Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 1/1 էջ 4–7
  • Մխիթարություն՝ տառապող մարդկանց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մխիթարություն՝ տառապող մարդկանց
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս է սկիզբ առել տառապանքը
  • Վիճաբանական հարցի լուծումը
  • Տառապանքի վերջը
  • Մխիթարություն՝ տառապողներին
  • Ինչո՞ւ է աշխարհը լի չարությամբ ու տառապանքով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Տառապանքի ներքո տոկալով՝ կարող ենք օգուտներ ստանալ
    2007 Դիտարան
  • Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Եթե ունենք հոգատար Ստեղծիչ, որտեղի՞ց այսքան տառապանք
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
Ավելին
2003 Դիտարան
w03 1/1 էջ 4–7

Մխիթարություն՝ տառապող մարդկանց

ԴԱՐԵՐ շարունակ փիլիսոփաներն ու աստվածաբանները փորձել են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու է Աստված թույլատրում չարությունը։ Ոմանք հայտարարել են, թե քանի որ Աստված ամենազոր է, ուրեմն վերջին հաշվով նա է պատասխանատու տառապանքի համար։ Երկրորդ դարում գրված մի պարականոն աշխատության հեղինակ պնդում էր, թե Աստված ղեկավարում է երկիրը երկու ձեռքով («The Clementine Homilies»)։ «Ձախ ձեռքով», որ Սատանան է, նա տառապանք ու չարիք է պատճառում, իսկ «աջով», որ Հիսուսն է, փրկում է և օրհնում։

Մյուսները, ովքեր չեն կարողացել ընդունել, որ Աստված, տառապանք չպատճառելով հանդերձ, թույլատրում է այն, նախընտրել են ժխտել տառապանքի գոյությունը։ «Չարությունն ընդամենը պատրանք է, որ իրական հիմք չունի»,— գրել է Մերի Բեյքեր Էդին։ «Եթե մեղքը, հիվանդությունն ու մահը անտեսվեն, դրանք կանհետանան»,— ասվում է մի աշխատության մեջ («Science and Health With Key to the Scriptures»)։

Տեսնելով պատմության ընթացքում, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած դժբախտությունները՝ շատերը գալիս են այն եզրակացության, թե Աստված պարզապես չի կարող վերջ դնել չարությանը։ «Հրեաների ջարդից հետո, իմ կարծիքով, խոսք անգամ լինել չի կարող այն մասին, թե Աստված ամենակարող է,— գրել է հրեա գիտնական Դեյվիդ Վոլֆ Սիլվերմանը։— Եթե առհասարակ հնարավոր է հասկանալ Աստծուն, ապա՝ համատեղելով նրա բարությունը չարի գոյության հետ, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Աստված ամենակարող չէ»։

Սակայն տառապող մարդկանց չես մխիթարի՝ պնդելով, թե տառապանքի համար ինչ–​որ ձևով պատասխանատու է Աստված, թե նա ի վիճակի չէ այն կանխելու, կամ թե տառապանքը զուտ պատրանք է։ Իսկ որ ավելի կարևոր է՝ նման պնդումները հակասում են Աստծո այն նկարագրությանը, որ տրվում է Աստվածաշնչի էջերում, համաձայն որի՝ նա արդար է, գործուն և հոգատար (Յոբ 34։10, 12; Երեմիա 32։17; Ա Յովհաննէս 4։8)։ Այդ դեպքում ինչպե՞ս է Աստվածաշունչը բացատրում տառապանքի գոյությունը։

Ինչպե՞ս է սկիզբ առել տառապանքը

Աստված մարդուն չէր ստեղծել այն նպատակով, որ վերջինս տառապի։ Նա կատարյալ մարմին և ուղեղ էր տվել Ադամին ու Եվային, նրանց բնակության համար մի հրաշալի պարտեզ էր պատրաստել և նրանց մի իմաստալից ու հաճելի գործ էր հանձնարարել (Ծննդոց 1։27, 28, 31; 2։8)։ Սակայն նրանց հետագա երջանկությունը կախված էր այն բանից, թե արդյոք կհնազանդվեին նրանք Աստծո ղեկավարմանը և կճանաչեին բարին ու չարը որոշելու նրա իրավունքը։ Աստծո իշխանությունը ներկայացված էր մի ծառով, որ «բարիի եւ չարի գիտութեան» ծառն էր (Ծննդոց 2։17)։ Ադամն ու Եվան ցույց կտային, որ հնազանդվում են Աստծուն, եթե կատարեին նրա պատվերը՝ այդ ծառի պտղից չուտելու վերաբերյալ։a

Ցավոք, Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծուն։ Ըմբոստ ոգեղեն մի էակ, որը հետագայում կոչվեց Բանսարկու Սատանա, կարողացավ համոզել Եվային, թե Աստծուն հնազանդվելն այդքան էլ օգտակար չէ նրա համար, թե Աստված իրականում զրկում է նրան շատ ցանկալի մի բանից՝ անկախությունից, բարին և չարը ինքնուրույն որոշելու իրավունքից։ Սատանան պնդեց, որ եթե Եվան ուտի այդ ծառի պտղից, նրա «աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս [կլինի]՝ բարին եւ չարը գիտացող» (Ծննդոց 3։1–6; Յայտնութիւն 12։9)։ Անկախություն ձեռք բերելու մտքով գայթակղված՝ Եվան կերավ արգելված պտղից։ Կարճ ժամանակ անց նրան հետևեց նաև Ադամը։

Նույն այդ օրվանից Ադամն ու Եվան սկսեցին ճաշակել իրենց ըմբոստության պտուղները։ Աստծո իշանությունից հրաժարվելով՝ նրանք կորցրին պաշպանությունն ու օրհնությունները, որ ստանում էին Արարչին հնազանդվելու շնորհիվ։ Աստված հեռացրեց նրանց Դրախտից, իսկ Ադամին ասաց հետևյալը. «Անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։ Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը» (Ծննդոց 3։17, 19)։ Ադամն ու Եվան ենթակա դարձան հիվանդության, ցավի, ծերության և մահվան։ Այդպես տառապանքը մտավ աշխարհ (Ծննդոց 5։29)։

Վիճաբանական հարցի լուծումը

Թերևս հարցնեք. «Մի՞թե Աստված չէր կարող պարզապես նշանակություն չտալ Ադամի ու Եվայի գործած մեղքին»։ Ո՛չ, որովհետև այդ դեպքում կկորեր հարգանքը նրա իշխանության հանդեպ, ու գուցե նաև առիթ կտրվեր հետագա ըմբոստությունների, որ ավելի մեծ տառապանք կպատճառեին (Ժողովող 8։11)։ Բացի այդ, անհնազանդության նման դրսևորումն անտեսելը կնշանակեր, որ Աստված խրախուսում է նրանց այդ սխալ արարքը։ Աստվածաշունչը գրի առնողներից մեկը՝ Մովսեսը, հետևյալ հիշեցնումն է տալիս. «Աստուծոյ գործը կատարեալ է. որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. արդար եւ ուղիղ է նա» (Բ Օրինաց 32։4)։ Իր սկզբունքներին հավատարիմ մնալով՝ Աստված թույլատրեց Ադամին ու Եվային քաղել իրենց անհնազանդության դառը պտուղները։

Իսկ ինչո՞ւ Աստված միանգամից չոչնչացրեց առաջին զույգին և Սատանային՝ այն անտեսանելի էակին, որ նրանց դրդեց ըմբոստության։ Չէ՞ որ Եհովան կարող էր այդպես վարվել։ Եվ այդ դեպքում առաջ չէր գա Ադամի ու Եվայի սերունդը, որ ենթակա է տառապանքի ու մահվան։ Եթե Աստված նման ձևով արտահայտեր իր զորությունը, չէր ապացուցի, որ գիտակից արարածների նկատմամբ իր իշխանությունը արդարացի է։ Ավելին՝ եթե Ադամն ու Եվան մահանային՝ առանց սերունդ տալու, դա ցույց կտար, որ Աստծո նպատակը՝ երկիրը նրանց կատարյալ զավակներով լցնելու վերաբերյալ, մատնվել է անհաջողության (Ծննդոց 1։28)։ Իսկ «Աստուած մարդ չէ.... Ինք ըսաւ ու պիտի չընէ՞, կամ ինք խօսեցաւ ու պիտի չգործադրէ՞» (Թուոց 23։19, Արևմտ. Աստ.)։

Իմաստությամբ կատարյալ Եհովա Աստված թույլ տվեց, որ այդ ըմբոստությունը որոշ ժամանակ շարունակվի։ Ապստամբները հնարավորություն կունենային տեսնելու, թե ինչ հետևանքներ կարող է բերել Աստծուց անկախանալու ուղին։ Ժամանակը պարզ ցույց կտար, որ մարդիկ ունեին Աստծո առաջնորդության կարիքը, և կփաստեր նրա իշխանության առավելությունը մարդկային ու սատանայական իշխանության նկատմամբ։ Միևնույն ժամանակ Աստված քայլեր ձեռնարկեց երկրի հանդեպ իր սկզբնական նպատակի իրականացման ուղղությամբ։ Նա խոստացավ, որ մի ‘սերունդ’ է գալու, որը ջախջախելու է Սատանայի գլուխը՝ մեկընդմիշտ վերջ դնելով նրա ապստամբությանը, ինչպես նաև դրա բերած վատ հետևանքներին (Ծննդոց 3։15)։

Այդ խոստացյալ սերունդը Հիսուս Քրիսոտոսն էր։ Ահա թե ինչ ենք կարդում Ա Յովհաննէս 3։8–ում. «Նորա համար յայտնուեցաւ Աստուծոյ Որդին, որ սատանայի գործերը քանդէ»։ Նա արեց դա՝ իր կատարյալ մարդկային կյանքը որպես փրկագին տալով՝ Ադամի սերունդներին նրանց ժառանգած մեղքից ու մահից ազատելու համար (Յովհաննէս 1։29; Ա Տիմոթէոս 2։5, 6)։ Հիսուսի զոհաբերության հանդեպ հավատ ընծայողներին խոստում է տրվում՝ տառապանքից ընդմիշտ ազատվելու (Յովհաննէս 3։16; Յայտնութիւն 7։17)։ Ե՞րբ դա տեղի կունենա։

Տառապանքի վերջը

Աստծո իշխանության մերժումը հանգեցրեց աննկարագրելի տառապանքի։ Ուստի տեղին է, որ Աստված հատուկ կերպով գործադրի իր իշխանությունը՝ մարդկանց տառապանքին վերջ դնելու և երկրի նկատմամբ իր սկզբնական նպատակը իրագործելու համար։ Իր հետևորդներին աղոթել սովորեցնելիս Հիսուսը նշեց Աստծո այդ մտադրության մասին, երբ ասաց. «Մեր Հայր, որ երկնքումն ես.... Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։9, 10)։

Լրանում է այն ժամանակը, որ Աստված տվել էր մարդկանց, որպեսզի վերջիններս փորձեին ինքնուրույն ղեկավարել իրենց։ Ի կատարում Աստվածաշնչի մարգարեության՝ 1914 թ.–ին երկնքում սկսեց իշխել նրա Թագավորությունը՝ Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ։b Շուտով այն կործանելու է մարդկային բոլոր կառավարությունները (Դանիէլ 2։44)։

Իր կարճատև երկրային ծառայության ընթացքում Հիսուսը ցույց տվեց, թե Աստծո իշխանության վերականգնումը ինչ օրհնություններ կբերի մարդկությանը։ Ավետարաններից ակնհայտ է դառնում, որ Հիսուսը կարեկցանք է ցուցաբերել խեղճ ու կեղեքված մարդկանց հանդեպ։ Նա բուժել է հիվանդներին, կերակրել սովածներին, հարություն տվել մահացած մարդկանց։ Նրան ենթարկվում էին նույնիսկ բնության ուժերը (Մատթէոս 11։5; Մարկոս 4։37–39; Ղուկաս 9։11–16)։ Պատկերացրու, թե ինչեր կանի Հիսուսը, երբ հօգուտ հնազանդ մարդկանց կիրառի այն ամենը, ինչ հնարավար է դարձել իր քավիչ զոհաբերության շնորհիվ։ Աստվածաշունչը խոստանում է, որ Հիսուսի իշխանության միջոցով «կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը [մարդկանց] աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ» (Յայտնութիւն 21։4)։

Մխիթարություն՝ տառապողներին

Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ մեր սիրառատ ու ամենազոր Աստվածը՝ Եհովան, հոգ է տանում մեր մասին, և որ նա շուտով օգնելու է մարդկությանը։ Եթե հիվանդ մարդն իմանա, որ կբուժվի, պատրաստ կլինի տվյալ բուժումն ընդունելու, նույնիսկ եթե այն շատ ցավոտ լինի։ Նմանապես՝ եթե գիտենք, որ խնդիրները լուծելու այն ձևը, որ ընտրել է Աստված, հավիտենական օրհնություններ կբերի, դա կամրացնի մեզ՝ անկախ այն բանից, թե ժամանակավոր ինչ դժարությունների առջև ենք կանգնելու։

Ռիկարդոն, որի մասին խոսվում էր նախորդ հոդվածում, մեկն է այն մարդկանցից, ովքեր սովորեցին մխիթարություն ստանալ աստվածաշնչյան խոստումներից։ «Կնոջս մահից հետո մեկուսանալու ուժեղ ցանկություն էր առաջացել մեջս,— հիշում է նա,— բայց ես շուտով հասկացա, որ դա ետ չի բերի իմ կնոջը, այլ միայն կվատացնի իմ էմոցիոնալ վիճակը»։ Ռիկարդոն սկսեց հետևողականորեն հաճախել քրիստոնեական ժողովներին և ուրիշներին պատմել Աստվածաշնչի լուրը։ «Զգալով Եհովայի սերն ու աջակցությունը ու նկատելով, թե ինչպես է նա պատասխանում իմ աննշան թվացող խնդրանքներին՝ ես մտերմացա նրա հետ,— ասում է Ռիկարդոն։— Աստծո սիրո գիտակցումն էր, որ օգնեց ինձ դիմանալ կյանքումս տեղի ունեցած ամենամեծ դժբախտությանը»։ Նա ավելացնում է. «Թեև շարունակում եմ զգալ կնոջս կարիքը, սակայն այժմ համոզված եմ, որ ոչ մի բան չի կարող տևական վնաս հասցնել մեզ»։

Դուք նո՞ւյնպես անհամբերությամբ եք սպասում այն ժամանակվան, երբ ներկայիս տառապանքը ‘պիտի չհիշվի և միտքը պիտի չգա’, ինչպես որ Ռիկարդոն ու միլիոնավոր ուրիշ մարդիկ (Եսայիա 65։17)։ Կարող եք վստահ լինել, որ կվայելեք Աստծո Թագավորության օրհնությունները, եթե հետևեք Աստվածաշնչում տրվող այս խորհրդին. «Խնդրեցէք [«փնտռեցէք», Արևմտ. Աստ.] Տիրոջը, քանի որ նա գտնվում է. նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է» (Եսայիա 55։6)։

Որպեսզի կարողանաք դա անել, կյանքում առաջնային տեղ հատկացրեք Աստծո Խոսքի ընթերցանությանն ու հանգամանալից ուսումնասիրությանը։ Ծանոթացեք Աստծո հետ, ինչպե նաև Հիսուս Քրիստոսի, որ ուղարկվել էր նրա կողմից։ Ձգտեք ապրել Աստծո չափանիշներով և այդպիսով ցույց տվեք, որ ցանկանում եք ենթարկվել նրա իշխանությանը։ Նման ուղին այսօր իսկ երջանկություն կբերի՝ ինչ փորձությունների էլ հանդիպելու լինեք։ Իսկ ապագայում հնարավորություն կտա ուրախություններով լի կյանք վայելելու մի աշխարհում, որ զերծ կլինի տառապանքից (Յովհաննէս 17։3)։

[Ծանոթագրություններ]

a Աստվածաշնչի թարգմանություններից մեկում Ծննդոց 2։17–ի ծանոթագրության մեջ «բարու և չարի գիտությունը» ներկայացվում է որպես «բարին և չարը որոշելու ու համապատասխանաբար գործելու իշխանություն, բարոյական հարցերում անկախություն ձեռք բերելու պահանջ, որով մարդը հրաժարվում է ճանաչել իր ստեղծված լինելը»։ Այնտեղ նաև ավելացվում է հետևյալը. «Առաջին մեղքն ուղղված էր Աստծո գերիշխանության դեմ» («The Jerusalem Bible»)։

b 1914 թ. վերաբերյալ մարգարեության մասին մանրամասն տեղեկություններ ձեռք բերելու համար տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, գլուխ 10, 11։

[շրջանակ 6–րդ էջի վրա]

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԱՆԱԼ ՏԱՌԱՊԱՆՔԻՆ

«Ձեր բոլոր հոգսը [Աստծո] վերայ գցեցէք» (Ա Պետրոս 5։7)։ Երբ տառապում ենք կամ տեսնում, թե ինչպես է տառապում մեզ համար թանկ անհատը, հուզվում ենք, զայրանում կամ մեզ լքված ենք զգում, և դա բնական է։ Սակայն կարող ենք վստահ լինել, որ Եհովան հասկանում է մեր զգացմունքները (Ելից 3։7; Եսայիա 63։9)։ Անցյալում ապրած հավատարիմ մարդկանց նման կարող ենք բացել մեր սիրտը նրա առջև, պատմել մեր մտատանջությունների մասին (Ելից 5։22; Յոբ 10։1–3; Երեմիա 14։19; Ամբակում 1։13)։ Նա գուցե հրաշք չգործի մեզ փորձությունից ազատելու համար, բայց ի պատասխան սրտանց ասված մեր աղոթքների՝ իմաստություն և ուժ կտա՝ դրանք դիմագրավելու (Յակոբոս 1։5, 6)։

«Տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ» (Ա Պետրոս 4։12, ԷԹ)։ Թեև Պետրոսի այս խոսքերը վերաբերում են հալածանքներին, սակայն դրանք հավասարապես կիրառելի են ցանկացած տառապանքի դեպքում։ Մարդիկ տառապում են զրկանքի պատճառով, հիվանդության կամ հարազատ անձնավորության կորցնելու։ Աստվածաշունչն ասում է, որ «ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին» (Ժողովող 9։11)։ Ներկայումս դա է մարդու վիճակը։ Այդ բանի գիտակցումը կօգնի, որ դիմանանք դժբախտությունների ու տառապանքի, եթե դրանք մեզ հետ պատահեն (Ա Պետրոս 5։9)։ Հատկապես մխիթարական կլինի հիշել այն հավաստիացումը, որ «Տիրոջ աչքերը արդարների վերայ են. եւ նորա ականջները նորանց աղաղակի վերայ» (Սաղմոս 34։15; Առակաց 15։3; Ա Պետրոս 3։12)։

«Յուսով ուրախացէք» (Հռովմայեցիս 12։12)։ Անցած–​գնացած երջանիկ օրերը հիշելու փոխարեն՝ կարող ենք խորհրդածել տառապանքին վերջ դնելու վերաբերյալ Աստծո խոստման մասին (Ժողովող 7։10)։ Հիմնավոր այս հույսը կպաշտպանի մեզ, ճիշտ ինչպես սաղավարտն է պաշտպանում մարդու գլուխը։ Հույսն օգնում է, որ ավելի հեշտ տանենք կյանքում մեզ պատահող դժբախտությունները և հիշենք, որ դրանք միայն ժամանակավոր վնաս կարող են հասցնել մեր մտավոր, զգացական կամ ֆիզիկական առողջությանը (Ա Թեսաղոնիկեցիս 5։8)։

[նկար 5–րդ էջի վրա]

Ադամն ու Եվան մերժեցին Աստծո իշխանությունը

[նկար 7–րդ էջի վրա]

Աստված խոստանում է տառապանքից զերծ աշխարհ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը