Լավ առաջնորդություն. համաշխարհային խնդիր
Այդ մարդը բանաստեղծ էր և գրող։ Նա մեծ հույսերով էր նայում ապագային։ Մոտ 90 տարի առաջ նա երազում էր մի այնպիսի վայրի մասին, «որտեղ մարդը ոչ մի բանից չէր վախենա, կյանքի հանդեպ լավատեսորեն տրամադրված կլիներ, որտեղ կրթությունը ձրի կլիներ, աշխարհը պառակտված չէր լինի ազգային նեղ շրջանակներով, բառերը ճշմարտության խորքերից դուրս կգային, անխոնջ ձգտումները կատարելության կհասցնեին մարդկանց»։
ԱՅՍ գրողը հույսեր էր փայփայում, որ մի գեղեցիկ օր իր երկրի, ինչպես նաև մնացած ողջ աշխարհի բնակիչները կարթնանան այդպիսի վայրում։ Եթե նա՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրը, այսօր կենդանի լիներ, ապա խոր հիասթափություն կապրեր։ Չնայած աշխարհը մեծ առաջընթաց ու նվաճումներ է ունեցել, բայց նա այժմ ավելի շատ է պառակտված, քան երբևէ։ Մարդու ապագան շարունակում է մնալ մռայլ։
Երբ մի գյուղացու հարցրեցին, թե ինչու հանկարծ իրենց երկրում որոշ խմբեր սկսեցին միմյանց նկատմամբ բռնություն գործադրել, նա պատասխանեց. «Պատճառներից մեկը վատ ղեկավարությունն է»։ Պատմաբան Ջոնաթան Գլովերը իր «Մարդկությունը և նրա բարոյականության պատմությունը 20–րդ դարում» գրքում (անգլ.) նման տեսակետ է հայտնում՝ ասելով. «[Այդ նույն երկրում] ցեղասպանությունը ցեղային ատելության տարերային բռնկում չէր. այն պլանավորվել էր նրանց կողմից, ովքեր ցանկանում էին իշխանությունն իրենց ձեռքում պահել»։
Երբ 1990–ականների սկզբում նախկին Հարավսլավիայի երկու հանրապետությունների միջև պատերազմ բռնկվեց, մի լրագրող գրեց. «Մենք տարիներով իրար հետ ուրախ ապրում էինք, իսկ հիմա հասել ենք այն աստիճանին, որ սպանում ենք մեկս մյուսի երեխաներին։ Ի՞նչ է պատահել մեզ»։
Հնդկաստանը՝ հոդվածի սկզբում հիշատակված բանաստեղծի ծննդավայրը, հազարավոր կիլոմետրերով հեռու է Եվրոպայից ու Աֆրիկայից։ Գրող Փրանայ Գուպտեն իր «Կարո՞ղ է Հնդկաստանը մնալ որպես մեկ ազգ» ելույթում նշեց. «Հնդկաստանի բնակչության մոտ 70%–ը 30 տարեկան էլ չկա, ու այդ մարդիկ չունեն այնպիսի առաջնորդներ, որոնք արժանի կլինեին ընդօրինակման»։
Որոշ երկրներում ղեկավար մարդիկ ստիպված պաշտոնաթող են եղել, քանի որ մեղադրվել են կաշառակերության մեջ։ Տարբեր պատճառներ կան, որ ներկայումս աշխարհն առաջնորդության ակնհայտ ճգնաժամ է ապրում։ Իրերի այսօրվա վիճակը վկայում է այն խոսքերի ճշմարտացիության մասին, որոնք պատկանում են մոտ 2 600 տարի առաջ ապրած մի մարգարեի։ Նա ասել է. «Մարդինը չէ իր ճանապարհը.... գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։
Կա՞ ելք այս համաշխարհային ճգնաժամից։ Ո՞վ կարող է մարդկությանը առաջնորդել դեպի մի աշխարհ, որտեղ չեն վախենա մեկը մյուսից, չեն պատերազմի միմյանց դեմ, որտեղ ձրի ու անսահմանափակ կերպով կարելի է ճշմարիտ գիտելիքներ ձեռք բերել և որտեղ մարդիկ կարող են գնալ դեպի կատարելություն։
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Fatmir Boshnjaku