Կենսագրություն
Անակնկալներով լի կյանք Եհովայի ծառայության մեջ
Պատմում են Էրիկ և Հեյզել Բևրիջները
«Սույնով դատապարտվում ես վեցամսյա բանտարկության»։ Այս խոսքերը դեռ հնչում էին իմ ականջներում, երբ ինձ տանում էին «Սթրեյնջվեյս» բանտը (Մանչեստեր, Անգլիա)։ Դա 1950 թ. դեկտեմբերին էր, երբ 19 տարեկան էի։ Ես իմ երիտասարդ տարիների ամենածանր փորձությունն էի դիմագրավել՝ մերժել էի զինվորական ծառայությունը (Բ Կորնթացիս 10։3–5)։
Ես Եհովայի վկաների լիաժամ ծառայող էի՝ ռահվիրա, ինչը նշանակում էր, որ պետք է ազատվեի զինվորական ծառայությունից, բայց բրիտանական օրենքը չէր ընդունում մեր կարգավիճակը, և ես մեն–մենակ հայտնվեցի բանտախցում։ Մտածում էի հորս մասին. ինչ–որ առումով բանտում էի գտնվում նրա պատճառով։
Դե, հայրս՝ բանտի սպան, խիստ համոզմունքներ և սկզբունքներ ունեցող յորքշիրցի էր։ Նա բանակում և բանտում ծառայելու ժամանակ շատ բաներ էր տեսել ու այդ պատճառով խորը հակակրանք էր զգում կաթոլիկության հանդեպ։ Վկաների հետ առաջին անգամ շփվել էր դեռևս 1930–ականների սկզբում։ Նրանք թակել էին տան դուռը, և նա բացել էր, որպեսզի ետ ուղարկեր նրանց, բայց գրքերը ձեռքին էր վերադարձել։ Ավելի ուշ նա «Մխիթարություն» (այժմ՝ «Արթնացե՛ք») պարբերագրին բաժանորդագրվեց։ Վկաներն ամեն տարի գալիս էին և նրան խրախուսում կրկին բաժանորդագրվել։ 15 տարեկան էի, երբ մի անգամ նրանք հայրիկի հետ մեկ այլ թեմայով խոսեցին, և այդ զրույցի ընթացքում ես Վկաների կողմը բռնեցի։ Այդ ժամանակվանից սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։
1949 թ. մարտին՝ 17 տարեկան հասակում, Եհովային իմ նվիրումը խորհրդանշեցի մկրտությամբ։ Այդ տարի՝ ավելի ուշ, հանդիպեցի Ջոն և Մայքլ Չարուկ եղբայրներին, որոնք «Գաղաադ» միսիոներական դպրոցի վերջին շրջանավարտներից էին և պետք է գնային Նիգերիա։ Նրանց միսիոներական ոգին խորապես տպավորել էր ինձ։ Չգիտեմ՝ նրանք գիտեին այդ մասին, թե ոչ, բայց ես վարակվել էի այդ ոգով։
Ես Աստվածաշունչ էի ուսումնասիրում և այլևս համալսարան ընդունվելու ցանկություն չունեի։ Մի տարի էր, ինչ Լոնդոնի մաքսա–ակցիզային վարչությունում աշխատելու նպատակով հեռացել էի տնից։ Զգում էի, որ չեմ կարողանա ապրել համաձայն իմ նվիրմանը Աստծուն՝ մնալով պետական ծառայության մեջ։ Երբ թողեցի աշխատանքս, բազմափորձ գործընկերներիցս մեկը շնորհավորեց ինձ, որ հեռանում եմ «հոգեհան անող գործից»։
Իսկ մինչ այդ մեկ ուրիշ փորձություն պետք է հաղթահարեի, այն է՝ ինչպես հայտնել հորս, որ մտադիր եմ թողնել աշխատանքը ու դառնալ լիաժամ ծառայող։ Ես արձակուրդում էի և տուն էի գնացել։ Եվ մի երեկո, ինչպես որոտը անամպ երկնքում, հայտնեցի հորս իմ մտադրության մասին։ Սպասում էի, որ իր ողջ ցասումը թափեր ինձ վրա։ Բայց ի զարմանս ինձ՝ նա միայն ասաց. «Դու ճաշը եփեցիր, դու էլ կուտես։ Բայց եթե անհաջողության մատնվես, չվազես մոտս»։ Իմ օրագրի 1950 թ. հունվարի 1–ի էջում գրված է. «Ասացի հայրիկին, որ ուզում եմ ռահվիրայություն անել։ Ինձ համար միանգամայն անսպասելի էր նրա զուսպ, պատրաստակամ կեցվածքը։ Այնքան էի ազդվել նրա բարությունից, որ չէի կարող չարտասվել»։ Եվ այսպես՝ ես թողեցի պետական ծառայությունը և սկսեցի ծառայել որպես լիաժամ ռահվիրա։
Նշանակումս ու կյանքը «քոտեջում»
Մեկ այլ փորձություն էլ հասավ ինձ, որում պետք է երևար, թե որքանով եմ նվիրված Աստծուն։ Ինձ առաջարկվեց ռահվիրայություն անել Լանկաշիր կոմսությունում ուելսցի քրիստոնյա Լոյդ Գրիֆիտի հետ։ Մենք պետք է միասին ապրեինք մի «քոտեջում»։ Մտովի պատկերացնելով, թե ինչ լավ պիտի լիներ այդ «քոտեջում» ապրելը՝ ես ժամանեցի գորշ, անձրևոտ քաղաք Բեյքուպը և ...երկնքից իջա երկիր, երբ տեսա, որ այդ «քոտեջը» ընդամենը մի նկուղ էր։ Գիշերները մկների և ուտիճների հետ էինք անցկացնում։ Արդեն մտածում էի տուն վերադառնալու մասին։ Բայցևայնպես լուռ աղոթում էի և Աստծուց ուժ խնդրում՝ դիմանալու փորձությանը։ Անսպասելիորեն զգացի, որ խաղաղության զգացումով եմ համակվում, և իրավիճակին սկսեցի օբյեկտիվորեն նայել։ Սա իմ նշանակումն էր՝ տրված Եհովայի կազմակերպության կողմից։ Ես պետք է ապավինեի Եհովային։ Որքա՜ն ուրախ եմ, որ կարողացա դիմանալ, որովհետև հակառակ դեպքում գուցե կյանքս հիմնավորապես փոխվեր (Եսայիա 26։3, 4)։
Ես ինն ամիս քարոզում էի այն ժամանակ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Ռոսենդեյլ հովտում, մինչև որ ինձ բանտ նստեցրին զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։ «Սթրեյնջվեյս» բանտում երկու շաբաթ պահելուց հետո ինձ տարան «Լյուիս» բանտ, որը գտնվում է Անգլիայի հարավային ափին։ Այնտեղ չորս Եհովայի վկաներ կային։ Մենք միասին կարողացանք հենց բանտում նշել Հիսուսի մահվան հիշատակի երեկոն։
Մի անգամ հայրս եկավ ինձ տեսության։ Նման այց կատարելու համար նա իր մեջ պետք է որ հաղթահարած լիներ հպարտությունը. ճանաչված բանտային սպան այցի է գալիս իր բանտարկյալ որդուն։ Միշտ երախտապարտ կլինեմ նրան այդ այցի համար։ 1951 թ. ապրիլին վերջապես եկավ իմ ազատվելու օրը։
Բանտից դուրս գալուց հետո նստեցի Կարդիֆ (Ուելս) մեկնող գնացքը։ Հայրս այնտեղի բանտապետն էր։ Մեր ընտանիքում չորս երեխա էինք՝ երեք տղա ու մեկ աղջիկ, և մեծը ես էի։ Պետք է գտնեի ոչ լրիվ օրով աշխատանք, որպեսզի կարողանայի կարիքներս հոգալ ու շարունակել ռահվիրայական ծառայությունը։ Սկսեցի աշխատել հագուստի խանութում, բայց կյանքիս գլխավոր նպատակը քրիստոնեական ծառայությունն էր։ Մոտավորապես այդ ժամանակ մեր մայրը լքեց մեզ։ Դա մեծ հարված էր հորս ու մեզ՝ 8–19 տարեկան երեխաներիս համար։ Ցավոք, մեր ծնողները ամուսնալուծվեցին։
Նա, ով լավ կին է գտնում...
Ժողովում մի քանի ռահվիրաներ կային։ Նրանց մեջ կար մի քույր, որն ամեն օր Ռոնդա հովտից, որտեղ ածխահանքեր կային, գալիս էր աշխատանքի և քարոզելու։ Նրա անունը Հեյզել Գրին էր։ Նա հրաշալի ռահվիրա էր։ Հեյզելը ճշմարտությունն ինձանից շատ ավելի վաղ էր իմացել. նրա ծնողները դեռևս 1920 թ.–ին հաճախում էին Աստվածաշունչ ուսումնասիրողների (այժմ՝ Եհովայի վկաներ) հանդիպումներին։ Բայց թող նա պատմի իր մասին։
«Ես Աստվածաշնչով լրջորեն չէի հետաքրքրվում մինչև 1944 թ., երբ կարդացի «Կրոնը փոթորիկ է հնձում» գրքույկը։ Մայրս հորդորեց ինձ գնալ Կարդիֆում անցկացվող շրջանային համաժողով։ Աստվածաշնչից աղքատիկ գիտելիքներ ունեի, երբ, հանրային ելույթի մասին ազդարարող պլակատը վզիս, հայտնվեցի քաղաքի գլխավոր առևտրական կենտրոնում։ Թեև հոգևորականներն ու ուրիշ մարդիկ հանգիստ չէին տալիս ինձ, բայց ես վախս հաղթահարեցի։ 1946 թ.–ին մկրտվեցի և հենց նույն տարվա դեկտեմբերին սկսեցի ռահվիրայություն անել։ Հետո՝ 1951 թ.–ին, բանտից նոր դուրս եկած մի երիտասարդ ռահվիրա հայտնվեց Կարդիֆում։ Դա Էրիկն էր։
Մենք միասին էինք գնում քարոզելու։ Իրար հետ լավ փոխհարաբերությունների մեջ էինք։ Նույն նպատակներն ունեինք կյանքում՝ առաջ տանել Աստծո Թագավորության շահերը։ Եվ այսպես՝ մենք ամուսնացանք 1952 թ. դեկտեմբերին։ Թեև երկուսս էլ լիաժամ ռահվիրաներ էինք, և մեր եկամուտները սահմանափակ էին, այնուամենայնիվ միշտ ունեինք ամենաանհրաժեշտը։ Ժամանակ առ ժամանակ նվերներ էինք ստանում մի Վկայից, որը երբեմն չափազանց շատ էր պատվիրում ջեմ կամ օճառ, և այն էլ հենց այն ժամանակ, երբ դրանց կարիքը զգում էինք։ Մենք երախտագիտության զգացումով էինք համակվում՝ նման գործնական օգնությունների համար։ Սակայն մեզ ավելի մեծ անակնկալներ էին սպասում»։
Անակնկալ, որը փոխեց մեր կյանքը
1954 թ. նոյեմբերին ես ու Հեյզելը մի անակնկալ հրավեր ստացանք Եհովայի վկաների լոնդոնյան մասնաճյուղից։ Ինձ հրավիրում էին շրջագայական ծառայության՝ ամեն շաբաթ այցելելու տարբեր ժողովներ։ Մենք համոզված էինք, որ դա սխալմունք է, ուստի այդ մասին ժողովում ոչ ոքի չասացինք։ Բայց, այնուամենայնիվ, ես լրացրի բլանկը ու ետ ուղարկեցի, և շունչներս պահած պատասխանի էինք սպասում։ Մի քանի օր անց պատասխանը եկավ. «Եկե՛ք Լոնդոն՝ դասընթացների»։
Գտնվելով լոնդոնյան մասնաճյուղում՝ չէի կարողանում հավատալ, որ ես, լինելով ընդամենը 23 տարեկան, այնպիսի հայտնի եղբայրների կողքին էի, որոնք ասես թե հոգևոր հսկաներ լինեին՝ Փրայս Հյուզը, Էմլին Վայնսը, Էռնի Բիվերը, Էռնի Գիվերը, Բոբ Գաֆը, Գլին Փարը, Սթան և Մարտին Վուդբըրնները և շատ ուրիշներ, որոնց մեծ մասն արդեն մահացել է։ Նրանք 1940–1950–ական թվականներին Մեծ Բրիտանիայում նախանձնախնդրության և ուղղամտության ամուր հիմք դրեցին։
Շրջանային ծառայությունն Անգլիայում ամենևին էլ չի ձանձրացնում
Շրջանային ծառայությունը մենք սկսեցինք 1954–1955 թթ. ձյունաշատ ձմռանը։ Մեզ նշանակեցին ծառայելու Արևելյան Անգլիայում. Անգլիայի հարթավայրային մի շրջան, որտեղ փչում են Հյուսիսային ծովի սառը քամիները։ Այն ժամանակ Մեծ Բրիտանիայում ընդամենը 31 000 Վկաներ կային։ Դա մեր շրջանային ծառայության առաջին նշանակումն էր, և մենք շատ բան սովորեցինք։ Երբեմն հեշտ չէր լինում նաև եղբայրների համար, որոնց այցելում էինք։ Իմ անփորձությամբ և յորքշիրցու անկեղծությամբ երբեմն վիրավորում էի նրանց։ Տարիների ընթացքում սովորեցի, որ բարությունն ավելի կարևոր է, քան արդյունավետությունը, և մարդն ավելի կարևոր է, քան գործելակերպը։ Մինչև այժմ աշխատում եմ, թեև ոչ մշտական հաջողությամբ, հետևել Հիսուսի՝ մարդկանց հոգեպես հանգստացնելու օրինակին (Մատթէոս 11։28–30, ՆԿ–ի ՆԱԹ)։
Արևելյան Անգլիայում 18 ամիս ծառայելուց հետո մենք նշանակվեցինք շրջանային ծառայության Անգլիայի հյուսիս–արևելքում՝ Թայնի Նյուքասլ քաղաքում և Նորթումբերլենդ կոմսությունում։ Ինձ դուր եկան այդ գեղատեսիլ վայրերի սրտաբաց բնակիչները։ Ինձ համար մեծ օգնություն էր նահանգային վերակացու Դոն Վորդի (Սիեթլ, Վաշինգտոն նահանգ, ԱՄՆ) այցը։ Նա ավարտել էր «Գաղաադի» 20–րդ դասարանը։ Երբ ելույթներ էի ունենում, սարսափելի արագությամբ էի խոսում, և նա ինձ սովորեցրեց ավելի դանդաղ խոսել, դադարներ տալ և ուսուցանել։
Մեր կյանքը փոխող ևս մեկ անակնկալ
1958 թ.–ին մենք նամակ ստացանք, որը փոխեց մեր կյանքը։ Մեզ հրավիրում էին սովորելու «Գաղաադ» դպրոցում (Սաութ Լանսինգ, Նյու Յորք)։ Մենք վաճառեցին մեր 1935 թ. արտադրության «Օսթին Սևեն» ավտոմեքենան և այդ գումարով դեպի Նյու Յորք մեկնող նավի տոմսեր գնեցինք։ Բայց նախ մասնակցեցինք Եհովայի վկաների՝ Նյու Յորքում կազմակերպված միջազգային համաժողովին, որից հետո մեկնեցինք Պիտերբորո (Օնտարիո նահանգ)՝ վեցամսյա ռահվիրայական ծառայության, նախքան «Գաղաադ» դպրոց հաճախելը։
Դպրոցի ուսուցիչների թվում էին Ալբերտ Շրյոդերը, որն այժմ Կառավարիչ մարմնի անդամ է, Մաքսվել Ֆրենդը և Ջեկ Ռեդֆորդը. վերջիններս արդեն մահացել են։ Շատ օգտակար էր շփվել 14 երկրներից ժամանած 82 ուսանողների հետ։ Մենք քիչ–քիչ սկսեցինք պատկերացում կազմել միմյանց մշակույթների մասին։ Տեսնելով, թե ինչպես են օտարերկյա ուսանողները ջանում անգլերեն սովորել՝ մենք պատկերացնում էինք, թե ինչ դժվարությունների կհանդիպենք, երբ ինքներս օտար լեզու սովորենք։ Հինգ ամիս անց ավարտվեց ուսուցումը, և մեզ՝ շրջանավարտներիս, նշանակեցին ծառայելու 27 երկրներում։ Հետո տեղի ունեցավ ավարտական երեկոն, և ևս մի քանի օր մնացինք Նյու Յորքում. սպասում էինք «Քուին Էլիզաբեթ» նավին, որը մեզ ետ էր տանելու Եվրոպա։
Մեր առաջին օտարերկյա նշանակումը
Ո՞ւր էին մեզ նշանակել։ Պորտուգա՛լիա։ 1959 թ. նոյեմբերին ժամանեցինք Լիսաբոն։ Հիմա էլ մենք պետք է հարմարվեինք նոր լեզվին ու մշակույթին։ 1959 թ.–ին Պորտուգալիայում, որտեղ 9 մլն մարդ էր ապրում, կային 643 ակտիվ Վկաներ։ Բայց մեր քարոզչական գործունեությունը օրինական ճանաչում չէր գտել։ Չնայած դրան՝ մենք ունեինք Թագավորության սրահներ, որոնք, սակայն, առանց ցուցանակների էին։
Երբ պորտուգալերեն սովորելը վերջացրինք (մեզ սովորեցնում էր միսիոներ Էլզա Պիկոնին), ես ու Հեյզելը այցելեցինք Լիսաբոն, Ֆարու, Էվորա և Բեժա քաղաքների շրջանում գտնվող ժողովներն ու խմբերը։ 1961 թ.–ին դրությունը սկսվեց փոխվել։ Ես Աստվածաշունչ էի ուսումնասիրում Ժոաո Գոնսալվիշ Մատթեուս անունով երիտասարդի հետ։ Նա՝ որպես քրիստոնյա, որոշեց չեզոքություն պահպանել ու չծառայել զինված ուժերում։ Կարճ ժամանակ անց ինձ կանչեցին ոստիկանության գլխավոր վարչություն՝ հարցաքննության։ Ե՛վս մեկ անակնկալ. մի քանի օր անց ծանուցում ստացանք, որ մեզ տրվում է 30 օր՝ հեռանալու երկրից։ Նույնը պատահեց միսիոներներ Էրիկ ու Քրիստինա Բրիտենների և Դոմենիկ ու Էլզա Պիկոնիների հետ։
Ես խնդրեցի, որ մեզ հնարավորություն տան արտահայտվելու, և մեզ թույլ տվեցին տեսնել գաղտնի ոստիկանության պետին։ Նա առանց այլևայլության բացատրեց, թե ինչու պետք է հեռանայինք երկրից և Ժոաո Գոնսալվիշ Մատթեուսի՝ իմ ուսումնասիրողի անունը տվեց։ Նա ասաց, որ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիան չի կարող իրեն թույլ տալ այնպիսի շքեղություն, ինչպիսին խղճի հիման վրա զինվորական ծառայությունից ազատվելն է։ Մենք ստիպված մեկնեցինք Պորտուգալիայից, և ես կապը Ժոաոյի հետ կորցրի։ Բայց ի՜նչ ուրախություն էր 26 տարի անց տեսնել նրան իր կնոջ և երեք դստրերի հետ պորտուգալական նորակառույց Բեթելի նվիրման ժամանակ։ Պորտուգալիայում մեր կատարած ծառայությունը իզուր չէր (Ա Կորնթացիս 3։6–9)։
Ո՞րն էր մեր հաջորդ նշանակումը։ Անակնկա՛լ։ Հարևան Իսպանիան։ Արցունքներն աչքներիս՝ 1962 թ. փետրվարին մենք Լիսաբոնում գնացք նստեցինք և ուղևորվեցինք Մադրիդ։
Հարմարվում ենք այլ մշակույթի
Իսպանիայում մենք պետք է սովորեինք գաղտնաբար քարոզելն ու հանդիպումներն անցկացնելը։ Քարոզելիս մենք սովորաբար երկու հարևան դռներ չէինք թակում։ Քարոզելով մի դռան մոտ՝ գնում էինք մյուս փողոցը և ուրիշ շենքում քարոզում։ Այդպես ոստիկանների կամ քահանաների համար դժվարանում էր մեզ բռնելը։ Մենք չէինք մոռանում, որ ապրում էինք ֆաշիստա–կաթոլիկական բռնապետության պայմաններում, և մեր քարոզչական գործունեությունն արգելված էր։ Մենք օտարերկրացիներ էինք, և, որպեսզի մեզ չճանաչեին, անվանափոխվեցինք՝ իսպանական անուններ ունեցանք։ Ես դարձա Պաբլո, իսկ Հեյզելը՝ Խուանա։
Մադրիդում մի քանի ամիս մնալուց հետո մեզ նշանակեցին շրջանային ծառայության Բարսելոնում։ Մենք այցելում էինք քաղաքի զանազան ժողովներ՝ յուրաքանչյուրում երկու–երեք շաբաթ մնալով։ Այցելություններն այդքան երկար էին տևում այն պատճառով, որ մենք պետք է այցելեինք տվյալ ժողովի ամեն մի Գրքի ուսումնասիրության խմբին այնպես, ինչպես ժողովին են այցելում, և սովորաբար դա նշանակում էր, որ շաբաթական երկու խմբի պետք է այցելել։
Անսպասելի իրավիճակ
1963 թ.–ին մեզ առաջարկեցին նահանգային ծառայության անցնել Իսպանիայում։ Գրեթե 3 000 Վկաների ծառայելու համար մենք պետք է անցնեինք ողջ երկրով մեկ՝ այցելելով այն ժամանակ եղած ինը շրջանները։ Գաղտնի անցկացված մեր ամենահիշարժան շրջանային համաժողովներից մի քանիսը անց ենք կացրել Սևիլիայի շրջակա անտառներում, Խիխոն քաղաքի մոտ գտնվող մի ագարակում և Մադրիդ, Բարսելոն և Լոգրոնիո քաղաքների շրջանում հոսող գետերի մոտ։
Տնետուն ծառայության ժամանակ նախազգուշական նպատակներով ես սովորաբար ստուգում էի, թե ինչպիսին է մոտակա փողոցների դասավորվածությունը, որպեսզի վտանգի դեպքում արագորեն փախչեինք։ Մի անգամ քարոզում էինք Մադրիդում, և ես մի եղբոր հետ գտնվում էի շենքի վերին հարկերում, երբ հանկարծ ներքևից ճչոց–բղավոցներ լսեցինք։ Երբ իջանք, տեսանք մի խումբ դեռահաս աղջիկների՝ Իխաս դե Մարիա (Մարիամի դուստրեր) կաթոլիկ խմբի անդամներին։ Նրանք բնակիչներին նախազգուշացնում էին մեր մասին։ Մենք չէինք կարող նրանց ինչ–որ բան բացատրել, և ես գիտեի, որ հարկավոր է անհապաղ հեռանալ, այլապես ոստիկանությունը կարող էր մեզ բռնել։ Ուստի արագորեն փախանք։
Հուզիչ ժամանակներ էին Իսպանիայում անցկացրած տարիները։ Մենք միշտ ձգտում էինք ոգևորել մեր հրաշալի եղբայրներին ու քույրերին, այդ թվում՝ հատուկ ռահվիրաներին։ Նրանք բանտարկվելու վտանգի տակ էին գտնվում, հաճախ էլ զրկանքներ էին կրում հանուն Աստծո Թագավորության բարի լուրի քարոզչության, ժողովներ հիմնելու և քույրերին ու եղբայրներին զորացնելու։
Այդ ընթացքում նաև վատ լուր ստացանք։ Հեյզելը պատմում է. «1964 թ.–ին մայրս, որ հավատարիմ Վկա էր, մահացավ։ Անչափ ցավալի էր կորցնել նրան՝ նույնիսկ առանց հնարավորություն ունենալու նրան հրաժեշտ տալ։ Սա այն զոհողություններից է, որ, բացի մեզանից, միսիոներական ծառայության մեջ գտնվող շատ ուրիշներ էլ են արել»։
Վերջապես ազատություն
Տարիներ շարունակ հետապնդվելուց հետո՝ 1970 թ. հուլիսին, մեր գործունեությունը վերջապես օրինականացվեց Ֆրանկոյի կառավարության կողմից։ Ես ու Հեյզելը շատ հուզվեցինք, երբ ներկա գտնվեցինք առաջին Թագավորության սրահների բացմանը Մադրիդում և Լեսեփսում (Բարսելոն)։ Այդ Թագավորության սրահները մեծ ցուցանակներ ունեին, որոնց վրա լուսավոր տառերով գրված էր՝ «Եհովայի վկաների Թագավորության սրահ»։ Մենք ցանկանում էինք, որ մարդիկ իմանան, որ մեզ օրենքով գրանցել են, և Վկաներն այստեղ մնալու են։ Այդ ժամանակ՝ 1972 թ.–ին, Իսպանիայում համարյա 17 000 Եհովայի վկա կար։
Մոտավորապես այդ ժամանակ ես մի շատ ուրախալի նորություն ստացա Անգլիայից։ Հայրս 1969 թ.–ին այցելել էր մեզ՝ Իսպանիա։ Նա այնքան էր տպավորվել իսպանացի Վկաների՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, որ, վերադառնալով Անգլիա, սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հետո՝ 1971 թ.–ին, ինձ ասացին, որ մկրտվել է։ Մենք այցելեցինք նրան։ Շատ հուզիչ էր այն պահը, երբ նա՝ որպես իմ քրիստոնյա եղբայր, Եհովային աղոթեց ճաշելուց առաջ։ Քսան տարի էր արդեն, ինչ սպասում էի այդ օրվան։ Իմ եղբայր Բոբը և իր կինը՝ Այրիսը, Վկաներ դարձան 1958 թ.–ին։ Նրանց որդի Ֆիլիպն այժմ որպես շրջանային վերակացու ծառայում է Իսպանիայում իր կնոջ՝ Ջինի հետ։ Մեզ մեծ հաճույք է պատճառում այն, որ նրանք ծառայում են այդ հրաշալի երկրում։
Մեր ամենաթարմ անակնկալը
1980 թ. փետրվարին Կառավարիչ մարմնի անդամներից մեկը զոնալային այցով ժամանեց Իսպանիա։ Ի զարմանս ինձ՝ նա ցանկություն հայտնեց ինձ հետ ծառայելու։ Որտեղի՞ց իմանայի, որ ստուգում էր ինձ։ Սեպտեմբերին մեզ Բրուքլինի (Նյու Յորք) գլխավոր վարչություն հրավիրեցին։ Ուղղակի շշմել էինք։ Մենք ընդունեցինք հրավերը, թեև իսպանացի եղբայրներից բաժանվելը շատ ծանր էր։ Այդ ժամանակ Վկաների թիվը հասել էր 48 000–ի։
Երբ մեկնում էինք, մի եղբայր ինձ գրպանի ժամացույց նվիրեց։ Նրա վրա Աստվածաշնչից երկու համար էր գրել. «Ղուկաս 16։10, Ղուկաս 17։10»։ Նա ասաց, որ դրանք իմ առաջնորդող համարներն են։ Ղուկաս 16։10–ը շեշտում է, որ պետք է հավատարիմ լինենք փոքր բաներում, իսկ Ղուկաս 17։10–ը՝ որ մենք «անպիտան ծառաներ ենք», ուստիև պարծենալու հիմքեր չունենք։ Ես միշտ մտքումս պահում էի, որ ինչ էլ որ անենք Եհովայի ծառայության մեջ, դա պարզապես մեր՝ որպես նվիրված քրիստոնյաների, պարտքն է։
Առողջության հետ կապված անակնկալ
1990 թ.–ին սրտիս աշխատանքը սկսեց վատանալ։ Արդյունքում՝ ինձ սթենտ նշանակեցին, որպեսզի սրտիս փակված անոթը բացվեր։ Այդ դժվարին ժամանակաշրջանում Հեյզելն ինձ շատ էր օգնում, և, քանի որ շատ թույլ էի ինձ զգում, հաճախ ինքն էր տանում պայուսակներն ու ճամպրուկները։ 2000 թ. մայիսին սրտիս վրա էլեկտրոնային խթանիչ դրեցին։ Դա նպաստեց իմ առողջության բարելավմանը։
Վերջին 50 տարիների ընթացքում ես ու Հեյզելը տեսել ենք, որ Եհովայի ձեռքը կարճ չէ, և նրա նպատակները իրականացվել են ոչ թե մեր մտածած, այլ իր սահմանած ժամանակին (Եսայիա 59։1; Ամբակում 2։3)։ Մենք բազում հաճելի անակնկալներ ենք տեսել. եղել են նաև մի քանի տհաճ անակնկալներ, բայց ամեն անգամ Եհովան մեզ թիկունք է կանգնել։ Այստեղ՝ Եհովայի ժողովրդի համաշխարհային կենտրոնատեղիում, մեզ համար մեծ օրհնություն է ամեն օր Կառավարիչ մարմնի անդամների հետ շփվելը։ Երբեմն ինքս ինձ հարցնում եմ. «Իսկապե՞ս մենք այստեղ ենք»։ Այո՛, դա շնորհ է Աստծուց (Բ Կորնթացիս 12։9)։ Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի պաշտպանել ու պահպանել մեզ Սատանայի ‘հնարանքներից’, որպեսզի տեսնենք այն օրը, թե ինչպես է նրա արդար իշխանությունը տիրելու ողջ երկրի վրա (Եփեսացիս 6։11–18; Յայտնութիւն 21։1–4)։
[նկար 26–րդ էջի վրա]
«Սթրեյնջվեյս» բանտում (Մանչեստեր), որտեղ սկսվեց կյանքիս բանտային շրջանը
[նկար 27–րդ էջի վրա]
Մեր «Օսթին Սևենի» հետ Անգլիայում շրջանային ծառայության ժամանակ
[նկար 28–րդ էջի վրա]
Գաղտնի համաժողով ենք անցկացնում Թերսեդիլիայում (Մադրիդ, Իսպանիա) 1962 թ.–ին
[նկար 29–րդ էջի վրա]
Մեր գրականության սեղանը Բրուքլինում