Նրանք ծառայում են միջազգային եղբայրությանը
ԼՍԵ՞Լ եք այսպիսի արտահայտություններ՝ «միջազգային շինարարական ծրագրի ծառայող» և «միջազգային շինարարական ծրագրի կամավոր»։ Այս խմբերում ընդգրկված Եհովայի վկաները իրենց ժամանակն ու հմտությունները կամավորապես տրամադրում են կառուցելու համար շենքեր, որոնք հնարավորություն են ստեղծում տարածելու Աստծո Թագավորության վերաբերյալ սուրբգրային պատգամը։ Այդ կամավորները նաև աջակցում են Համաժողովների սրահների ու Թագավորության սրահների շինարարությանը, որոնք ծառայում են որպես աստվածաշնչային կրթության կենտրոններ։ Ներկայումս կամավորները ներգրավված են 34՝ հիմնականում սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում ընթացող շինարարական ծրագրերում։ Ի՞նչ առանձնահատուկ դժվարություններ են նրանք հաղթահարում և ի՞նչ ուրախություն են ստանում՝ ծառայելով իրենց եղբայրներին աշխարհի տարբեր մասերում։ Ի՞նչ են նրանք մտածում այն սուրբ ծառայության մասին, որ իրենք անում են (Յայտնութիւն 7։9, 15, Արևմտ. Աստ.)։ Այս հարցերին պատասխանելու համար եկեք ծանոթանանք Մեքսիկայում ծառայած մի քանի կամավորների հետ։
Առաջին անգամ արտասահմանից Մեքսիկա կամավորներ եկան 1992 թ. մայիս ամսին։ Նրանք գլխավորեցին մասնաճյուղի ընդարձակման գործը։ Մեքսիկացի Եհովայի վկաների գործունեությունը ղեկավարվում է այստեղից։ Ըստ նախագծի՝ պետք է կառուցվեին 14 նոր շենքեր, որոնց մեջ մտնում էին բնակելի շենքեր՝ նախատեսված մասնաճյուղում ծառայող կամավորների համար, ինչպես նաև տպարան ու վարչական շենք։
Շինարարությանը մասնակցելու համար ավելի քան 730 կամավորներ էին ժամանել Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Նրանց հետ ուս–ուսի ծառայում էին Մեքսիկայի բոլոր ծայրերից եկած հարյուրավոր եղբայրներ ու քույրեր։ Բացի այդ, հանգստյան օրերին իրենց օգնությունն էին ցույց տալիս նաև մասնաճյուղի մերձակա տարածքներում գտնվող գրեթե 1 600 ժողովների ավելի քան 28 000 Եհովայի վկաներ։ Բոլորն աշխատում էին պատրաստակամորեն և իրենց հմտությունները տրամադրում էին անվճար։ Նրանք մեծ պատիվ էին համարում Եհովային այս ձևով ծառայելը։ Շինարարության ողջ ընթացքում նրանք իրենց մտքում վառ էին պահում Սաղմոս 127։1–ում գրված խոսքերը. «Եթէ Տէրը չ’շինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները»։
Դժվարություններ
Ի՞նչ դժվարություններ են հաղթահարում միջազգային կամավորներն իրենց օտարերկրյա նշանակման վայրերում ծառայելիս։ Ստորև բերվում են նրանցից մի քանիսի արտահայտած մտքերը։ Կուրտիսն ու Սալին ամերիկացի ամուսիններ են, որոնք շինարարական ծրագրերի են մասնակցել Գերմանիայում, Զամբիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Պարագվայում, Ռումինիայում, Ռուսաստանում և Սենեգալում։ Կուրտիսը պատմում է. «Առաջին դժվարությունը որպես ռահվիրա [լիաժամ] ծառայող մեր աղջկանից, ինչպես նաև Մինեսոտայի մեր ժողովից բաժանվելն էր։ Ես ու կինս 24 տարի էր արդեն, որ գտնվում էինք այդ ժողովում, և այնտեղ մեզ շատ լավ էինք զգում»։
Իսկ Սալին ասում է. «Անսովոր պայմաններում ապրելը դժվարություն է, ու թերևս կնոջ համար ավելի մեծ, քան տղամարդու։ Բայց հասկացա, որ կարելի է հարմարվել։ Ես նույնիսկ սովորեցի «ապրել» միջատների հետ, որոնք այնքա՜ն շատ էին»։ Նա ավելացնում է. «Մի երկրում տասը կամավորներով ապրում էինք մի տան մեջ, որտեղ կար ընդամենը երկու լողասենյակ, իսկ խոհանոց չկար։ Այնտեղ սովորեցի ավելի համբերատար լինել»։
Նոր լեզու սովորելը մեկ ուրիշ դժվարություն է, որը հաղթահարելու համար ջանք ու խոնարհություն է հարկավոր։ Շարոնը, որը ամուսնու հետ շինարարությունների է մասնակցել տարբեր երկրներում, ասում է. «Դժվարությունների առջև ես կանգնում, եթե չգիտես այն երկրի լեզուն, որտեղ ծառայում ես։ Սկզբնական շրջանում, երբ չես կարողանում արտահայտել զգացմունքներդ, դժվար է մտերմանալ հոգևոր եղբայրների ու քույրերի հետ, ու դա վհատեցնում է։ Բայց նրանք անչափ համբերատար են մեր հանդեպ ու խորապես հետաքրքրված են մեր բարօրությամբ։ Որոշ ժամանակ անց արդեն կարողանում ենք ինչ–որ կերպ հաղորդակցվել»։
Քաջություն է հարկավոր քարոզչական ծառայությանը մասնակցելու համար
Թեև այս անձնազոհ կամավորները մեծապես նպաստում են շինարարության առաջխաղացմանը, նրանք գիտակցում են, որ նախևառաջ իրենք Աստծո Թագավորության բարի լուրի քարոզիչներ են։ Այդ իսկ պատճառով հնարավորության սահմաններում քարոզչության են դուրս գալիս այն ժողովի հետ, որին կցված են։ Օկե և Ինգմարի ամուսինները, որոնք շինարարական ծրագրերի են մասնակցել Գվադելուպում, Մալավիում, Մեքսիկայում և Նիգերիայում, խոստովանում են, որ օտար լեզվով քարոզելու համար քաջություն է հարկավոր։
Ինգմարին պատմում է. «Սկզբում մենք ծառայության էինք գնում տեղացի Վկաների հետ ու առանձնապես չէինք կարողանում մասնակցել խոսակցությանը. քանի որ շփոթվում էինք, թողնում էինք, որ զրույցը մեր փոխարեն շարունակեին մեր ընկերակիցները։ Բայց մի առավոտ որոշեցինք ինքներս գնալ ծառայության։ Տնից դուրս եկանք դողացող ոտքերով և ուժգնորեն բաբախող սրտերով։ Հանդիպեցինք մի երիտասարդ կնոջ, որը լսեց իմ պատրաստած մատուցումը։ Կարդացի մի համար ու գրականություն տվեցի։ Կինն ասաց. «Ես մի հարց ունեմ։ Իմ բարեկամուհին Աստվածաշունչ է ուսումնասիրում Եհովայի վկաների հետ։ Ինչպե՞ս կարող եմ ես էլ ուսումնասիրել»։ Ես շվարեցի։ Հետո ուշքի եկա ու Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցի»։
Ինգմարին ավելացնում է. «Պատկերացրեք իմ ուրախությունն ու Եհովայի հանդեպ զգացած երախտագիտությունը այն բանի համար, որ նա օրհնեց մեր ձեռնարկած քայլը և մեր ցանկությունը խոսելու ճշմարտության մասին»։ Այդ կինը հոգևորապես առաջադիմեց և Մեխիկոյում կայացած մարզային համաժողովի ժամանակ մկրտվեց՝ դառնալով Եհովայի վկա։ Օկեն և Ինգմարին վերջում ասում են. «Մենք շատ թանկ ենք գնահատում տարբեր շինարարական ծրագրերի մասնակցելու մեր նշանակումները, բայց ոչինչ չի կարող ավելի մեծ ուրախություն և բավականություն պատճառել, քան ճշմարտությունն ընդունելու հարցում մարդուն օգնելը»։
Անձնազոհության ոգի
Ճիշտ է, օտար երկրում իրենց եղբայրներին ծառայելու համար կամավորները զոհողությունների են գնում, մասնավորապես՝ հեռանում են ընտանիքից ու ընկերներից, բայց նրանք նաև շատ մեծ ուրախություններ են ստանում։ Ինչպիսի՞։
Հովարդն իր կնոջ՝ Պամելայի հետ ծառայել է Անգոլայում, Գայանայում, Էկվադորում, Կոլումբիայում, Մեքսիկայում, Պուերտո Ռիկոյում և Սալվադորում։ Նա ասում է. «Մեծ պատիվ է ծանոթանալ տարբեր երկրների եղբայրների ու քույրերի հետ և անձամբ զգալ այն սերը, որ գոյություն ունի մեր միջազգային եղբայրության մեջ։ Մենք հաճախ ենք կարդում այդ մասին, բայց երբ ապրում ու ծառայում ես տարբեր ազգերի ու տարբեր ծագում ունեցող մարդկանց հետ, սկսում ես նույնիսկ ավելի բարձր գնահատել մեր թանկագին եղբայրությունը»։
Գարին, որ մասնակցել է շինարարական ծրագրերի Զամբիայում, Էկվադորում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում և Մեքսիկայում, նույնպես կարծիք է հայտնում, որ նման շինարարության մեջ բաժին ունենալը մեծապես օգտակար է եղել իր համար։ Նա պատմում է. «Այն, ինչ տարիների ընթացքում սովորեցի՝ շփվելով հասուն եղբայրների հետ տարբեր երկրների մասնաճյուղերում, օգնել է ինձ, որ հաջողությամբ հաղթահարեմ աշխատանքի ժամանակ առաջացող դժվարությունները։ Իմ հավատը զորացավ, քանի որ սեփական աչքերով տեսա այն միասնությունը, որ բնորոշ է Եհովայի համաշխարհային կազմակերպությանը. միասնություն, որը չի ճանաչում լեզվական, ռասայական և մշակութային տարբերություններ»։
Շինարարությունը Մեքսիկայում ավարտվեց, և այս տարի տեղի ունեցավ նոր կառույցների նվիրումը։ Միջազգային շինարարական ծրագրերին մասնակցող եղբայրներն ու քույրերը, Աստծո հանդեպ սիրուց մղված, մեծ ներդրում են ունեցել ճշմարիտ երկրպագության տարածման գործում Մեքսիկայում և այլուր։ Ամբողջ աշխարհի Եհովայի վկաները բարձր են գնահատում պատրաստակամության ու անձնազոհության այն ոգին, որ նրանք ցուցաբերում են միջազգային եղբայրությանը ծառայելու գործում։
[նկար 25–րդ էջի վրա]
Էկվադոր
[նկար 25–րդ էջի վրա]
Կոլումբիա
[նկար 25–րդ էջի վրա]
Անգոլա
[նկար 26–րդ էջի վրա]
Մասնաճյուղի պարտեզը
Նոր կառույցների վրա կատարվող աշխատանքները սկսվում են
Ներքևում՝ շինարարական բաժնի աշխատակիցները նոր շենքերի դիմաց
[նկար 27–րդ էջի վրա]
Կամավորները հաճույքով են մասնակցում քարոզչական գործին տեղի ժողովների հետ