Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 1/15 էջ 4–7
  • Չարը հաղթե՞լ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չարը հաղթե՞լ է
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կարո՞ղ են մարդիկ հաջողությամբ ղեկավարել իրենք իրենց
  • Կարո՞ղ է Սատանան ամեն մարդու հեռացնել Աստծուց
  • Ի՞նչ է բերելու ապագան
  • Ո՞ւմ կողմից կլինես
  • Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Արթուն եղիր. Սատանան ուզում է կուլ տալ քեզ
    2015 Դիտարան
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Սատանան պարզապես չարության խորհրդանի՞շ է
    2014 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 1/15 էջ 4–7

Չարը հաղթե՞լ է

ԲԱՐԻ և չար ուժերի միջև տիեզերական պայքարի գաղափարը ողջ պատմության ընթացքում անվերջ ենթադրությունների տեղիք է տվել գրողների և փիլիսոփաների շրջանում։ Սակայն կա մի գիրք, որը ճշգրտորեն պատմում է Աստծո և Սատանայի միջև ընթացող պայքարի մասին։ Այդ գիրքը Աստվածաշունչն է։ Աստվածաշունչը լույս է սփռում բոլոր այն հարցերի վրա, որոնք վերաբերում են այդ ընդհարմանը և օգնում է հասկանալ, թե ո՛վ է իրականում հաղթել։

Առաջին տղամարդու ու կնոջ արարումից շատ չանցած՝ մի անտեսանելի ոգեղեն արարած՝ Բանսարկու Սատանան, մարտահրավեր նետեց Աստծո իշխանությանը։ Ինչպե՞ս։ Նա խորամանկորեն առաջ քաշեց այն միտքը, թե Աստված իր արարածներին զրկում է օգտակար բաներից, և թե մարդիկ, Աստծուց անկախ լինելով, ավելի լավ կյանքով կապրեն (Ծննդոց 3։1–5; Յայտնութիւն 12։9)։

Հետագայում՝ Հոբ նահապետի օրերում, Սատանան մեկ այլ հարց առաջ քաշեց։ Ցանկանալով պղծել Աստծո հանդեպ Հոբի անարատությունը, նա ասաց. «Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ» (Յոբ 2։4)։ Ինչպիսի՜ պնդում։ «Հոբ» անվան փոխարեն օգտագործելով ավելի ընդհանուր՝ «մարդ» բառը՝ Սատանան կասկածի տակ դրեց յուրաքանչյուր մարդու անարատությունը։ Նա, փաստորեն, հետևյալն ասաց. «Մարդն ամեն ինչ կանի իր կյանքը փրկելու համար։ Եթե ինձ հնարավորություն տրվի, ես ամեն մի մարդու կհեռացնեմ Աստծուց»։

Պարզելու համար, թե ով է հաղթել Աստծո և Սատանայի միջև ընթացող պայքարում, հարկավոր է պատասխանել երկու հարցի. «Ընդունա՞կ է մարդն ինքն իրեն հաջողությամբ ղեկավարել։ Հաջողվե՞լ է Սատանային բոլոր մարդկանց հեռացնել Աստծուց»։

Կարո՞ղ են մարդիկ հաջողությամբ ղեկավարել իրենք իրենց

Հազարամյակներ ի վեր մարդիկ կառավարման տարբեր ձևեր են փորձել։ Պատմությունը տեսել է կառավարման բազում ձևեր՝ միապետություն, արիստոկրատիա, ժողովրդավարություն, բռնապետություն, ֆաշիզմ, կոմունիզմ։ Մի՞թե այն փաստը, որ մարդիկ անընդհատ կարիք են զգացել կառավարման տարբեր ձևեր փորձելու, չի ապացուցում, որ դրանք իրենց չեն արդարացրել։

«Հռոմեացի ժողովուրդը գրեթե անսպասելիորեն հայտնվեց մի վիթխարի վարչական փորձի մեջ,— գրում է Հ. Ուելսը 1922 թ.–ին հրատարակված «Աշխարհի պատմություն» գրքում (անգլ.)։— Կառավարման ձևը միշտ փոխվում էր. այն երբեք չէր կայունանում։ Ինչ–​որ իմաստով այդ փորձը ձախողվեց։ Ինչ–​որ իմաստով էլ այն դեռ շարունակվում է. Եվրոպան ու Ամերիկան այսօր գլուխ են ջարդում՝ լուծելու պետության ղեկավարմանը վերաբերող այն խնդիրները, որոնց առաջին անգամ բախվել էին հռոմեացիները»։

Կառավարման տարբեր ձևերի փորձարկումները շարունակվեցին ամբողջ 20–րդ դարում։ Դարավերջին կառավարման ժողովրդավարական եղանակը է՛լ ավելի մեծ տարածում գտավ, որպիսին նախկինում չէր եղել։ Տեսականորեն՝ կառավարման ժողովրդավարական եղանակը ենթադրում է յուրաքանչյուրի մասնակցությունը կառավարման մեջ։ Բայց ապացուցե՞լ է ժողովրդավարությունը, որ մարդը կարող է առանց Աստծո հաջողության հասնել կառավարման ոլորտում։ Ջավահարլալ Ներուն՝ Հնդկաստանի նախկին վարչապետը, ժողովրդավարությունը համարել է կառավարման ընդունելի ձև։ Բայց նա նաև ավելացրել է. «Ես դա ասում եմ, քանի որ մյուս համակարգերն ավելի վատն են»։ Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ’Էստենն ասաց. «Մենք ականատես ենք լինում ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամի»։

Արդեն մ.թ.ա. 5–րդ դարում հույն փիլիսոփա Պլատոնը կառավարման ժողովրդավարական ձևի մեջ որոշ թերություններ էր նկատել։ Համաձայն «Քաղաքական տեսության պատմություն» գրքի (անգլ.)՝ նա քննադատության ենթարկեց «քաղաքագետների տգիտությունն ու անձեռնհասությունը, ինչը իսկական պատուհաս էր ժողովրդավարության համար»։ Ներկայումս շատ քաղաքագետներ ցավով նշում են, որ շատ դժվար է գտնել շնորհալի անհատների, ովքեր կկարողանային ինչպես հարկն է աշխատել պետական կառավարման ոլորտում։ «Մարդիկ հոգնել են այն ղեկավարներից, ովքեր «փոքրանում» են մեծ պրոբլեմների դիմաց,— գրում է «Ուոլ սթրիթ ջորնլ» թերթը։— Նրանք իրենց ղեկավարներից առաջնորդություն են ակնկալում, բայց դրա փոխարեն տեսնում են անվճռականություն, կաշառակերություն»։

Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպիսին էր կացությունը հին Իսրայելում Սողոմոն թագավորի կառավարման օրոք։ Եհովա Աստված Սողոմոնին օժտել էր չտեսնված իմաստությամբ (Գ Թագաւորաց 4։29–34)։ Ինչպիսի՞ն էր իսրայելացիների կյանքը Սողոմոնի 40–ամյա կառավարման շրջանում։ Աստվածաշունչն ասում է. «Յուդան եւ Իսրայէլը շատ էին ինչպէս որ ծովի եզերքի շատ աւազը. եւ ուտում ու խմում եւ ուրախանում էին»։ Իսկ մեկ ուրիշ համարում հետևյալն է գրված. «Յուդան եւ Իսրայէլը ապահով բնակվում էին ամեն մարդ իր որթի եւ իր թզենիի տակ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ Սողոմոնի բոլոր օրերումը» (Գ Թագաւորաց 4։20, 25)։ Երկրում տիրում էր չտեսնված կայունություն, բարգավաճում և ուրախություն այդ իմաստուն թագավորի իշխանության ներքո. թագավոր, որը անտեսանելի Գերիշխան՝ Եհովա Աստծո տեսանելի ներկայացուցիչն էր։

Ի՜նչ ցայտուն հակադրություն մարդկային ղեկավարման ու Աստծո կառավարման միջև։ Մի՞թե կարող է ինչ–​որ մեկը հիմնավոր կերպով պնդել, որ Սատանան հաղթանակ է տարել իշխանության հետ կապված հարցում։ Ո՛չ։ Երեմիա մարգարեն պարզորոշ ասաց. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։

Կարո՞ղ է Սատանան ամեն մարդու հեռացնել Աստծուց

Կարողացա՞վ Սատանան իրականացնել իր պնդումը, թե բոլոր մարդկանց կհեռացնի Աստծուց։ Պողոս առաքյալը, Աստվածաշնչի «Եբրայեցիս» գրքի 11–րդ գլխում թվարկելով նախաքրիստոնեական ժամանակների մի շարք հավատարիմ մարդկանց անուններ, ասում է. «Ժամանակս բաւական չէ որ պատմեմ Գեդէօնի, Բարակի, Սամփսոնի, Յեփթայէի, Դաւիթի եւ Սամուէլի եւ ուրիշ մարգարէների համար» (Եբրայեցիս 11։32)։ Պողոսը Աստծո այս անձնվեր ծառաներին անվանում է «վկաների այսքան բազմութիւն [«ամպ», ծան.]» (Եբրայեցիս 12։1)։ «Բազմութիւն» թարգմանված հունարեն բառը նշանակում է «ամպ», որը ոչ թե առանձին, հստակորեն ուրվագծված չափ ու ձև ունի, այլ մի վիթխարի ու անձև զանգված է։ «Ամպ» բառը միանգամայն տեղին է, քանի որ Աստծո հավատարիմ ծառաներն այնքան շատ են եղել անցյալում, որ նրանց բազմությունը կարելի է համեմատել ամպի հսկայական զանգվածի հետ։ Այո՛, դարերի ընթացքում անհամար մարդիկ իրենց ազատ կամքով նախընտրել են հավատարիմ մնալ Եհովա Աստծուն (Յեսու 24։15)։Իսկ այսօ՞ր։ Եհովայի վկաների թիվը հասել է ավելի քան վեց միլիոնի՝ չնայած այն բանին, որ 20–րդ դարում նրանք սարսափելի հալածանքներ են կրել։ Եվ մոտ ինը միլիոն մարդ էլ հաղորդակցվում է նրանց հետ։ Նրանցից շատերը վճռական քայլերի են դիմում, որպեսզի մտերիմ հարաբերություններ հաստատեն Աստծո հետ։

Սատանայի այն պնդմանը, թե նա կարող է մարդկանց հեռացնել Եհովայից, ջախջախիչ պատասխան տվեց Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Տանջանքի ցիցն անգամ չկարողացավ ստիպել նրան թողնելու իր անարատությունը։ Հիսուսի վերջին խոսքերն էին. «Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում» (Ղուկաս 23։46)։

Մարդկանց իր իշխանության տակ պահելու համար Սատանան օգտագործում է իր տրամադրության տակ եղած ամեն միջոց՝ սկսած գայթակղություններից, վերջացրած բացահայտ հալածանքով։ Օգտագործելով «մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը [«երկրային հարստությամբ հպարտանալը», ԱՆԹ]» մարդկանց փորձելու համար՝ նա ջանում է նրանց Եհովայից կա՛մ հեռու պահել, կա՛մ էլ մոլորեցնելով հեռացնել (Ա Յովհաննէս 2։16)։ Սատանան նաև ‘կուրացնում է անհավատների սրտերը, որ Քրիստոսի փառավոր ավետարանի լուսավորությունը չծագի նրանց վրա’ (Բ Կորնթացիս 4։4)։ Բացի այդ, իր նպատակներն իրագործելու համար նա առանց վարանելու դիմում է սպառնալիքների՝ օգտվելով այն բանից, որ մարդկանց բնորոշ է մարդավախությունը (Գործք 5։40)։

Սակայն Բանսարկուն չի կարողանում հաղթել Աստծո կողմում գտնվող մարդկանց։ Նրանք ճանաչում են Եհովա Աստծուն և ‘սիրում են նրան իրենց բոլոր սրտով, անձով և մտքով’ (Մատթէոս 22։37)։ Այո՛, այն, որ Հիսուս Քրիստոսը և անհամար մարդիկ անսասան նվիրվածություն են հանդես բերել Աստծո հանդեպ, փաստում է Բանսարկու Սատանայի ջախջախիչ պարտությունը։

Ի՞նչ է բերելու ապագան

Մի՞թե մարդիկ անվերջ փորձեր են անելու, որպեսզի գտնեն կառավարման լավագույն ձևը։ Դանիել մարգարեն կանխագուշակեց. «Այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։ Աստծո ‘վեր կացրած’ Թագավորությունը երկնային կառավարություն է, որը գլխավորում է Հիսուս Քրիստոսը։ Դա այն նույն Թագավորությունն է, որի մասին Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել (Մատթէոս 6։9, 10)։ Այդ Թագավորությունը կկործանի մարդկային բոլոր կառավարությունները «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ [գալիք] պատերազմի» ժամանակ։ Նրա գործունեությունը կծավալվի ողջ երկրագնդով (Յայտնութիւն 16։14, 16)։

Իսկ ի՞նչ է սպասում Սատանային։ Աստվածաշունչը նկարագրում է. «[Եհովայի հրեշտակը] բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։ Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ» (Յայտնութիւն 20։1–3)։ Հիսուս Քրիստոսի Հազարամյա Թագավորությունը կսկսվի միայն այն բանից հետո, երբ Սատանան գցվի անգործունեության անդունդը։

Ի՜նչ հաճելի վայր կդառնա այդ ժամանակ երկիրը։ Այլևս չի լինի չարություն և չեն լինի նրանք, ովքեր չարիք են գործում։ Աստվածաշունչը խոստանում է. «Չարերը կ’սատկեն.... Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։9–11)։ Նրանց խաղաղությանը ոչ ոք չի սպառնա՝ ո՛չ մարդ, ո՛չ էլ կենդանի (Եսայիա 11։6–9)։ Նույնիսկ այն միլիոնավոր մարդիկ, ովքեր Սատանայի կողմն են բռնել անգիտակցաբար կամ այն պատճառով, որ հնարավորություն չեն ունեցել ճանաչելու Եհովային, կյանքի կվերադառնան և կուսուցանվեն Աստծուց (Գործք 24։15)։

Հազարամյա Թագավորության վերջում երկիրն արդեն դրախտ կլինի դարձած, իսկ մարդկությունը հասած կլինի կատարելության։ Այնուհետև Սատանան կարձակվի կարճ ժամանակով, որից հետո հավիտյան կոչնչացվի Աստծո բոլոր թշնամիների հետ մեկտեղ (Յայտնութիւն 20։3, 7–10)։

Ո՞ւմ կողմից կլինես

20–րդ դարը այնպիսի ժամանակաշրջան էր, երբ Սատանան մեծ վնասներ հասցրեց երկրին։ Բայց երկրագնդի ներկա պայմանները ոչ թե վկայում են նրա հաղթանակի մասին, այլ կազմում են մի ընդհանուր նշան, որը ցույց է տալիս, որ մենք ապրում ենք այս ամբարիշտ աշխարհի վերջին օրերում (Մատթէոս 24։3–14; Յայտնութիւն 6։1–8)։ Ո՛չ համատարած ամբարշտությունը, ո՛չ էլ մարդկանց մեծ մասի տեսակետը չեն կարող հիմք լինել պարզելու համար, թե ով է հաղթել։ Այս հարցում որոշիչ հանգամանք է այն, թե ում իշխանությունն է լավագույնը և թե արդյոք սիրուց մղված է անհատը ծառայում Աստծուն։ Երկու դեպքում էլ Եհովան հաղթանակ է տարել։

Իսկ եթե արդեն պարզ է, որ Սատանան պարտվել է, հապա ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ ամբարշտությունը շարունակի գոյություն ունենալ։ Եհովան համբերություն է ցուցաբերում, «որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետրոս 3։9)։ Աստծո կամքն է, «որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։4)։ Հուսով ենք, որ, մինչ վերջը մոտենում է, դուք կօգտագործեք ժամանակը Աստվածաշունչ ուսումնասիրելու և միակ ճշմարիտ Աստծո ու Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքներ ձեռք բերելու համար (Յովհաննէս 17։3)։ Եհովայի վկաները ուրախ կլինեն օգնելու ձեզ այդ հարցում։ Գիտելիքներ ձեռք բերելով՝ դուք էլ կկարողանաք միանալ այն միլիոնավոր անձանց, ովքեր հաստատապես կանգնած են հաղթանակող կողմում։

[նկարներ 5–րդ էջի վրա]

Անարատություն պահելով՝ Եհովայի վկաները փաստել են Սատանայի պարտությունը

[նկար 7–րդ էջի վրա]

Եհովայի կողմում բազմաթիվ հավատարիմներ են կանգնած

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը