Աստված ուրախությամբ ընդունում է բոլոր ազգերին
ՋՈՆՆ առաջին անգամ էր Մալիում։ Նա անչափ զգացվել էր Մամադուի և նրա ընտանիքի անդամների ջերմ հյուրընկալությունից։ Հատակին նստած, ջանալով օգտվել մեկ ընդհանուր ամանից՝ Ջոնը խորհում էր, թե ինչպես մատուցի տանտիրոջը իր ամենաթանկագին նվերը՝ Աստծո Թագավորության բարի լուրը, որ բխում է Աստծո Խոսքից՝ Աստվածաշնչից։ Թեև նա գիտեր Մալիի բնակիչների լեզվով՝ ֆրանսերենով խոսել, բայց խնդիրն այն էր, թե ինչպես այդ լուրը հայտնի մի ընտանիքի, որի անդամները բոլորովին այլ մտածողություն և կրոն ունեին։
Զարմանալի չէ, որ Ջոնը հիշեց աստվածաշնչյան մի պատմություն Բաբելոն քաղաքի մասին։ Այդ քաղաքի բնակիչներն ըմբոստ էին, ու Աստված խառնեց նրանց լեզուն (Ծննդոց 11։1–9)։ Դրա հետևանքով բնակիչները ցրվեցին երկրագնդի տարբեր կողմեր՝ իրենց հետ տանելով զանազան լեզուներ, կրոններ ու մտածելակերպեր։ Մեր օրերում, երբ ճանապարհորդելն ու գաղթելը սովորական երևույթ են դառնում, շատերը նույնիսկ իրենց ապրած թաղամասում նույն դժվարությանն են հանդիպում, ինչ Ջոնը. ինչպե՞ս իրենց աստվածաշնչյան հույսի մասին խոսել ուրիշ ծագում ունեցող մարդկանց հետ։
Մի դեպք հին աշխարհից
Իսրայելի մյուս մարգարեների նման՝ Հովնան մարգարեն գլխավորապես իր խոսքն ուղղում էր իսրայելացիներին։ Նա մարգարեանում էր այն ժամանակներում, երբ ուխտադրուժ տասցեղ թագավորությունը բացահայտորեն զբաղվում էր աստվածանարգ գործերով (Դ Թագաւորաց 14։23–25)։ Պատկերացրեք Հովնանի արձագանքը, երբ նրան հատուկ առաջադրանք տրվեց՝ գնալ Ասորեստան ու քարոզել Նինվեի բնակիչներին։ Նա պետք է թողներ հայրենիքը և քարոզեր մարդկանց, որոնք ուրիշ կրոն ու մշակույթ ունեին։ Հավանաբար, Հովնանը չէր էլ կարողանում սահուն խոսել նինվեցիների լեզվով, եթե ոչ՝ ամենևին։ Այսպես թե այնպես, նրան թվաց, թե այս առաքելությունն իր ուժերից վեր է ու... փախավ (Յովնան 1։1–3)։
Հովնանը ակներևաբար չէր հասկանում, որ Եհովա Աստված երևութականից այն կողմ է նայում և քննում է սրտերը (Ա Թագաւորաց 16։7)։ Հրաշքի միջոցով Հովնանին փրկելուց հետո Եհովան նրան երկրորդ անգամ պատվիրեց քարոզել Նինվեի բնակիչներին։ Հովնանը հնազանդվեց։ Նրա քարոզչությունը արձագանք գտավ, և նինվեցիները զղջացին։ Սակայն Հովնանը թերացավ ճիշտ տեսակետ ունենալու մեջ։ Մի ազդեցիկ օրինակի միջոցով Եհովան նրան հասկացրեց, որ նրա տեսակետը փոփոխության կարիք ունի, իսկ հետո հարցրեց. «Չխղճա՞մ Նինուէին, այն մեծ քաղաքին, որուն մէջ հարիւր քսան հազարէն աւելի մարդիկ կան, որոնք աջ ու ձախ ձեռքին տարբերութիւնը չեն գիտեր» (Արևմտ. Աստ.) (Յովնան 4։5–11)։ Ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշ ազգի ու մշակույթի պատկանող մարդկանց։
Ուրախությամբ ընդունեցին սամարացիներին ու ոչ հրեաներին
Առաջին դարում Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց աշակերտներ պատրաստել բոլոր ազգերի մարդկանցից (Մատթէոս 28։19)։ Դա հեշտ չէր։ Հիսուսի աշակերտները հրեաներ էին և Հովնանի պես սովոր էին խոսել միայն իրենց ազգակիցների՝ միևնույն մշակույթին պատկանող մարդկանց հետ։ Հասկանալի է, որ նրանք այն օրերում լայն տարածում գտած նախապաշարումների ազդեցության տակ էին նաև։ Բայց Եհովան իրադարձություններին այնպիսի ընթացք էր տալիս, որ իր ծառաները կարողանային ըմբռնել, թե որն է Աստծո կամքն իրենց առնչությամբ։
Առաջին հերթին պետք է հաղթահարվեին հրեաների ու սամարացիների միջև եղած նախապաշարումները։ Հրեաները ոչ մի շփում չունեին սամարացիների հետ։ Չնայած իրերի նման կացությանը՝ Հիսուսը մի քանի անգամ հնարավորություն ստեղծեց, որ ապագայում բարի լուրն ընդունվեր սամարացիների կողմից։ Նա իր անաչառությունը ցույց տվեց նրանով, որ զրուցեց սամարացի կնոջ հետ (Յովհաննէս 4։7–26)։ Իսկ մեկ ուրիշ առիթով Հիսուսը, օրինակ բերելով բարի սամարացուն, մի կրոնասեր հրեայի ցույց տվեց, որ ոչ հրեաներն էլ կարող են մերձավորի հանդեպ սեր ցուցաբերել (Ղուկաս 10։25–37)։ Երբ Եհովայի նախատեսած ժամանակը եկավ, որ սամարացիներն էլ հնարավորություն ունենային ընդգրկվել քրիստոնեական ժողովում, Փիլիպպոսը, Պետրոսը և Հովհաննեսը՝ բոլորն էլ հրեաներ, քարոզեցին Սամարիայի բնակիչներին։ Նրանց քարոզչությունը մեծ ուրախություն առաջ բերեց այդ քաղաքում (Գործք 8։4–9ա, 14–17)։
Եթե հրեա քրիստոնյաների համար դժվար էր սիրել սամարացիներին, որոնք, փաստորեն, իրենց հեռավոր ազգակիցներն էին, ապա որքան առավել դժվար կլիներ սեր տածել ոչ հրեաների՝ հեթանոսների հանդեպ, որոնց արհամարհում և ատում էին։ Այնուամենայնիվ, Հիսուսի մահից հետո հնարավոր էր հրեա քրիստոնյաների ու ոչ հրեաների միջև եղած խոչընդոտը վերացնել (Եփեսացիս 2։13, 14)։ Որպեսզի Պետրոսը Եհովայի այս նոր նպատակին ներդաշնակ գործեր, նա տեսիլք ստացավ, որում պատվիրվում էր ‘պիղծ չհամարել այն, ինչ որ Աստված մաքուր էր դարձրել’։ Այնուհետև Եհովայի ոգին առաջնորդեց նրան դեպի ոչ հրեա Կոռնելիոսը։ Հասկանալով Աստծո տեսակետը այն մասին, որ չպետք է այդ այլազգի մարդուն պիղծ համարեր, քանի որ Աստված մաքուր էր դարձրել նրան՝ Պետրոսը, սուրբ ոգուց ներշնչվելով, ասաց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Գործք 10։9–35)։ Որքա՜ն զարմացավ Պետրոսը, երբ Աստված, սուրբ ոգին թափելով Կոռնելիոսի ու նրա ընտանիքի վրա, ցույց տվեց, որ ընդունում է նրանց։
Պողոսը՝ ընտրյալ անոթ ազգերի համար
Պողոսի ծառայությունը մի ուշագրավ օրինակ է այն բանի, թե ինչպես է Եհովան աստիճանաբար նախապատրաստում իր ծառաներին՝ սիրելու և օգնելու ամեն ազգի մարդկանց։ Պողոսի դարձի գալու օրերին Հիսուսն ասաց, որ նա՝ Պողոսը, ընտրված անոթ է՝ իր անունը տանելու ազգերին (Գործք 9։15)։ Դրանից հետո Պողոսը գնաց Արաբիա՝ հավանաբար խորհրդածելու այն մասին, որ Աստված բարի լուրը ցանկանում է իր միջոցով հայտնել ազգերին (Գաղատացիս 1։15–17)։
Իր առաջին միսիոներական շրջագայության ժամանակ Պողոսը մեծ եռանդով քարոզեց ոչ հրեաներին (Գործք 13։46–48)։ Եհովան օրհնում էր Պողոսի գործունեությունը, և դա ապացույց էր, որ առաքյալը Եհովայի նպատակին համապատասխան էր գործում։ Համարձակորեն հանդիմանելով Պետրոսին, որը աչառություն անելով՝ խուսափել էր ոչ հրեա եղբայրների հետ շփվելուց՝ Պողոսը ցույց տվեց, որ լիովին հասկանում է, թե որն է Եհովայի տեսակետը (Գաղատացիս 2։11–14)։
Այն, որ Պողոսն առաջնորդություն էր ստանում Աստծուց, ակնհայտորեն երևաց նաև իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ, երբ սուրբ ոգին նրան արգելեց քարոզել հռոմեական Բութանիա պրովինցիայում (Գործք 16։7)։ Ակներևաբար, այնտեղ գնալու ժամանակը դեռ չէր եկել։ Ավելի ուշ, սակայն, բութանիացիներից ոմանք քրիստոնյաներ դարձան (Ա Պետրոս 1։1)։ Տեսիլքում մի մակեդոնացի աղաչում էր Պողոսին՝ ասելով. «Մակեդոնիա անցի՛ր եւ օգնի՛ր մեզ»։ Պողոսը հասկացավ, որ պետք է իր ճանապարհը փոխի ու գնա հռոմեական այդ պրովինցիան՝ քարոզելու (Գործք 16։9, 10)։
Պողոսի՝ հարմարվելու ունակությունը ծայրաստիճան փորձության ենթարկվեց աթենացիներին քարոզելիս։ Հունական և հռոմեական օրենքներով արգելվում էր ներմուծել օտար աստվածներ ու նոր կրոնական սովորություններ։ Պողոսը, քանի որ սիրում էր մարդկանց, ուշադրությամբ քննեց տեղացիների կրոնական սովորությունները։ Աթենքում նա տեսավ մի զոհասեղան, որի վրա գրված էր՝ «Անծանօթ Աստծուն»։ Նա այս մանրամասնությունը հիշատակեց իր քարոզի ժամանակ (Գործք 17։22, 23)։ Ի՜նչ հիանալի ձևով նա գործեց իր խոսքը բարի ու հարգալից ձևով ներկայացնելու համար։
Հիրավի, ի՜նչ ուրախություն պետք է որ ապրած լիներ Պողոսը՝ հետադարձ հայացք գցելով իր գործունեությանը որպես ազգերի առաքյալ։ Նրա օգնությամբ կազմավորվեցին ժողովներ, որոնցում կային բազմաթիվ ոչ հրեա քրիստոնյաներ՝ կորնթացիներ, փիլիպպեցիներ, թեսաղոնիկեցիներ ու Գաղատիայի քաղաքների բնակիչներ։ Նա օգնեց հավատի տեր այնպիսի մարդկանց, ինչպիսիք էին՝ Դամարիսը, Դիոնեսիոսը, Սերգիոս Պողոսը և Տիտոսը։ Ի՜նչ եզակի հնարավորություն՝ տեսնելու, թե ինչպես են ճշմարիտ քրիստոնեություն ընդունում մարդիկ, որ մի ժամանակ չգիտեին ո՛չ Եհովայի, ո՛չ էլ Աստվածաշնչի մասին։ Պողոսը, նկարագրելով, թե ինչ է արել, որպեսզի օգներ հրեաներին՝ գալու դեպի ճշմարտությունը, ասաց. «Այսպէս՝ ջանացի աւետարանել այնտեղ, ուր Քրիստոսի անունը չէր տրուած.... ինչպէս որ գրուած է. «Նրանք, որոնց չպատմուեց նրա մասին, պիտի տեսնեն, եւ նրանք, որոնք չէին լսել, պիտի հասկանան»» (Հռովմայեցիս 15։20, 21)։ Կարո՞ղ ենք բարի լուրը քարոզել այնպիսի մարդկանց, ովքեր մեր հասարակական միջավայրից չեն։
Օգնում ենք երկրագնդի բոլոր մարդկանց
Սողոմոնը Եհովային աղոթեց այն ոչ իսրայելացիների մասին, ովքեր գալու էին Երուսաղեմի տաճար՝ երկրպագելու Աստծուն։ Նա խնդրեց. «Լսիր երկնքումը՝ քո բնակուելու տեղումը եւ արա այն օտարականի դէպի քեզ կանչածի բոլորին համեմատ, որպէս զի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը» (Գ Թագաւորաց 8։41–43)։ Թագավորության հազարավոր քարոզիչներ, որ ապրում են բազմաթիվ երկրներում, այսօր նմանատիպ զգացումներ ունեն։ Նրանք հանդիպում են մարդկանց, որոնք Նինվեի բնակիչների նման «աջ ու ձախ ձեռքին տարբերութիւնը չեն գիտեր» հոգևոր հարցերի առնչությամբ։ Թագավորության քարոզիչները փափագում են բաժին ունենալ այն մարգարեությունների կատարման մեջ, որոնք վերաբերում են բազմաթիվ ազգերից ճշմարիտ երկրպագուների հավաքվելուն (Եսայիա 2։2, 3; Միքիա 4։1–3)։
Աստվածաշնչի հուսավետ լուրն ընդունում են ինչպես այն մարդիկ, որ այսպես կոչված քրիստոնեական ազգերից են, այնպես էլ նրանք, ովքեր ոչ «քրիստոնեական» հավատ ունեն։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս իրողությանը։ Քննեցեք ինքներդ ձեզ։ Եթե զգում եք, որ նախապաշարումը խոր արմատներ է գցել ձեր սրտում, ապա սիրո միջոցով ազատվեք դրանից։a Մի՛ մերժեք մարդկանց, ում Աստված պատրաստ է ընդունել (Յովհաննէս 3։16)։
Նախապատրաստվեք՝ նախքան այլ կուլտուրայի պատկանող մարդկանց հետ խոսելը։ Ծանոթացեք նրանց հավատալիքներին, հոգսերին, մտածողությանը. այնուհետև ընդհանրություն գտեք նրանց հետ։ Նրանց հանդեպ քաղցրություն և կարեկցանք ցույց տվեք։ Խուսափեք վեճերից, եղեք ճկուն և լավատես (Ղուկաս 9։52–56)։ Այսպես վարվելով՝ դուք կհաճեցնեք Եհովային. չէ՞ որ «նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը» (Ա Տիմոթէոս 2։4)։
Որքա՜ն ուրախ ենք, որ մեր ժողովներում ամենատարբեր ազգերի ու մշակույթների պատկանող մարդիկ կան (Եսայիա 56։6, 7)։ Ի՜նչ հաճելի է լսել ոչ միայն այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Նաիրա, Արմինե, Վարդան կամ Արմեն, այլ նաև, օրինակ, Մամադու, Ջիգան, Ռեզա և Չան։ Իսկապես, մեր առջև «աշխատանքի մեծ.... դուռ է բացուած» (Ա Կորնթացիս 16։9)։ Անաչառ Աստված Եհովան բոլոր ազգերի մարդկանց ուրախությամբ ընդունում է։ Թող որ ձեռքներիցս բաց չթողնենք հնարավորությունը՝ հրավիրել նրանց՝ գալու դեպի Եհովան։
[ծանոթագրություն]
a Տե՛ս 1996 թ. հուլիսի 8–ի «Արթնացե՛ք»–ում «Խոչընդոտներ, որ խանգարում են հաղորդակցվելուն» հոդվածը (էջ 5–7, ռուս.)։
[նկարներ 23–րդ էջի վրա]
Հարմարվելու ունակության շնորհիվ Պողոսը կարողանում էր բարի լուրն ամենուր տարածել
....Աթենքում
....Փիլիպպեում
....ճանապարհորդելիս