Արատները չափ ու սահման չգիտեն
Քրիստիանին, որն ապրում է աֆրիկյան երկրներից մեկում, զինվորները փորձում էին ստիպել մասնակցել զինվորական ծառայության, սակայն վերջինս հրաժարվում էր, քանի որ Աստվածաշնչով դաստիարակված իր խիղճը թույլ չէր տալիս նրան այդ անելու։ Ուստի բռնի կերպով նրան զինվորական ճամբար տանելով՝ չորս օր ծեծի ենթարկեցին, իսկ հետո զինվորներից մեկը կրակեց նրա ոտքին։ Թեև Քրիստիանը կարողացավ հիվանդանոց հասնել, սակայն արդեն ուշ էր. նրա ոտքը ծնկից ներքև պետք է անդամահատվեր։ Աֆրիկյան մեկ ուրիշ երկրում զինված խռովարարները նույնիսկ փոքր երեխաների չեն խնայում՝ կտրելով նրանց վերջավորությունները։ Իսկ Կամբոջայից մինչև Բալկաններ և Աֆղանստանից մինչև Անգոլա ականները շարունակում են խեղանդամել ու վնաս հասցնել մարդկանց՝ տարբերություն չդնելով ծերի ու երիտասարդի միջև։
Մարդկանց վնաս են հասցնում նաև դժբախտ պատահարներն ու հիվանդությունները (օրինակ՝ շաքարախտը)։ Նույնիսկ շրջակա միջավայրի թունավորումը կարող է ֆիզիկական արատների պատճառ դառնալ։ Արևելյան Եվրոպայի քաղաքներից մեկի մերձակայքում, օրինակ, որոշ երեխաներ ծնվել էին առանց բազկի՝ արմունկի տակ մի կարճ վերջույթով միայն։ Ինչպես ցույց են տալիս փաստերը, պատճառն այն էր, որ շրջակայքի աղտոտումը քիմիական նյութերով՝ վնասել էր մարդկանց գենետիկական համակարգը։ Իսկ բազում մարդիկ էլ, թեև ունեն իրենց բոլոր վերջավորությունները, այնուամենայնիվ հաշմանդամ են դարձել կաթվածի կամ մեկ այլ դժբախտության պատճառով։ Իրոք որ, արատները չափ ու սահման չգիտեն։
Անկախ այն բանից, թե որն է այս կամ այն արատի առաջացման պատճառը՝ այն կարող է մարդուն հոգեպես ուղղակի կործանել։ Օրինակ՝ Յունիորը 20 տարեկանում կորցրեց իր ձախ սրունքը։ Հետագայում նա պատմում է. «Ես ծանր ապրումներ ունեցա։ Շատ էի լացում այն բանի համար, որ մեկընդմիշտ զրկվել եմ ոտքիցս։ Չգիտեի, թե ինչ անեմ։ Գլուխս կորցրել էի»։ Սակայն, ժամանակի ընթացքում Յունիորի վերաբերմունքը զգալիորեն փոխվեց. նա սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և այնտեղից այնպիսի բաներ իմացավ, որոնք ոչ միայն օգնեցին նրան իր պրոբլեմի դեմ պայքարելու հարցում, այլև մի հրաշալի հույս տվեցին՝ հենց այստեղ՝ երկրի վրա, երջանիկ ապագա ունենալու։ Եթե դուք էլ ֆիզիկական արատ ունեք, չէի՞ք ցանկանա նույնպես ստանալ այդ հույսը։
Եթե այո՛, ապա կարդացեք հաջորդ հոդվածը։ Նաև առաջարկում ենք, որ ձեր իսկ Աստվածաշնչից կարդաք աստվածաշնչյան մեջբերումները։ Դա կօգնի անձամբ տեսնելու, թե ինչ ապագա է նախապատրաստել Արարիչը այն մարդկանց համար, ովքեր սովորում են իր նպատակների մասին և փորձում ապրել իրենց սովորածին համապատասխան։