Կենսագրություն
Ետպատերազմյան նվաճումներին մասնակցելու առանձնաշնորհումս
Պատմում է Ֆիլիպ Հոֆմանը
1945 թ.–ի մայիսին ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Նույն թվի դեկտեմբերին Նաթան Նորը, որը վերահսկում էր Եհովայի վկաների համաշխարհային քարոզչական գործը, այցելեց Դանիա իր 25–ամյա քարտուղարի՝ Միլթոն Հենշելի հետ։ Անհամբերությամբ սպասված այդ հանդիպման համար մի մեծ սրահ վարձեցին։ Մեզ՝ երիտասարդներիս, հատկապես ոգևորեց եղբայր Հենշելի ելույթը, քանի որ նա մեր հասակակիցն էր։ Բացի այդ, նրա ընտրած թեման էր «Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը» (Ժողովող 12։1)։
Այդ այցելության ժամանակ մի շատ հուզիչ նորություն իմացանք. եղբայրները միջոցներ էին ձեռնարկել՝ համաշխարհային քարոզչական գործին նպաստելու, և դրանց կարող էինք մասնակցել նաև մենք (Մատթէոս 24։14)։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում նոր դպրոց էր բացվել, որի նպատակն էր նախապատրաստել երիտասարդ տղամարդկանց ու կանանց միսիոներական աշխատանքի։ Եղբայր Նորը շեշտեց, որ եթե մենք այնտեղ սովորելու հրավեր ստանանք, ապա հնարավոր է, որ «ետդարձի ճանապարհ չունենանք»։ Բացի այդ, մենք չէինք իմանալու, թե որն է լինելու մեր նշանակման վայրը։ Չնայած դրան՝ մեզնից ոմանք լրացրեցին դիմումը։
Բայց նախքան Երկրորդ համաշխարհայինից հետո ինձ հետ տեղի ունեցածը ներկայացնելը՝ կուզեի պատմել 1919 թ.–ից՝ իմ ծնվելուց հետո կատարված դեպքերի մասին։ Պատերազմից առաջ ու նրա ընթացքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որ մեծ ազդեցություն թողեցին իմ կյանքում։
Աստվածաշնչյան ճշմարտությունը՝ «սպիտակ ագռավից»
Երբ մայրս պատրաստվում էր իր առաջնեկին, այսինքն՝ ինձ, լույս աշխարհ բերել, աղոթում էր Աստծուն՝ ասելով, որ եթե տղա ծնվի, թող միսիոներ դառնա։ Նրա եղբայրը Աստվածաշունչն ուսումնասիրողներից էր (այն օրերում այդպես էին կոչվում Եհովայի վկաները)։ Պետք է նշել, սակայն, որ մորս ընտանիքի անդամները նրան «սպիտակ ագռավ» էին համարում։ Մեր տունը գտնվում էր Կոպենհագենի մոտ, և երբ այնտեղ անցկացվում էին Աստվածաշունչն ուսումնասիրողների տարեկան համաժողովները, քեռի Թոմասը, որը հեռու էր ապրում, մորս առաջարկությամբ մնում էր մեզ հետ։ Նրա՝ զարմանք պատճառող աստվածաշնչյան գիտելիքներն ու տրամաբանական փաստարկները մղեցին մորս Աստվածաշունչն ուսումնասիրողներին միանալու. դա տեղի ունեցավ մոտ 1930 թ.–ին։
Մայրս սիրում էր Աստվածաշունչը։ Հետևելով Բ Օրինաց 6։7–ում տրվող պատվերին՝ նա ուսուցանում էր ինձ ու քրոջս ‘տան մեջ նստած ժամանակ, և ճանապարհ գնացած ժամանակ, և պառկելիս և վեր կենալիս’։ Ժամանակի ընթացքում ես սկսեցի մասնակցել տնից տուն ծառայությանը։ Հատկապես սիրում էի խոսել եկեղեցիների դավանած այնպիսի ուսմունքների մասին, ինչպիսիք էին հոգու անմահության գաղափարը և դժոխքի կրակները։ Ես հմտորեն կարողանում էի Աստվածաշնչի օգնությամբ ցույց տալ, որ այդ ուսմունքները կեղծ են (Սաղմոս 146։3, 4; Ժողովող 9։5, 10; Յակոբոս 5։20)։
Մեր ընտանիքը միավորվում է
1937 թ.–ին՝ Կոպենհագենում տեղի ունեցած համաժողովից հետո, հայտարարվեց, որ Եհովայի վկաների՝ Դանիայի մասնաճյուղի գրականության պահեստում ժամանակավոր աշխատողների կարիք կա։ Ես հենց նոր էի ավարտել առևտրական քոլեջը և արդեն ազատ էի իմ պարտականություններից, ուստի առաջարկեցի իմ օգնությունը։ Երբ այդ աշխատանքն ավարտվեց, ինձ խնդրեցին, որ շարունակեմ իրենց օգնել։ Շուտով ես տնից տեղափոխվեցի Կոպենհագենի մասնաճյուղ, թեև դեռ մկրտված չէի։ Ամեն օր հասուն քրիստոնյաների հետ շփվելով՝ հոգևորապես առաջադիմեցի։ Հաջորդ տարի՝ 1938 թ. հունվարի 1–ին, իմ նվիրումը խորհրդանշեցի ջրի մկրտությամբ։
1939 թ. սեպտեմբերին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1940 թ. ապրիլին գերմանական զորքերը մտան Դանիա։ Քանի որ դանիացիների իրավունքները այդքան էլ չսահմանափակվեցին, մենք կարողացանք շարունակել քարոզչական գործը։
Հետագայում տեղի ունեցավ մի հրաշալի բան, որը լրացրեց մեր ընտանիքի երջանկությունը. հայրս դարձավ ակտիվ և հավատարիմ Վկա։ Ու երբ ինձ և չորս ուրիշ դանիացիների հրավիրեցին «Գաղաադ» դպրոցի ութերորդ դասարանում սովորելու, ընտանիքիս բոլոր անդամներն էլ ողջունեցին դա։ Հինգ ամիս տևող դասընթացները, որ սկսեցին 1946 թ. սեպտեմբերին, անցկացվում էին մի գեղեցիկ վայրում՝ Սաութ Լանսինգից (Նյու Յորք) ոչ հեռու։
Կրթությունը «Գաղաադում» և դրանից հետո
«Գաղաադը» նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն ընձեռեց։ Մի երեկո զբոսնելիս ես և Հարոլդ Քինգը, որը եկել էր Անգլիայից, խոսում էինք այն մասին, թե ուր կուղարկվենք, երբ դասընթացներն ավարտվեն։ «Չեմ կարծում, թե այլևս չեմ տեսնի Դուվրի սպիտակ քարափները»,— ասաց Հարոլդը։ Նա ճիշտ էր. բայց այդ քարափները նա տեսավ 17 տարի անց միայն, ընդ որում, այդ տարիներից չորս ու կեսը նա անցկացրել էր Չինաստանի բանտերից մեկի մեկուսարանում։a
«Գաղաադն» ավարտելուց հետո ինձ ուղարկեցին Տեխաս (ԱՄՆ)՝ ծառայելու որպես շրջագայող վերակացու։ Շրջագայող վերակացուները այցելում են Եհովայի վկաների ժողովները՝ նրանց հոգևորապես օգնելու նպատակով։ Ինձ գրկաբաց ընդունեցին։ Տեխասի եղբայրներին հետաքրքիր էր տեսնել մի եվրոպացի երիտասարդի, որը հենց նոր էր ուղարկվել «Գաղաադից»։ Սակայն ընդամենը յոթ ամիս անց ինձ կանչեցին Եհովայի վկաների գլխավոր վարչություն (Բրուքլին, Նյու Յորք)։ Եղբայր Նորը ինձ նշանակեց գրասենյակային աշխատանք կատարելու՝ պատվիրելով, որ տեսնեմ ու սովորեմ, թե ինչպես է իրականցվում աշխատանքը Բեթելի բոլոր բաժանմունքներում։ Հետո ես վերադարձա Դանիա, որպեսզի կիրառելով իմ ձեռք բերած գիտելիքները՝ օգնեմ այնտեղի եղբայրներին աշխատանքները կատարել ճիշտ այնպես, ինչպես Բրուքլինում։ Դրա նպատակն այն էր, որ մասնաճյուղերն ավելի միասնական գործեին, ինչը կնպաստեր աշխատանքի արդյունավետությանը։ Ավելի ուշ եղբայր Նորը փոխեց իմ նշանակման վայրը։ Ինձ ուղարկեցին Գերմանիա։
Կիրառում եմ ձեռք բերած գիտելիքներս
1949 թ. հուլիսին ժամանեցի Վիսբադեն (Գերմանիա)։ Այդ երկրի քաղաքներից շատերը դեռ ավերված վիճակում էին։ Քարոզչական ծառայությունը գլխավորում էին այնպիսի մարդիկ, ովքեր Հիտլերի իշխանության տարիներին (սկսած 1933 թ.–ից) հալածանքների էին ենթարկվել։ Նրանցից ոմանք ութ, տաս ու երբեմն էլ ավելի շատ տարիներ էին անցկացրել համակենտրոնացման ճամբարներում և բանտերում։ Եհովայի այդ ծառաների հետ աշխատեցի երեք ու կես տարի։ Նրանց անզուգական օրինակը հիշեցնում է ինձ գերմանացի պատմաբան Գաբրիելե Յոնանի խոսքերը, որն ասել է. «Եթե նացիստական ռեժիմի ժամանակ այդ հաստատակամ քրիստոնյաները նման օրինակ չթողնեին, ապա Օսվենցիմից ու Հոլոքոստից հետո դժվար թե հավատաինք, որ ընդհանրապես հնարավոր է ապրել Հիսուսի ուսուցումներով»։
Գերմանիայի մասնաճյուղում կատարում էի այն նույն գործը, ինչ որ Դանիայում. եղբայրներին ծանոթացնում էի կազմակերպչական հարցերի լուծման նոր մեթոդին։ Երբ Գերմանիայի եղբայրները հասկացան, որ փոփոխությունները պայմանավորված չէին իրենց աշխատանքի նկատմամբ քննադատական վերաբերմունքով, այլ որ ժամանակը եկել էր մասնաճյուղերի և գլխավոր վարչության միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու, նրանք մեծ եռանդով սկսեցին համագործակցել։
1952 թ.–ին եղբայր Նորի գրասենյակից մի նամակ ստացա. ինձ ուղարկում էին Բեռն (Շվեյցարիա)։ 1953 թ. հունվարի 1–ից նշանակվեցի այնտեղի մասնաճյուղի վերակացու։
Նոր ուրախություններ Շվեյցարիայում
Շվեյցարիա ժամանելուց շատ չանցած՝ համաժողովի ժամանակ, հանդիպեցի Էսթերին։ Կարճ ժամանակ անց մենք նշանվեցինք։ 1954 թ. օգոստոսին եղբայր Նորը ինձ կանչեց Բրուքլին։ Այնտեղ ինձ տեղեկացրին մի ուրախալի նորամուծության մասին։ Մասնաճյուղերի քանակը շատացել էր, իսկ որոշ մասնաճյուղեր էլ ընդլայնվել էին։ Դրա հետ կապված՝ կազմակերպչական նոր մեթոդ էր ներմուծվել։ Աշխարհը բաժանվել էր զոնաների, որոնցից յուրաքանչյուրում պետք է ծառայեին զոնալ վերակացուներ։ Ես ծառայելու էի այդ զոնաներից երկուսում՝ Եվրոպայում ու միջերկրածովյան տարածքներում։
Բրուքլին կատարած իմ կարճ այցելությունից հետո վերադարձա Շվեյցարիա և սկսեցի պատրաստվել զոնալ ծառայություն կատարելուն։ Ես ու Էսթերն ամուսնացել էինք, ու նա ինձ հետ միասին ծառայում էր Շվեյցարիայի մասնաճյուղում։ Իմ կատարած առաջին ճանապարհորդության ժամանակ ես այցելեցի Իտալիայում, Հունաստանում, Կիպրոսում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի ծովափնյա շրջաններում, Իսպանիայում և Պորտուգալիայում գտնվող մասնաճյուղերն ու միսիոներական տները. բոլորը միասին՝ 13 երկիր։ Հետո կարճ ժամանակով վերադարձա Բեռն։ Այնուհետև շարունակեցի ճանապարհորդությունս՝ այցելելով «Երկաթյա վարագույրից» արևմուտք գտնվող եվրոպական երկրները։ Մեր ամուսնության առաջին տարվա ընթացքում վեց ամիս տնից բացակայեցի։
Հանգամանքները փոխվում են
Մի օր Էսթերն ասաց, որ շուտով երեխա ենք ունենալու. դա 1957 թ.–նն էր։ Քանի որ մասնաճյուղը նախատեսված չէ երեխաներ ունեցողների համար, մենք վերադարձանք Դանիա։ Հայրս մեծ ուրախությամբ համաձայնեց, որ մնանք իր հետ։ Էսթերը խնամում էր թե՛ մեր դստերը՝ Ռաքելին, թե՛ հորս։ Ես օգնում էի եղբայրներին նորակառույց մասնաճյուղի հետ կապված գործերում։ Բացի այդ, դասավանդում էի ժողովի վերակացուների համար նախատեսված Թագավորական ծառայության դպրոցում։ Նաև շարունակում էի ծառայել որպես զոնալ վերակացու։
Զոնալ ծառայությունը պահանջում էր, որ շատ ճանապարհորդեմ։ Ցավոք, այդ պատճառով երկար ժամանակ չէի տեսնում դստերս։ Դա առանց հետևանքների չմնաց։ Մի անգամ որոշ ժամանակ մնացի Փարիզում. այնտեղ մենք մի փոքր տպարան հիմնեցինք։ Էսթերն ու Ռաքելը գնացքով եկան ինձ տեսնելու։ Ես և մասնաճյուղի աշխատողներից Լեոպոլ Ժոնտեսը գնացինք «Gare du Nord» կայարանը՝ նրանց դիմավորելու։ Ռաքելը, որ կանգնած էր վագոնի աստիճանի վրա, նայեց Լեոպոլին, ապա ինձ, հետո՝ նորից Լեոպոլին և... գրկեց նրա՛ն։
Մեկ ուրիշ փոփոխություն էլ տեղի ունեցավ. 45 տարեկան հասակում թողեցի լիաժամ ծառայությունս, քանի որ հարկավոր էր հոգալ մեր ընտանիքի կարիքները. դա շատ ցավալի մի բան էր ինձ համար։ Ծառայությանս մեջ ձեռք բերած փորձը թույլ տվեց, որ մի ընկերությունում աշխատեմ որպես ապրանքների արտահանման բաժնի տնօրեն։ Այնտեղ աշխատեցի մոտ ինը տարի։ Երբ Ռաքելն ավարտեց դպրոցը, մենք որոշեցինք տեղափոխվել այնպիսի մի վայր, որտեղ քարոզիչների կարիք կար՝ արձագանքելով այդ ժամանակ տրվող կոչին։
Որոշեցինք գնալ Նորվեգիա։ Այնտեղ աշխատանք գտնելու համար դիմեցի մի գործակալության։ Պատասխանը այդքան էլ հուսադրող չէր, քանի որ 55–ամյա մարդու համար աշխատանք գտնելու հույսերը քիչ էին։ Այնուամենայնիվ, ես կապ հաստատեցի Օսլոյի մասնաճյուղի հետ և տուն վարձեցի Դրյոբաք քաղաքի մերձակայքում՝ հավատալով, որ աշխատելու հնարավորություն կստեղծվի։ Այդպես էլ եղավ։ Սկսվեց մի հաճելի ժամանակաշրջան, որի ընթացքում զբաղված էինք ծառայությամբ։
Հատկապես հաճելի օրեր էինք անցկացնում, երբ ժողովի անդամներով մեկնում էինք հյուսիս՝ ոչ մի ժողովի չկցված տարածքում ծառայելու։ Մենք ամառանոցներ էինք վարձում, որ գտնվում էին բնության գրկում, և ամեն օր այցելում էինք բարձրաբերձ լեռների մեջ կորած ագարակները։ Այնտեղ ապրող բարյացակամ մարդկանց Աստծո Թագավորության մասին պատմելը մեծ հաճույք էր։ Մենք շատ գրականություն տարածեցինք։ Բայց վերայցելությունները ստիպված եղանք կատարել հաջորդ տարի։ Սակայն մարդիկ մեզ չէին մոռացել։ Էսթերի ու Ռաքելի մտքում դեռևս թարմ են հիշողություններն այն մասին, որ մի տարի անց նրանք մեզ ընդունեցին որպես ընտանիքի երկար սպասված անդամների։ Նորվեգիայում երեք տարի անցկացնելուց հետո վերադարձանք Դանիա։
Ընտանեկան կյանքի ուրախությունները
Ռաքելը նշանվեց Նիլս Հոյերի հետ, որը մի եռանդուն լիաժամ ծառայող էր։ Ամուսնանալուց հետո Նիլսն ու Ռաքելը շարունակեցին իրենց ռահվիրայական ծառայությունը, մինչև որ լույս աշխարհ եկան նրանց երեխաները։ Նիլսը իսկապես հոգատար հայր էր և ամուսին։ Մի առավոտ՝ շատ վաղ, նա իր որդուն հեծանիվով տարել էր ծովափ՝ արևածագը դիտելու։ Երբ հետո հարևաններից մեկը հարցրել էր տղային, թե նրանք ինչ են արել այնտեղ, երեխան պատասխանել էր՝ աղոթել ենք Եհովային։
Մի քանի տարի անց ես ու Էսթերը մեր երկու ավագ թոռների՝ Բենիամինի ու Նադյայի մկրտության ականատեսը դարձանք։ Այնտեղ էր նաև Նիլսը։ Մենք հանկարծակի հանդիպեցինք։ Նա նայեց ինձ ու ասաց. «Ծերո՛ւկ, հանկարծ չարտասվես»։ Սակայն հաջորդ վայրկյանին երկուսիս աչքերն էլ լցվեցին, ու մենք գրկախառնվեցինք։ Ինչպիսի՜ երջանկություն է ունենալ մի փեսա, որի հետ կարող ես և՛ լաց լինել, և՛ ծիծաղել։
Նորից հարմարվում ենք հանգամանքների փոփոխությանը
Մենք մի ուրիշ օրհնություն էլ ստացանք. ինձ ու Էսթերին կրկին հրավիրեցին Դանիայի մասնաճյուղում ծառայելու։ Այդ ժամանակ Հոլբեկում մասնաճյուղի համար ավելի մեծ շենք էր կառուցվում։ Ես պատիվ ունեցա վերահսկելու այդ շինարարական աշխատանքները։ Մենք ոչ մի շինարար չվարձեցինք, բոլորը կամավորներ էին։ Չնայած ցուրտ ձմռանը՝ 1982 թ. վերջում շինարարությունը հիմնականում ավարտվեց, և մենք ուրախությամբ տեղափոխվեցինք ավելի մեծ և բարեկարգ շենքերը։
Կարճ ժամանակ անց ես սկսեցի գրասենյակային աշխատանք կատարել, ինչից մեծ բավականություն էի ստանում։ Իսկ Էսթերը ծառայում էր որպես հեռախոսավարուհի։ Որոշ ժամանակ հետո, սակայն, անհրաժեշտություն առաջացավ, որ վիրահատեին նրա ազդրոսկրը, իսկ տարի ու կես անց՝ լեղապարկը։ Չնայած մասնաճյուղի աշխատողների բարի վերաբերմունքին՝ մենք որոշեցինք, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե թողնենք Բեթելի ծառայությունը։ Մենք տեղափոխվեցինք այն ժողով, որում ծառայում էին մեր դուստրն ու ընտանիքի մյուս անդամները։
Այժմ Էսթերի առողջությունն այնքան էլ լավ չէ։ Սակայն իսկապես կարող եմ ասել, որ ծառայության մեջ անցկացրած մեր համատեղ կյանքի ընթացքում նա միշտ հրաշալի օգնական ու ընկեր է եղել ինձ համար՝ անկախ այն բանից, թե ինչպիսին են եղել հանգամանքները։ Չնայած որ մեր առողջությունը գնալով վատանում է, երկուսս էլ համեստ մասնակցություն ենք բերում քարոզչական գործին։ Խորհրդածելով իմ կյանքի մասին՝ երախտագիտությամբ հիշում եմ սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը» (Սաղմոս 71։17)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Դիտարան», 15 հուլիսի, 1963 թ., էջ 437–442 (անգլ.)։
[նկար 24–րդ էջի վրա]
Գերմանիայի մասնաճյուղում, որը դեռ կառուցվում էր, բեռնաթափում եմ առաքված գրականությունը (1949 թ.)
[նկար 25–րդ էջի վրա]
Ես աշխատել եմ այնպիսի Վկաների հետ, ինպիսիք էին համակենտրոնացման ճամբարներ տեսած այս եղբայրները
[նկարներ 26–րդ էջի վրա]
Ես ու Էսթերն այսօր և 1955 թ. հոկտեմբերին՝ մեր ամուսնության օրը, Բեռնի Բեթելում