Ամեն բան անում ենք մեր կարողության սահմաններում
«Ամեն բան արա կարողությանդ սահմաններում»։ Այս գործնական խորհուրդը տվեց Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներից մեկը մի միսիոներ եղբոր։ Բայց նման փորձառու եղբորն ինչո՞ւ այդտեսակ խորհուրդ տալ։ Արդյոք, մեծ մասամբ, միսիոներներն այն անհատները չե՞ն, ովքեր իրենց ամենօրյա կյանքում քաջաբար դիմագրավում են ամենատարբեր դժվարություններ՝ պայքարում են միջատների, օձերի դեմ, ինչպես նաև հաղթահարում են շոգը, հիվանդություններն ու այլ խնդիրներ։
Իրականում, Եհովայի վկա միսիոներները սովորական մարդիկ են. քրիստոնյաներ, որոնց մեծ սերը Եհովայի և դրացու հանդեպ նրանց դրդել է օտար երկրներում ծառայելու։ Նրանք ջանում են ծառայել Եհովային իրենց կարողության սահմաններում՝ նրանից զորություն ստանալու ակնկալիքով (Եփեսացիս 6։10)։
Որպեսզի ավելի լավ հասկանանք միսիոներական ծառայության բնույթը, եկեք մեկ օրով մտովի տեղափոխվենք Արևմտյան Աֆրիկայի միսիոներական տներից մեկը։
Մեկ օր միսիոներական ծառայության մեջ
Մոտավորապես առավոտյան ժամը յոթն է։ Մենք միսիոներական տուն ենք ժամանում Գրություններից օրվա խոսքը քննարկելուց անմիջապես առաջ։ Տասը միսիոներներ ջերմորեն ողջունում են մեզ և սեղանի շուրջը նստելու տեղ առաջարկում՝ նախաճաշելու։ Նրանց հետ ծանոթանալուց հետո մի միսիոներ քույր, որը երկար տարիներ է անցկացրել այդ ծառայության մեջ, սկսում է մի հետաքրքրաշարժ դեպք պատմել իր ծառայությունից։ Բայց մեր զրույցն ընդհատվում է, երբ քննարկումն անցկացնող եղբայրը սիրալիր կերպով հիշեցնում է ներկաներին, որ օրվա խոսքը քննարկելու ժամանակն է։ Քննարկումն անցկացվում է ֆրանսերենով։ Չնայած մենք չենք խոսում այդ լեզվով, սակայն նրանց արտահայտչաձևից հասկանում ենք, որ, լինելով այլազգի, նրանք լավ են տիրապետում լեզվին։
Սուրբ Գրություններից համարի քննարկմանը հաջորդում է սրտաբուխ աղոթքը, ապա սկսվում է նախաճաշը։ Մինչ մենք հաճույքով ճաշակում ենք շիլան, մեր կողքին նստած միսիոները առաջարկում է ադամաթուզ (բանան) կտրատել շիլայի մեջ։ Մենք բացատրում ենք, որ ադամաթուզ չենք սիրում, բայց նա հավաստիացնում է մեզ, որ, մեկ անգամ փորձելով, անպատճառ կհավանենք այդ երկրի ադամաթուզը։ Ուստի, հետևում ենք նրա խորհրդին։ Այո՜, նա ճիշտ էր... Այստեղի ադամաթզերը շատ համեղ են, կարծես պաղպաղակ լինեն։ Իսկ մեզ մատուցված ֆրանսիական հացը թխել են հենց այսօր՝ վաղ առավոտյան, միսիոներական տան դիմաց՝ փողոցի մյուս կողմում գտնվող փոքր խանութում։
Նախաճաշից հետո մեր օրը կանցկացնենք միսիոներական մի զույգի հետ, որոնց կանվանենք Բեն և Կարին։ Մենք լսել ենք արևմտա–աֆրիկյան այս երկրի «պտղաբեր» տարածքի մասին, բայց ցանկանում ենք դրանում անձամբ համոզվել։
Հասնելով կանգառ՝ մեծ թվով մարդիկ ենք տեսնում, որոնք փոխադրամիջոցի են սպասում։ Շատ չանցած՝ մեր ընկերակիցները աստվածաշնչային թեմայով աշխույժ զրույց են սկսում մի կնոջ և նրա որդու հետ։ Իսկ մենք միայն նայում ենք ու ժպտում, քանի որ չենք խոսում ֆրանսերեն։ Հենց կինը վերցնում է «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի օրինակները, ավտոբուսը մոտենում է, և կանգառում սպասող մարդիկ սկսում են փորձեր կատարել՝ միաժամանակ ավտոբուս բարձրանալու։ Երբ մի կերպ մեզ հաջողվում է հայտնվել ավտոբուսի մեջ, մի մեծ ամբոխ սկսում է մեզ ներս հրել։ Շատ դժվար է հավասարակշռություն պահպանել առաջ անցնելու համար։ Ավտոբուսը շարժվում է, իսկ մենք ամեն գնով պայքարում ենք, որպեսզի ոտքի վրա կանգնած մնանք և չհրմշտվենք։ Ժամանակ առ ժամանակ ավտոբուսը մեծ արգելակումով կանգ է առնում, և մարդկանց մի նոր ալիք ներխուժում է ավտոբուս։ Մենք ժպտում ենք հարևանությամբ կանգնած ուղևորներին, նրանք էլ մեզ են ժպտում։ Որքա՜ն կուզենայինք խոսել նրանց հետ։
Մինչ ավտոբուսն առաջ է սլանում, պատուհանից նայում ենք փողոցում տիրող աշխույժ անցուդարձին։ Երկու կին քայլում են կողք–կողքի՝ գլխներին ծանր բեռ դրած։ Նրանցից մեկը մի մեծ աման ջուր է կրում։ Մի մարդ մայթի վրա ծածկոց է փռել, վրան շարել մի քանի մանր զարդեր և աշխուժորեն փորձում է վաճառել իր ապրանքը։ Ամենուրեք կարելի է տեսնել մարդկանց, որոնք գնում և վաճառում են առքուվաճառքի պիտանի գրեթե ամեն բան։
Հանկարծ Բենը, որ կանգնած է իմ կողքին, զգում է, որ ինչ–որ բան կտցահարում է ոտքը։ Ի՞նչ կարող է դա լինել։ Չնայած մարդիկ ավտոբուսի մեջ շարժվելու հնարավորություն գրեթե չունեն, բայց Բենին ինչ–որ մեկը շարունակում է կտցահարել։ Բենը փորձում է ցած նայել և ի՜նչ տեսնի... Նրա ոտքերին հենած մի պայուսակի մեջ բադ է նստած, որը ժամանակ առ ժամանակ գլուխը դուրս է հանում պայուսակի միջից և կտցահարում նրա ոտքը։ Բենը բացատրում է ինձ, որ տերը հավանաբար շուկա է գնում՝ իր թռչունին վաճառելու։
Երբ հասանք տարածք, անչափ ուրախացանք՝ իմանալով, որ քարոզելու ենք տիպիկ աֆրիկյան թաղամասում։ Մոտենալով առաջին տանը՝ Բենը ծափ է տալիս՝ տանտիրոջը դուրս գալու նշան տալով։ Աշխարհի այս մասում մարդիկ այդպես են «թակում դուռը»։ Դուրս է գալիս մի երիտասարդ և ասում է, որ զբաղված է, բայց խնդրում է մեզ ավելի ուշ այցելել։
Հաջորդ տանը հանդիպում ենք մի կնոջ, որը խոսում է Բենի համար անծանոթ բարբառով։ Կինը կանչում է իր որդուն և խնդրում թարգմանել Բենի խոսքերը։ Երբ Բենը վերջացնում է իր խոսքը, կինը վերցնում է աստվածաշնչյան թեմայով մի գրքույկ, իսկ նրա որդին խոստանում է կարդալ այն մոր համար։ Երրորդ տան բակում մի քանի երիտասարդներ են նստած։ Նրանցից երկուսը արագորեն ազատում են իրենց աթոռները՝ առաջարկելով դրանք այցելուներին։ Ապա աշխույժ քննարկում է տեղի ունենում երկրպագության մեջ խաչ գործածելու թեմայի շուրջ։ Պայմանավորվում ենք շարունակել զրույցը հաջորդ շաբաթ։ Իսկ հիմա ժամանակն է այցելել այն երիտասարդին, որին հանդիպել էինք առաջին տանը։ Նա արդեն ինչ–որ կերպով լսած է լինում այդ փողոցում ապրող երիտասարդների հետ ունեցած մեր զրույցի մասին։ Երիտասարդը Աստվածաշնչից շատ հարցեր ունի, ուստի խնդրում է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Բենն իր օրագրում ճշտումներ կատարելուց հետո համաձայնում է այցելել նրան հաջորդ շաբաթ՝ նույն ժամին։ Միսիոներական տուն վերադառնալու ճանապարհին Բենն ու Կարինը բացատրում են, որ իրենք պետք է մեծ ուշադրությամբ պլանավորեն Աստվածաշնչի ուսումնասիրությունները, որովհետև վտանգ կա ավելի շատ ուսումնասիրություններ սկսելու, քան իրականում նրանք ի վիճակի են անցկացնելու։
Մենք գովասանքի խոսքեր ենք ուղղում նրանց՝ սահուն ֆրանսերեն խոսելու համար։ Բենը բացատրում է, որ նա և Կարինը արդեն վեց տարի է, ինչ միսիոներ են ծառայում, և հիմա արդեն անկաշկանդ խոսում են այդ լեզվով։ Նրանց համար նոր լեզու սովորելը հեշտ չի եղել, ինչպես ասում էին նրանք, բայց իրենց ցուցաբերած հաստատակամությունը պտուղներ է տվել։
Ժամը 12։30–ին բոլոր միսիոներները հավաքվում են սեղանի շուրջ՝ ճաշելու։ Ինչպես տեղեկացանք, նախաճաշն ու ճաշը պատրաստելու, նաև ուտելուց հետո ամանեղենը լվանալու համար ամեն օր տարբեր միսիոներներ են նշանակվում։ Այսօր նրանցից մեկը շատ համեղ կերակուր է պատրաստել՝ տապակած հավով և տապակած կարտոֆիլով (ֆրանսիական կարտոֆիլ–ֆրի), ինչպես նաև պոմիդորով սալաթ. այս ամենը նա արել է հատուկ վարպետությամբ։
Ի՞նչ պլաններ ունեն Բենն ու Կարինը ճաշից հետո։ Նրանք ասում են, որ ամբողջ երկրում այս ժամին՝ ժ. 13։00–ից մինչև ժ. 15։00–ը, մարդիկ պաշտպանվում են արևից, հետևաբար միսիոներները այդ ժամանակն օգտագործում են ուսումնասիրության կամ հանգստի համար։ Մեզ համար բոլորովին զարմանալի չէ լսել, որ, ինչպես ասաց Կարինը, այդ սովորությանը ընտելանալու համար նոր միսիոներներից շատ ժամանակ չի պահանջվում։
Հանգստի ժամից հետո մենք նորից գնում ենք քարոզչական ծառայության։ Փորձում ենք հանդիպել հետաքրքրություն ցույց տված մի մարդու, որին արդեն մի քանի անգամ է, ինչ Բենը չի կարողանում տանը գտնել։ Բայց, երբ Բենը ծափ է տալիս, այսինքն՝ «թակում է դուռը», դուրս են գալիս երկու երիտասարդ։ Նրանք ասում են, որ տանտերը իրենց տեղեկացրել է Բենի այցելությունների մասին և հանձնարարել է նրանց վերցնել «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, որի օգնությամբ կարելի է Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մենք սիրով նրանց այդ գրքի մեկ օրինակն ենք թողնում։ Այդ այցելությունից հետո ավտոբուս ենք նստում և ուղևորվում մեկ ուրիշ տարածք, որտեղ Կարինը Աստվածաշնչի ուսումնասիրություն պետք է անցկացնի մի կնոջ հետ։
Մինչ ավտոբուսով անցնում ենք ծանրաբեռնված փողոցներով, Կարինը պատմում է, թե ինչպես է ծանոթացել այդ կնոջ հետ։ Մի անգամ նրա և մի քանի ուրիշ ուղևորների հետ տաքսիով երթևեկելիս նա առաջարկում է նրան մի թերթիկ ընթերցել, մինչև տեղ հասնելը։ Թերթիկը կարդալուց հետո կինը խնդրում է մեկ ուրիշը։ Երկրորդ թերթիկը նա կարդում է ավելի մեծ հետաքրքրությամբ։ Իսկ երբ նրանք արդեն տեղ են հասնում, Կարինը վերցնում է կնոջ տվյալները՝ նրան իր տանը այցելելու նպատակով. արդյունքում՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսվում «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկով։ Իսկ այս անգամ Կարինը պատրաստվում է նրա հետ ուսումնասիրել գրքույկի 5–րդ դասը։
Մենք մեծ բավականություն ենք ստանում մեր ամբողջ օրվա ծառայությունից, բայց դեռևս մեզ հետաքրքրող հարցեր են մնում միսիոներական ծառայության վերաբերյալ։ Մեր ուղեկիցները խոստանում են տուն վերադառնալուն պես թեթև ընթրիք պատրաստել մեզ համար և ընթացքում պատասխանել մեր հարցերին։
Ինչպե՞ս է հաջողվում նրանց մնալ իրենց ծառայության մեջ
Մինչ ճաշակում ենք պատրաստված ձվածեղը, ֆրանսիական հացն ու պանիրը, նրանք մեզ պատմում են միսիոներական կյանքի մասին։ Երկուշաբթի օրերին միսիոներները սովորաբար հանգստանում են կամ զբաղվում անձնական գործերով։ Նրանց մեծամասնությունը այդ օրվա մի մասը տրամադրում է ընկերներին կամ հարազատներին նամակ գրելուն։ Նրանք մեծ նշանակություն են տալիս տանից նորություններին. միսիոներներին ուրախություն է պատճառում նամակ ուղարկելն ու ստանալը։
Քանի որ միսիոներներն ապրում և ծառայում են միասին, մեծ կարևորություն ունի միմյանց հետ լավ հաղորդակցություն պահպանելը, իսկ դա կարելի է անել՝ մյուսների հետ շփվելով և հոգևոր թեմաներ քննարկելով։ Այդ նպատակով, Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության կանոնավոր գրաֆիկ ունենալուց բացի, երկուշաբթի օրերին՝ երեկոյան, միսիոներներն ուսումնասիրում են Աստվածաշունչը «Դիտարան» պարբերագրի օգնությամբ։ Բենն ընդգծեց, որ երբ տարբեր ծագման և մշակույթի պատկանող միսիոներներ բնակվում են միասին, կարծիքների մեջ աննշան տարբերություններն անխուսափելի են, սակայն ընտանեկան ուսումնասիրությունը՝ այդ հոգևոր միջոցառումը, օգնում է նրանց խաղաղ, միասնական մթնոլորտ պահպանել։ Նա շեշտեց նաև այն միտքը, որ այդ ուսումնասիրությունն օգնում է խուսափել ուրիշներին բարձրից նայելուց։
Կարևոր է նաև այնպիսի հատկություն, ինչպիսին խոնարհությունն է։ Միսիոներները մեկնում են օտար երկրներ ոչ թե նրա համար, որ մարդիկ իրենց ծառայեն, այլ որ իրենք ծառայեն նրանց։ Մեր ընկերները նկատում են, որ ամենադժվար բաներից մեկը ցանկացած լեզվով «ների՛ր, խնդրում եմ» խոսքերն ասելն է, հատկապես այն դեպքերում, երբ անհատը ներողություն է խնդրում իր ոչ դիտավորյալ ասված խոսքի կամ արարքի համար։ Բենը մեզ հիշեցնում է Աստվածաշնչից Աբիգեայի օրինակը, որը ներողություն խնդրեց իր ամուսնու կոպիտ վերաբերմունքի համար և այդպիսով հարթեց լարված իրավիճակը, որը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ (Ա Թագաւորաց 25։23–28)։ ‘Խաղաղությամբ ապրելու’ կարողությունը լավ միսիոներ լինելու կարևոր պայմաններից մեկն է (Բ Կորնթացիս 13։11, ՆԿ–ի ՆԱԹ)։
Ամիսը մեկ անգամ միսիոներները ընդհանուր ժողով են ունենում, որի նպատակը ընտանիքի, ինչպես նաև միսիոներական տանը գործող գրաֆիկի փոփոխության հետ կապված հարցերը քննարկելն է։ Ժողովից հետո յուրահատուկ անուշեղեն է մատուցվում բոլորին։ Մեր կարծիքով, սա շատ գործնական (և նաև «համեղ») միջոցառում է։
Ընթրիքից անմիջապես հետո մեզ համար կարճ էքսկուրսիա են անցկացնում միսիոներական տանը։ Մենք նկատում ենք, որ, չնայած նրան, որ միսիոներական տան շենքը համեստ կառույց է, միսիոներները, միմյանց հետ համագործակցելով, այն չափազանց մաքուր վիճակում են պահում։ Այնտեղ կա սառնարան, լվացքի մեքենա և խոհանոցային սալօջախ։ Կարինն ասում է, որ արևադարձային երկրներում, որոնց թվում է և Արևմտյան Աֆրիկան, կարելի է նաև օդորակիչներ (կոնդիցիոներ) ձեռք բերել։ Հարմարավետ շինության, առողջարար կերակուրի և առողջության պահպանմանը նպաստող այլ միջոցների շնորհիվ միսիոներները կարող են ֆիզիկապես առողջ մնալ և ծառայության մեջ արդյունավետ լինել։
Կենտրոնացեք հաճելի բաների վրա
Այնտեղ մեր տեսած բոլոր բաներն էլ շատ տպավորիչ էին։ Կարո՞ղ եք դուք որպես միսիոներ ծառայել։ Ինչպե՞ս կարելի է դա իմանալ։ Մեր ուղեկիցները այդ ուղղությամբ որոշ բաներ են ասում, որոնք մտածելու տեղիք են տալիս։
Առաջինը՝ այն, որ քրիստոնյա միսիոներները արկածներ չեն որոնում։ Նրանք փնտրում են անկեղծ սրտով անհատների, որոնք ցանկանում են սովորել Աստծո հրաշալի խոստումների մասին։ Նրանք ամեն ամիս առնվազն 140 ժամ նվիրում են քարոզչական ծառայությանը. այստեղից հետևում է, որ հարկավոր է սեր ունենալ դեպի ծառայությունը։
«Իսկ օձե՞րը, մողեսնե՞րը, միջատնե՞րը»,— զարմանքով հարցնում ենք մենք։ Թեև դրանց կարելի է հանդիպել միսիոներական շատ տարածքներում, բայց, ինչպես ասում է Բենը, միսիոներներն ընտելանում են այդ կենդանիներին։ Նա նաև նշում է, որ միսիոներական ամեն մի նշանակում իր յուրահատուկ հրապույրն ունի, և ժամանակի ընթացքում նրանք կենտրոնանում են իրենց նշանակման վայրում հանդիպող հաճելի բաների վրա։ Մի ժամանակ «տարբեր» թվացող իրավիճակները շատ չանցած դառնում են սովորական, իսկ որոշ դեպքերում՝ նույնի սկ հաճելի։ Մի միսիոներ քույր երկար տարիներ ծառայել էր Արևմտյան Աֆրիկայում և տուն էր վերադարձել ընտանեկան իր պարտականությունները կատարելու պատճառով։ Նա պատմում է, որ իր համար շատ ավելի դժվար էր թողնել նշանակման վայրը, քան հայրենի երկիրը շատ տարիներ առաջ։ Երկիրը, որտեղ ծառայում էր նա, դարձել էր նրա հայրենի օջախը։
Դուք պատրա՞ստ եք
Բենն ու Կարինը մտածելու շատ նյութ տվեցին մեզ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր մասին։ Երբևէ մտածե՞լ եք որպես միսիոներ օտար երկրում ծառայելու մասին։ Եթե այո, ապա դա ձեզ համար կարող է իրականություն դառնալ, ոչ թե մնալ լոկ երազանք։ Միսիոներ դառնալու հիմնական պահանջներից մեկը լիաժամ ծառայության նկատմամբ սեր ունենալն է և մարդկանց օգնելուց ուրախություն ստանալը։ Հիշեք, որ միսիոներները հերոսներ չեն, այլ սովորական մարդիկ են։ Նրանք իրենց կարողության սահմաններում ամեն բան անում են՝ կատարելու իրենց համար շատ կարևոր մի ծառայություն։
[նկարներ 27–րդ էջի վրա]
Յուրաքանչյուր օր սկսվում է Աստվածաշնչից օրվա խոսքի քննարկումով
[նկարներ 28–րդ և 29–րդ էջերի վրա]
Աֆրիկյան տեսարան
[նկար 29–րդ էջի վրա]
Միսիոներական կյանքը կարող է մեծ բավականություն պատճառել