«Սրբերի» հանդեպ հետաքրքրությունն այսօր
«Թվում էր, թե ձանձրացել էինք նշանավոր մարդկանց մասին լսելուց։ Բայց արի ու տես, որ սեպտեմբերի 13–ին Մայր Թերեզայի թաղման արարողությունը դիտեցին 4,2 միլիոն ամերիկացիներ։ Նրա մահվան օրվանից սկսած (սեպտեմբերի 3–ից)՝ Վատիկանն ընկավ նրան սրբերի դասին կարգելու պահանջների տարափի տակ։ Քչերն են կասկածում, որ այդպես էլ կլինի» («SUN-SENTINEL», ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 1997 թ.)։
ՇԱՏԵՐԻ կարծիքով՝ կաթոլիկ միսիոներ Մայր Թերեզային իսկապես կարելի է սուրբ համարել՝ նրա ծավալած հումանիտար գործունեության շնորհիվ։ Նշանավոր դեմքեր եղել են նաև կրոնական այլ ուղղություններում, բայց թերևս ոչ մի ուղղություն նման անհատներին պաշտոնապես սուրբ չի ճանաչել, ինչպես դա անում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին։
Հովհաննես Պողոս II–ն, օրինակ, սրբերի շարքին է դասել ավելի քան 450 հոգու. ավելի շատ, քան 20–րդ դարի բոլոր պապերը՝ միասին վերցված։a Ինչո՞ւ են «սրբերը» մշտապես արժանանում նվիրվածության։ Եվ դա այն դեպքում, երբ նրանցից շատերը կաթոլիկներին քիչ են հայտնի։
Նոթր Դամի համալսարանի աստվածաբան Լորենս Քաննինգհամը տալիս է հետևյալ բացատրությունը. «Այն միտքը, որ աշխարհում գոյություն ունի սրբություն, մարդկանց մեջ հետաքրքրություն է առաջացնում։ Մարդիկ տեսնում են, որ այսօր հնարավոր է ապրել սուրբ կյանքով»։ Ավելին՝ ասում են, թե «սրբերը» Աստծո առջև արտոնյալ դիրք ունեն, ուստի լավ միջնորդներ են հանդիսանում Աստծո և մարդկանց միջև։ «Սրբերի» նշխարները՝ մասունքները, պաշտվում են, քանզի համարվում է, որ օժտված են հատուկ զորությամբ։
Կաթոլիկ եկեղեցու դրույթները վերահաստատելու նպատակով 16–րդ դարում հրատարակված Տրենտի խորհրդաժողովի վարդապետարանում ասվում էր հետևյալը. «Մենք միանգամայն արդարացիորեն եկել ենք այն եզրակացության, որ Տիրոջով ննջած սրբերին փառաբանելով, նրանց միջնորդությունը փնտրելով և նրանց նշխարներն ու աճյունը մեծարելով՝ ոչ թե նսեմացնում ենք Աստծուն, այլ մեծապես նպաստում նրա փառավորմանը, քանզի դրա շնորհիվ քրիստոնյայի հավատն ավելի ու ավելի կենդանի և ուժեղ է դառնում, ու նա մղվում է սրբերի առաքինությունը ընդօրինակելու» («The Catechism of the Council of Trent», 1905 թ.)։ Ճշմարիտ քրիստոնյաներն, անշուշտ, ցանկանում են ապրել առաքինի կյանքով, ինչպես նաև Աստծուն մոտենալ ճիշտ ձևով և ստանալ նրա օգնությունը (Յակոբոս 4։7, 8)։ Սակայն ըստ Աստվածաշնչի՝ ովքե՞ր են իսկական սրբերը։ Ի՞նչ դեր են խաղում նրանք...
[ծանոթագրություն]
a Սրբերի դասին կարգելու կանոնադրության համաձայն՝ մահացած կաթոլիկը արժանի է մեծարանքի բոլորի կողմից։