Յուրահատուկ լեզվով անցկացվող ծառայություն Կորեայում
ԲԱՎԱԿԱՆԻՆ խանդավառ, բայց անաղմուկ մի խումբ էր հավաքվել Կորեայում 1997 թ. ամռանը Եհովայի վկաների շրջանային համաժողովին։ Դա խուլերի համար կազմակերպված առաջին համաժողովն էր այս երկրում։ Ներկաների թիվը հասավ 1 174–ի։ Ամբողջ ծրագիրը՝ ելույթները, հարցազրույցները և դրաման, ներկայացվեց կորեական ժեստերի լեզվով ու լուսարձակվեց մի մեծ էկրանի վրա, որը տեսանելի էր Համաժողովների սրահի բոլոր կողմերից։ Սա բազմաթիվ կամավորների կողմից երկար տարիների ընթացքում գործադրված ջանքերի արդյունքն էր։
Կգա ժամանակ, երբ երկրի վրա կհաստատվի Դրախտը, երբ ‘խուլերի ականջները կբացվեն’ (Եսայիա 35։5)։ Այդ Դրախտում ապրելու համար բոլորը՝ այդ թվում խուլ անհատները, նախ պետք է մտնեն հոգևոր դրախտ՝ ունենան Աստծո օրհնյալ ժողովրդին բնորոշ ծաղկուն հոգևոր վիճակ։ Նրանք պետք է դառնան Եհովայի նվիրված ու մկրտված վկաները՝ ուսուցանվելով նրա կողմից (Միքիա 4։1–4)։
Համեստ սկիզբ
Թեև 1960–ական թվականներին խուլերի շրջանում քարոզչական որոշ աշխատանք էր կատարվել, միայն 1970–ական թվականներից էր, որ նրանցից մի քանիսը սկսեցին հաճախել Սեուլում՝ Կորեայի մայրաքաղաքում գտնվող Եհովայի վկաների ժողովի հադիպումներին։ Քրիստոնյա եղբայրներից մեկը, որը կարողանում էր արագ գրել, գրատախտակի վրա գրի էր առնում ելույթների գլխավոր մտքերը, այդ թվում նաև օգտագործված աստվածաշնչյան համարները։
1971 թ.–ին Տեջոն քաղաքում մի Վկա, որի որդին խուլ էր, սկսեց Թագավորության մասին ուսուցանել իր որդուն ու նրա խուլ ընկերներին։ Այս խմբից առաջ եկան մի քանի եռանդուն անհատներ, ովքեր այժմ ժեստերի լեզվով քարոզելու գործում առաջատար դեր են խաղում (Զաքարիա 4։10)։
Երիտասարդները հոժարակամորեն առաջարկում են իրենց մասնակցությունը
Որպեսզի խուլ անհատները գիտելիքներ ստանային Եհովայի ու Հիսուս Քրիստոսի մասին ու այդպիսով կանգնեին դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհին, զգալի ջանքեր էին պահանջվում նաև մյուս կամավորների կողմից (Յովհաննէս 17։3)։ Այս նպատակով բավական շատ Եհովայի վկաներ սովորել են ժեստերի լեզուն, և արդյունքում նրանք վարձատրվել են քաջալերական դեպքերով։
Տասնհինգամյա Փարք Ինսանը նպատակ դրեց սովորել ժեստերի լեզուն։ Սա անելու համար նա աշակերտ դարձավ մի գործարանում, որտեղ աշխատում էին թվով 20 խուլեր։ Ութ ամիս նա սերտորեն համագործակցեց նրանց հետ, որպեսզի սովորեր խուլերի լեզուն ու մտածելակերպը։ Հաջորդ տարի նա դարձավ ընդհանուր ռահվիրա՝ Թագավորության լիաժամ քարոզիչ, և աշխատում էր մի խումբ խուլերի հետ, որոնց հետաքրքրում էր Աստվածաշնչի ճշմարտությունը։ Խումբը շատ արագ մեծացավ, և շուտով ավելի քան 35 մարդ սկսեց հաճախել կիրակի օրվա հանդիպումներին (Սաղմոս 110։3)։
Այդ դեպքերից հետո Սեուլում առաջին անգամ ժեստերի լեզվով քրիստոնեական հանդիպումներ կազմակերպվեցին։ Եղբայր Փարք Ինսանը աստիճանաբար մեծացող այդ խմբում ծառայեց որպես հատուկ ռահվիրա։ Այդ ժամանակ նա արդեն վարպետորեն տիրապետում էր ժեստերի լեզվին։ Մի քանի ամիս շարունակ նա Աստվածաշնչի 28 ուսումնասիրություն էր անցկացնում խուլերի հետ։ Նրանցից շատերը առաջադիմեցին ու դարձան Եհովայի վկաներ։
Եռանդուն կամավորների այս աշխատանքի արդյունքը եղավ այն, որ Սեուլում 1976 թ. հոկտեմբեր ամսին կազմավորվեց ժեստերի լեզվով անցկացվող առաջին ժողովը. այնտեղ կար 40 քարոզիչ և 2 ընդհանուր ռահվիրա։ Սա խթան հանդիսացավ, որ Կորեայի մյուս քաղաքներում էլ քարոզչական գործունեություն ծավալվեր։ Կային բազմաթիվ խուլ մարդիկ, որ ծարավ էին լսելու բարի լուրը, և որոնց հարկավոր էր այցելել։
Աշխատանք խուլերի շրջանում
Գուցե ձեզ հետաքրքրի, թե ինչպես էին նրանք խուլերին գտնում։ Նրանց մի մասը կապ էր հաստատում ծանոթությունների միջոցով։ Նաև դիմում էին տեղի բրնձի խանութների տերերին, և նրանք տալիս էին խուլ մարդկանց անուններն ու հասցեները։ Նման տեղեկություններ ձեռք բերելու հարցում օգնել են նաև որոշ պետական ծառայություններ։ Խուլերի շրջանում քարոզչական գործունեությունն այնքան հաջող անցավ, որ ժամանակի ընթացքում ժեստերի լեզվով անցկացվող չորս ժողով կազմավորվեց։ Բազմաթիվ երիտասարդ քրիստոնյաներ քաջալերանք ստացան, որ սովորեն ժեստերի լեզուն։
Եհովայի վկաների մասնաճյուղը նշանակեց ժեստերի լեզուն սովորած հատուկ ռահվիրաների՝ համագործակցելու համար ժողովների հետ։ Բոլորովին վերջերս Ծառայության կատարելագործման դպրոցի շրջանավարտներից մի քանիսը նշանակվեցին ծառայելու այս ժողովներում՝ հոգևորապես զորացնելով նրանց։
Դժվարություններ, իհարկե, շատ կան։ Այս տարածքում ծառայելը ջանքեր է պահանջում հասկանալու համար խուլ մարդկանց կուլտուրան։ Նրանք շատ անկեղծ են ու անմիջական։ Սա հաճախ զարմացնում է մարդկանց և կարող է սխալ հասկացվել։ Բացի դրանից, երբ Վկաները Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն են անցկացնում խուլ անձնավորության հետ, կարիք կա նրան օգնել, որ վարպետանա իր մայրենի լեզվի մեջ, և քաջալերել նրան ունենալու Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության ծրագիր։
Իրենց առօրյա կյանքում խուլերը բախվում են դժվարությունների, որոնք ուրիշներին հիմնականում անծանոթ են։ Նրանք հաճախ դժվարանում են պետական ու առողջապահական ծառայությունների հետ հաղորդակցվելիս, ինչպես նաև հասարակ գործարքների ժամանակ։ Մոտակա ժողովների կողմից ցուցաբերված սիրալիր աջակցության շնորհիվ քրիստոնեական ժողովում խուլ մարդիկ իսկական եղբայրություն են ձեռք բերել (Յովհաննէս 13։34, 35)։
Ոչ պաշտոնական վկայությունը իր պտուղներն է բերում
Պուսանում, որ Կորեայի ամենախոշոր հարավային նավահանգստային քաղաքն է, մի Վկա հանդիպեց երկու խուլ մարդկանց, որոնք մի փոքր թղթի վրա գրեցին. «Մենք սիրում ենք Դրախտը։ Ուզում ենք իմանալ այն աստվածաշնչյան համարները, որոնք հայտնում են հավիտենական կյանքի մասին»։ Եղբայրը գրի առավ նրանց հասցեները ու պայմանավորվեց այցելել։ Երբ նա այցի եկավ, գտավ մի սենյակ լիքը խուլ մարդկանց, ովքեր սպասում էին լսելու Թագավորության պատգամը։ Այդ դեպքը մղեց նրան սովորելու ժեստերի լեզուն։ Դրանից կարճ ժամանակ անց Պուսանում կազմավորվեց ժեստերի լեզվով անցկացվող ժողով։
Մի օր այդ ժողովի եղբայրներից մեկը նկատեց երկու խուլ մարդկանց, որոնք մեկը մյուսի հետ ժեստերով էին խոսում, ու մոտեցավ նրանց։ Տեղեկանալով, որ նրանք վերադառնում են կրոնական հանդիպումից՝ նա հրավիրեց նրանց Թագավորության սրահ՝ ժողովի հանդիպման, որը տեղի էր ունենալու այդ նույն օրը՝ ցերեկվա ժամը երկուսին։ Նրանք գնացին, ու Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց նրանց հետ։ Դրանից կարճ ժամանակ անց այդ երկու մարդիկ իրենց 20 խուլ ընկերների հետ միասին ներկա եղան շրջանային համաժողովին։ Հետագայում նրանցից մի քանիսը իրենց կյանքը նվիրեցին Եհովային։ Երկու հոգի դարձան երեցներ ժեստերի լեզվով անցկացվող ժողովում, և մեկը՝ ծառայողական վերակացու։
Վճռականությունը վարձատրվում է
Քանի որ խուլ մարդկանցից ոմանք բավական հեռու են ապրում ժողովներից, հաճախ մեծ ջանքեր ու վճռականություն է պահանջվում ապահովելու համար նրանց աստվածաշնչյան կանոնավոր հոգևոր սննդով։ Քննարկենք մի օրինակ. 31–ամյա մի մարդ կղզիներից մեկում ձկնորսությամբ իր օրվա հացն էր վաստակում։ Աստվածաշնչյան պատգամը նա լսեց իր կրտսեր եղբորից, որը հաղորդակցվել էր Եհովայի վկաների հետ։ Ջանքեր թափելով բավարարելու իր հոգևոր քաղցը՝ այս խուլ ձկնորսը 16 կիլոմետր ճանապարհ անցավ նավով դեպի Տհոնյոն քաղաք, որը գտնվում է Կորեայի հարավային ծովափին։ Նրա նպատակն էր հանդիպել մի հատուկ ռահվիրայի՝ Մասան քաղաքի ժեստերի լեզվով անցկացվող ժողովից։ Դրանից հետո այս հատուկ ռահվիրան ամեն երկուշաբթի 65 կիլոմետր ճանապարհ էր անցնում միայն նրա համար, որ այս խուլ ձկնորսի հետ Աստվածաշունչ ուսումնասիրեր։
Մասան քաղաքում անցկացվող կիրակնօրյա հանդիպումներին մասնակցելու համար Աստվածաշունչ ուսումնասիրող այդ խուլ մարդը պետք է 16 կիլոմետր ճանապարհ անցներ նավով, այնուհետև ավտոբուսով շարունակեր գնալ ևս 65 կիլոմետր։ Նրա վճռականությունը վարձատրվեց։ Մի քանի ամսվա ընթացքում նա լավացրեց ժեստերի լեզվի իր իմացությունը, ավելի շատ կորեական գրեր սովորեց և ամենակարևորը՝ գտավ Եհովայի հետ փոխհարաբերություններ հաստատելու միակ ճանապարհը։ Գիտակցելով հանդիպումների ու կանոնավորաբար վկայություն տալու կարևորությունը՝ նա տեղափոխվեց ժեստերի լեզվով անցկացվող ժողովի տարածք։ Բայց արդյո՞ք դա նրա համար հեշտ էր։ Իհարկե ո՛չ։ Նա ստիպված էր հրաժարվել ձկնորսությունից, որից ստանում էր ամսական 3 800 դոլարի չափ եկամուտ, բայց նրա վճռականությունը պտուղներ բերեց։ Ճշմարտության մեջ առաջադիմելով՝ նա մկրտվեց ու այսօր իր ընտանիքի հետ միասին երջանիկ ծառայում է Եհովային։
Թարգմանություն խուլերի համար
Թագավորության բարի լուրը հաճախ հաղորդվում է բերանացի։ Այնուհանդերձ, Աստծո Խոսքը ավելի ճշգրտորեն հաղորդելու համար կարևոր է, որ աստվածաշնչյան ուսուցումները ներկայացվեն ավելի մնայուն ձևով։ Օրինակ՝ առաջին դարում փորձառու երեցների կողմից գրվեցին գրքեր ու նամակներ (Գործք 15։22–31; Եփեսացիս 3։4; Կողոսացիս 1։2; 4։16)։ Մեր ժամանակներում առատ հոգևոր սնունդ է մատակարարվում գրքերի ու քրիստոնեական այլ հրատարակությունների միջոցով։ Սրանք թարգմանվել են հարյուրավոր լեզուներով, այդ թվում ժեստերի տարբեր լեզուներով։ Դա անելու համար Կորեայի մասնաճյուղի կոմիտեն ունի ժեստերի լեզվով թարգմանչական բաժին։ Տեսագրման բաժինը պատրաստում է ժեստերի լեզվով տեսաֆիլմեր։ Այս ամենը Կորեայի խուլ քարոզիչներին ու հետաքրքրվող անձանց ապահովում է հոգևոր սննդով։
Թեև շատերն են վարպետացել ժեստերի լեզվի իմացության մեջ և մասնակցել տեսագրությունների պատրաստմանը, սակայն սովորաբար լավագույն թարգմանիչները խուլ ծնողների երեխաներն են։ Ժեստերի լեզուն նրանք մանկուց են սովորել։ Նրանք ոչ միայն ճիշտ ձևով են խոսում ժեստերի լեզվով, այլ նաև ժեստերով ու դեմքի արտահայտություններով սրտից բխող իմաստ են հաղորդում այդ պատգամին, դարձնում այն տպավորիչ ու հասցնում մարդկանց մտքին ու սրտին։
Ինչպես արդեն նշվեց, այսօր Կորեայում կանոնավորաբար համաժողովներ են անցկացվում ժեստերի լեզվով։ Մեծ աշխատանք, ծախսեր ու ջանքեր են պահանջվում դրանց համար, և համաժողովներ հաճախողները գնահատում են դա։ Այս հավաքույթների ավարտից հետո շատերը դեռ շարունակում են մնալ՝ հաղորդակցվելու և քննարկելու պատրաստված սքանչելի հոգևոր սնունդը։ Ինչ խոսք, այս յուրահատուկ խմբում ծառայելը ունի իր դժվարությունները, բայց հոգևոր օրհնությունները այդ ծառայությունը դարձնում են արժեքավոր։
[նկար 10–րդ էջի վրա]
Կորեայում ժեստերի լեզվով լույս տեսած տեսաերիզներ՝ «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից», «Գնահատենք մեր հոգևոր ժառանգությունը», «Նախազգուշացնող օրինակներ մեր օրերի համար» և «Հարգիր Եհովայի իշխանությունը»
[նկարներ 10–րդ էջի վրա]
Ներքևից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ. Կորեայի մասնաճյուղում ժեստերի լեզվով տեսաֆիլմ է պատրաստվում. աստվածապետական տերմինների համար ժեստեր են պատրաստվում. ժեստերի լեզվի թարգմանչական խումբը. օգնում են եղբորը տեսաֆիլմի պատրաստման ժամանակ