Երջանիկ աշխարհի բանալին
«Միակ ամենաազդեցիկ մարդը, ոչ միայն այս վերջին երկու հազարամյակներում, այլև մարդկության ողջ պատմության մեջ, եղել է Հիսուս նազովրեցին».— գրված է «Թայմ» պարբերականում։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, հազարավոր ազնվասիրտ մարդիկ ոչ միայն ընդունեցին նրա մեծությունը, այլ նաև տեսան մարդկանց հանդեպ նրա հետաքրքրությունը։ Ուստի՝ զարմանալի չէ, որ նրանք ցանկացան նրան թագավոր անել (Յովհաննէս 6։10, 14, 15)։ Սակայն, ինչպես արդեն նշվեց նախորդ հոդվածում, Հիսուսը հրաժարվեց քաղաքականությանը միջամուխ լինելուց։
Հիսուսն այդպես արձագանքելու առնվազն երեք պատճառ ուներ. նա գիտեր 1) իր Հոր տեսակետը մարդկային ինքնորոշման արտահայտումների վերաբերյալ, ներառյալ նրանց կառավարման օրենքների, 2) որ կառավարելու մեջ մարդկանց նույնիսկ բարի միտումներով ներդրված ջանքերին ընդդեմ թաքնված զորեղ ուժեր են գործում և, 3) որ Աստծո նպատակն է հաստատել երկնային մի կառավարություն, որ իշխի ողջ երկրի վրա։ Այս երեք կետերը ավելի մանրամասն քննելով՝ կտեսնենք, թե ինչու մարդկանց չի հաջողվել աշխարհն ավելի լավ վայրի վերածել։ Կտեսնենք նաև, թե ինչպես է դա հնարավոր։
Կարո՞ղ են մարդիկ իրենք իրենց ղեկավարել
Երբ Աստված ստեղծեց մարդկանց, նա նրանց ամբողջ կենդանական աշխարհի վրա իշխանություն տվեց (Ծննդոց 1։26)։ Բայց մարդիկ Աստծո գերագույն իշխանության տակ էին գտնվում։ Իրենց հնազանդությունը Աստծո հանդեպ առաջին մարդն ու կինը պետք է դրսևորեին չուտելով մասնահատուկ մի ծառից՝ «բարիի եւ չարի գիտութեան ծառիցը» (Ծննդոց 2։17)։ Դժբախտաբար Ադամն ու Եվան չարաշահեցին իրենց կամքի ազատությունը և չհնազանդվեցին Աստծուն։ Արգելված պտուղը վերցնելը սոսկ գողություն չէր, այլ նշանակում էր ըմբոստություն Աստծո գերիշխանության դեմ։ «Երուսաղեմի նոր Աստվածաշնչում» Ծննդոց 2։17 համարի տողատակի ծանոթագրությունում Ադամի ու Եվայի արարքը նկարագրվում է որպես «բարոյական ամբողջական անկախության հավակնություն, որով հանդես գալով, մարդը մերժում է իրեն արարած համարել.... Առաջին մեղքը ոտնձգություն էր Աստծո գերիշխանության դեմ» («The New Jerusalem Bible»)։
Քանի որ բարոյական ծանրակշիռ հարցեր բարձրացան, Աստված Ադամին ու Եվային նրանց սերնդի հետ միասին թույլ տվեց, որ ընտրեն իրենց կյանքի ընթացքը, և այսպիսով մարդիկ հաստատեցին ճշտի և սխալի իրենց սեփական չափանիշները (Սաղմոս 147։19, 20; Հռովմայեցիս 2։14)։ Ըստ էության, մարդու ինքնորոշման փորձը այդ ժամանակվանից սկսվեց։ Դա հաջողություններ բերե՞ց։ Ետադարձ հայացք ձգելով անցած հազարավոր տարիների վրա՝ կարող ենք միանշանակ ասել՝ ո՛չ։ Ժողովող 8։9–րդ խոսքում ասվում է. «Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար»։ Մարդու ինքնավարության այս ցավալի պատմությունը հաստատում է Երեմիա 10։23 խոսքի ճշմարտացիությունը. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը»։ Պատմությունը փաստել է, որ առանց Արարչի մարդը չի կարող հաջողությամբ կառավարել։
Հիսուսը լիովին համամիտ էր վերոհիշյալի հետ։ Աստծուց անկախ լինելը նողկալի էր նրա համար։ «Ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում,— ասաց նա.— Ես միշտ անում եմ [այն], ինչ որ [Աստծուն] է հաճելի» (Յովհաննէս 4։34; 8։28, 29)։ Ուստի, քանի որ Աստված նրան չէր լիազորել լինելու մարդկանց թագավորը, Հիսուսը նույնիսկ չմտածեց դրա մասին։ Սակայն սա չի նշանակում, թե նա մտադիր չէր ոչինչ անելու մարդկանց համար։ Հակառակը, նա արեց ամեն բան, ինչ կարող էր՝ օգնելու նրանց գտնել մեծագույն երջանկությունը տվյալ ժամանակ և ապագայում։ Նա նույնիսկ իր կյանքը զոհաբերեց հանուն մարդկության (Մատթէոս 5։3–11; 7։24–27; Յովհաննէս 3։16)։ Բայց Հիսուսը գիտեր, որ «ամեն բանի ժամանակ կայ», իսկ դա վերաբերում է նաև մարդկանց վրա իր գերիշխանությունը հաստատելու Աստծո սահմանած ժամանակին (Ժողովող 3։1; Մատթէոս 24։14, 21, 22, 36–39)։ Սակայն հիշենք, որ Եդեմում մեր ծնողները ոգեղեն չար արարածի կամքին հպատակվեցին, որը խոսեց նրանց հետ օձի միջոցով։ Սա մեզ բերում է Հիսուսի՝ քաղաքականության մեջ չներգրավվելու երկրորդ պատճառին։
Աշխարհի գաղտնի իշխանը
Աստվածաշունչը պատմում է, որ Սատանան առաջարկեց Հիսուսին «աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը» փոխարեն այն բանի, որ նա իրեն երկրպագեր (Մատթէոս 4։8–10)։ Փաստորեն, Հիսուսին առաջարկվում էր աշխարհի իշխանը դառնալ, բայց, Սատանայի դրած պայմանով։ Հիսուսը այս փորձության զոհը չդարձավ։ Բայց մի՞թե սա կարելի էր փորձություն անվանել։ Մի՞թե Սատանան ի վիճակի էր այսպիսի մեծ բան առաջարկել։ Այո՛, քանի որ Հիսուսն ինքը նրան անվանեց «աշխարհի իշխան», իսկ Պողոս առաքյալը նկարագրեց նրան որպես «այս աշխարհի աստուածը» (Յովհաննէս 14։30; Բ Կորնթացիս 4։4; Եփեսացիս 6։12)։
Իհարկե, Հիսուսը գիտեր, որ Սատանային չի մտահոգում մարդկանց բարօրությունը։ Նա Սատանային կոչեց «մարդասպան», որ նաև «ստության և ամեն տեսակ կեղծիքի հայրն» է (Յովհաննէս 8։44, «The Amplified Bible»)։ Ինչ խոսք, այն աշխարհում, որը գտնվում է այսպիսի չար ոգեղեն արարածի «տիրապետության տակ», երջանկություն երբեք չի կարող լինել (Ա Յովհաննէս 5։19, ՆԱ)։ Սակայն Սատանան նման իշխանություն միշտ չի ունենալու։ Հիսուսը, որն այժմ լիազորված ոգեղեն էակ է, շուտով կտապալի Սատանային և ամբողջովին կվերացնի նրա ազդեցությունը (Եբրայեցիս 2։14; Յայտնութիւն 20։1–3)։
Սատանան ինքն էլ գիտի, որ իր իշխանության օրերը հաշված են։ Ուստի, կատաղած, նա վճռականորեն օգտագործում է ցանկացած հնարավոր միջոց, որպեսզի մարդկանց այն աստիճան այլասերի, որ վերջիններս չկարողանան վերադառնալ իրենց նախկին վիճակին, ճիշտ այնպես, ինչպես որ արեց Նոյի օրերում, ջրհեղեղից առաջ (Ծննդոց 6։1–5; Յուդա 6)։ «Վա՜յ ձեզ, երկի՛ր եւ ծո՛վ,— կարդում ենք Յայտնութիւն 12։12–ում,— որովհետեւ ձեր մէջ ընկաւ Բանսարկուն մեծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի»։ Աստվածաշնչի մարգարեությունը և աշխարհում տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, որ մոտեցել է այդ «քիչ ժամանակի» ավարտը (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Ազատագրումը արդեն երևում է։
Կառավարություն, որը երջանկություն կբերի
Հիսուսի՝ քաղաքականության մեջ չներգրավվելու երրորդ պատճառն այն է, որ նա գիտեր՝ նշանակված ժամանակին Աստված երկնային կառավարություն էր հաստատելու՝ իշխելու երկրի վրա։ Աստվածաշունչը այս կառավարությունն անվանում է Աստծո Թագավորություն, որը հենց եղել է Հիսուսի վարդապետության բուն թեման (Ղուկաս 4։44; Յայտնութիւն 11։15)։ Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին աղոթել, որ այդ Թագավորությունը գա, որովհետև դրա իշխանության շնորհիվ է միայն, որ ‘Աստծո կամքը կլինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է’ (Մատթէոս 6։9, 10)։ Հավանաբար մտածեք՝ «Եթե այս Թագավորությունը իշխելու է ամբողջ աշխարհով մեկ, ապա ի՞նչ է պատահելու մարդկային կառավարություններին»։
Պատասխանը գտնում ենք Դանիէլ 2։44 խոսքում. «Այն թագաւորների օրերումը [ներկա աշխարհակարգի վերջին օրերին իշխող] երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր [մարդկային] թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս»։ Ինչո՞ւ է Աստծո Թագավորությունը «փշրելու» երկրային իշխանությունները։ Որովհետև դրանք բոլորն էլ գործում են Աստծուն հակառակող այն ինքնորոշման ոգին հավերժացնելու մտադրությամբ, որն առաջ բերեց Սատանան Եդեմի պարտեզում։ Բոլոր նրանք, ովքեր ջանում են հավերժացնել այդ ոգին, ոչ միայն գործում են մարդկության լավագույն շահերին հակառակ, այլև իրենք իրենց Արարչի հետ ընդհարման առջև են կանգնեցնում (Սաղմոս 2։6–12; Յայտնութիւն 16։14, 16)։ Ուրեմն՝ հարկավոր է հարց տալ ինքներս մեզ՝ «Կո՞ղմ ենք Աստծո իշխանությանը, թե՝ դեմ»։
Ո՞ւմ գերիշխանությունը դուք կընտրեք
Որպեսզի օգնի մարդկանց իշխանության հարցում ճշմարիտ գիտության վրա հիմնվելով որոշում կայացնել, Հիսուսն իր աշակերտներին հանձնարարեց, մինչև ներկա համակարգի վախճանը, աշխարհով մեկ արքայության Ավետարանը քարոզել՝ ի վկայություն բոլոր ազգերի (Մատթէոս 24։14)։ Ովքե՞ր են այսօր հայտնի Աստծո Թագավորության մասին իրենց քարոզչական աշխարհածավալ գործունեությամբ։ Եհովայի վկաները։ Այս պարբերագրի կազմի վրա, բավականին երկար ժամանակ է, ինչ գրվում են հետևյալ խոսքերը. «Ծանուցանում է Եհովայի Թագավորությունը»։ Այսօր մոտավորապես վեց միլիոն Վկաներ ավելի քան 230 երկրներում օգնում են մարդկանց այդ Թագավորության մասին ճշգրիտ գիտություն ստանալ։a
Օրհնություններ՝ Թագավորության հպատակների համար
Հիսուսը միշտ գործում էր այնպես, ինչպես Աստված կգործեր։ Ուստի, փոխանակ անկախ ընթացք բռնելու և փորձելու տիրող համակարգը պաշտպանել կամ բարելավել քաղաքականության միջոցով, նա ջանաց Աստծո Թագավորության շահերն առաջ քաշել, որը աշխարհի բոլոր խնդիրների միակ լուծումն է։ Իր հավատարմության համար որպես պարգև նա այդ Թագավորության Թագավորի երկնային փառահեղ գահը ստացավ։ Ինչպիսի՜ պարգև Աստծուն հնազանդվելու դիմաց (Դանիէլ 7։13, 14)։
Այսօր միլիոնավորներ, ովքեր հետևում են Հիսուսին՝ Աստծո Թագավորության շահերը կյանքում առաջին տեղը դնելով և Աստծո կամքին հնազանդվելով, նույնպես հիանալի պարգև կստանան. նրա Թագավորության երկրային հպատակները դառնալու հրաշալի հնարավորությունը (Մատթէոս 6։33)։ Նրա իշխանության ներքո այդ մարդիկ կատարելության կհասնեն և կունենան հավիտյան ապրելու հեռանկարը (Յայտնութիւն 21։3, 4)։ Ա Յովհաննէս 2։17–ում ասվում է. «Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան»։ Սատանայից և նրա հետևորդներից մաքրված, համաշխարհային դրախտի վերածված երկիր, որտեղ չկան պառակտիչ ազգայնամոլություն, կաշառված առևտրական համակարգ և կեղծ կրոն... Ի՜նչ երջանկություն կլինի ապրել այստեղ հավիտյան (Սաղմոս 37։29; 72։16)։
Այո, Աստծո Թագավորությունը երջանիկ աշխարհի ճիշտ բանալին է, և այդ Թագավորության մասին ծանուցանող լուրը բնականաբար բարի լուր է։ Եթե դեռևս չեք ողջունել, ապա, երբ հաջորդ անգամ Եհովայի վկաներն այցելեն ձեզ այդ լուրով, ինչո՞ւ չողջունեք այն։
[ծանոթագրություն]
a Լինելով Աստծո Թագավորության կողմնակիցներ՝ Եհովայի վկաները չեն խառնվում քաղաքականությանը և խռովություն չեն բորբոքում կառավարության դեմ, նույնիսկ այն երկրներում, որտեղ նրանց գործունեությունը արգելված է կամ հալածանք են կրում (Տիտոս 3։1)։ Հիսուսի և առաջին դարի նրա աշակերտների նման նրանք էլ ոչ թե քաղաքական, այլ հոգևոր բնույթի աջակցություն են ցույց տալիս մարդկանց։ Վկաներից յուրաքանչյուրն իր միջավայրում ջանում է օգնել, որպեսզի լսելու տրամադրված անհատները յուրացնեն աստվածաշնչային այնպիսի արժեքներ, ինչպիսին են՝ ընտանեկան սերը, ազնվությունը, բարոյական մաքրությունը և աշխատանքային կարգապահությունը։ Առաջին հերթին, Վկաները ձգտում են սովորեցնել նրանց հետևել Աստվածաշնչի սկզբունքներին և նայել Աստծո Թագավորությանը որպես մարդկության իրական հույս։
[նկարներ 5–րդ էջի վրա]
Պատմությունը փաստում է, որ առանց Աստծո մարդը չի կարող հաջողությամբ կառավարել
[նկար 5–րդ էջի վրա]
Լինելով «աշխարհի իշխանը»՝ Սատանան կարող էր Հիսուսին առաջարկել «աշխարհի բոլոր թագաւորութիւնները»
[նկարներ 7–րդ էջի վրա]
Հիսուսը սովորեցրեց, որ Աստծո Թագավորության իշխանության ներքո աշխարհը հիասքանչ մի վայր կդառնա