Իմաստուն վարվիր, երբ հանգամանքները փոխվում են
Փամը, Յանը, Դրիսը և Օտտոն քրիստոնյա երեցներ են։ Նրանք ապրում են Նիդերլանդներում։ Այս մարդկանց միջև շատ ընդհանրություններ կան։ Բոլորն էլ ամուսնացած են և երեխաներ ունեն։ Նրանք տարիներ առաջ աշխատում էին լրիվ աշխատանքային օր և ապրում էին հարմարավետ տներում։ Սակայն բոլորն էլ թողեցին իրենց գործը և ամբողջ ժամանակն ու ուժերը նվիրեցին Աստծո Թագավորության շահերին։ Ինչպե՞ս նրանք կարողացան նման փոփոխություններ կատարել։ Այդ մարդիկ իմաստուն ձևով վարվեցին, երբ իրենց հանգամանքները փոխվեցին։
ԳՐԵԹԵ բոլորիս հանգամանքներն էլ ի վերջո այս կամ այն կերպ փոխվում են։ Շատ փոփոխություններ, ինչպես օրինակ՝ ամուսնանալը, երեխա ունենալը կամ էլ տարիքն առած ծնողներին հոգ տանելը, բերում են լրացուցիչ պատասխանատվություններ։ Բայց որոշ փոփոխություններ, այնուամենայնիվ, հնարավորություն են տալիս ընդարձակելու քրիստոնեական ծառայությունը (Մատթէոս 9։37, 38)։ Այդպես կարող է լինել, օրինակ, այն դեպքում, երբ մեր երեխաները, որ արդեն չափահաս են դարձել, ցանկանան թողնել տունը, կամ երբ թոշակի անցնելու լինենք։
Չնայած որ մեր հանգամանքները փոխվում են անկախ այն բանից, ուզում ենք դա թե ոչ, որոշ քրիստոնյաներ հաջողությամբ փոփոխություններ են կատարել իրենց կյանքում ու կարողացել են ավելացնել իրենց ծառայությունը։ Փամը, Յանը, Դրիսը և Օտտոն հենց այդպես են վարվել։ Ի՞նչ են արել նրանք։
Երբ երեխաները թողնում են տունը
Փամը աշխատում էր դեղագործական ընկերությունում որպես հաշվապահ։ Նա իր կնոջ՝ Աննիի հետ հաճախ էր ծառայում որպես ենթառահվիրա, ընդ որում նրանց հետ էին լինում նաև իրենց երկու աղջիկները։ Փամն ու Աննին նաև ժամանց էին կազմակերպում մյուս ռահվիրաների հետ շփվելու ու հանգստանալու համար։ Նրանք պատմում են. «Դա կանխում էր այն պրոբլեմները, որոնք գուցեև լինեին, եթե մենք ուրիշ ընկերակցություններ ունենայինք»։ Ծնողների օրինակին հետևելով՝ երկու դուստրերն էլ դպրոցն ավարտելուց հետո դարձան ընդհանուր ռահվիրաներ։
Երբ երեխաները հեռացան տնից, Փամն ու Աննին զգացին, որ հանգամանքների նման փոփոխությունն իրենց ավելի շատ ազատություն է տալիս, ինչպես նաև իրենց տրամադրության տակ ավելի շատ ֆինանսական միջոցներ են մնում, և իրենք կարող են ճանապարհորդություն կատարել կամ էլ ժամանակն այլ ձևով վայելել։ Սակայն այս ամուսնական զույգը որոշեց հանգամանքների փոփոխությունն օգտագործել ի նպաստ քրիստոնեական ծառայության ընդլայնման։ Փամը խնդրեց իր գործատերից, որ իրեն թույլ տա շաբաթվա մեջ մեկ օր քիչ աշխատել։ Ավելի ուշ Փամը որոշ փոփոխություններ կատարեց, ինչը իրեն հնարավորություն տվեց աշխատանքը սկսել առավոտյան ժամը յոթին ու ավարտել ցերեկվա ժամը երկուսին։ Իհարկե, քիչ աշխատել՝ նշանակում էր բավարարվել ավելի քիչ եկամտով։ Բայց նրանք չտատանվեցին, և 1991 թ.–ին Փամը սկսեց ծառայել որպես ընդհանուր ռահվիրա, ինչպես իր կինը։
Հետո Փամին խնդրեցին կատարել Եհովայի վկաների Համաժողովների սրահի վերակացուի օգնականի պարտականությունները։ Դա նշանակում էր, որ նա ու իր կինը պետք է թողնեին իրենց տունը, որտեղ ապրել էին 30 տարի, ու տեղափոխվեին Համաժողովների սրահի տարածք։ Նրանք տեղափոխվեցին։ Դժվա՞ր էր այդ քայլն անելը։ Աննին ասում է, որ երբ կարոտում է տունը, ինքն իրեն հարց է տալիս. «Ես Ղովտի կի՞նն եմ»։ Աննին մտադիր չէր ‘ետևին մտիկ անել’ (Ծննդոց 19։26; Ղուկաս 17։32)։
Փամն ու Աննին զգում են, որ իրենց այդ որոշումը շատ օրհնություններ է բերել։ Շատ այլ բաների հետ մեկտեղ՝ նրանց մեծ ուրախություն է պատճառում Համաժողովների սրահում ծառայելը, մարզային համաժողովների անցկացման համար պատրաստություններ տեսնելը և հաղորդակցվելը շրջանային վերակացուների (շրջագայող ծառայողների) հետ, որոնք Սրահում հանդես են գալիս ելույթներով։ Ժամանակ առ ժամանակ նրանք այցելում են տարբեր ժողովներ, երբ Փամը ծառայում է որպես շրջանային վերակացուին փոխարինող։
Ի՞նչն է օգնել այս զույգին, որ հաջողությամբ ընդարձակի իր ծառայությունը։ Փամը պատասխանում է. «Երբ կյանքումդ մեծ փոփոխություններ են տեղի ունենում, պետք է նոր հանգամանքները հնարավորին չափ խելացի ձևով օգտագործես»։
Պարզ ապրելակերպ ունենալ
Յանն ու իր կինը՝ Վոթը, երեք երեխաներ ունեն։ Փամի ու նրա կնոջ պես՝ Յանը հանգամանքների փոփոխությունը խելացի ձևով օգտագործեց։ Տարիներ շարունակ նա լավ վարձատրվող գործ էր կատարում բանկում, ինչը հնարավորություն էր ստեղծում, որ իր ընտանիքը բարեկեցիկ կյանք վարի։ Սակայն Յանը զգում էր, որ ծառայությունն ընդարձակելու ցանկությունը գնալով ավելի է մեծանում։ Նա բացատրում է. «Տարիների ընթացքում ճշմարտության հանդեպ իմ երախտագիտությունն աստիճանաբար մեծանում էր, սերս Եհովայի հանդեպ՝ աճում»։ 1986 թ.–ին Յանը փոփոխություններ կատարեց իր կյանքում։ Նա ասում է. «Երբ աշխատավայրում կազմակերպչական փոփոխություններ կատարվեցին, ես օգտվեցի ստեղծված հնարավորությունից ու սկսեցի ավելի քիչ ժամեր աշխատել։ Իմ զարմացած աշխատակիցները անունս դրեցին Դիվուդո, քանի որ աշխատում էի միայն «դինսդախ» [երեքշաբթի], «վունսդախ» [չորեքշաբթի] և «դոնդերդախ» [հինգշաբթի] օրերին։ Աշխատավարձս 40 տոկոսով նվազեց։ Մենք վաճառեցինք տունը և գնեցինք լողացող տնակ, որպեսզի կարողանայինք ծառայել այն վայրերում, որտեղ Թագավորության քարոզիչների մեծ կարիք էր զգացվում։ Իսկ ավելի ուշ վաղաժամ թոշակի անցա։ Չնայած որ եկամուտներս նվազեցին ևս 20 տոկոսով, 1993 թ.–ին կարողացա սկսել ռահվիրայական ծառայություն։
Ներկայումս Յանը Հիվանդանոցների հետ կապի կոմիտեի անդամ է։ Նա կանոնավորաբար ծառայում է նաև որպես համաժողովի վերակացու։ Իսկ Վոթը ժամանակ առ ժամանակ ծառայում է որպես ենթառահվիրա, չնայած որ առողջական խնդիրներ ունի։ Նրանց բոլոր երեխաներն էլ այժմ ամուսնացած են և իրենց ամուսինների հետ եռանդորեն ծառայում են հանուն Թագավորության շահերի։
Ինչպե՞ս Յանը և Վոթը հարմարվեցին իրենց նոր նյութական պայմաններին։ «Մեր առատության օրերին,— ասում է Յանը,— մենք ամեն ինչ անում էինք՝ չափից դուրս չկապվելու նյութական բարիքներին։ Այժմ երբեմն ստիպված ենք փոքր–ինչ նեղություն կրել ու որոշ ժամանակ սպասել մի բան գնելու համար, բայց մեր ստացած հոգևոր օրհնություններն ու առանձնաշնորհումները առատորեն փոխհատուցում են դա»։
Յանի ու Վոթի նման՝ Դրիսն ու իր կինը՝ Յենին, նույնպես որոշել են պարզ կյանքով ապրել, որպեսզի Թագավորության շահերին ավելի շատ ժամանակ տրամադրեն։ Նախքան երեխա ունենալը Դրիսն ու Յենին ծառայում էին որպես ռահվիրաներ։ Հետո ընտանիքի կարիքները հոգալու համար Դրիսը սկսեց աշխատել մի մեծ ընկերությունում. նա պատասխանատու գործ էր անում։ Գործատերերը բարձր գնահատեցին նրա կատարած աշխատանքը և առաջարկեցին ավելի բարձր պաշտոն։ Բայց Դրիսը մերժեց, քանի որ ստիպված կլիներ քրիստոնեական գործունեությանը քիչ ժամանակ հատկացնել։
Ընտանիքի կարիքները հոգալու, ինչպես նաև Յենիի հիվանդ մորը խնամելու համար նրանցից շատ ժամանակ և ջանք էր պահանջվում։ Բայց չնայած դրան՝ նրանք շարունակում էին իրենց մեջ ռահվիրայական ոգի զարգացնել։ Ի՞նչն օգնեց նրանց։ Յենին բացատրում է. «Մեզ հետ ռահվիրաներ էին ապրում, հրավիրում էինք ռահվիրաներին մեզ հետ ճաշելու, սենյակ էինք տրամադրում շրջանային վերակացուներին»։ Դրիսն ավելացնում է. «Մենք պարզ կյանք էինք վարում ու խուսափում էինք պարտք վերցնելուց։ Որոշել էինք, որ երբեք խոշոր բիզնեսով չենք զբաղվի, տուն չենք գնի, որպեսզի հետագայում կապված չլինենք նման բաների»։
Դրիսի ու Յենիի որոշումը՝ կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք իրենց հնարավորություն կտային Թագավորության շահերին ավելի շատ ժամանակ տրամադրել, օրհնություններ է բերել իրենց։ Նրանց երկու որդիներն էլ այժմ ծառայում են որպես երեցներ, ընդ որում նրանցից մեկը իր կնոջ հետ միասին ռահվիրայություն է անում։ Դրիսն ու Յենին ծառայեցին որպես հատուկ ռահվիրաներ, իսկ ավելի ուշ Յենին սկսեց ուղեկցել Դրիսին շրջագայական ծառայության մեջ։ Այժմ նրանք Բեթելի կամավորներից են, և Դրիսն այնտեղ ծառայում է որպես մասնաճյուղի կոմիտեի անդամ։
Վաղաժամ թոշակի անցնելը
Օտտոն ու իր կինը՝ Ջուդին, երկու աղջիկ ունեն։ Դրիսի ու Յենիի պես՝ նրանք նախքան երեխա ունենալը ծառայում էին որպես ռահվիրաներ։ Երբ Ջուդին սպասում էր առաջին երեխային, Օտտոն սկսեց աշխատել որպես ուսուցիչ։
Երեխաները մեծանում էին, և Օտտոն ու Ջուդին հաճախ էին հյուրընկալում ռահվիրաներին, որպեսզի իրենց աղջիկները տեսնեն, թե ինչ մեծ ուրախություն է բերում քրիստոնեական լիաժամ ծառայությունը։ Ժամանակի ընթացքում նրանց մեծ դուստրը սկսեց ռահվիրայություն անել։ Ավելի ուշ նա սովորեց «Գաղաադ» դպրոցում և այժմ իր ամուսնու հետ ծառայում է որպես միսիոներ աֆրիկյան երկրներից մեկում։ Նրանց փոքր դուստրը որպես ռահվիրա սկսեց ծառայել 1987 թ.–ին։ Այդ ժամանակ Ջուդին էլ ռահվիրայական ծառայություն սկսեց։
Հանգամանքները փոխվեցին, ու Օտտոն սկսեց ավելի քիչ աշխատել դպրոցում, և նա ավելացած ժամանակն օգտագործեց որպես ռահվիրա ծառայելու համար։ Շուտով Օտտոն ընդհանրապես թողեց իր գործը։ Ներկայումս նա շրջագայական ծառայություն է կատարում, և ուսուցչի մասնագիտությունը իրեն պետք է գալիս ժողովները հոգևորապես զորացնելու համար։
Ի՞նչ խորհուրդ է տալիս Օտտոն նրանց, ովքեր վաղաժամ թոշակի են անցնում։ «Երբ թոշակի եք անցնում, մի մտածեք, թե մեկ–երկու տարի լավ կլիներ հանգստանալ։ Դժվար չէ վարժվել «հանգստանալուն»։ Նախքան դու գլխի կընկնես դա, արդեն մոռացած կլինես ռահվիրայության մասին։ Ավելի լավ է միանգամից օգտվել ծառայելու լրացուցիչ հնարավորությունից»։
Կյանքի փորձը մեծ օգուտ է բերում
Իհարկե, եղբայրներ Փամը, Յանը, Դրիսը և Օտտոն այժմ չունեն նախկին երիտասարդական ուժն ու կորովը։ Բայց դրա փոխարեն՝ նրանք դարձել են ավելի հասուն, փորձված, իմաստուն (Առակաց 20։29)։ Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում հայր լինել, իսկ իրենց կանանց միջոցով որոշակիորեն հասկանում են նաև, թե ինչ է նշանակում մայր լինել։ Իրենց կանանց հետ միասին նրանք լուծել են ընտանեկան խնդիրներ և օգնել են իրենց երեխաներին աստվածապետական նպատակներ դնել։ Օտտոն ասում է. «Երբ որպես շրջանային վերակացու խորհուրդներ եմ տալիս ընտանիքի վերաբերյալ, ինձ օգնում է այն, որ ինքս եղել եմ ընտանիքի հայր»։ Նույն ձևով էլ այն, որ Դրիսը ընտանիք է ունեցել, արժեքավոր է դարձնում նրա տեղը Բեթելի ընտանիքում, քանի որ այստեղ երիտասարդները շատ են։
Այո՛, անձնական փորձն օգնում է այս եղբայրներին հոգալ ժողովների շատ ու շատ կարիքներ։ Կյանքի փորձը, այսպես ասած, սրում է նրանց բանեցրած «գործիքները», ուստի նրանք կարողանում են իրենց ուժերն օգտագործել լավագույն ձևով (Ժողովող 10։10)։ Հաճախ նրանք կարող են տվյալ ժամանակամիջոցում ավելի շատ աշխատանք անել, քան իրենցից ֆիզիկապես ուժեղ, բայց քիչ փորձ ունեցող անհատները։
Այս եղբայրները իրենց կանանց հետ մեկտեղ հրաշալի օրինակ են Եհովային ծառայող երիտասարդների համար։ Վերջիններս սեփական աչքով են տեսնում, որ նրանք անձամբ կրել են դժվարություններ ու ստացել օրհնություններ, որոնց մասին խոսվում է մեր քրիստոնեական հրատարակություններում։ Քաջալերական է տեսնել այնպիսի մարդկանց, ովքեր ցուցաբերում են Քաղեբի ոգին. Քաղեբը, չնայած իր տարիքին, խնդրեց, որ իրեն դժվար հանձնարարություն տան (Յեսու 14։10–12)։
Ընդօրինակիր նրանց հավատը
Գուցե կարո՞ղ ես ընդօրինակել այս հոդվածում հիշատակված ամուսնական զույգերի հավատն ու գործերը։ Հիշիր, որ նրանք ճշմարտությունը դարձրել էին իրենց կյանքի ուղին։ Նրանք իրենց զավակների սրտում ներարկում էին ռահվիրա դառնալու ցանկություն։ Նրանք դա արեցին, ինչպես Յանն է ասում, «երեխաների համար օրինակ լինելով Եհովային ու նրա կազմակերպությանը սիրելու մեջ, բարերար ընկերակցություն ապահովելով և սովորեցնելով, թե ինչպես ինքնուրույն հոգալ սեփական կարիքները»։ Նրանք նաև ընտանիքով գործեր էին անում և խաղեր էին կազմակերպում։ «Արձակուրդներին,— հիշում է Փամը,— մենք սովորություն ունեինք առավոտյան գնալու քարոզչության, իսկ կեսօրից հետո հանգստանում էինք»։
Բացի այդ, այս քրիստոնյաները գիտեին վաղօրոք պլանավորել, ուստի երբ հանգամանքները փոխվում էին, նրանք կարողանում էին խելացի ձևով վարվել ստեղծված իրավիճակում։ Նրանք նպատակներ էին դնում ու կայացնում այնպիսի որոշումներ, որոնք նպաստում էին այդ նպատակների իրագործմանը։ Նաև հնարավորություններ էին փնտրում ավելի քիչ ժամանակ տրամադրել աշխատանքին ու բավարարվել նվազ եկամուտներով (Փիլիպպեցիս 1։10)։ Կանայք լիակատար աջակցություն էին ցույց տալիս իրենց ամուսիններին։ Այս քրիստոնյաները մեծ ցանկություն ունեին մտնելու ‘մեծ և արդյունավոր դռնով’ և, որպես արդյունք, վայելելու առատ օրհնություններ Եհովայից (Ա Կորնթացիս 16։9; Առակաց 10։22)։
Դու է՞լ ցանկություն ունես ընդարձակելու քո ծառայությունը։ Եթե այո, ուրեմն թող որ քո հանգամանքների փոփոխությունը միջոց լինի քեզ համար՝ իրականացնելու դա։
[նկար 20–րդ էջի վրա]
Փամն ու Աննին հետևում են Համաժողովների սրահի բարեկարգությանը
[նկար 20–րդ էջի վրա]
Յանն ու Վոթը՝ քարոզչական ծառայության ժամանակ
[նկար 21–րդ էջի վրա]
Դրիսն ու Յենին ծառայում են Բեթելում
[նկար 21–րդ էջի վրա]
Օտտոն ու Ջուդին պատրաստվում են այցելելու հաջորդ ժողով