Ձեզ կրթված խիղճ է հարկավոր
Այդ օրը հիշարժան պիտի դառնար «Air New Zealand» 901 չվերթով Անտարկտիդա թռչող օդանավի ուղևորների և անձնակազմի համար։ Լուսանկարչական ապարատները պատրաստ էին, իսկ մարդիկ տոնական տրամադրություն ունեին, երբ «DC-10» ինքնաթիռը մոտենում էր սպիտակ մայր ցամաքին։ Այն թռչում էր ցածր բարձրության վրա, որպեսզի ուղևորները կարողանային զմայլվել Անտարկտիդայի հոյակապ տեսարաններով։
Կապիտանը 15 տարվա օդաչու էր։ Իր կյանքում նա ավելի քան 11 000 ժամ էր անցկացրել թռիչքի մեջ։ Թռիչքից առաջ նա օդանավի համակարգչի մեջ ճշգրտորեն մտցրել էր թռիչքային ծրագիրը՝ չիմանալով, որ սխալ կոորդինատներ է ստացել։ Երկրից ընդամենը 600 մետր բարձրության վրա ամպի միջով թռչելիս «DC-10» ինքնաթիռը բախվեց Էրեբուս լեռան ստորին լանջին, որի հետևանքով այնտեղ գտնվող բոլոր մարդիկ (257 հոգի) զոհվեցին։
Ինչպես օդանավերն են այսօր ղեկավարվում համակարգիչներով, այնպես էլ մարդիկ կյանքում առաջնորդվում են իրենց խղճով։ Ուստի, 901 չվերթի հետ պատահած ողբերգությունից կարևոր դասեր կարող ենք քաղել՝ մեր խղճի հետ կապված։ Օրինակ՝ թռիչքի ապահովությունը կախված է նավագնացային համակարգի անխափան աշխատանքից և ճշգրիտ ուղեցույցից, իսկ մեր հոգևոր, բարոյական և նույնիսկ ֆիզիկական բարօրությունը կախված է բարոյական ճշգրիտ ուղեցույցով ղեկավարվող զգայուն խղճից։
Ցավոք, մեր օրերում նման ուղեցույցները կամ արագորեն անհայտանում են, կամ էլ՝ հաշվի չեն առնվում։ «Այսօր շատ ենք լսում այն մասին, որ դպրոցական երեխան ո՛չ գրում է, ո՛չ կարդում, իսկ քարտեզի վրա Ֆրանսիան գտնելը իր համար լուրջ խնդիր է,— արտահայտվում է մի ամերիկացի մանկավարժ։— Նա նաև դժվարանում է տարբերել ճիշտը սխալից։ Բացի անգրագիտությունից, կրթության բնագավառում առկա խնդիրներին պետք է ավելացնել նաև բարոյական չափանիշների աղավաղումը»։ Այդ մանկավարժը նաև ասում է. «Բարոյական հարցերում այսօրվա երիտասարդությունը, ասես, մշուշի մեջ խարխափելիս լինի։ Փորձելու համար՝ նրանցից որևէ մեկին կարող եք հարցնել, թե ինչպես կարելի է զանազանել բարին ու չարը, և ձեր առջև կտեսնեք շփոթված, լեզուն կապ ընկած, նյարդային և անվստահ մի անձնավորության.... Փոխանակ անցնելու՝ այդ շփոթվածությունը ավելի է մեծանում, երբ նրանք գնում են քոլեջ»։
Նման խառնաշփոթի պատճառներից մեկը հարաբերական բարոյականությունն է՝ տարածում գտած մի տեսակետ, որի համաձայն բարոյական չափանիշները տարբերվում են՝ անհատական և մշակութային նախապատվությունից ելնելով։ Բայց պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող էր պատահել, եթե օդաչուները առաջնորդվեին ոչ թե հաստատուն ուղեցույցով, այլ ռադիոփարոսով, որոնց ազդանշանները անսպասելիորեն հեռանում են, իսկ երբեմն էլ՝ ընդհանրապես անհայտանում։ Այնպիսի վթարները, որոնցից է, օրինակ, Էրեբուս լեռան մոտ պատահածը, անկասկած սովորական բան կդառնային։ Նմանապես, հրաժարվելով բարոյական կայուն չափանիշներին հետևել՝ աշխարհը վիշտ, տառապանք ու մահ է հնձում՝ բազմաթիվ ընտանիքներ են կործանվում անհավատարմության պատճառով, իսկ միլիոնավոր մարդիկ տառապում են ՁԻԱՀ–ով կամ սեռական ճանապարհով փոխանցված ուրիշ հիվանդություններով։
Կարող է թվալ, թե հարաբերական բարոյականությունը փորձված բան է, բայց իրականում նրա հետևորդները նման են հին նինվեացիներին, որոնք չէին տարբերում ‘իրենց աջ ձեռքը ձախից’։ Հարաբերական բարոյականության կողմնակիցները նման են հավատուրաց իսրայելացիներին, ովքեր «չարին ասում [էին] բարի, եւ բարիին՝ չար» (Յովնան 4։11; Եսայիա 5։20)։
Իսկ որտեղի՞ց կարող ենք գտնել պարզ և անսխալ օրենքներ ու սկզբունքներ, որպեսզի կարողանանք մեր խիղճն այնպես կրթել, որ այն մեզ ճիշտ կերպով առաջնորդի։ Միլիոնավոր մարդկանց կարծիքով՝ Աստվածաշնչից, քանի որ այն սպառիչ պատասխաններ է տալիս բոլոր հարցերին՝ սկսած բարոյականությունից, աշխատանքային էթիկայից, երեխաների դաստիարակությունից և վերջացրած երկրպագության հետ կապված խնդիրներով. Աստվածաշունչը ոչ մի կարևոր բան բաց չի թողնում (Բ Տիմոթէոս 3։16)։ Այս գրքի ճշմարտացիությունը ապացուցված է ժամանակով։ Քանի որ Աստվածաշնչի բարոյական չափանիշները սահմանվել են ամենահեղինակավոր անձնավորության՝ մեր Արարչի կողմից, ապա դրանք կիրառելի են բոլոր մարդկանց համար։ Այնպես որ՝ մենք զրկված չենք կյանքում բարին ու չարը զանազանելու առաջնորդությունից։
Մեր օրերում, սակայն, խիղճը, ավելի քան երբևէ, հարձակումների է ենթարկվում։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Եվ ինչպե՞ս կարող եք պահպանել ձեր խիղճը։ Նախ ճիշտ կլինի իմանալ, թե ո՞վ է հարձակում գործում և ի՞նչ ձևով։ Այս հարցերի պատասխանները քննարկվում են հաջորդ հոդվածում։