Հավատալու քո իրավունքը
Հավանաբար թանկ ես գնահատում քո իրավունքը հավատալու այն բանին, ինչին որ ցանկանում ես հավատալ։ Այդ իրավունքը թանկ է գնահատում գրեթե ամեն ոք։ Օգտվելով դրանից՝ երկրի վեց միլիարդ բնակչությունը զարմանալիորեն իրարից տարբերվող համոզմունքներ է առաջ բերել։ Տարբեր համոզմունքներ կարող են հետաքրքրություն, հիացմունք և հաճույք պատճառել մարդկանց, ինչպես՝ գույնի, ձևի, կառուցվածքի, համի, հոտի և ձայնային բազմազանությունները, որոնց հանդիպում ենք արարչագործության մեջ։ Նման զանազանությունը, ինչ խոսք, կյանքը հետաքրքիր և հաճելի է դարձնում (Սաղմոս 104։24)։
Սակայն զգուշության կարիքը կա։ Տարբեր լինելուց բացի՝ որոշ համոզմունքներ նույնիսկ վտանգավոր են։ Օրինակ՝ 20–րդ դարի սկզբում ոմանք սկսեցին հավատալ, որ հրեաներն ու ֆարմասոնները ծրագրում են «կործանել քրիստոնեական քաղաքակրթությունը և իրենց միացյալ իշխանության ներքո հիմնել համաշխարհային մեկ պետություն»։ Նման հավատի աղբյուրներից մեկը հանդիսանում էր «Սիոնի իմաստունների արձանագրությունները» կոչվող հակասեմական մի աշխատություն («Protocols of the Learned Elders of Zion»)։ Այս աշխատությունը հաստատում էր, որ նրանց ծրագրերի մեջ էին մտնում հարկերի չափազանց բարձրացումը, զենքի արտադրության ընդլայնումը, հսկայական մոնոպոլիաների առաջացումը, որպեսզի «ոչ հրեաների հարստությունը վայրկենապես հօդս ցնդեցնեին»։ Այնտեղ նաև ասվում էր, որ նրանք կրթական համակարգը այնպես էին ղեկավարելու, որպեսզի «ոչ հրեաներին անգիտակից արարածներ դարձնեին», և նույնիսկ մայրաքաղաքներն իրար միացնող ստորերկրյա երկաթգծեր էին կառուցելու, որպեսզի հրեա «իմաստունները» կարողանային պայթեցնել ընդդիմացող ցանկացած մայրաքաղաք։
Սրանք, ինչ խոսք, սուտ տեղեկություններ էին՝ գրված հակասեմական զգացմունքներ բորբոքելու նպատակով։ «Այս անհեթեթ հնարանքը,— ասում է Բրիտանական թանգարանի աշխատակից Մարկ Ջոնսը,— սկսել է տարածվել Ռուսաստանից»՝ առաջին անգամ լույս տեսնելով 1903 թ. մի լրագրի հոդվածում։ Այդ աշխատությունը լոնդոնյան «Թայմզ» օրաթերթում հայտնվեց 1920–ի մայիսի 8–ին։ Եվ միայն մի տարի հետո «Թայմզում» գրվեց, որ այն կեղծիք էր։ Սակայն այդ ժամանակ արդեն այն մեծ վնաս էր հասցրել։ «Դժվար է այս տեսակ կեղծիքի առաջն առնել»,— ասում է Ջոնսը։ Կեղծ տեղեկությունն ընդունելուն պես՝ թունավորվում է մարդկանց միտքը, և առաջացնում թշնամական և վտանգավոր զգացմունքներ՝ հաճախ կորստաբեր հետևանքներով, ինչպես որ ցույց է տալիս 20–րդ դարի պատմությունը (Առակաց 6։16–19)։
Հավատն ընդդեմ ճշմարտության
Իհարկե, կարող են սխալ համոզմունքներ ձևավորվել նույնիսկ առանց նման դիտավորության արված կեղծիքի։ Երբեմն որոշ բաներ պարզապես սխալ է հասկացվում։ Բազում մարդիկ են վաղաժամ մահացել՝ անելով այն, ինչը որ հավատացել են՝ ճիշտ է։ Նաև, հաճախ հավատում ենք մի բանի սոսկ այն պատճառով, որ ցանկանում ենք հավատալ։ Մի պրոֆեսոր ասում է, որ նույնիսկ գիտնականները «հաճախ սիրահարվում են իրենց իսկ տեսություններին»։ Այն, ինչին որ հավատում են նրանք, թույլ չի տալիս, որ իրերը անկանխակալությամբ գնահատեն։ Արդյունքում՝ մի ամբողջ կյանք զուր տեղը վատնում են՝ փորձելով թիկունք կանգնել սխալ համոզմունքների (Երեմիա 17։9)։
Նման բան է տեղի ունեցել կրոնական համոզմունքների հետ, որոնց միջև հսկայական հակասություններ կան (Ա Տիմոթէոս 4։1, ՆԱ; Բ Տիմոթէոս 4։3, 4)։ Ինչ–որ մեկը ամուր հավատ ունի Աստծո հանդեպ։ Մեկն էլ ասում է, թե մարդը Աստծուն հավատալու համար հիմքեր չունի։ Ուրիշ մեկն էլ հաստատում է, թե մարդն ունի անմահ հոգի, որը վերապրում է մահից։ Իսկ մեկ ուրիշը հավատում է, որ մահանալիս մարդ լիովին դադարում է գոյություն ունենալ։ Կասկած չկա, որ իրար հակասող բոլոր այս համոզմունքները չեն կարող ճշմարիտ լինել։ Ուրեմն խելամիտ չի՞ լինի արդյոք համոզվել այն բանում, որ ինչին որ հավատում ես, ճշմարիտ է, և դա այն չէ, որ պարզապես ուզում ես, դրա համար էլ հավատում ես (Առակաց 1։5)։ Ինչպե՞ս կարող ես դրանում համոզվել։ Հաջորդ հոդվածում քննարկվում է այդ թեման։
[նկար 3–րդ էջի վրա]
1921 թ.–ին հրատարակված մի հոդված, որտեղ բացահայտվում է «Սիոնի իմաստունների արձանագրություններ» աշխատության կեղծիք լինելը