Պատանինե՛ր, Եհովան չի մոռանա ձեր գործը
«Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք» (Եբրայեցիս 6։10)։
1. Ինչպե՞ս են «Եբրայեցիս» և Մաղաքիա» աստվածաշնչային գրքերը ցույց տալիս, որ Եհովան գնահատում է քո ծառայությունը։
ԵՂԵ՞Լ է, որ բարի գործ անես քո ընկերոջ համար, բայց շնորհակալական ոչ մի խոսք չստանաս։ Շատ վիրավորական կարող է լինել, երբ արված լավությանը վերաբերվում են որպես սովորական մի բանի, կամ որ ավելի վատ է, բոլորովին մոռանում են այդ մասին։ Բայց Եհովա Աստված այդպես չի վարվում, երբ մենք ամբողջ սրտով ծառայություն ենք մատուցում իրեն։ Աստվածաշունչն ասում է. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք» (Եբրայեցիս 6։10)։ Խորհիր, թե դա ինչ է նշանակում։ Եհովան, փաստորեն, իր կողմից անիրավություն՝ մեղք կհամարի, եթե մոռանա այն գործերը, որ դու արել կամ անում ես՝ ծառայելով իրեն։ Ի՜նչ երախտագետ Աստված է նա (Մաղաքիա 3։10)։
2. Ի՞նչն է իսկապես առանձնահատուկ դարձնում Եհովային ծառայելը։
2 Քեզ յուրահատուկ հնարավորություն է ընձեռվում երկրպագելու և ծառայելու այսպիսի շնորհակալ Աստծուն։ Դա իսկապես որ հազվագյուտ առանձնաշնորհում է, քանի որ երկրագնդի վեց միլիարդ բնակչությունից ընդամենը մոտ վեց միլիոն մարդ է ծառայում Աստծուն։ Այն, որ դու լսում և արձագանքում ես բարի լուրին, վկայում է, որ Եհովան քեզանով անհատապես հետաքրքրվում է։ Չէ՞ որ Հիսուսն ասաց՝ «Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չ’քաշէ նորան» (Յովհաննէս 6։44)։ Այո՛, Եհովան յուրաքանչյուր անհատի օգնում է օգուտ քաղել Քրիստոսի զոհաբերությունից։
Գնահատիր քո մեծ առանձնաշնորհումը
3. Ինչպե՞ս են Կորխի որդիներն արտահայտել իրենց գնահատանքը Եհովային ծառայելու պատվի վերաբերյալ։
3 Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, դու Եհովայի սիրտն ուրախացնելու եզակի հնարավորություն ունես (Առակաց 27։11)։ Դա մի բան է, որին ոչ մի դեպքում չպետք է թեթևամտորեն վերաբերվես։ Կորխի որդիներն իրենց գրած սաղմոսներից մեկում իրենց երախտագիտությունն են արտահայտում, որ պատիվ ունեն ծառայելու Եհովային։ Կարդում ենք. «Լաւ է մէկ օր քո սրահներումը քան հազարներ. աւելի ուզում եմ դուռը պահպանել իմ Աստուծոյ տանը քան բնակիլ ամբարշտութեան տներումը» (Սաղմոս 84։10)։
4. ա) Ինչի՞ց ելնելով ոմանք գուցե խորհեն, թե Եհովային ծառայելը սահմանափակում է իրենց ազատությունը։ բ) Ինչպե՞ս է Եհովան ցույց տալիս, որ ուզում է նկատել իր ծառաների լավ գործերը ու պարգևատրել նրանց։
4 Դո՞ւ էլ ես այդպես վերաբերվում քո երկնային Հորը ծառայելու առանձնաշնորհմանը։ Իհարկե, երբեմն գուցե թվա, թե Եհովային ծառայելը սահմանափակում է քո ազատությունը։ Ճիշտ է, աստվածաշնչային սկզբունքներով ապրելու համար հարկավոր է ինչ–որ չափով անձնազոհություն դրսևորել։ Բայց, վերջին հաշվով, այն ինչ Եհովան խնդրում է քեզանից, քո օգտի համար է (Սաղմոս 1։1–3)։ Բացի այդ, նա տեսնում է քո ջանքերը և գնահատում է քո հավատարմությունը։ Այո՛, ինչպես Պողոսը գրեց, Եհովան «իրան [փնտրողներին] վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։6)։ Եհովան ինքն է հնարավորություններ փնտրում պարգևատրելու։ Հին Իսրայելի արդար մարգարեներից մեկն ասաց. «Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։9)։
5. ա) Ո՞րն է լավագույն ձևերից մեկը, որով կարող ես ցույց տալ, որ քո սիրտը ուղիղ է Եհովայի հետ։ բ) Ինչո՞ւ ուրիշների հետ քո հավատի մասին խոսելը գուցե դժվար թվա։
5 Լավագույն ձևերից մեկը, որով դու կարող ես ցույց տալ, որ քո «սիրտը ուղիղ է [Եհովայի] հետ», նրա մասին ուրիշների հետ խոսելն է։ Երբևէ ունեցե՞լ ես հնարավորություն ձեր դպրոցի աշակերտներից մի քանիսի հետ խոսելու քո հավատի մասին, թե՞ քարոզելու միտքն անգամ վախեցնում է քեզ։ Գուցե հարցնես. «Իսկ եթե նրանք ծիծաղե՞ն ինձ վրա կամ էլ մտածեն, թե իմ կրոնը տարօրինա՞կ է»։ Հիսուսն ասաց, որ բոլորը չէ, որ կընդունեն Թագավորության պատգամը (Յովհաննէս 15։20)։ Իհարկե, դա չի նշանակում, թե դու դատապարտված ես ապրելու մի կյանքով, որը լի է ծաղրուծանակով ու մերժմամբ։ Իրականում շատ պատանի Վկաներ իրենց հասակակիցների շրջանում գտել են այնպիսի պատանիների, ովքեր լսել են իրենց, և նույնիսկ ավելի մեծ հարգանք են ձեռք բերել, երբ հավատարիմ են մնացել իրենց համոզմունքներին։
«Եհովան կօգնի քեզ»
6, 7. ա) Ինչպե՞ս մի 17–ամյա աղջիկ կարողացավ վկայություն տալ իր համադասարանցիներին։ բ) Ի՞նչ սովորեցիր Ջենիֆերի օրինակից։
6 Սակայն ինչպե՞ս կարող ես համարձակություն ձեռք բերել, որպեսզի քո հավատի մասին անկաշկանդ խոսես։ Վճռական եղիր՝ խոսելու պարզ ու հստակ կերպով, երբ մարդիկ հարցեր տան քո դավանանքի վերաբերյալ։ Խորհիր 17–ամյա Ջենիֆերի օրինակի շուրջ։ Նա պատմում է. «Ես դպրոցում էի. ճաշի ժամ էր։ Իմ սեղանի շուրջ նստած աղջիկները կրոնից էին խոսում, և նրանցից մեկն ինձ հարցրեց, թե որն է իմ կրոնը»։ Անհանգստացա՞վ Ջենիֆերը, թե ինչ պատասխանի։ «Այո,— խոստովանում է նա,— քանի որ չգիտեի, թե ինչ արձագանք կգտնեն իմ խոսքերը»։ Ինչպե՞ս վարվեց նա։ «Աղջիկներին ասացի, որ ես Եհովայի վկա եմ։ Սկզբում նրանք կարծես թե զարմացան։ Ըստ ամենայնի, նրանք մտածում էին, թե Եհովայի վկաները տարօրինակ մարդիկ են։ Նրանք սկսեցին հարցեր տալ, և ես կարողացա ուղղել որոշ սխալ կարծիքներ։ Դրանից հետո աղջիկներից մի քանիսը ժամանակ առ ժամանակ մոտենում էին ինձ ու հարցեր տալիս»։
7 Զղջա՞ց Ջենիֆերը, որ իրեն հնարավորություն ընձեռվեց խոսելու իր համոզմունքների մասին։ Բոլորովի՛ն։ «Ես մեծ բավարարվածություն զգացի ճաշից հետո,— ասում է նա։— Այժմ այդ աղջիկներն ավելի հստակ ու ճիշտ պատկերացում ունեն Եհովայի վկաների մասին»։ Ջենիֆերի տված խորհուրդը պարզ է. «Եթե դժվարանում ես համադասարանցիներիդ կամ ուսուցիչներիդ վկայություն տալ, իսկույն աղոթիր։ Եհովան կօգնի քեզ։ Դու ուրախ կլինես, որ կարողացար օգտվել վկայություն տալու հնարավորությունից» (Ա Պետրոս 3։15)։
8. ա) Ինչպե՞ս աղոթքն օգնեց Նեեմիային, երբ նա հայտնվեց անսպասելի իրավիճակում։ բ) Ի՞նչ իրավիճակներ կարող են ստեղծվել դպրոցում, երբ գուցե հարկ լինի հակիրճ ու լուռ աղոթք ասել Եհովային։
8 Ուշադրություն դարձրու, որ Ջենիֆերը խորհուրդ է տալիս իսկույն աղոթել Եհովային, երբ հանգամանքները հնարավորություն են ընձեռում քեզ խոսելու քո հավատի մասին։ Նեեմիան՝ պարսից Արտաշես թագավորի մատռվակը, հենց այդպես վարվեց, երբ հայտնվեց անսպասելի իրավիճակում։ Նա լուր էր ստացել, որ հրեաներն անմխիթար վիճակում են, իսկ Երուսաղեմի պարիսպներն ու դարպասները՝ քանդված։ Նա տխուր էր, և դա թագավորի աչքից չվրիպեց։ Թագավորը հարցրեց, թե ինչ է պատահել։ Նախքան պատասխանելը Նեեմիան աղոթքով առաջնորդություն խնդրեց Աստծուց։ Հետո համարձակորեն թույլտվություն խնդրեց վերադառնալ Երուսաղեմ ու օգնել հրեաներին կառուցելու ավերված քաղաքը։ Արտաշեսը բավարարեց Նեեմիայի խնդրանքը (Նէեմիա 2։1–8)։ Այստեղից ի՞նչ դաս կարող ես քաղել։ Երբ հնարավորություն է ստեղծվում վկայություն տալու, բայց դու համակվում ես անհանգստությամբ, լուռ աղոթիր։ Պետրոս առաքյալը գրեց. «Ձեր բոլոր հոգսը [Եհովայի] վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5։7; Սաղմոս 55։22)։
«Պատրաստ եղէք.... պատասխան տալու»
9. Ինչպե՞ս 13–ամյա Լիան կարողացավ «Երիտասարդների հարցերը» գրքի 23 օրինակ բաժանել։
9 Մեկ ուրիշ օրինակ։ Լիան՝ 13 տարեկան մի աղջիկ, դպրոցում դասամիջոցներից մեկի ժամանակ, երբ աշակերտները սովորաբար ճաշում են, կարդում էր «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ»a գիրքը։ Նա պատմում է. «Մյուսները նայում էին ինձ։ Շուտով մի բազմություն հավաքվեց գլխիս։ Նրանք սկսեցին հետաքրքրվել, թե ինչի մասին է այդ գիրքը»։ Օրվա վերջում չորս աղջիկներ մեկական օրինակ խնդրեցին Լիայից։ Հետո նրանք իրենց գրքերը տվեցին ուրիշներին կարդալու, և վերջիններս նույնպես ցանկացան ունենալ այդ գրքից։ Հաջորդ մի քանի շաբաթներին Լիան «Երիտասարդների հարցերը» գրքի 23 օրինակ բաժանեց իր համադասարանցիներին ու նրանց ընկերներին։ Հե՞շտ էր Լիայի համար խոսել այդ աղջիկների հետ, երբ նրանք հարցրին, թե ինչ գիրք է նա կարդում։ Հազիվ թե։ «Սկզբում ես անհանգստանում էի,— խոստովանում է Լիան։— Բայց հետո աղոթեցի։ Ես գիտեի, որ Եհովան ինձ հետ է»։
10, 11. Ինչպե՞ս իսրայելացի փոքրիկ աղջիկը կարողացավ օգնել ասորական բանակի զորագլխին իմանալու Եհովայի մասին, և դրանից հետո ի՞նչ փոփոխություն արեց իր կյանքում Նեեմանը։
10 Լիայի դեպքը երևի քեզ հիշեցնում է այն իրավիճակը, որում հայտնվեց իսրայելացի փոքրիկ աղջիկը, որը գերի էր տարվել Ասորիք։ Նեեմանը՝ ասորական բանակի զորագլուխը, բորոտ էր։ Շատ հավանական է, որ Նեեմանի կինն այդ մասին խոսակցություն էր բացել փոքրիկ աղջկա հետ, ինչն էլ մղել էր վերջինիս խոսել իր հավատի մասին։ Աղջիկն ասաց. «Երանի թէ իմ տէրը Սամարիայումն եղող մարգարէի առաջին լինէր. այն ժամանակ նա նորան կ’բժշկէր իր բորոտութիւնիցը» (Դ Թագաւորաց 5։1–3)։
11 Այս փոքրիկ աղջկա համարձակության շնորհիվ Նեեմանն իմացավ, որ «բոլոր երկրիս վերայ Աստուած չ’կայ բայց միայն Իսրայէլումը»։ Նա նույնիսկ որոշեց, որ «այլ եւս բացի Եհովայից ուրիշ աստուածների ողջակէզ կամ զոհ չի անելու» (Դ Թագաւորաց 5։15, 17)։ Անշուշտ, Եհովան օրհնեց այդ աղջկա քաջությունը։ Նա կարող է օրհնել և կօրհնի նաև մերօրյա պատանիներին։ Լիան անձամբ համոզվեց դրանում։ Ժամանակի ընթացքում մի քանի դպրոցականներ մոտեցան նրան ու ասացին, որ «Երիտասարդների հարցերը» գիրքն օգնել է իրենց ուղղելու իրենց վարքը։ Լիան ասում է. «Ես ուրախ եմ, քանի որ գիտեմ, որ օգնել եմ ուրիշներին ավելի շատ բաներ իմանալու Եհովայի մասին ու փոխելու իրենց կյանքը»։
12. Ինչպե՞ս կարող ես զորություն ստանալ, որպեսզի կարողանաս պաշտպանել քո հավատը։
12 Դու էլ կարող ես նման իրավիճակներ ապրել, ինչպես Ջենիֆերն ու Լիան։ Հետևիր Պետրոսի հորդորին. նա ասաց, որ դու՝ որպես քրիստոնյա, պետք է «միշտ պատրաստ [լինես] հեզութեամբ եւ երկիւղածութեամբ [«խոր հարգանքով», ՆԱ] պատասխան տալու ամենին, որ [քո] մէջ եղած յոյսի համար պատճառ հարցնէ» (Ա Պետրոս 3։15)։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Ընդօրինակիր առաջին դարի քրիստոնյաներին, որոնք աղոթեցին Եհովային, որ իրենց օգնի «բոլոր համարձակութիւնով» քարոզել (Գործք 4։29)։ Աղոթելուց հետո եղիր համարձակ, երբ խոսես համոզմունքներիդ մասին։ Արդյունքները կարող են պարզապես զարմացնել քեզ։ Եվ բացի դրանից, կուրախացնես Եհովայի սիրտը։
Տեսաֆիլմերի և դպրոցական հանձնարարությունների միջոցով
13. Ի՞նչ հնարավորություններից են որոշ պատանիներ օգտվել վկայություն տալու համար (տե՛ս շրջանակները, էջ 20, 21)։
13 Շատ պատանիներ տեսաֆիլմերի միջոցով կարողացել են իրենց հավատի մասին խոսել աշակերտների և ուսուցիչների հետ։ Երբեմն նրանց հնարավորություն է ընձեռվել փառաբանելու Եհովային նաև դպրոցական հատուկ հանձնարարությունների միջոցով։ Օրինակ՝ երկու 15–ամյա տղաներ, երկուսն էլ Եհովայի վկա, պատմության դասին հանձնարարություն ստացան զեկուցում գրել աշխարհի կրոններից մեկի վերաբերյալ։ Նրանք երկուսով որոշեցին զեկուցում պատրաստել Եհովայի վկաների մասին՝ օգտվելով «Եհովայի վկաներ. Աստծո Թագավորությունը հռչակողները» գրքից։b Տղաները նաև պետք է հանդես գային հինգ րոպեանոց բանավոր զեկուցումով։ Ուսուցիչն ու աշակերտներն այնքան շատ հարցեր ունեին, որ տղաները նախատեսված ժամանակից 20 րոպե ավել կանգնած մնացին դասարանի առջև։ Դրանից հետո համադասարանցիները մի քանի շաբաթ շարունակ Եհովայի վկաների մասին հարցեր էին տալիս նրանց։
14, 15. ա) Ինչո՞ւ է մարդավախությունը որոգայթ։ բ) Ինչո՞ւ պետք է վստահ լինես, որ արժե քո համոզմունքների մասին խոսել ուրիշների հետ։
14 Ինչպես վերոհիշյալ օրինակներն են ցույց տալիս, դու կարող ես մեծ օրհնություններ վայելել, եթե ուրիշներին պատմես քո՝ որպես Եհովայի վկայի, հավատալիքների ու համոզմունքների մասին։ Թույլ մի տուր, որ մարդավախությունը զրկի քեզ այն պատվից և ուրախությունից, որ կարող ես ունենալ՝ մարդկանց օգնելով իմանալու Եհովայի մասին։ Աստվածաշունչն ասում է. «Մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’ապաստանուի» (Առակաց 29։25)։
15 Հիշի՛ր, որ դու, լինելով քրիստոնյա, ունես մի բան, որի կարիքը խիստ զգում են քո հասակակիցները. դա լավագույն ապրելակերպն է, որ այժմ իսկ վայելում ես, և ապագա հավիտենական կյանքի խոստումը (Ա Տիմոթէոս 4։8)։ Միացյալ Նահանգներում, որտեղ, գուցե մտածես, թե մարդիկ ընդհանուր առմամբ անտարբեր են բարի լուրի հանդեպ կամ աշխարհային մտայնություն ունեն, անցկացվեց մի հասարակական հարցում։ Հետաքրքրական է, որ հարցման ենթարկված դեռահասների կեսը, եթե ոչ ավելին, շատ լրջորեն է վերաբերվում կրոնին, իսկ մեկ երրորդ մասն էլ ասում է, որ հավատն Աստծո հանդեպ իրենց կյանքում «ամենակարևոր բանն է»։ Հավանաբար, նման վերաբերմունք կարելի է տեսնել նաև աշխարհի այլ երկրներում։ Շատ հնարավոր է, որ դպրոցում սովորող քո հասակակիցները ուրախ կլինեն լսելու այն, ինչ կպատմես Աստվածաշնչի մասին։
Պատանինե՛ր, մոտեցեք Եհովային
16. Բացի Եհովայի մասին ուրիշների հետ խոսելուց, ուրիշ ինչպե՞ս կարող ես նրան հաճեցնել։
16 Անտարակույս, որպեսզի ուրախացնես Եհովայի սիրտը, պետք է ավելին անես, քան պարզապես նրա մասին ուրիշների հետ խոսելն է։ Դու պետք է նաև համապատասխանեցնես քո վարքը նրա չափանիշներին։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3)։ Դու կզգաս այս խոսքերի ճշմարտացիությունը, եթե մոտենաս Եհովային։ Իսկ ինչպե՞ս կարող ես մոտենալ։
17. Ինչպե՞ս կարող ես մոտենալ Եհովային։
17 Ժամանակ հատկացրու Աստվածաշունչ և Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն կարդալու համար։ Ինչքան շատ իմանաս Եհովայի մասին, այնքան ավելի հեշտ կլինի նրան հնազանդվելը և նրա մասին ուրիշների հետ խոսելը։ «Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բղխում.... որովհետեւ սրտի աւելացածիցն խօսում է նորա բերանը»,— ասաց Հիսուսը (Ղուկաս 6։45)։ Ուրեմն լցրու սիրտդ բարի բաներով։ Ինչո՞ւ դրա հետ կապված նպատակներ չդնես քո առջև։ Գուցե նպատակ դնես ավելի լավ ձևով նախապատրաստվել ժողովի հաջորդ շաբաթվա հանդիպումներին։ Մյուս նպատակդ կարող է լինել հակիրճ, բայց սրտանց մեկնաբանություն տալը հանդիպման ժամանակ։ Ինչ խոսք, շատ կարևոր է նաև ձեռք բերած գիտելիքները գործի դնել (Փիլիպպեցիս 4։9)։
18. Եթե նույնիսկ հակառակության ես հանդիպում, ինչո՞ւմ կարող ես վստահ լինել։
18 Օրհնությունները, որ բխում են Եհովային ծառայելուց, երկարատև են՝ հավիտենական։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ գուցե հակառակության հանդիպես կամ էլ ծաղրվես այն բանի համար, որ Եհովայի վկա ես։ Բայց հիշիր Մովսեսին։ Աստվածաշունչն ասում է, որ նա «աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը» (Եբրայեցիս 11։24–26)։ Դու նույնպես կարող ես վստահ լինել, որ Եհովան կպարգևատրի քեզ, քանի որ ջանք չես խնայում նրա մասին սովորելու և ուրիշների հետ խոսելու համար։ Այո՛, նա երբեք չի «մոռանայ [քո] գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց [տվիր]» (Եբրայեցիս 6։10)։
[ծանոթագրություններ]
a Հրատարակված է Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակված է Եհովայի վկաների կողմից։
Հիշո՞ւմ ես
• Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ Եհովան գնահատում է քո ծառայությունը։
• Դպրոցում վկայություն տալու ի՞նչ ձևեր են ոմանք հաջողությամբ կիրառել։
• Ինչպե՞ս կարող ես համարձակություն ձեռք բերել՝ վկայություն տալու քո համադասարանցիներին։
• Ինչպե՞ս կարող ես մոտենալ Եհովային։
[շրջանակ/նկարներ 20–րդ էջի վրա]
Նույնիսկ երեխաներն են փառաբանում Եհովային
Դպրոցում կարողացել են վկայություն տալ նույնիսկ այն երեխաները, որոնց տարիքը չի անցնում 13–ից։ Ահա մի քանի օրինակ։
Հինգերորդ դասարանում, որտեղ սովորում էր նաև տասնամյա Ամբերը, ընթերցվում էր մի գիրք հրեաների ջարդի մասին, որը կատարվել է նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Ամբերը որոշեց ուսուցչուհուն տալ «Մանուշակագույն եռանկյունիներ» տեսաֆիլմը։ Ուսուցչուհին զարմացավ՝ իմանալով, որ Եհովայի վկաներն էլ են հետապնդվել նացիստների կողմից։ Նա այդ ֆիլմը ցուցադրեց ամբողջ դասարանին։
Ութ տարեկան Ալեքսան իր դասարանին գրեց մի նամակ, որտեղ բացատրում էր, թե ինչու չի կարող մասնակցել Սուրբ Ծննդյան տոնակատարություններին։ Նրա ուսուցչուհին այնքան էր տպավորվել, որ թույլ տվեց Ալեքսային բարձրաձայն կարդալ նամակը ոչ միայն իրենց դասարանի, այլև մյուս երկու դասարանների առջև։ «Ինձ սովորեցրել են, որ հարգանք դրսևորեմ նրանց հանդեպ, ում կրոնը տարբեր է իմ կրոնից,— ասաց նա վերջում,— և ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ դուք հարգում եք իմ որոշումը Սուրբ Ծննդին չմասնակցելու վերաբերյալ»։
Էրիկը առաջին դասարանցի է։ Ուսումնական տարին դեռ նոր էր սկսել, երբ նա դպրոց տարավ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը և թույլտվություն խնդրեց ուսուցչից այն ցույց տալու համադասարանցիներին։ «Ես ավելի լավ առաջարկ ունեմ,— ասաց նրա ուսուցչուհին։— Ինչո՞ւ չկարդաս մի ինչ–որ պատմություն ամբողջ դասարանի համար»։ Էրիկը հենց այդպես էլ արեց։ Հետո նա խնդրեց բոլոր նրանց, ովքեր կցանկանային ունենալ այդ գրքից, ձեռք բարձրացնել։ Տասնութ մարդ, այդ թվում ուսուցչուհին, ձեռք բարձրացրեց։ Էրիկն ասում է, որ այժմ իր սեփական քարոզչական տարածքն ունի։
Ինը տարեկան Ուիթնին շատ երախտապարտ է «Եհովայի վկաները և կրթությունը»c գրքույկի համար։ «Մայրիկս սովորաբար ամեն տարի այդ գրքույկից տալիս է իմ ուսուցիչներին,— պատմում է նա,— բայց այս տարի ես ինքս դա արեցի։ Այդ գրքույկի շնորհիվ էր, որ ուսուցչուհին իմ թեկնածությունն առաջադրեց «շաբաթվա լավագույն աշակերտ» կոչմանն արժանանալու համար»։
[ծանոթագրություն]
c Բոլոր հիշատակված հրատարակությունները թողարկվել են Եհովայի վկաների կողմից
[շրջանակ/նկարներ 21–րդ էջի վրա]
Ինչ իրավիճակներում են ոմանք խոսել իրենց հավատի մասին
Ոմանք, երբ իրենց հանձնարարվել է ինչ–որ զեկուցում կամ նյութ պատրաստել, ընտրել են այնպիսի թեմա, որն իրենց հնարավորություն է ընձեռել վկայություն տալ։
Որոշ պատանիներ իրենց ուսուցչին տվել են դասարանում քննարկվող թեմային առնչվող տեսաֆիլմ կամ հրատարակություն։
Այլ պատանիներ էլ դասամիջոցին Աստվածաշունչ կամ Աստվածաշնչի վրա հիմնված որևէ հրատարակություն ընթերցելիս արտահայտվել են իրենց հավատի մասին, երբ հասակակիցները հետաքրքրող հարցերով դիմել են իրենց
[նկար 18–րդ էջի վրա]
Փորձառու քրիստոնյաները կարող են օգնել պատանիներին ծառայելու Եհովային