Ի՞նչ բացատրություն են տալիս պատմաբանները։ Փաստարկները տարբեր են։

Շատերը կարծում են, որ Ալեքսանդր VI–ին պետք է դիտել պատմական ֆոնի վրա։ Նրա քաղաքական ու եկեղեցական գործերը իբր թե պայմանավորված էին խաղաղություն ապահովելու, թշնամի պետությունների միջև հավասարակշռություն պահպանելու, պապությանը թիկունք կանգնողների հետ բարեկամական կապերն ամրապնդելու և քրիստոնեական աշխարհի միապետներին թուրքական սպառնալիքի դեմ միասնական պահելու ցանկությամբ։

Սակայն ի՞նչ կարծիքներ կան նրա վարքի վերաբերյալ։ «Եկեղեցու ամեն մի դարաշրջան տեսել է վատ քրիստոնյաներ ու անարժան քահանաներ,— ասում է մի գիտնական։— Որպեսզի ոչ ոք չզարմանար սրա վրա, Քրիստոսն ինքը կանխագուշակել էր դա. նա նույնիսկ իր Եկեղեցին նմանեցրեց արտի, որտեղ աճում են բարի ցորեն ու որոմներ, կամ ցանցի, որում կան թե՛ լավ, թե՛ վատ ձկներ, ճիշտ այնպես, ինչպես նա նույնիսկ հանդուրժեց, որ Հուդան իր առաքյալների մեջ գտնվի»։a

Այս նույն գիտնականն իր միտքը շարունակում է. «Ճիշտ ինչպես որ թանկագին քարի արժեքը չի ընկնում, երբ այն վատ է հարմարեցված լինում շրջանակի մեջ, այնպես էլ քահանայի մեղսավոր լինելը չի կարող էապես նսեմացնել.... այն ուսուցումը, որ նա տալիս է։ ....Ոսկին մնում է ոսկի՝ անկախ նրանից՝ մաքուր, թե անմաքուր ձեռք է այն բաժանում»։ Մի կաթոլիկ պատմաբան պնդում է, թե չափանիշը, որով պետք է իսկական կաթոլիկները առաջնորդվեն Ալեքսանդր VI–ի դեպքում, այն խորհուրդն է, որ Հիսուսը տվեց իր աշակերտներին դպիրների ու փարիսեցիների առնչությամբ. «Արեք այնպես, ինչպես նրանք ասում են, բայց ոչ՝ ինչպես նրանք անում են» (Մատթէոս 23։2, 3)։ Եթե անկեղծորեն դատենք, համոզի՞չ է ձեզ համար նման փաստարկումը։

Սա ճշմարի՞տ քրիստոնեությունն է

Հիսուսը մի պարզ սկզբունք բերեց, ըստ որի կարելի է պարզել քրիստոնեություն դավանողների «որակը»։ Նա ասաց. «Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք. մի՞թէ փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ։ Այսպէս ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց» (Մատթէոս 7։16–18, 20)։

Դարեր շարունակ ինչպե՞ս են կրոնական առաջնորդները համապատասխանել և ինչպե՞ս են նրանք ներկայումս համապատասխանում Հիսուսի հաստատած ճշմարիտ քրիստոնեության օրինակին, ըստ որի ընթացել են նրա ճշմարիտ հետևորդները։ Եկեք քննարկենք ընդամենը երկու բնագավառ՝ քաղաքականության հետ առնչվելը և ապրելակերպը։

Հիսուսը աշխարհիկ իշխան չէր։ Նա այնքան համեստ կյանքով էր ապրում, որ, ինչպես նա էր ասում, նույնիսկ տեղ չուներ իր գլուխը դնելու։ Նրա Թագավորությունը «այս աշխարհքիցը» չէր, և նրա աշակերտներն էլ չպետք է այս աշխարհքիցը [լինեին], ինչպէս [ինքն] էլ աշխարհքիցը [չէր]»։ Այո՛, Հիսուսը մերժեց մասնակից լինել իր ժամանակների քաղաքական գործերին (Մատթէոս 8։20; Յովհաննէս 6։15; 17։16; 18։36)։

Բայց մի՞թե ճիշտ չէ այն, որ դարերի ընթացքում կրոնական կազմակերպությունները, որպես կանոն, կապեր են հաստատել քաղաքական ղեկավարների հետ, որպեսզի իշխանություն և ունեցվածք ձեռք բերեն, թեև արդյունքում տուժում էր հասարակ ժողովուրդը։ Մի՞թե ճիշտ չէ նաև այն, որ նրանց հոգևորականներից շատերն ապրում են շքեղության մեջ նույնիսկ այն դեպքում, երբ հազարավոր մարդիկ, որոնց նրանք պետք է ծառայեին, գուցե չքավորության մեջ են։

Հիսուսի եղբայր Հակոբոսն ասաց. «Շնացողներ, չ’գիտէ՞ք որ աշխարհքիս սէրը թշնամութիւն է Աստուծոյ դէմ. արդ ով որ կարողանայ աշխարհքի բարեկամ լինել, իր անձն Աստուծոյ թշնամի կ’անէ» (Յակոբոս 4։4)։ Ինչո՞ւ «Աստուծոյ թշնամի»։ Ա Յովհաննէս 5։19–ում նշվում է. «Բոլոր աշխարհքը չարութեան մէջ է կենում [«չարի տիրապետության տակ է», ՆԱ]»։

Ինչ վերաբերում է Ալեքսանդր VI–ի բարոյականությանը, նրա օրերի մի պատմաբան հետևյալն է գրել. «Նա անառակ կյանք էր վարում։ Նա ո՛չ ամոթ գիտեր, ո՛չ էլ ազնվություն, ո՛չ հավատ, ո՛չ էլ կրոն։ Նրա ագահությանը սահման չկար, նա չափազանց պատվախնդիր անձնավորություն էր, բարբարոսական դաժանություն ուներ և լցված էր իր բազմաթիվ երեխաների բարօրությունը ապահովելու խելահեղ ցանկությամբ»։ Բորջան, անտարակույս, եկեղեցական վերնախավի միակ անդամը չէր, որը նման ձևով էր գործում։

Ի՞նչ են Գրություններն ասում նման վարքի վերաբերյալ։ «Չ’գիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ,— հարցրեց Պողոս առաքյալը։— Մի խաբուիք. ոչ պոռնիկները.... ոչ շնացողները, ոչ.... ագահները.... Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Ա Կորնթացիս 6։9, 10)։

Հռոմում Բորջաների մասին վերջերս կայացած ցուցահանդեսի նպատակներից մեկը, որոնց մասին հայտարարվել էր, «այս առաջնակարգ անձնավորություններին պատկերելն էր իրենց պատմական ֆոնի վրա՝ ....հասկանալու համար, բայց, անշուշտ, ոչ՝ արդարացնելու կամ դատապարտելու»։ Այո, եզրակացությունները թողնվել էին այցելուներին։ Իսկ ի՞նչ եզրակացության հանգեցիք դուք։

[ծանոթագրություն]

a Այս առակների ճշգրիտ բացատրությունը տե՛ս 1995 թ. փետրվարի 1–ի (էջ 5, 6, ռուս.) և 1992 թ. հունիսի 15–ի (էջ 17–22, ռուս. [արևմտ.՝ 1992, սեպտեմբերի 1, էջ 22–26]) «Դիտարանները»։

[նկար 26–րդ էջի վրա]

Ռոդրիգո Բորջա՝ Ալեքսանդր VI պապը

[նկար 27–րդ էջի վրա]

Լուկրեցիա Բորջայի հայրն օգտագործեց նրան իր իշխանությունն առավելագույնի հասցնելու նպատակով

[նկար 28–րդ էջի վրա]

Չեզարե Բորջան պատվախնդիր ու ապականված անձնավորություն էր

[նկար 29–րդ էջի վրա]

Քանի որ Ջիրոլամո Սավոնարոլան չէր լռում, նրան կախեցին ու այրեցին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը