Բարձրագույն դատարանը պաշտպանում է ճշմարիտ երկրպագությունը ‘Արարատի երկրում’
Երեք երեխաների հայր, ալեխառն մազերով մի հայ տղամարդ կանգնած է իր ազգի բարձրագույն դատարանի առջև։ Կշեռքի վրա է ինչպես իր, այնպես էլ իր հավատակիցներից շատերի ազատությունը։ Դատարանը լսում է, թե ինչպես է նա իր համոզմունքները հիմնավորում Աստվածաշնչով։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես այս դատավարությունը հանգեցրեց ճշմարիտ երկրպագության հաղթանակին այդ երկրում, քննենք, թե ինչ իրադարձություններ նախորդեցին դրան։
ՀԱՅԱՍՏԱՆԸ գտնվում է Թուրքիայից դեպի արևելք, Կովկասյան մեծ լեռնաշղթայի անմիջապես հարավում։ Այն բնակավայր է հանդիսանում ավելի քան երեք միլիոն մարդկանց։ Մայրաքաղաք Երևանի առջև բացվում է մի զարմանահրաշ տեսարան՝ Արարատ լեռան երկու գագաթները, որի վրա, ինչպես ընդունված է շատերի կողմից, Համաշխարհային ջրհեղեղից հետո իջել է Նոյի տապանը (Ծննդոց 8։4)։a
Հայաստանում Եհովայի վկաները իրենց քրիստոնեական գործունեությունը սկսել են ծավալել 1975 թ.–ից։ Այն բանից հետո, երբ 1991 թ.–ին Հայաստանը, առանձնանալով նախկին Խորհրդային Միությունից, ձեռք բերեց անկախություն, ստեղծվեց Կրոնի գործերի պետական խորհուրդ, որին վերապահված էր գրանցել կրոնական կազմակերպությունները։ Այնուհանդերձ, այս խորհուրդը բազմիցս մերժել է գրանցել Եհովայի վկաներին. պատճառը հիմնականում եղել է այն, որ վերջիններս քրիստոնեական չեզոքություն են պահպանում։ Դրա հետևանքով 1991 թ.–ից սկսած՝ Հայաստանում ավելի քան 100 երիտասարդ Եհովայի վկաներ դատապարտվել են և մեծամասամբ ազատազրկվել՝ զինվորական ծառայության հարցում Աստվածաշնչի վրա հիմնված իրենց դիրքորոշման պատճառով։
Կրոնի գործերի պետական խորհուրդը նաև խնդրանք էր ուղղել դատախազությանը՝ քննության ենթարկել Լյովա Մարգարյանի կրոնական գործունեությունը (քրիստոնյա երեց, որը ջանասիրաբար աշխատում է ատոմային էլեկտրակայանում՝ որպես իրավաբան)։ Արդյունքում՝ Մարգարյանի դեմ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 244 հոդվածով (առաջին մաս), որը Խրուշչովյան ժամանակներից մնացած Խորհրդային օրենսդրության մի վերապրուկ է։ Դրա նպատակն էր եղել խանգարել և ապա վերջնականապես արմատախիլ անել Եհովայի վկաներին, ինչպես նաև այլ կրոնական խմբերին։
Համաձայն այդ հոդվածի՝ հանցանք է համարվում կրոնական «այնպիսի խմբի կազմակերպումն ու ղեկավարումը, որի կրոնական դավանանքների քարոզման.... պատրվակով տարվող գործունեությունը զուգորդված է.... անչափահասներին այդ գործունեության մեջ ներգրավելու հետ, ինչպես նաև քաղաքացիներին.... քաղաքացիական պարտականությունների կատարումից հրաժարվելուն դրդելու հետ»։ Այս հարցում իր պնդումը հիմնավորելու համար մեղադրող կողմը կենտրոնացավ այն փաստի վրա, որ Մեծամոր քաղաքում Լյովա Մարգարյանի անցկացրած հանդիպումներին անչափահաս երեխաներ են ներկա լինում։ Նա նաև պնդեց, որ Մարգարյանը դրդել է ժողովի երիտասարդներին հրաժարվել զինծառայությունից։
Դատաքննությունը սկսվում է
Դատաքննությունը սկսվեց 2001 թ. հուլիսի 20–ին՝ ուրբաթ օրը, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Մանվել Սիմոնյանի նախագահությամբ։ Այն շարունակվեց գրեթե ողջ օգոստոս ամսվա ընթացքում։ Դատարանում իրենց ցուցմունքները տալու ժամանակ մեղադրող կողմի հրավիրած վկաները ի վերջո ընդունեցին, որ Մարգարյանի դեմ ուղղված իրենց գրավոր հայտարարությունների որոշ մասը թելադրված է եղել Ազգային անվտանգության նախարարության (նախկինում ԿԳԲ) աշխատակիցների կողմից, և որ իրենց ստիպել են ստորագրել դրանք։ Օրինակ՝ մի կին ասաց, որ անվտանգության նախարարության աշխատակիցներից ինչ–որ մեկն է իրեն կարգադրել իր ցուցմունքի մեջ պնդելու, որ «Եհովայի վկաները դեմ են.... կառավարությանն ու կրոնին»։ Այդ կինը խոստովանեց, որ ինքն անձամբ չի ճանաչել ոչ մի Եհովայի վկայի, այլ պարզապես նրանց հասցեին մեղադրանքներ էր լսել Ազգային հեռուստատեսությամբ։
Երբ հերթը հասավ իրեն, Լյովա Մարգարյանն իր ցուցմունքներում նշեց, որ անչափահաս երեխաները հաճախել են Եհովայի վկաների հանդիպումներին միմիայն իրենց ծնողների թույլտվությամբ։ Նա նաև բացատրեց, որ զինվորական ծառայության գնալ–չգնալը զուտ անձնական որոշման հարց է։ Մեղադրող կողմի հարցապնդումները շարունակվեցին մի քանի օր։ Մարգարյանը, օգտվելով Աստվածաշնչից, հանդարտորեն պատասխանում էր իր համոզմունքներին առնչվող հարցերին, իսկ դատախազը իր ձեռքի տակ եղած Աստվածաշնչով ստուգում էր ներկայացվող համարները։
2001 թ. սեպտեմբերի 18–ին դատավորը ճանաչեց Մարգարյանի անմեղությունը «նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով»։ Այդ մասին մի մերկացնող հաղորդագրություն լույս տեսավ «Ասոշիեյթիդ պրեսում»։ Այնտեղ ասվում էր. «Այսօր Հայաստանի Եհովայի վկաների ղեկավարներից մեկը արդարացվեց այն մեղադրանքներից, թե զբաղվել է դավանափոխությամբ ու ստիպել է երիտասարդներին խուսափելու զինվորական ծառայությունից։ Երկամսյա դատաքննությունից հետո դատարանը հայտարարեց, որ բավարար ապացույցներ չկան ղեկավար Լևոն Մարգարյանի [Լյովա Մարգարյան] դեմ, որին սպասում էր մինչև հինգ տարի ազատազրկում։ .... Չնայած այն բանին, որ Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատություն, նոր կրոնական խմբերի համար շատ դժվար է պետականորեն գրանցվել, իսկ օրենքները ծառայում են հօգուտ գերիշխող Հայ առաքելական եկեղեցու»։ 2001 թ. սեպտեմբերի 18–ի պրես–րելիզում (հատուկ տեղեկագիր) Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) նշեց հետևյալը. «Թեև ԵԱՀԿ–ն հավանություն է տալիս դատարանի կայացրած վճռին, սակայն ցավում է, որ նման մեղադրանք ընդհանրապես առաջադրվել է»։
Դատական հետապնդումը շարունակվում է
Այնուամենայնիվ, մեղադրող կողմը (երկու դատախազներ) բողոքարկեց որոշումը, և վերաքննիչ դատարանում դատաքննությունը տևեց չորս ամիս։ Այդ դատաքննության սկզբում, երբ Լյովա Մարգարյանն արդեն ներկայացրել էր իր ցուցմունքները, առաջին հարցը առաջ քաշեց ատյանի դատավորներից մեկը։ Երբ Մարգարյանը սկսեց պատասխանել, նախագահող դատավորը ընդհատեց նրան ու սկսեց առարկել։ Դրանից հետո, նա թույլ չէր տալիս Մարգարյանին մինչև վերջ պատասխանելու առաջադրված հարցերից գոնե մեկին։ Առանց հիմքեր ներկայացնելու՝ նա նաև արձանագրությունից հանում էր պաշտպանող կողմի առաջ քաշած հարցերի մեծամասնությունը։ Դատաքննության ընթացքում Եհովայի վկաների դեմ տրամադրված կրոնական մոլեռանդները, որոնք լցվել էին նիստի դահլիճ, շարունակ վիրավորանքներ էին տեղում Մարգարյանի հասցեին։ Նիստից հետո դատաքննության վերաբերյալ բազմաթիվ կեղծ և աղավաղված հաղորդագրություններ ցույց տրվեցին հեռուստատեսությամբ, որոնցում նշվում էր, օրինակ, թե Մարգարյանը իրականում իրեն մեղավոր է ճանաչել։
Դատաքննությունը դեռ ընթացքի մեջ էր, երբ երեք դատավորներից բաղկացած ատյանի նախագահողը, ի զարմանս ներկա գտնվողների, ներկայացրեց մի նամակ, որը Կրոնի գործերի պետական խորհուրդը ուղղել էր դատախազությանը՝ պահանջելով որոշակի միջոցներ ձեռնարկել Մարգարյանի դեմ։ Այս պահանջը ցնցեց միջազգային դիտորդներին, ովքեր ներկա էին դատական նիստին, քանի որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար ներկայացրած իր դիմումի մեջ Հայաստանը պարտավորվում էր «հսկել, որպեսզի բոլոր եկեղեցիները և կրոնական համայնքները, մասնավորապես այսպես կոչված «ոչ ավանդականները», կարողանան իրենց դավանանքն իրականացնել առանց խտրականության»։
Դատաքննության հաջորդ շաբաթների ընթացքում մթնոլորտը գնալով լարվեց։ Հակառակորդները շարունակ անհանգստացնում էին Վկաներին ու հարձակումներ գործում նրանց վրա՝ թե՛ դատարանի շենքի ներսում, թե՛ դրսում։ Օրինակ՝ այդ ընթացքում հարված էր հասցվել կանանց սրունքներին։ Հարձակման ենթարկվելու պահին Վկաներից մեկը, որը նույն ձևով չէր հատուցել, թիկունքին այնպիսի հարված էր ստացել, որ արդյունքում հիվանդանոց տանելու անհրաժեշտություն առաջացավ։
Ընթացքում գործի համար մեկ ուրիշ նախագահող դատավոր նշանակվեց։ Չնայած որ ներկաներից ոմանք ջանում էին վախեցնել պաշտպանող կողմին, այս նոր դատավորը պահպանում էր կարգ ու կանոն։ Նա նույնիսկ կարգադրեց ոստիկանության աշխատակիցներին դուրս հրավիրել մի կնոջ, որը բղավելով սպառնալից խոսքեր էր տեղում պաշտպանող կողմի հասցեին։
Դեպի Հայաստանի բարձրագույն դատարան
Վերջապես, 2002 թ. մարտի 7–ին վերաքննիչ դատարանը պաշտպանեց առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը։ Հետաքրքրական է, որ այդ վճիռը հայտարարելուց մեկ օր առաջ Կրոնի գործերի պետական խորհուրդը լուծարվել էր։ Սակայն մեղադրող կողմը դարձյալ բողոքարկեց դատավճիռը, այս անգամ՝ Հայաստանի բարձրագույն ատյանին՝ վճռաբեկ դատարանին։ Այժմ դատախազները խնդրում էին, որ դատարանը գործը վերադարձնի նոր դատաքննության՝ «մեղադրական դատավճիռ կայացնելու համար»։
Վեց դատավորներից բաղկացած ատյանը, որ նախագահում էր դատավոր Մհեր Խաչատրյանը, նիստը սկսեց 2002 թ. ապրիլի 19–ին՝ առավոտյան ժամը 11–ին։ Իր բացման խոսքում դատախազներից մեկը արտահայտեց իր խիստ վրդովմունքը՝ հայտարարելով, որ նախորդ երկու ատյանները չեն կարողացել մեղավոր ճանաչել Լյովա Մարգարյանին։ Այս անգամ, սակայն, մեղադրող կողմին ընդհատեցին. չորս դատավորների կողմից նրան կտրուկ հարցադրումներ ուղղվեցին։ Դատավորներից մեկը նկատողություն արեց դատախազին այն բանի համար, որ նա փորձում էր դատարանին նախատրամադրել՝ Լյովա Մարգարյանի դեմ ներկայացրած իր հայցի մեջ ընդգրկելով «Եհովայի վկաներ» կազմակերպության քարոզչական գործունեության և գրանցված չլինելու փաստը, որոնցից ոչ մեկը ՀՀ քր. օր.–ի 244 հոդվածով չի համարվում որպես հանցագործություն։ Այնուհետև նա մեղադրող կողմի արարքները բնութագրեց որպես «հալածանք՝ քրեական գործ հարուցելու միջոցով»։ Մեկ ուրիշ դատավոր մեջ բերեց Եվրոպական դատարանում լսված տարբեր գործեր, որոնցում Եհովայի վկաները ճանաչվել են որպես «հայտնի կրոն», որի իրավունքները պաշտպանվում են մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով։ Այդ ընթացքում մի քահանա նիստի դահլիճում բղավում էր, թե Եհովայի վկաները պառակտում են ազգը։ Դատարանը նրան կարգադրեց լուռ մնալ։
Այդ ամենից հետո դատավորները հարցաքննեցին Լյովա Մարգարյանին, որը մի հիանալի վկայություն տվեց՝ տարբեր հարցերում Եհովայի վկաների քրիստոնեական դիրքորոշման հետ կապված (Մարկոս 13։9)։ Կարճ խորհրդակցությունից հետո դատարանը վերադարձավ և միաձայն պաշտպանեց «արդարացման» դատավճիռը։ Կարելի էր նկատել, թե ինչ թեթևություն զգաց Մարգարյանը։ Իր գրավոր վճռի մեջ դատարանը արձանագրել էր. «[Լյովա Մարգարյանի] արարքը գործող օրենսդրությամբ հանցագործություն չի համարվում, իսկ մեղադրանքի այդպիսի ձևակերպումը հակասում է կրոնի ու դավանանքի իրավունքը երաշխավորող ՀՀ Սահմանադրության 23 և Եվրոպական կոնվենցիայի 9 հոդվածներին»։
Որոշման արդյունքները
Եթե այս դատական հետապնդումը հասներ իր նպատակին, ապա դա ճանապարհ կհարթեր, որ դատական գործեր բացվեին նաև մյուս երեցների դեմ՝ ողջ Հայաստանի Եհովայի վկաների ժողովներում։ Սակայն դատարանի կողմից կայացված այս հստակ վճիռը պետք է որ կանխի անհանգստություն առաջացնող նման գործողությունները։ Ոչ նպաստավոր որոշումը կարող էր նաև պատրվակ դառնալ՝ շարունակ մերժելու Եհովայի վկաներին պետականորեն գրանցել։ Բարեբախտաբար, դատարանը վերացրեց այդ կեղծ պատրվակը։
Ժամանակը ցույց կտա՝ գրանցվելու թույլտվություն կստանա՞ն այս երկրում ապրող ավելի քան 7 000 Եհովայի վկաները, թե՝ ոչ։ Իսկ առայժմ ճշմարիտ երկրպագությունը կենդանի է ու ծաղկում է ‘Արարատի երկրում’։
[ծանոթագրություն]
a Սա պատճառներից մեկն է, թե ինչու են հայերը իրենց երկիրը կապում Արարատ լեռան հետ։ Հնում Հայաստանը մեծ թագավորություն է եղել, որն իր տարածքում ընդգրկել է այդ լեռները։ Այդ է պատճառը, որ Եսայիա 37։38 համարում Աստվածաշնչի հունարեն «Յոթանասնից» թարգմանությունը «Արարատի երկիրը» արտահայտությունը ներկայացնում է «Հայաստան» բառով։ Այժմ Արարատ լեռը գտնվում է Թուրքիայում՝ նրա արևելյան սահմանի մոտ։
[նկար 12–րդ էջի վրա]
Լյովա Մարգարյանը դատաքննության ժամանակ
[նկար 13–րդ էջի վրա]
Եղբայր Մարգարյանն իր ընտանիքի հետ