Եկեղեցին և կառավարությունը Բյուզանդիայում
ՇԱՏ պարզ տեսնելով այն մեծ տարբերությունը, որը պետք է լիներ իր հետևորդների և Աստծուց օտարացած մարդկության միջև՝ քրիստոնեության հիմնադիրը՝ Հիսուսը, ասաց իր աշակերտներին. «Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է» (Յովհաննէս 15։19)։ Իսկ իր օրերի քաղաքական իշխանության ներկայացուցչի՝ Պիղատոսի հետ խոսելիս Հիսուսը հայտարարեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ» (Յովհաննէս 18։36)։
«Մինչեւ երկրի ծայրերը» քարոզելու իրենց պարտականությունը կատարելու համար առաջին քրիստոնյաները չպետք է տարվեին աշխարհիկ գործերով (Գործք 1։8)։
Հիսուսի նման՝ նրանք չէին խառնվելու քաղաքականությանը (Յովհաննէս 6։15)։ Դժվար չէր նկատել, որ հավատարիմ քրիստոնյաներն այդպես էլ անում էին. նրանք չէին ձգտում պետական պաշտոնի կամ ազդեցիկ դիրքի։ Ժամանակի ընթացքում, սակայն, իրավիճակը փոխվեց։
«Աշխարհից լինէլ»
Վերջին առաքյալի մահվանից որոշ ժամանակ անց կրոնական առաջնորդները կամովին սկսեցին փոխել իրենց տեսակետը աշխարհի վերաբերյալ։ Նրանց պատկերացմամբ՝ «թագավորությունը» երկրի վրա էր լինելու. դեռ ավելին՝ աշխարհի մասն էր կազմելու։ Մեզ համար ուսանելի կլինի ետադարձ հայացք նետել պատմությանը՝ տեսնելու համար, թե ինչպես միահյուսվեցին կրոնն ու քաղաքականությունը Բյուզանդական կայսրությունում (Արևելյան Հռոմեական կայսրություն, մայրաքաղաքը՝ Բյուզանդիոն, այժմ՝ Ստամբուլ)։
Այնպիսի հասարակության մեջ, որում կրոնը ավանդաբար մեծ դեր է խաղացել, Բյուզանդական եկեղեցին՝ իր Բյուզանդիոն կենտրոնով, բավական մեծ իշխանություն ուներ։ Եկեղեցու պատմության մասնագետ Պանայոտիս Քրիստուն մի անգամ ասել է. «Բյուզանդացիների կարծիքով՝ իրենց կայսրությունը Աստծո Թագավորության պատկերն էր»։ Սակայն, պետական իշխանությունները՝ կայսրի գլխավորությամբ, միշտ չէ, որ ընդունում էին այդ տեսակետը, ինչի հետևանքով՝ եկեղեցու և պետության փոխհարաբերությունները ժամանակ առ ժամանակ չափազանց սրված էին լինում։ «The Oxford Dictionary of Byzantium» գրքում ասվում է. «Կոստանդնուպոլսի (Բյուզանդիոն) եպիսկոպոսների վարքագիծը շատ տարբեր ձևերով էր դրսևորվում. նրանք երբեմն վախից շողոքորթում էին ազդեցիկ ղեկավարին.... երբեմն փոխշահավետ համարգործակցության մեջ մտնում կայսրի հետ.... և երբեմն էլ՝ խիստ հակառակվում նրա կամքին»։
Կոստանդնուպոլսի պատրիարքը՝ Արևելյան եկեղեցու գլուխը, շատ ազդեցիկ դիրք ձեռք բերեց։ Նա էր թագադրում կայսրին. ուստի ակնկալում էր, որ վերջինս ուղղափառության հավատարիմ պաշտպանը կլինի։ Պատրիարքը նաև շատ հարուստ էր, քանի որ իր հսկողության տակ էին գտնվում եկեղեցու հսկայական միջոցները։ Նրա հզորությունը պայմանավորված էր ինչպես անթիվ վանականների, այնպես էլ աշխարհիկ մարդկանց վրա ունեցած իր իշխանությամբ։
Պատրիարքը հաճախ ընդդիմանում էր կայսրին։ Աստծո անունից թելադրելով իր կամքը՝ նա կարող էր կայսրին սպառնալ եկեղեցուց հեռացնելով կամ՝ դիմել այլ միջոցների՝ փորձելով գահընկեց անել նրան։
Քանի որ մյուս քաղաքներում պետական իշխանությունը աստիճանաբար անկում էր ապրում, եպիսկոպոսները հաճախ ամենաազդեցիկ դիրքն էին ձեռք բերում՝ այդ առումով հավասարվելով պրովինցիաների ղեկավարներին, որոնք նրանց օգնությամբ էին հաղթանակ տանում ընտրությունների ժամանակ։ Նրանք նաև խառնվում էին դատական ու աշխարհիկ գործերին՝ երբեմն նույնիսկ անկախ այն բանից՝ եկեղեցին ներգրավված էր դրանց մեջ, թե՝ ոչ։ Այդ բանին նպաստում էին այն տասնյակ հազարավոր քահանաներն ու վանականները, որոնք ենթակա էին տեղի եպիսկոպոսներին։
Քաղաքականությունն ու սիմոնականությունը
Վերոհիշյալ նկարագրությունից պարզ է դառնում, որ հոգևոր իշխանությունը անբաժանելիորեն միահյուսվել էր քաղաքականությանը։ Մեծ թվով հոգևորականներ պահելու և իրենց կրոնական գործունեությունն ապահովելու համար բավական ֆինանսական միջոցներ էին հարկավոր. բարձր դիրք զբաղեցնող հոգևորականների մեծամասնությունը շքեղ կյանք էր վարում։ Իշխանություն և հարստություն ձեռք բերելով՝ եկեղեցին կորցրեց այն, ինչ հատուկ էր առաքյալներին՝ հասարակ և սուրբ կյանքով ապրելը։ Որոշ քահանաներ ու եպիսկոպոսներ փողով էին գնում իրենց պաշտոնը։ Հիերարխիայի բարձրագույն պաշտոնը ստանձնելու նպատակով սիմոնականության դիմելը սովորական երևույթ էր դարձել։ Հարուստ քաղաքական գործիչների աջակցությունը վայելող հոգևորականները մրցում էին միմյանց հետ՝ կայսրի կողմից եկեղեցական պաշտոններ ստանալու համար։
Կաշառքը նաև հոգևոր առաջնորդների վրա ազդելու միջոց էր։ Օրինակ՝ երբ Զոե կայսրուհին (978–1050 թթ.) սպանել տվեց իր ամուսնուն՝ Ռոմանոս III–ին՝ ցանկանալով ամուսնանալ իր սիրեկանի՝ կայսրերական գահի հավակնորդ Միքայել IV–ի հետ, անհապաղ պալատ հրավիրեց պատրիարք Ալեքսիոսին։ Այնտեղ պատրիարքին տեղեկացրին Ռոմանոսի մահվան մասին, նաև հայտնեցին, որ նա պետք է հարսանեկան արարողություն կատարի։ Ալեքսիոսի գործը հեշտ չէր, մանավանդ որ այդ երեկո եկեղեցին տոնում էր Չարչարանաց ուրբաթը։ Սակայն, կայսրուհու կողմից առատ նվերներ ընդունելով՝ նա կատարեց վերջինիս պահանջը։
Քծնանք կայսրի հանդեպ
Ժամանակ առ ժամանակ՝ Բյուզանդական կայսրության պատմության ընթացքում, Կոստանդնուպոլսի պատրիարքին ընտրում էր կայսրը՝ օգտագործելով նշանակումներ կատարելու իր փաստացի իրավունքը։ Այդ ընթացքում ոչ ոք չէր կարող դառնալ պատրիարք կամ երկար ժամանակով զբաղեցնել այդ պաշտոնը՝ առանց կայսրի կամքի։
Օրինակ՝ Անդրոնիկոս II կայսրը (1260–1332 թթ.) անհրաժեշտ համարեց ինը անգամ փոխել պատրիարքին։ Պատճա՞ռը... Նա պատրիարքի աթոռին ցանկանում էր տեսնել այնպիսի մեկի, ով բոլորից շատ տրամադրված կլիներ զիջումների գնալու։ Համաձայն «Բյուզանդացիներ» գրքի (անգլ.)՝ մի պատրիարք նույնիսկ գրավոր խոստում տվեց կայսրին՝ «կատարել նրա ցանկացած պահանջը՝ անկախ այն բանից, թե որքանով օրինական կլինի այն, և խուսափել նրան որևէ տհաճություն պատճառելուց»։ Երկու անգամ կայսրերը փորձել են իրենց կամքը թելադրել եկեղեցուն՝ պատրիարքի աթոռին նստեցնելով արքայորդիների։ Ռոմանոս I–ը, օրինակ, պատրիարք դարձրեց իր որդուն՝ Թեոփիլոսին, որն ընդամենը 16 տարեկան էր։
Եթե պատրիարքը ինչ–որ բանով չգոհացներ միապետին, ապա վերջինս կարող էր ստիպել նրան հեռանալ իր պաշտոնից, կամ էլ՝ կարգադրել, որ եկեղեցական սինոդը անի այդ։ «Բյուզանդիա» գրքում (անգլ.) ասվում է. «Բյուզանդիայի պատմությունն ուսումնասիրելիս նորից ու նորից ենք բախվում այն իրողությանը, որ եպիսկոպոսների ընտրության հարցում մեծ դեր են խաղացել բարձր իշխանությունները, նույնիսկ՝ անձամբ կայսրը»։
Պատրիարքի կողքին նստելով՝ կայսրը գլխավորում էր եկեղեցական խորհուրդները։ Նա էր անցկացնում բանավեճերը, ձևակերպում հավատի դրույթները և վիճաբանում ինչպես եպիսկոպոսների, այնպես էլ հերետիկոսների հետ, որոնց, ծայրահեղ դեպքում, բերում էր հետևյալ «փաստարկը»՝ մահ ցցի վրա։ Կայսրը նաև հաստատում և ի կատար էր ածում խորհրդի կողմից ընդունված կանոնները։ Ընդդիմացողներին նա կարող էր մեղադրել ոչ միայն պետական դավաճանության մեջ, այլև՝ որպես եկեղեցու և Աստծո թշնամիներ։ «Եկեղեցում Կայսրի կամքին ու հրամաններին հակառակ ոչինչ չպետք է արվի»,— ասել է վեցերորդ դարի պատրիարքներից մեկը։ Իսկ դատարանում նստող եպիսկոպոսները շողոքորթ, հեշտությամբ զիջումների գնացող, հովանավորների թեթև ակնարկներին անգամ միանգամից ենթարկվող, գործարքներ կնքելու մեջ հմուտ մարդիկ էին, որոնք սովորաբար ավելի շատ չէին առարկում, քան իրենց վերադասները։
Երբ պատրիարք Իգնատիոսը (799–878 թթ.) հրաժարվեց հաղորդություն տալ գլխավոր նախարար Վարդասին, նախարարը վրեժ լուծեց։ Վարդասը Իգնատիոսի դեմ կեղծ մեղադրանքներ հարուցեց՝ ամբաստանելով դավադրության ու դավաճանության մեջ։ Պատրիարքին ձերբակալեցին և աքսորեցին։ Նրա փոխարեն, նախարարի աջակցությամբ, ընտրվեց Փոտը՝ մի աշխարհիկ մարդ, որը վեց օրվա ընթացքում գրավեց բարձրագույն եկեղեցական պաշտոնը՝ դառնալով պատրիարք։ Սակայն այդ պաշտոնը զբաղեցնելու համար Փոտը համապատասխան որակավորումներ ունե՞ր արդյոք։ Ընդհակառակը՝ նա նկարագրվում է որպես «ծայրաստիճան փառասեր, սովորականից ավելի գոռոզ և քաղաքական գործչի բացառիկ ունակություններ ունեցող» մի մարդ։
Դոգման՝ որպես քաղաքականության ծառա
Քաղաքական պայքարը հաճախ ներկայացվում էր որպես պայքար ուղղափառության և հերետիկոսության միջև։ Սովորաբար կայսրը քաղաքական նկատառումներից ելնելով էր նոր ուսմունք ընդունում, և ոչ թե՝ այն ընդունելու ցանկությունից։ Ընդհանրապես ասած՝ նա իրեն էր վերապահում դոգմաներ թելադրելու և եկեղեցին իր կամքին հնազանդեցնելու իրավունքը։
Օրինակ՝ Հերակլիոս կայսրը (575–641 թթ.) մեծ ջանքեր թափեց՝ վերացնելու Քրիստոսի բնույթին վերաբերող հարցի շուրջ ծագած վեճերն ու երկպառակությունները, որոնք սպառնալիք էին ներկայացնում իր թուլացած տերության համար։ Փորձելով այնպես անել, որ հակառակվող կողմերը ընդհանուր լեզու գտնեն՝ նա մի նոր ուսմունք առաջարկեց, որը կոչվեց «միակամություն»։a Որպեսզի իր կայսրության հարավային պրովինցիաները չընդդիմանան այդ որոշմանը ու չպառակտվեն, Հերակլիոսը Ալեքսանդրիայի նոր պատրիարք նշանակեց Կիրոս Ֆասիսցուն, որը հավանություն էր տվել կայսրի կողմից առաջարկված ուսմունքին։ Վերջինս ստացավ նաև Եգիպտոսի նահանգապետի պաշտոնը։ Փաստորեն, տեղի բոլոր ղեկավարները անցան նրա ենթակայության տակ։ Մի փոքր ճնշում գործադրելով՝ Կիրոսը կարողացավ անել այնպես, որ Եգիպտոսի եկեղեցիների մեծ մասն ընդունի այդ ուսմունքը։
Դառը պտուղները
Ինչպե՞ս կարող են այս իրադարձությունները արտացոլել Հիսուսի աղոթքի ոգին կամ նրանում ասված խոսքերը՝ թե իր հետևորդները այս «աշխարհից չեն» լինելու (Յովհաննէս 17։14–16)։
Բյուզանդիայի առաջնորդները, որոնք իրենց ներկայացնում էին իբրև քրիստոնյա, հետագայում քաղեցին աշխարհի քաղաքական ու ռազմական գործերին միջամտելու դառը պտուղները։ Ի՞նչ կարելի է սովորել՝ համառոտակի ծանոթանալով պատմության այս էջերին։ Շահեցի՞ն արդյոք Բյուզանդիայի հոգևոր առաջնորդները Աստծո և Հիսուս Քրիստոսի բարեհաճությունը (Յակոբոս 4։4)։
Նման փառամոլ կրոնական առաջնորդները ու նրանց քաղաքական «սիրեկանները» ոչ մի օգուտ չեն բերել ճշմարիտ քրիստոնեությանը։ Ընդհակառակը՝ կրոնի ու քաղաքականության այդ պիղծ միահյուսումը սխալ լույսի տակ է ներկայացրել Հիսուսի կողմից փոխանցված մաքուր կրոնը։ Եկեք, ուրեմն, դասեր քաղենք պատմությունից և շարունակենք ցույց տալ, որ այս «աշխարհից չենք»։
[ծանոթագրություն]
a Համաձայն միակամության ուսմունքի՝ ունենալով երկու բնույթ (իբրև Աստված և մարդ)՝ Քրիստոսն այնուամենայնիվ մեկ կամք ունի։
[շրջանակ/նկար 10–րդ էջի վրա]]
«ԵՐԿՆՔՈՎ ԱՆՑՆՈՂ ԱՍՏԾՈ ՆՄԱՆ»
Տեսնելու համար, թե եկեղեցու գլուխը սովորաբար ինչ դեր կարող էր խաղալ պետական գործերում և ինչպիսի փառասիրական ձգտումներ կարող էր ունենալ, քննենք պատրիարք Միքայել Սերուլարիոսի (1000–1059 թթ.) օրինակը, որը տիպիկ է Բյուզանդական կայսրության համար։ Պատրիարքի պաշտոնը գրավելուց հետո Սերուլարիոսը ձգտում էր ավելի բարձր դիրքի։ Նա նկարագրվում է որպես ամբարտավան, մեծամիտ և զիջումների չգնացող մի անձնավորություն, որն «իրեն պահում էր երկնքով անցնող աստծո նման»։
Փառասիրական ձգտումներից մղված՝ նա 1054 թ.–ին պառակտվեց Հռոմի պապից՝ ստիպելով նաև, որ կայսրը իր համաձայնությունը տա այդ քայլին։ Իր հաղթանակից ոգևորված՝ Սերուլարիոսը գահ բարձրացրեց Միքայել VI–ին և օգնեց նրան ամրապնդել իր իշխանությունը։ Սակայն մի տարի անց ստիպեց կայսրին հրաժարվել իշխանությունից և նրա փոխարեն գահ բարձրացրեց Իսահակ Կոմնենոսին (1005–1061 թթ.)։
Պայքարը պատրիարքի ու կայսրի միջև գնալով սրվում էր։ Վստահ լինելով, որ ժողովուրդը կաջակցի իրեն՝ Սերուլարիոսը սպառնում էր կայսրին, ներկայացնում իր պահանջները և բռնության դիմում։ Այդ ժամանակաշրջանում ապրած մի պատմիչ գրել է. «Կանխատեսելով կայսրի տապալումը՝ նա, անդուր ու գռեհիկ խոսքեր օգտագործելով, ասաց. «Ես եմ քեզ բարձրացրել, քե՛զ, ապո՛ւշ. բայց ես քեզ ոչնչացնելու եմ»»։ Սակայն, Իսահակ Կոմնենոսը նրան ձերբակալեց, բանտարկեց և աքսորեց Իմբրոս։
Այս օրինակներից երևում է, թե ինչ մեծ դժվարություններ կարող էր պատճառել կայսրին Կոստանդնուպոլսի պատրիարքը և ինչպիսի ուժեղ հակառակություն կարող էր ցույց տալ նրան։ Կայսրը հաճախ է բախվել այնպիսի մարդկանց հետ, որոնք լինելով վարպետ քաղաքական գործիչներ՝ կարողացել են չհնազանդվել թե՛ թագավորին և թե՛ բանակին։
[քարտեզ/նկար 9–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Բյուզանդական կայսրության առավելագույն տարածքը
Միջերկրական ծով
Սև ծով
Կոստանդնուպոլիս
Հռոմ
Ալեքսանդրիա
Ռավեննա
Նիկիա
Եփեսոս
Անտիոք
Երուսաղեմ
Մակեդոնիա
[թույլտվությամբ]
Map: Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.
[նկարներ 10–րդ և 11–րդ էջերի վրա]
Կոմնենոս
Միքայել IV
Ռոմանոս III (ձախից)
Զոե կայսրուհի
Ռոմանոս I (ձախից)
[թույլտվությամբ]
Comnenus, Romanus III, and Michael IV: Courtesy Classical Numismatic Group, Inc.; Empress Zoe: Hagia Sophia; Romanus I: Photo courtesy Harlan J. Berk, Ltd.
[նկար 12–րդ էջի վրա]
Փոտ
[նկար 12–րդ էջի վրա]
Հերակլիոսն ու որդին
[թույլտվությամբ]
Heraclius and son: Photo courtesy Harlan J. Berk, Ltd.; all design elements, pages 8-12: From the book L’Art Byzantin III Ravenne Et Pompose