Թագավորության օրհնությունները կարող են ձերը դառնալ
Պողոս առաքյալը իր ժամանակների որոշ կարևորագույն լեզուների էր տիրապետում։ Նրա ստացած կրթությունը հավասարազոր էր մեր օրերի համալսարանական կրթությանը։ Այս առաքյալը նաև հռոմեական քաղաքացիություն ուներ և ուներ դրա հետ կապված բոլոր առավելություններն ու իրավունքները (Գործք 21։37–40; 22։3, 28)։ Այս տվյալներով նա կարող էր հարուստ լինել և մեծ համբավ ձեռք բերել։ Բայց ահա թե ինչ է գրել նա. «Ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար...., – եւ այդ բոլորը աղբ եմ համարում, – որպէսզի շահեմ Քրիստոսին» (Փիլիպպեցիս 3։7, 8)։ Ինչո՞ւ է նա այսպես արտահայտվել։
Պողոսը՝ նախկինում հայտնի որպես տարսոնացի Սողոս, որն հալածում էր «այդ ճանապարհին հետեւողներին», դարձի եկավ հարություն առած ու փառավորված Հիսուսից տեսիլք ստանալուց հետո (Գործք 9։1–19)։ Դամասկոսի ճանապարհին տեղի ունեցած այդ դեպքը, առանց կասկածի նշույլ անգամ թողնելու, վստահեցրեց Պողոսին, որ Հիսուսը խոստացյալ Մեսիան էր, այսինքն՝ Քրիստոսը, խոստացված Թագավորության ապագա իշխանը։ Բացի դրանից, այդ միջադեպը, ինչպես երևում է Պողոսի վերոհիշյալ համոզիչ հայտարարությունից, շեշտակի փոխեց նրա կյանքի ընթացքը։ Այլ կերպ ասած՝ անկեղծ ու ազնիվ սրտի տեր անձնավորություն լինելով, Պողոսն ապաշխարեց (Գաղատացիս 1։13–16)։
«Ապաշխարել» բառն Աստվածաշնչում հաճախ հանդիպում է որպես այն բառի թարգմանություն, որը հունարենում բառացի նշանակում է «հետո իմանալ»՝ ի հակադրություն նախապես գիտենալու իմաստին։ Ուստի, ապաշխարել նշանակում է փոխել սեփական մտածելակերպը, վարքը, նպատակները, հրաժարվել նախկին գործերից՝ դրանք անբավարար համարելով (Գործք 3։19; Յայտնութիւն 2։5)։ Ինչ վերաբերում է Պողոսին, նա թույլ չտվեց, որ Դամասկոսի ճանապարհին կատարվածը իր վրա թողներ լոկ հուզական ազդեցություն կամ թեկուզ մնար կյանքում զուտ որպես «հոգևոր փորձառություն»։ Պատահածը նրան մղեց այն բանի գիտակցությանը, որ Քրիստոսից անտեղյակ իր նախկին ընթացքը բոլորովին անօգուտ է եղել։ Նա հասկացավ նաև, որ Քրիստոսի մասին ձեռք բերած իր նոր գիտելիքներից օգուտ քաղելու համար պետք է իր ընթացքը շտկելու որոշակի քայլ ձեռնարկեր (Հռովմայեցիս 2։4; Եփեսացիս 4։24)։
Փոփոխություն, որն օրհնություններ բերեց
Աստծո մասին գիտելիքները Պողոսը ստացել էր հիմնականում փարիսեցիների աղանդից, որի անդամ էր անձամբ հանդիսանում։ Փարիսեցիների կրոնական համոզմունքները իրենց մեջ ներառում էին մեծամասամբ մարդկային փիլիսոփայություններ ու ավանդույթներ։ Ինչ վերաբերում է Պողոսի նախանձախնդրությանն ու նրա ներդրած ջանքերին, դրանք բոլորովին սխալ ուղղություն ունեին իր կրոնական նախապաշարմունքների պատճառով. Պողոսը կարծում էր, թե ծառայություն է մատուցում Աստծուն, սակայն իրականում պայքար էր մղում նրա դեմ (Փիլիպպեցիս 3։5, 6)։
Ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելով Քրիստոսի մասին և Աստծո նպատակներում նրա ունեցած դերի՝ Պողոսը հասկացել էր, որ կանգնած է հետևյալ ընտրության առջև. կմնա՞ արդյոք փարիսեցի՝ պահպանելով իր ունեցած դիրքն ու իր անձին ուղղված հարգանքը, թե՞ կփոխի իր կյանքի ընթացքը և կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Աստծո բարեհաճությանն արժանանալու համար։ Բարեբախտաբար, Պողոսը ճիշտ ընտրություն կատարեց, քանի որ գրել է. «Ամօթ չեմ համարում աւետարանելը, քանի որ այն Աստծու զօրութիւնն է՝ ի փրկութիւն բոլոր հաւատացեալների. նախ՝ հրեայի, ապա եւ՝ հեթանոսի» (Հռովմայեցիս 1։16)։ Պողոսը դարձավ Քրիստոսի և նրա Թագավորության ավետարանի՝ բարի լուրի նախանձախնդիր քարոզիչ։
Տարիներ անց Պողոսն իր հավատակիցներին ուղղեց հետևյալ խոսքերը. «Ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ ետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները. ուշադիր վազում եմ աստուածային կոչմանս նպատակակէտին՝ Քրիստոս Յիսուսով» (Փիլիպպեցիս 3։13, 14)։ Պողոսն օգուտ քաղեց բարի լուրից, քանի որ պատրաստակամորեն մի կողմ թողեց այն ամենը, ինչը հեռացնում էր իրեն Աստծուց և սրտի մղումով սկսեց հետապնդել այնպիսի նպատակներ, որ ներդաշնակ էին Աստծո կամքին։
Ի՞նչ կանեք դուք
Գուցե միայն վերջերս եք առաջին անգամ լսել Թագավորության ավետիսը։ Ձեզ դո՞ւր է գալիս կատարյալ դրախտում հավիտյան ապրելու հեռանկարը։ Ամենայն հավանականությամբ՝ այո, քանի որ բոլորս էլ ի ծնե ունենք խաղաղության ու ապահովության մեջ ապրելու և կյանքը վայելելու ցանկություն։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստված «յաւիտենականութիւնը» դրել է մեր սրտերում (Ժողովող 3։11)։ Այնպես որ զարմանալի ոչինչ չկա, եթե երազում ենք, որ գա այնպիսի ժամանակ, երբ մարդիկ կարող են հավիտյան ապրել խաղաղ պայմաններում ու երջանիկ լինել։ Հենց դա էլ առաջարկում է Թագավորության ավետիսը։
Որպեսզի այդ հույսը ձեզ համար իրականություն դառնա, պետք է հետաքրքրվել և պարզել, թե ինչի մասին է այդ բարի լուրը։ Պողոս առաքյալը խրախուսել էր. «Քննէք լաւը եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։2)։ Ուստի, Պողոսի նման դուք էլ պետք է գիտություն ստանալուց և այն ըմբռնելուց հետո ընտրություն կատարեք։
Միգուցե ձեր ապագայի վերաբերյալ դուք ունեք ձեր սեփական պատկերացումները։ Հիշենք, որ նախքան Պողոս անունը կրելն ու առաքյալ դառնալը՝ Սողոսը ևս Աստծո կամքի վերաբերյալ իր սեփական գաղափարներն ուներ։ Սակայն, Աստծուց նմանատիպ հրաշք–հայտնություն ակնկալելու փոխարեն, ինչո՞ւ հարցին օբյեկտիվորեն չնայենք։ Հարցրեք ձեզ. «Գիտե՞մ արդյոք, թե ո՞րն է Աստծո կամքը երկրագնդի ու մարդկության վերաբերյալ։ Ի՞նչ ապացույցներ կարող եմ բերել իմ տեսակետը հիմնավորելու համար։ Կարո՞ղ են իմ ապացույցները հաստատուն մնալ, եթե դրանք հետազոտվեն Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի լույսի ներքո»։ Դուք ոչինչ չեք կորցնի՝ նման քննության ենթարկելով ձեր կրոնական համոզմունքները։ Իրականում պետք է ձգտեք հենց այդպես վարվել, քանի որ Աստվածաշունչն ինքը խրախուսում է ամենքիս՝ «փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։ Ի վերջո, մի՞թե կարևորը Աստծո հավանությանն արժանանալը չէ (Յովհաննէս 17։3; Ա Տիմոթէոս 2։3, 4)։
Կրոնական առաջնորդները մեզ հավիտենական ապագա են խոստանում։ Սակայն այդ խոստումները մեզ չեն կարող օգնել՝ Աստծո Թագավորության օրհնությունները ստանալու, եթե դրանք հիմնված չեն Աստվածաշնչի ուսմունքների վրա։ Իր հանրահայտ Լեռան քարոզում Հիսուսը շատ լավ նախազգուշացրել էր. «Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է» (Մատթէոս 7։21)։
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Հիսուսն ընդգծել Հոր կամքը կատարելու կարևորությունը՝ որպես Աստծո Թագավորության օրհնությունները ստանալու չափանիշ։ Եթե ասենք այլ խոսքերով, սա նշանակում է, որ աստվածապաշտության կերպարանք ունեցող ամեն ինչ չէ, որ անպայմանորեն Աստծո հավանությունն ունի։ Հիսուսը նույնիսկ ասաց. «Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում» (Մատթէոս 7։22, 23)։ Այսպիսով ուրեմն՝ կարևորն այն է, որ համոզվենք՝ արդյո՞ք ճիշտ ենք հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում Թագավորության ավետիսը, և այնուհետև վարվենք այդ հասկացողությանը ներդաշնակ (Մատթէոս 7։24, 25)։
Օգնություն ունենք
Ահա արդեն հարյուր տարուց ավելի է, ինչ Եհովայի վկաները քարոզում են Աստծո Թագավորության բարի լուրը։ Բանավոր ու գրավոր խոսքի միջոցով նրանք ամենուր օգնում են մարդկանց ճշգրիտ գիտություն ստանալ այն մասին, թե ինչ է Թագավորությունը, ինչ օրհնություններ է այն բերելու, և ինչ է հարկավոր անել այդ օրհնությունները ստանալու համար։
Մի՛ շտապեք մերժել, երբ Եհովայի վկաները երբևիցե զրուցեն ձեզ հետ այդ մասին։ Ընդունելով բարի լուրը և գործելով դրա հետ ներդաշնակ՝ դուք հնարավորություն կունենաք ոչ միայն ներկայումս, այլև ապագայում մեծ օրհնությունների արժանանալ, երբ Աստծո Թագավորությունը կիշխի ողջ երկրի վրա (Ա Տիմոթէոս 4։8, ԱԹ)։
Մի՛ հապաղեք, քանզի հեռու չեն արդեն Աստծո Թագավորության օրհնությունները։
[նկարներ 7–րդ էջի վրա]
Գրավոր և բանավոր խոսքի միջոցով Եհովայի վկաները քարոզում են Աստծո Թագավորության բարի լուրը