Հնագիտական ապացույց Հիսուսի գոյության մասի՞ն
«ՀԻՍՈՒՍԻ գոյության ապացույցը՝ քարին փորագրված»։ Այս էին հռչակում «Աստվածաշնչյան հնագիտություն» պարբերագրի շապիկի վրա գրված խոսքերը («Biblical Archaeology Review», 2002 թ. նոյեմբեր–դեկտեմբեր)։ Շապիկի վրա պատկերված էր Իսրայելում գտնված մի կրաքարե աճյունատուփ։ Աճյունատուփերը լայնորեն օգտագործվում էին հրեաների կողմից մ.թ.ա. առաջին դարից մինչև մ.թ. 70 թ. ընկած ժամանակահատվածում։ Բայց այս մեկը առանձնահատուկ էր նրանով, որ մի կողմի վրա արամերեն արձանագրություն կար։ Գիտնականները եկան այն եզրակացության, որ այնտեղ գրված է. «Հակոբոս՝ Հովսեփի որդին, Հիսուսի եղբայրը»։
Համաձայն Աստվածաշնչի՝ Հիսուս Նազովրեցին ունեցել է Հակոբոս անունով եղբայր, որը համարվել է Հովսեփի՝ Մարիամի ամուսնու որդին։ Երբ Հիսուս Քրիստոսը ուսուցանում էր իր հայրենի քաղաքում, ապշած ունկնդիրները հարցրեցին. «Չէ՞ որ սա հիւսան որդին է չէ՞ որ սորա մայրը Մարիամ է կոչվում. եւ եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս եւ Սիմօն եւ Յուդա. եւ չէ՞ որ սորա ամեն քոյրերը մեզ մօտ են» (Մատթէոս 13։54–56; Ղուկաս 4։22; Յովհաննէս 6։42)։
Այո, աճյունատուփի վրայի արձանագրությունը համապատասխանում է այն բանին, ինչ Գրություններում գրված է Հիսուս Նազովրեցու մասին։ Եթե արձանագրության մեջ հիշատակված Հակոբոսը Հիսուս Քրիստոսի արյունակից եղբայրն է, ապա այդ աճյունատուփը «Աստվածաշնչից դուրս ամենաառաջին հնագիտական ապացույցն է Հիսուսի գոյության մասին»,— հայտարարում է հին արձանագրությունների վերծանման ոլորտում նշանավոր մասնագետ և վերոհիշյալ հոդվածը գրող Անդրե Լմերը «Աստվածաշնչի հնագիտական վերաքննություն» պարբերագրում։ Հարշլ Շենկսը՝ այդ պարբերագրի խմբագիրը, նշում է, որ աճյունատուփը «շոշափելի և տեսանելի առարկա է, որը մեզ տանում–հասցնում է դեպի այն կարևորագույն անձնավորությանը, որ երբևէ ապրել է երկրի վրա»։
Սակայն, աճյունատուփի վրա գրված բոլոր երեք անուններն էլ տարածված էին առաջին դարում։ Հետևաբար հնարավոր է, որ Հիսուս Քրիստոսի ընտանիքից բացի մեկ այլ ընտանիք էլ է գոյություն ունեցել, որտեղ եղել են Հակոբոս, Հովսեփ և Հիսուս անուններով մարդիկ։ Լմերը եզրակացնում է. «Երուսաղեմում նախքան մ.թ. 70 թ. գոյություն ունեցած երկու սերունդների մեջ հավանաբար եղել է մոտ 20 մարդ, որոնց մասին կարելի էր ասել «Հակոբոս՝ Հովսեփի որդին, Հիսուսի եղբայրը»»։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ 90 տոկոս հավանականություն կա, որ աճյունատուփի վրայի «Հակոբոսը» Հիսուս Քրիստոսի արյունակից եղբայրն է։
Մեկ այլ գործոն էլ կա, որ ոմանց ստիպում է հավատալ, թե արձանագրության մեջ նշված Հակոբոսը Հիսուս Քրիստոսի արյունակից եղբայրն է եղել։ Թեպետ նման արձանագրություններում ընդունված էր նշել ննջեցյալի հոր անունը, բայց շատ հազվադեպ էր նշվում եղբոր անունը։ Ելնելով դրանից՝ որոշ գիտնականներ վստահ են, որ այդ Հիսուսը պետք է որ մի շատ կարևոր անձնավորություն լիներ, և դա նրանց մտածել է տալիս, որ դա եղել է Հիսուս Քրիստոսը՝ քրիստոնեության հիմնադիրը։
Աճյունատուփը կեղծված չէ՞
Ի՞նչ է աճյունատուփը։ Դա մի տուփ է, մեծ արկղ, որի մեջ դրվում էին ննջեցյալի ոսկորները՝ քարայրում մարմնի քայքայվելուց հետո։ Շատ աճյունատուփեր գողացվել են Երուսաղեմի շրջակայքում գտնվող գերեզմանոցներից։ Հակոբոսի մասին արձանագրությամբ այդ տուփը հայտնաբերվել է հնաոճ իրերի մի շուկայում, և ոչ թե պաշտոնական պեղումների վայրում։ Աճյունատուփի սեփականատերն ասել է, թե ինքը դա ձեռք է բերել 1970–ական թթ. մի քանի հարյուր դոլարով։ Փաստորեն աճյունատուփի ծագումը գաղտնիք է մնում։ «Եթե չեք կարող ասել, թե որտեղից է գտնվել այդ աճյունատուփը և որտեղ է այն եղել մոտ 2000 տարի, չեք կարող կապ ստեղծել այդ տուփի և նրա վրա նշված մարդկանց անունների միջև»,— ասում է Նյու Յորքի Ջոն Բարդի անունը կրող ուսումնական հաստատության պրոֆեսոր Բրուս Չիլթոնը։
Հնագիտական տեղեկությունների պակասը լրացնելու նպատակով Անդրե Լմերը աճյունատուփն ուղարկեց Իսրայելի երկրաբանական ինստիտուտ։ Այնտեղ հետազոտողները հաստատեցին, որ աճյունատուփը պատրաստված է կրաքարից և պատկանում է մ.թ. առաջին կամ երկրորդ դարին։ Նրանք տեղեկացրեցին, որ «ժամանակակից գործիքի կամ սարքավորման օգտագործման ոչ մի հետք չի գտնվել»։ Չնայած դրան՝ «Նյու Յորք թայմզ» թերթին տված հարցազրույցի ժամանակ աստվածաբանները կարծիք հայտնեցին, որ «Հիսուսի գոյությունը հաստատող այդ կողմնակի ապացույցը հնարավոր է ուժեղ է, բայց այնուամենայնիվ դա միայն կողմնակի ապացույց է»։
«Թայմ» շաբաթաթերթում գրվեց, որ «մեր օրերում գրեթե ոչ մի կիրթ մարդ չի կասկածում, որ Հիսուսն ապրել է»։ Բայցևայնպես շատերն են կարծում, որ Հիսուսի գոյության մասին, Աստվածաշնչի արձանագրություններից բացի, պետք է որ այլ ապացույց էլ լինի։ Արդյո՞ք հնագիտությունը պետք է հիմք լինի՝ հավատալու համար Հիսուս Քրիստոսի գոյությանը։ Ի՞նչ ապացույցներ կան, որ փաստում են « երկրի վրա երբևէ ապրած կարևորագույն անձնավորության» պատմական իրողությունը։
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Left, James Ossuary: AFP PHOTO/J.P. Moczulski; right, inscription: AFP PHOTO/HO