Դուք կարո՛ղ եք ճշմարիտ հավատ ունենալ
Երբ Սարա Ջեյնը 19 տարեկան էր, պարզվեց, որ նա ձվարանների քաղցկեղ ունի։ Վիրահատությունից հետո նրա ինքնազգացողությունը լավ էր, և նա լավատեսորեն էր նայում ապագային. այնքան լավատեսորեն, որ 20 տարեկանում տեղի ունեցավ նրա նշանադրությունը, և նա արդեն ամուսնության պլաններ էր կազմում։ Նույն տարի քաղցկեղը նորից գլուխ բարձրացրեց, և նրան ասացին, որ ընդամենը մի քանի շաբաթ է մնացել ապրելու։ Սարա Ջեյնը մահացավ 2000 թ. հունիսին՝ 21 տարին դեռ չբոլորած։
Որքան ազդեցիկ էր հիվանդանոցում Սարա Ջեյնին այցելողների համար տեսնել ապագայի նկատմամբ նրա ամուր վստահությունը, մեծ հավատն Աստծո և նրա Խոսքի՝ Աստվածաշնչի հանդեպ։ Չնայած աղջկան պատահած այդ սարսափելի ողբերգությանը՝ նա հավատում էր հարությանը, վստահ էր, որ դարձյալ կտեսնի իր ընկերներին (Յովհաննէս 5։28, 29)։ «Ես բոլորիդ տեսնելու եմ Աստծո նոր աշխարհում»,— ասում էր նա։
Ոմանք այդպիսի հավատը պատրանք են համարում։ «Ի՞նչ է մահից հետո կյանքի հավատալիքը, եթե ոչ զուտ սփոփանք հուսահատ անհատների համար,— ասում է Լյուդովիկ Քենեդին,— իբրև թե շեփորի վերջին ձայնով այնտեղ «կերուխում» կլինի, որ նրանց պատվին փողեր կհնչեն, թե ինչ–որ Եդեմի պարտեզում նրանք երջանիկ օրեր կանցկացնեն նրանց հետ, ովքեր վաղուց են գնացել այնտեղ, և նրանց հետ, որոնք դեռ պիտի գնան»։ Այս կարծիքի կապակցությամբ հակադիր մի հարց է առաջ գալիս։ Ի՞նչն է ավելի տրամաբանական. հավատալ, որ «ներկայիս կյանքը սահմանափակվում է մեր ապրած տարիներո՞վ, այնպես որ անհրաժեշտ է լավագույնս օգուտներ քաղել նրանից», ինչպես նշում է Քենեդին, թե՞ հավատալ Աստծուն և հարության վերաբերյալ նրա խոստմանը։ Սարա Ջեյնը նախընտրեց վերջինը։ Իսկ ինչպե՞ս էր նրան հաջողվել այդպիսի հավատ զարգացնել։
‘Փնտրեք Աստծուն.... և գտեք նրան’
Ինչ–որ մեկի հանդեպ հավատ և վստահություն զարգացնելու համար հարկավոր է ճանաչել նրան և իմանալ, թե ինչպես է նա խորհում ու գործում։ Դա կատարվում է ինչպես սրտի, այնպես էլ մտքի մասնակցությամբ։ Նույնն է պարագան Աստծո հանդեպ ճշմարիտ հավատ զարգացնելու հարցում։ Անհրաժեշտ է ճանաչել Աստծուն, սովորել նրա հատկությունների և անձնավորության մասին, տեսնել, թե ինչպես է նա իր խոսքերով ու գործերով դրսևորել իրեն որպես արժանահավատ և վստահելի անձնավորություն (Սաղմոս 9։10; 145։1–21)։
Ոմանք կարծում են, որ դա անհնար է։ Նրանք ասում են, որ Աստված անհասանելի է, խորհրդավոր, եթե նա ընդհանրապես գոյություն ունի։ «Եթե Աստված այդպես իրական է այն քրիստոնյաների համար, ինչպիսին և Սարա Ջեյնն էր,— թերևս հարցնեն սկեպտիկները,— այդ դեպքում ինչո՞ւ մյուսներին էլ չի տալիս հնարավորություն՝ իրեն ճանաչելու»։ Բայց իրո՞ք Աստված շատ հեռու և անհասանելի է։ Աթենքի փիլիսոփաներին ու մտավորականներին ուղղած իր ճառում Պողոս առաքյալն ասաց, որ այն «Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ», անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի մարդիկ «փնտռեն.... ու գտնեն նրան»։ Նա շարունակում է. «Նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ» (Գործք 17։24–27)։
Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք ‘փնտրել Աստծուն և իսկապես գտնել նրան’։ Ոմանց հաջողվել է փնտրել և գտնել Աստծուն՝ տիեզերքը դիտարկելով, և շատերի համար միայն դա բավական է եղել համոզվելու համար, որ այն պետք է որ Արարիչ ունենաa (Սաղմոս 19։1; Եսայիա 40։26; Գործք 14։15, 16)։ Այդ մարդիկ էլ Պողոս առաքյալի նման մտածում են, որ «աներեւույթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը» (Հռովմայեցիս 1։20; Սաղմոս 104։24)։
Դուք Աստվածաշնչի կարիքն ունեք
Արարչի հանդեպ կենդանի հավատ զարգացնելու համար Աստծո տրամադրած մեկ այլ բանի կարիքն էլ ունեք։ Ի՞նչն է դա։ Դա Աստվածաշունչն է՝ Աստծո ներշնչյալ Խոսքը, որտեղ նա իր կամքն ու նպատակներն է հայտնում (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ «Բայց ինչպե՞ս կարող եք հավատալ Աստվածաշնչում գրված որևէ խոսքի, երբ տեսնում եք, թե ինչ սարսափելի գործեր են անում մարդիկ, որոնք հայտարարում են, թե Աստվածաշնչին են հետևում»,— թերևս հարցնեն ոմանք։ Ճիշտ է, քրիստոնյա աշխարհի մասին հաղորդագրություններում արձանագրվում են այնպիսի ցնցող գործեր, ինչպիսիք են՝ դաժանությունը, կեղծիքը կամ անբարոյությունը։ Բայց ցանկացած խելամիտ մարդ կարող է տեսնել, որ քրիստոնյա աշխարհը միայն ասում է, թե հետևում է Աստվածաշնչի սկզբունքներին (Մատթէոս 15։8)։
Աստվածաշունչն ինքն է նախազգուշացնում, որ շատերը կասեն, թե Աստծուն են ծառայում, բայց իրականում ‘կուրանան Տիրոջը, որը գնեց իրենց’։ «Այդ պատճառով,— ասում է Պետրոս առաքյալը,— ճշմարտութեան ճանապարհը պիտի անարգուի» (Բ Պետրոս 2։1, 2)։ Հիսուս Քրիստոսն ասաց, որ այդպիսի մարդիկ ‘անօրենություն գործողներ’ են, որոնց հեշտությամբ կարելի է ճանաչել իրենց չար գործերից (Մատթէոս 7։15–23)։ Քրիստոնեական աշխարհի վարքի պատճառով Աստծո Խոսքը մերժելը նման է մեր վստահելի ընկերոջ նամակը դեն գցելուն միայն այն պատճառով, որ այն մեզ փոխանցած անհատը վատ համբավ ունի։
Առանց Աստծո Խոսքի անհնար է կենդանի հավատ զարգացնել։ Միայն Աստվածաշնչի էջերից կարելի է իմանալ Եհովայի տեսակետը։ Նա լույս է սփռում այնպիսի հարցերի վրա, ինչպես՝ ինչու է նա թույլատրում տառապանքն ու ցավը և ինչ քայլեր է ձեռնարկելու այդ ուղղությամբ (Սաղմոս 119։105; Հռովմայեցիս 15։4)։ Սարա Ջեյնը հավատում էր, որ Աստվածաշունչը Աստծո ներշնչյալ Խոսքն է (Ա Թեսաղոնիկեցիս 2։13; Բ Պետրոս 1։19–21)։ Ինչո՞ւ։ Ոչ թե այն պատճառով, որ պարզապես նրա ծնողներն էին նրան այդպիսի հավատ ներշնչել, այլ քանի որ նա ժամանակ էր տրամադրել անկեղծորեն ուսումնասիրելու բոլոր փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշունչը յուրահատուկ հայտնություն է Աստծո կողմից (Հռովմայեցիս 12։2)։ Օրինակ՝ նա նկատել էր, որ Աստվածաշունչը զորավոր կերպով ազդեցություն է գործում այն անհատների կյանքերի վրա, որոնք հետևում են նրանում արձանագրված սկզբունքներին։ Օգտվելով այնպիսի հրատարակություններից, ինչպիսին է՝ «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թե՝ Մարդոց»b գիրքը՝ նա նաև մանրամասն քննության էր ենթարկել բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ Աստվածաշունչն Աստծուց է ներշնչված։
«Հաւատը լսուածից է»
Միայն Աստվածաշունչ ունենալը կամ նույնիսկ հավատալը, որ այն ներշնչված է Աստծուց, դեռևս բավական չէ։ «Հաւատը,— գրում է Պողոս առաքյալը,— լսուածից է» (Հռովմայեցիս 10։17)։ Աստվածաշնչին լսելն է հավատ զարգացնում, ոչ թե պարզապես Աստվածաշունչ ունենալը։ Աստծո Խոսքը կարդալով և ուսումնասիրելով՝ դուք «լսում եք», թե ինչ է Աստված ցանկանում հաղորդել ձեզ։ Նույնիսկ երեխաները կարող են «լսել» Աստվածաշնչին։ Պողոսը նշում է, որ «մանկուց» Տիմոթեոսի մայրն ու տատը սովորեցրել էին նրան «Սուրբ Գրքերը»։ Կարո՞ղ է արդյոք սա նշանակել, որ նրանք Տիմոթեոսի «խելքը կերել» էին։ Ո՛չ։ Նրանք Տիմոթեոսին չէին մոլորեցրել։ Նա անձամբ ‘հավաստիացել էր’ իր լսած և կարդացած բաներում (Բ Տիմոթէոս 1։5; 3։14, ՆԱ; 15)։
Սարա Ջեյնը նույն կերպով էր համոզվել։ Առաջին դարում ապրող բերիացիների նման, նա էլ ‘հոժարությամբ ընդունեց խոսքը’ իր ծնողներից և մյուսներից, որոնցից կարող էր սովորել։ Դեռևս փոքր տարիքից նա, առանց որևէ մի կասկածի, վստահում էր իր ծնողների խոսքերին։ Հետագայում, երբ մեծացավ, կուրորեն կամ իմիջիայլոց չընդունեց այն ամենն, ինչ որ նրան ասում էին։ Նա «ամբողջ ժամանակ քննում [էր] գրուածքները՝ իմանալու, թէ այդ բաները այդպէ՞ս են» (Գործք 17։11)։
Դուք կարող եք ճշմարիտ հավատ զարգացնել
Դուք նույնպես կարող եք ճշմարիտ հավատ զարգացնել ձեր սրտում. այնպիսի հավատ, ինչպիսին որ Պողոս առաքյալն է նկարագրում եբրայեցի քրիստոնյաներին ուղղած իր նամակում։ Այսպիսի հավատը, ինչպես գրում է նա, «յուսացուած բաների հաստատում[ն է] եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում» (Եբրայեցիս 11։1)։ Այդպիսի հավատ ունենալով՝ դուք միանգամայն վստահ կլինեք, որ ձեր ունեցած բոլոր հույսերն ու ակնկալիքները, այդ թվում նաև հարության վերաբերյալ Աստծո խոստումը, կիրականանան։ Դուք կհամոզվեք, որ ձեր հույսերը հաստատուն երաշխիք ունեն և հիմնված չեն զուտ ցանկության վրա։ Կիմանաք, որ Եհովան միշտ կատարում է իր խոստումները (Հեսու 21։45; 23։14; Եսայիա 55։11; Եբրայեցիս 6։18)։ Աստծո խոստացած նոր աշխարհը ձեզ համար իրական կլինի, ինչպես արդեն գոյություն ունեցող մի աշխարհ (Բ Պետրոս 3։13)։ Եվ հավատի աչքերով կտեսնեք, որ Եհովա Աստված, Հիսուս Քրիստոսն ու Աստծո Թագավորությունը իրական են և ոչ թե՝ պատրանքներ։
Ճշմարիտ հավատ զարգացնելու հարցում դուք միայնակ չեք։ Բացի այն, որ Եհովան տվել է մեզ իր Խոսքը, նա նաև տվել է մեզ համաշխարհային քրիստոնեական ժողովը, որի նպատակն է՝ օգնել արդարամիտ անհատներին հավատ զարգացնել Աստծո հանդեպ (Յովհաննէս 17։20; Հռովմայեցիս 10։14, 15)։ Ընդունեք այդ կազմակերպության միջոցով Եհովայի տրամադրած օգնությունը (Գործք 8։30, 31)։ Եվ քանի որ հավատը Աստծո սուրբ ոգու պտուղն է, կանոնավորաբար աղոթեք, որպեսզի ոգու օգնությամբ ճշմարիտ հավատ զարգացնեք ձեր սրտում (Գաղատացիս 5։22)։
Զգույշ եղեք, որ չդառնաք սկեպտիկների զոհը, որոնք ծաղրանքի են ենթարկում ցանկացած անհատի, որը հավատ է դրսևորում Աստծո և նրա Խոսքի նկատմամբ (Ա Կորնթացիս 1։18–21; Բ Պետրոս 3։3, 4)։ Ճշմարիտ հավատը շատ մեծ դեր ունի այդպիսի հարձակումների դիմաց հաստատուն մնալու հարցում (Եփեսացիս 6։16)։ Սարա Ջեյնը համոզված էր դրանում, ուստի և միշտ խրախուսում էր իրեն այցելող յուրաքանչյուր անհատի աճել հավատի մեջ։ «Յուրացրու ճշմարտությունը,— ասում էր նա։— Ուսումնասիրիր Աստծո Խոսքը։ Հավատարիմ եղիր Աստծո կազմակերպությանը։ Կանոնավորաբար աղոթիր։ Ակտիվ եղիր Եհովայի ծառայության մեջ» (Յակոբոս 2։17, 26)։
Տեսնելով Աստծո և հարության հանդեպ նրա հավատը՝ բուժքույրերից մեկն ասաց. «Տեսնում եմ, որ քո հավատը կենդանի է»։ Եվ երբ հարցրեց, թե ինչն է օգնում նրան դրական մտածելակերպ պահպանել՝ չնայած իր կրած դժվարություններին, Սարա Ջեյնը պատասխանեց. «Եհովայի հանդեպ հավատն է ինձ օգնում։ Նա ինձ համար իսկական բարեկամ է, և ես շատ եմ սիրում նրան»։
[ծանոթագրություններ]
a Տեսեք «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակված է Եհովայի վկաների կողմից։
[նկար 6–րդ էջի վրա]
Տիմոթեոսին իր մայրն ու տատը «մանկուց» սովորեցրել էին «Սուրբ Գրքերը»
[նկար 6–րդ էջի վրա]
Բերիացիները գովասանքի արժանացան այն բանի համար, որ «ամբողջ ժամանակ քննում էին գրուածքները»
[թույլտվությամբ]
«Արարչության լուսադրամայից», 1914
[նկարներ 7–րդ էջի վրա]
Աստվածաշնչին լսելն ու նրան ուշադրություն ընծայելն է հավատ զարգացնում, ոչ թե այն պարզապես ունենալը
[նկար 7–րդ էջի վրա]
«Ես բոլորիդ տեսնելու եմ Աստծո նոր աշխարհում»