Կենսագրություն
Ծառայել անձնազոհության ոգով
Պատմում է Դոն Ռենդելը
Մայրս մահացավ 1927 թ.–ին, երբ ես ընդամենը հինգ տարեկան էի։ Սակայն, նրա հավատը մեծ ազդեցություն թողեց իմ կյանքում։ Ինչպե՞ս...
ՄԱՅՐՍ անգլիկան եկեղեցու հավատարիմ անդամ էր, իսկ հայրս՝ պրոֆեսիոնալ զինվոր։ Նրանք ամուսնացան նախքան Առաջին համաշխարհային պատերազմը, որը բռնկվեց 1914 թ.–ին։ Տեղի քահանան տրամադրում էր իր ամբիոնը՝ մարդկանց բանակ զինվորագրելու նպատակով. մի բան, որի հետ մայրս համաձայն չէր։ Ինչպիսի՞ն էր քահանայի արձագանքը։ «Գնա տուն և գլուխդ մի ցավեցրու նման հարցերով»։ Սակայն այդպիսի պատասխանը մորս չբավարարեց։
1917 թ.–ին, երբ պատերազմն իր գագաթնակետին էր հասել, մայրս տեսավ «Արարչության լուսադրաման»։ Համոզվելով, որ գտել է ճշմարտությունը՝ նա առանց հետաձգելու խզեց իր կապերը եկեղեցու հետ և միացավ Աստվածաշունչ ուսումնասիրողներին (ինչպես այն ժամանակ հայտնի էին Եհովայի վկաները)։ Ժողովի հանդիպումներին մասնակցելու համար նա գնում էր Յովիլ, որը Անգլիայի Սամերսեթ կոմսության մեջ ընդգրկվող մեր գյուղին՝ Վեստ Քոկերին, ամենամոտ քաղաքն էր։
Կարճ ժամանակ անց մայրս իր նոր հավատի մասին պատմեց իր երեք քույրերին։ Յովիլի ժողովի տարեց անդամների խոսքերով՝ նա իր փոքր քրոջ՝ Միլլիի հետ հեծանվով տակնուվրա էր անում մեր ընդարձակ գյուղական տարածքը՝ բաժանելով Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված ձեռնարկը, որը կոչվում էր «Գրությունների ուսումնասիրություններ»։ Ցավոք, մայրս հիվանդացավ պալարախտով և իր կյանքի վերջին 18 ամիսների ընթացքում գամվեց անկողնուն (այդ հիվանդությունը այն ժամանակ անբուժելի էր)։
Անձնազոհության գործնական ցուցաբերում
Մորաքույր Միլլին, որն այդ ժամանակ ապրում էր մեզ հետ, իր վրա վերցրեց հիվանդ մորս խնամելու պարտականությունը։ Նա նաև հոգ էր տանում իմ և յոթ տարեկան քրոջս՝ Ջոանի մասին։ Մորս մահից հետո մորաքույր Միլլին առանց հապաղելու ցանկություն հայտնեց խնամել մեզ։ Հայրս, ուրախ լինելով նման պատասխանատվությունից ազատվելու հնարավորության համար, պատրաստակամորեն համաձայնեց, որ մորաքույր Միլլին միշտ ապրի մեզ հետ։
Քանի որ շատ էինք կապվել մեր մորաքրոջ հետ, չափազանց ուրախ էինք, որ նա պետք է մնա մեզ հետ։ Բայց ինչո՞ւ էր նա այդպիսի որոշում կայացրել։ Ինչպես տարիներ անց պատմեց մորաքույր Միլլին, նա իրեն պարտավոր էր զգում շարունակել կառուցել այն հիմքի վրա, որը գցել էր մայրս. այն է՝ Աստվածաշնչի ճշմարտությունը սովորեցնել Ջոանին և ինձ. մի բան, որը, ինչպես նա հասկացել էր, մեր հայրը երբեք չէր անի, քանի որ կրոնը նրան չէր հետաքրքրում։
Հետագայում նաև իմացանք, որ մորաքույր Միլլին կայացրել էր ևս մի խիստ անձնական որոշում. նա վճռել էր երբեք չամուսնանալ, որպեսզի կարողանա ինչպես հարկն է զբաղվել մեր դաստիարակությամբ։ Ինչպիսի՜ անձնազոհություն։ Ես ու Ջոանը ամբողջ կյանքում պարտական ենք նրան։ Այն ամենը, ինչ մորաքույր Միլլին սովորեցրեց, և այն փայլուն օրինակը, որ նա թողեց, մնացին մեզ հետ։
Որոշում կայացնելու ժամանակը
Ես և Ջոանն հաճախում էինք գյուղի անգլիկան եկեղեցու դպրոցը։ Տնօրենի հետ հանդիպելով՝ մորաքույր Միլլին քննարկեց մեր կրոնական կրթության հետ կապված հարցերը. նա բավական հաստատակամ էր։ Արդյունքո՞ւմ... Երբ մյուս երեխաները գնում էին եկեղեցի, մենք գնում էինք տուն, իսկ երբ քահանան էր գալիս դպրոց՝ կրոնական դասեր տալու, մեզ առանձին էին նստեցնում և պատվիրում Աստվածաշնչից հատվածներ անգիր սովորել։ Հետագայում դա ինձ շատ պետք եկավ, քանի որ այդ հատվածները անջնջելիորեն տպվեցին հիշողությանս մեջ։
14 տարեկան հասակում թողեցի դպրոցս և ընդունվեցի պանրի գործարանը՝ այնտեղ տրվող չորսամյա մասնագիտական կրթությունը ստանալու նպատակով։ Նաև սովորեցի դաշնամուր նվագել։ Երաժշտությունն ու պարահանդեսային պարերը դարձան իմ սիրած զբաղմունքը։ Թեև Աստվածաշնչի ճշմարտությունը արմատավորվել էր սրտումս, սակայն ինձ որևէ քայլի չէր մղում։ 1940 թ. մարտին մի տարեց Վկա ինձ հրավիրեց իր հետ միասին գնալ մեզանից 110 կմ հեռավորության վրա գտնվող Սուինդոն քաղաքը՝ այնտեղ կայանալիք համաժողովին մասնակցելու։ Ալբերտ Շրյոդերը, որը Բրիտանիայում Եհովայի վկաների նախագահողն էր, հանրային ելույթ կարդաց։ Այդ համաժողովը իմ կյանքում շրջադարձային նշանակություն ունեցավ։
Մոլեգնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը... Ինչպե՞ս պետք է դասավորեի կյանքս։ Որոշեցի վերադառնալ Յովիլ։ Գնացի Թագավորության սրահ։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ հայտարարվեց փողոցի ծառայության մասին։ Չնայած սակավ գիտելիքներիս՝ այդ գործունեությանը մասնակցելու ցանկություն հայտնեցի։ Տեսնելով ինձ փողոցում՝ բազում այսպես կոչված ընկերներս անչափ զարմացել էին և կողքովս անցնելիս ծաղրում էին ինձ։
1940 թ.–ի հունիսին ես մկրտվեցի Բրիստոլ քաղաքում։ Մեկ ամսվա մեջ դարձա կանոնավոր ռահվիրա՝ լիաժամ ավետարանիչ։ Իսկ երբ կարճ ժամանակ անց քույրս նույնպես իր նվիրումը խորհրդանշեց ջրի մկրտությամբ, ուրախությանս չափ չկար։
Ռահվիրայական ծառայություն պատերազմի տարիներին
Պատերազմի սկսվելուց մի տարի անց ծանուցագիր ստացա. ինձ կանչում էին բանակ։ Յովիլում ինձ գրանցեցին որպես կրոնական համոզմունքների համար զինծառայությունից հրաժարվողի, ինչի հետևանքով՝ Բրիստոլում տրիբունալի առջև պիտի կանգնեի։ Այդ ժամանակ Ջոն Ուինի հետ ռահվիրայական ծառայություն էի կատարում Սինդերֆորդում, Գլոսթերշիրում, այնուհետև՝ Հավերֆորդուեսթում և Քարմարթենում (Ուելս)։a Ավելի ուշ Քարմարթենում դատավարություն կայացավ. ինձ եռամսյա ազատազրկման ենթարկեցին և ուղարկեցին Սուոնսիի բանտը։ Բացի այդ, 25 ֆունտ տուգանք սահմանեցին (այն օրերում դա զգալի գումար էր)։ Իսկ հետո երկրորդ անգամ եռամսյա ազատազրկման ենթարկվեցի՝ այդ տուգանքը չվճարելու համար։
Երրորդ դատավարության ժամանակ ինձ հետևյալ հարցը տվեցին. «Չգիտե՞ս, որ Աստվածաշնչում գրված է. ‘Կայսրինը կայսրին տվեք’»։ «Գիտեմ,— պատասխանեցի ես,— սակայն կցանկանայի ավարտել այդ խոսքերը. ‘Եվ այն, որ Աստծունն է, Աստծուն տվեք’։ Հենց դա էլ անում եմ» (Մատթէոս 22։21)։ Մի քանի շաբաթ անց նամակ ստացա։ Այնտեղ ասվում էր, որ ես ազատ եմ զինվորական ծառայություն կատարելու պարտականությունից։
1945 թ. սկզբին ինձ հրավիրեցին Լոնդոնի Բեթելի ընտանիքում ծառայելու։ Հաջորդ ձմեռ Նաթան Նորը, որը գլխավորում էր համաշխարհային քարոզչական գործը, և նրա քարտուղարը՝ Միլթոն Հենշելը, այցելեցին Լոնդոն։ Բրիտանիայից ութ երիտասարդ եղբայրների հրավիրեցին «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի ութերորդ դասարանում սովորելու՝ միսիոներական կրթություն ստանալու համար։ Նրանց թվում էի նաև ես։
Միսիոներական նշանակումներ
Մեր ծովային ճանապարհորդությունը սկսեցինք Ֆաուիի փոքր քոռնուոլական նավահանգստից 1946 թ. մայիսի 23–ին պատերազմական ժամանակների մի «Լիբերթի» նավով։ Նավահանգստի ղեկավար կապիտան Քոլինզը, որ Եհովայի վկա էր, սուլեցրեց շչակը, երբ հեռացանք նավամատույցից։ Նայելով Անգլիայի՝ հետզհետե հեռացող ափին՝ բոլորս էլ, բնականաբար, շփոթմունքի մեջ էինք։ Ատլանտյան օվկիանոսը փոթորկալից էր, սակայն 13 օր անց անվտանգ հասանք Միացյալ Նահանգներ։
Երբեք չեմ մոռանա Կլիվլենդում (Օհայո նահանգ) 1946 թ. օգոստոսի 4–ին սկսված «Ուրախ ժողովուրդներ» ութօրյա աստվածապետական համաժողովը։ Այնտեղ ներկա էր ութսուն հազար պատվիրակ, որոնցից 302–ը՝ 32 այլ երկրներից։ Այդ համաժողովի ժամանակ առաջին անգամ ներկայացվեցին «Արթնացե՛ք»b պարբերագիրը և Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված «Թող Աստված ճշմարիտ լինի» ձեռնարկը. համաժողովի մասնակիցները ցնծության մեջ էին։
«Գաղաադը» ավարտեցինք 1947 թ.–ին։ Ինձ և Բիլ Քոփսոնին ուղարկեցին Եգիպտոս։ Մեկնելուց առաջ Բրուքլինի Բեթելում ծառայող Ռիչարդ Աբրահամսոնը ինձ գրասենյակային գործ սովորեցրեց, ինչը շատ օգտակար եղավ ինձ համար։ Մենք ափ իջանք Ալեքսանդրիայում։ Միջին Արևելքի կենսաձևին հարմարվելը ինձ համար դժվար չէր, իսկ, ա՛յ, արաբերեն սովորելը՝ իսկական փորձություն։ Ստիպված օգտվում էի վկայության քարտերից՝ չորս լեզվով։
Բիլ Քոփսոնը այնտեղ մնաց յոթ տարի, իսկ ես, չկարողանալով վերականգնել իմ վիզան, մեկ տարի հետո ստիպված էի թողնել երկիրը։ Միսիոներական ծառայության այդ տարին համարում եմ կյանքումս ամենաարդյունավետը։ Ես մի հրաշալի հնարավորություն ունեի՝ շաբաթվա ընթացքում անցկացնել Աստվածաշնչի ավելի քան 20 տնային ուսումնասիրություն. այդ մարդկանցից մի քանիսը մինչև օրս էլ ակտիվորեն փառաբանում են Եհովային։ Եգիպտոսից ինձ ուղարկեցին Կիպրոս։
Կիպրոս և Իսրայել
Ես սկսեցի նոր լեզու սովորել՝ հունարեն, նաև ծանոթացա տեղի բարբառին։ Կարճ ժամանակ անց, երբ Էնթոնի Սիդարիսին առաջարկեցին տեղափոխվել Հունաստան, ինձ նշանակեցին Կիպրոսում քարոզչական աշխատանքի վերահսկման գործին։ Այդ ժամանակ Կիպրոսի մասնաճյուղի հսկողության տակ էր գտնվում նաև Իսրայելը, և ես հնարավորություն ունեցա ուրիշ եղբայրների հետ ժամանակ առ ժամանակ այցելել այնտեղի սակավաթիվ Վկաներին։
Իսրայել կատարած իմ առաջին ուղևորության ժամանակ Հայֆայի ռեստորաններից մեկում փոքր համաժողով կազմակերպեցինք, որին ներկա էր 50–60 մարդ։ Ծրագիրը անցավ վեց լեզուներով՝ առանձին ազգային խմբերի համար։ Մեկ ուրիշ անգամ Երուսաղեմում հնարավորություն ստեղծվեց ցուցադրել Եհովայի վկաների կողմից նկարահանված մի ֆիլմ և կարդալ հանրային ելույթ, որի մասին դրական արձագանք եղավ անգլերեն լեզվով հրատարակվող մի թերթում։
Կիպրոսում այդ ժամանակ մոտ 100 Վկա կար, որոնք ծանր պայքար էին մղում իրենց հավատի համար։ Հունական ուղղափառ եկեղեցու քահանաների դրդմամբ՝ ամբոխները խանգարում էին մեր համաժողովները։ Երբեմն գյուղական տարածքներում քարոզելու համար ինձ քարկոծում էին (դա ինձ համար նոր երևույթ էր)։ Ստիպված էի սովորել արագ փախչել կամ թաքստոց գտնել։ Փորձություններով լի այդ ժամանակաշրջանում ևս մի քանի միսիոներներ ուղարկվեցին Կիպրոս, ինչը ամրացրեց մեր հավատը։ Դենիս և Մավիս Մաթեուսները Ջոան Հուլիի և Բերիլ Հեյվուդի հետ եկան Ֆամագուստա և միացան ինձ, իսկ Թոմ և Մերի Գուլդենները, ինչպես նաև Նինա Կոնստանտին (Լոնդոնում ծնված մի կիպրոսցի) գնացին Լիմասոլ։ Միևնույն ժամանակ Կիպրոս ուղարկվեց նաև Բիլ Քոփսոնը, որը հետագայում միացավ Բերթ և Բերիլ Վայսեյներին։
Հարմարվում եմ հանգամանքների փոփոխությանը
1957 թ. վերջին ես հիվանդացա։ Ի վիճակի չլինելով շարունակել միսիոներական ծառայությունս՝ տխրությամբ որոշեցի վերադառնալ Անգլիա՝ առողջությունս վերականգնելու։ Այնտեղ մինչև 1960 թ. ծառայեցի որպես ռահվիրա։ Քույրս և նրա ամուսինը սիրով տրամադրեցին ինձ իրենց տունը։ Սակայն նոր խնդիրներ առաջ եկան։ Ջոանի գործերը դժվարանում էին. իր ամուսնու և փոքր աղջկա մասին հոգ տանելուց բացի, նա իմ 17–ամյա բացակայության ընթացքում սիրով խնամել էր մեր հորը և մորաքույր Միլլիին, որոնք այդ ժամանակ տարեց էին և վատառողջ։ Ահա թե երբ պետք եղավ հետևել մորաքրոջս անձնազոհ օրինակին. մինչև մորաքրոջս ու հորս մահը մնացի քրոջս հետ։
Իհարկե, ինձ համար հեշտ կլիներ հաստատվել Անգլիայում, սակայն զգացի, որ կարճատև հանգստից հետո պարտավոր եմ վերադառնալ և շարունակել ծառայել այնտեղ, որտեղ ժամանակին նշանակվել էի։ Վերջիվերջո, չէ՞ որ Եհովայի կազմակերպությունն այդքան փող էր ծախսել ինձ կրթելու համար։ Ուստի՝ 1972 թ.–ն, վճարելով ճանապարհածախսը, վերադարձա Կիպրոս՝ այնտեղ որպես ռահվիրա ծառայելու նպատակով։
Երբ Նաթան Նորը եկավ Կիպրոս՝ այնտեղ կայանալիք համաժողովը կազմակերպելու, և իմացավ, որ ես վերադարձել եմ, առաջարկեց, որ ինձ նշանակեն որպես ամբողջ կղզու շրջանային վերակացու՝ մի առանձնաշնորհյալ ծառայություն, որը կատարեցի չորս տարի։ Թեև մի փոքր վախենում էլ էի, քանի որ այդ ծառայությունը կատարելիս հիմնականում հունարեն պիտի խոսեի։
Անհանգիստ ժամանակներ
Ես ապրում էի Կիպրոսի հյուսիսային ափին՝ Կիրենիայի արևելքում ընկած Կարակումի գյուղում։ Իմ ծառայակիցն էր Փոլ Էնդրյուն՝ մի կիպրոսցի հունախոս Վկա։ Կիպրոսի մասնաճյուղը գտնվում էր Նիկոսիայում՝ Կիրենիայի լեռներից հարավ։ 1974 թ. հուլիսի սկզբին, երբ ես Նիկոսիայում էի, տեղի ունեցավ պետական հեղաշրջում. պրեզիդենտ Մակարիոսը պաշտոնանկ արվեց։ Ես տեսա նրա պալատը՝ կրակների մեջ։ Ճանապարհների անվտանգ դառնալուց հետո շտապեցի վերադառնալ Կիրենիա, որտեղ պատրաստվում էինք շրջանային համաժողով անցկացնել։ Երկու օր անց լսեցի առաջին ռումբի պայթյունը նավահանգստում. երկինքը լիքն էր ուղղաթիռներով, որոնցով ներխուժեցին թուրքական զորքերը։
Քանի որ Բրիտանիայի քաղաքացի էի, թուրք զինվորները ինձ տարան Նիկոսիայի արվարձանները։ Այնտեղ ՄԱԿ–ի ներակայացուցիչները ինձ հարցաքննեցին, որից հետո կապ հասատատեցին մասնաճյուղի հետ։ Այնուհետև, կատարելով ինձ տրված հրամանը՝ ահը սրտումս՝ անցա չեզոք գոտու մյուս կողմը՝ քայլելով ամայացած տների խճճված հեռախոսալարերի ու էլեկտրական լարերի միջով։ Որքա՜ն ուրախ էի, որ Եհովայի հետ իմ կապը երբեք չէր կարող կտրվել. այդ ծանր պահին չէի դադարում աղոթել։
Թեև կորցրել էի ամբողջ ունեցվածքս, ուրախ էի, որ մասնաճյուղում ապահովության մեջ եմ։ Սակայն, իրավիճակը շուտով փոխվեց։ Մի քանի օրվա մեջ զավթիչներն իրենց հսկողության տակ վերցրին կղզու հյուսիսային մասի մեկ երրորդը։ Անհրաժեշտություն առաջացավ լքել Բեթելի շենքերը. մենք տեղափոխվեցինք Լիմասոլ։ Այնտեղ մեծ ուրախությամբ սկսեցի համագործակցել այն կոմիտեի հետ, որի նպատակն էր՝ հոգ տանել անկարգություններից տուժած 300 եղբայրների մասին. նրանցից շատերը զրկվել էին իրենց տներից։
Հետագա նշանակումներ
1981 թ. հունվարին Կառավարիչ մարմինը առաջարկեց ինձ տեղափոխվել Հունաստան՝ Աթենքի Բեթելի ընտանիքին միանալու, բայց տարվա վերջին ինձ նորից ուղարկեցին Կիպրոս, որտեղ նշանակվեցի որպես մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր։ Ինձ համար «մխիթարութիւն [նեցուկ] եղան» Անդրեաս Կոնտոյորգիսն ու նրա կին Մարոն՝ Լոնդոնից ուղարկված կիպրոսցիներ (Կողոսացիս 4։11)։
1984 թ.–ին Թեոդոր Յարաչի կատարած զոնալ այցելության վերջում Կառավարիչ մարմնից մի նամակ ստացա. այնտեղ, առանց որևէ բացատրության, ասվում էր. «Ցանկալի կլիներ, որ նրա [եղբայր Յարաչի] այցելության ավարտից հետո նրա հետ միասին գնայիր Հունաստան»։ Երբ հասանք Հունաստան, մասնաճյուղի կոմիտեի անդամներին մեկ ուրիշ նամակ ընթերցվեց՝ Կառավարիչ մարմնի կողմից ուղարկված. ինձ նշանակել էին այդ երկրի մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր։
Այդ ժամանակ հավատուրացության մեծ ալիք էր բարձրացել։ Բացի այդ, մեզ մեղադրում էին անօրինական դավանափոխության մեջ։ Եհովայի երկրպագուներին ամեն օր ձերբակալում էին և ատյանի առջև կանգնեցնում։ Մեծ առանձնաշնորհում եմ համարում այն, որ անձամբ ճանաչում եմ այդ փորձությունների ժամանակ իրենց ուղղամտությունը պահպանած եղբայրներին ու քույրերին։ Հետագայում նրանցից մի քանիսի գործը լսվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ինչը հրաշալի արդյունքերի բերեց՝ նպաստելով Հունաստանում քարոզչական գործին։c
Հունաստանում հնարավորություն ունեցա մասնակցելու Աթենքի, Թեսաղոնիկեի, Հռոդոս ու Կրետե կղզիների հիշարժան համաժողովներին։ Չորս երջանիկ ու արգասաբեր տարի անցկացրեցի այնտեղ։ Սակայն առջևում նոր փոփոխություն էր սպասվում՝ վերադարձ Կիպրոս 1988 թ.–ին։
Կիպրոս և վերադարձ Հունաստան
Իմ բացակայության ժամանակ Կիպրոսի եղբայրները Նիսուում (Նիկոսիայից մի քանի կիլոմետր այն կողմ) մասնաճյուղի համար նոր շենքեր էին ձեռք բերել. Քերի Բարբերը կարդաց նվիրման ելույթը։ Կղզում շատ բարելավումներ էին կատարվել։ Ես ուրախ էի, որ վերադարձել եմ։ Սակայն, առջևում նորից փոփոխություններ էին սպասվում։
Կառավարիչ մարմինը հավանություն էր տվել Հունաստանում Բեթելի նոր շենքի կառուցման նախագծին։ Այն գտնվելու էր Աթենքից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս։ Քանի որ ես խոսում էի թե՛ անգլերեն և թե՛ հունարեն, 1990 թ.–ին ինձ առաջարկեցին վերադառնալ և միանալ նոր շենքը կառուցող միջազգային ծառայողների «ընտանիքին»՝ որպես թարգմանիչ։ Մինչև օրս էլ հիշում եմ այն ուրախությունը, որ ստանում էի, երբ ամռանը, առավոտյան ժամը վեցին շինհրապարակում ողջունում էի հարյուրավոր հույն եղբայրների և քույրերի, որ ցանկություն էին հայտնել աշխատել շինարարների «ընտանիքի» հետ։ Նրանց ուրախությունն ու ջերմեռանդությունը ընդմիշտ կմնան հիշողությանս մեջ։
Հունական ուղղափառ եկեղեցու քահանաներն ու նրանց աջակիցները շինհրապարակ ներխուժելու և մեր կառուցածը քանդելու փորձեր կատարեցին։ Սակայն Եհովան լսեց մեր աղոթքները և պաշտպանեց մեզ։ Ես մնացի այնտեղ՝ տեսնելու համար Բեթելի նոր շենքը, որի նվիրման արարողությունը կայացավ 1991 թ. ապրիլի 13–ին։
Աջակցում եմ սիրելի քրոջս
Հաջորդ տարի վերադարձա Անգլիա, որպեսզի արձակուրդս անցկացնեմ քրոջս և նրա ամուսնու հետ։ Ցավոք, իմ այնտեղ եղած ժամանակ փեսաս երկու անգամ ինֆարկտ տարավ ու մահացավ։ Քույրս՝ Ջոանը, որ ինձ շատ էր օգնել միսիոներական ծառայության տարիների ընթացքում (գրեթե ամեն շաբաթ նա խրախուսական նամակներ էր գրում. այդպիսի կապը մեծ օրհնություն է ցանկացած միսիոների համար), այժմ մի այրի էր, որի առողջությունը գնալով վատանում էր, և որը օգնության կարիք ուներ։ Ի՞նչ պիտի անեի ես։
Նրա աղջիկը՝ Թելման, ամուսնու հետ միասին արդեն խնամում էր մի ուրիշ հավատարիմ այրի կնոջ՝ իրենց ժողովից. նա մեր ազգականներից էր և անբուժելի հիվանդ։ Շատ աղոթելուց հետո որոշեցի, որ պետք է մնամ և հոգ տանեմ Ջոանի մասին։ Իհարկե, հեշտ չէր հարմարվել այդ մտքի հետ։ Սակայն ուրախ եմ, որ առանձնաշնորհում ունեմ ծառայելու որպես երեց «Փեն Միլում»՝ Յովիլի երկու ժողովներից մեկում։
Արտասահմանում ինձ հետ ծառայած եղբայրները հեռախոսային ու նամակագրական կապ են պաշտպանում, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Գիտեմ, որ եթե գեթ մեկ անգամ արտահայտեմ Հունաստան կամ Կիպրոս վերադառնալու ցանկություն, տոմսը միանգամից պատրաստ կլինի։ Ավաղ, այժմ ես 80 տարեկան եմ, և ո՛չ տեսողությունս, ո՛չ էլ առողջությունս մի բանի պետք չեն։ Երբեմն վհատվում եմ, որ չեմ կարող այնքան ակտիվ լինել, որքան առաջ։ Պետք է նշեմ, սակայն, որ Բեթելում ծառայած տարիներս մեծ օգուտ են տվել ինձ. ես բազմաթիվ սովորություններ եմ մշակել, որոնք այսօր օգտակար են ինձ համար։ Օրինակ՝ նախաճաշից առաջ միշտ կարդում եմ օրվա խոսքը, նաև սովորել եմ հարմարվել մարդկանց ու սիրել նրանց, ինչը միսիոներական ծառայության հաջողության գրավականն է։
Հետադարձ հայացք նետելով այն ավելի քան 60 տարիներին, որ անցկացրել եմ Եհովայի փառաբանության գործին մասնակցելով՝ հասկանում եմ, որ լիաժամ ծառայությունը ամենամեծ պաշտպանությունն է և լավագույն կրթությունը ստանալու միջոցը։ Ամբողջ սրտով ցանկանում եմ կրկնել Դավիթի խոսքերը՝ Եհովային ուղղված. «Դուն ինծի պահապան եղար ու ապաւէն՝ իմ նեղութեանս օրը» (Սաղմոս 59։16, Արևմտ. Աստ.)։
[ծանոթագրություններ]
a Ջոն Ուինի կենսագրությունը՝ «Սիրտս լեցուն է երախտագիտության զգացումով», կարելի է գտնել «Դիտարան» պարբերագրի 1997 թ. սեպտեմբերի 1–ի համարում, էջ 25–28, ռուս.
b Նախկինում՝ «Մխիթարություն»։
c Տես՝ «Դիտարան», դեկտեմբերի 1, 1998 թ., էջ 20, 21 և սեպտեմբերի 1, 1993 թ., էջ 27–31, ռուս.; «Արթնացե՛ք», հունվարի 8, 1998 թ., էջ 21, 22 և մարտի 22, 1997 թ., էջ 14, 15, ռուս.
[քարտեզներ 24–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՀՈՒՆԱՍՏԱՆ
Աթենք
ԿԻՊՐՈՍ
Ֆամագուստա
Լիմասոլ
Կիրենիա
Նիկոսիա
[նկար 21–րդ էջի վրա]
Մայրս՝ 1915 թ.–ին
[նկար 22–րդ էջի վրա]
Ես (ձախից՝ չորրորդը) և «Գաղաադ» դպրոցի ութերորդ դասարանի մի քանի եղբայրներ՝ Բրուքլինի Բեթելի տանիքին, 1946 թ.
[նկար 23–րդ էջի վրա]
Մորաքույր Միլլիի հետ՝ առաջին անգամ Անգլիա վերադառնալուց հետո