Կանգուն եղեք՝ որպես հասուններ և հաստատապես համոզվածներ
Անկոտրում ուղղամտություն պահպանողների հաղթանակը նացիստների հալածանքի դեմ
«Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակաց 27։11)։ Այս սրտագին խնդրանքը ցույց է տալիս, որ Աստծո գիտակից արարածներն իրենց անձնվիրությամբ ու հավատարմությամբ կարո՛ղ են ուրախացնել Եհովայի սիրտը (Սոփոնիա 3։17)։ Սակայն Սատանան՝ չարախոսը, վճռել է կոտրել Եհովայի ծառաների ուղղամտությունը (Յոբ 1։10, 11)։
Հատկապես 20–րդ դարի սկզբներին, երբ Սատանան վայր նետվեց երկնքից երկիր, նա իր մեծ բարկությունը թափեց Եհովայի ժողովրդի վրա (Յայտնութիւն 12։10, 12)։ Չնայած դրան՝ ճշմարիտ քրիստոնյաները մնացել են ‘կանգուն որպես հասուններ և հաստատապես համոզվածներ’ և չեն խախտել Աստծո հանդեպ իրենց ուղղամտությունը (Կողոսացիս 4։12, ՆԱ)։ Եկեք հակիրճ քննարկենք այդպիսի ուղղամտության ակնառու մի օրինակ. Եհովայի վկաները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում Գերմանիայում։
Եռանդուն գործունեությունը հանգեցնում է ուղղամտության փորձության
1920–ականներին և 1930–ականների սկզբներին Բիբելֆորշերը (ինչպես կոչվում էին այն ժամանակ Եհովայի վկաները Գերմանիայում) մեծ թվով աստվածաշնչային գրականություն էին տարածել։ 1919 և 1933 թվականների միջև ընկած ժամանակահատվածում նրանք Գերմանիայում բնակվող յուրաքանչյուր ընտանիքի միջին հաշվով ութ գիրք, գրքույկ կամ պարբերագիր էին առաջարկել։
Այդ ժամանակ Գերմանիան այն երկրներից մեկն էր, որտեղ մեծ թվով օծյալ հետևորդներ էին բնակվում։ 1933–ին ամբողջ աշխարհի մասշտաբով Տերունական ընթրիքին մասնակցեցին 83 941 հոգի. այդ թվի մոտ 30 տոկոսը Գերմանիայի բնակիչներից էին։ Շուտով գերմանացի Վկաների ուղղամտությունը սաստիկ փորձությունների ենթարկվեց (Յայտնութիւն 12։17; 14։12)։ Աշխատանքից հեռացումը, տներ ներխուժումը և դպրոցներից վտարումը շուտով փոխարինվեց ծեծերով, ձերբակալություններով և բանտարկություններով (նկար 1–ին)։ Արդյունքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդող տարիներին համակենտրոնացման ճամբարների կալանավորների 5–10 տոկոսը կազմեցին Եհովայի վկաները։
Ինչո՞ւ էին նացիստները հալածում Վկաներին
Սակայն, ինչո՞վ էին Եհովայի վկաները գրգռում նացիստների բարկությունը։ Պրոֆեսոր Յան Քըրշաուն իր «Հիտլեր. 1889–1936։ Ինքնահավանություն» («Hitler—1889-1936: Hubris») վերնագրով գրքում նկատում է, որ Եհովայի վկաները հետապնդման թիրախ էին դարձել, քանի որ մերժում էին «ամբողջությամբ հպատակվել նացիստական կառավարությանը»։
Պատմաբան Ռոբերտ Էրիքսընի և հուդայական կրոնի ու մշակույթի պրոֆեսոր Սյուզաննա Հեշելի կողմից հրատարակված «Դավաճանություն. Գերմանական եկեղեցիներն ու Հոլոքոստը» գրքում ասվում է, որ Վկաները «հրաժարվեցին մասնակցել բռնությանը կամ ռազմական ուժ գործադրել։ ....Վկաները քաղաքականության հարցում չեզոքություն էին պահպանում, ինչը նշանակում էր չքվեարկել հօգուտ Հիտլերի և չարտասանել «Հայլ Հիտլեր» խոսքերը («Betrayal—German Churches and the Holocaust»)։ Դա, ինչպես նշվում է նույն աղբյուրում, գրգռում էր նացիստների բարկությունը և մեծ ճնշման ենթարկվելու վտանգ սպառնում Վկաներին, որովհետև «Ազգային սոցիալիզմը չէր հանդուրժի այդպիսի մերժումը»։
Բողոք՝ ողջ աշխարհով մեկ և լայնածավալ հարձակում
1934 թ. փետրվարի 9–ին Ջոզեֆ Ռադերֆորդը, որն այն ժամանակ Վկաների գործունեության ղեկավարն էր, հատուկ լրաբերի միջոցով նացիստների անհանդուրժողականության մասին բողոքի նամակ ուղարկեց Հիտլերին։ Նույն թվականի հոկտեմբերի 7–ին Ռադերֆորդի նամակին հաջորդեցին նման բնույթի մոտ 20 000 նամակ և հեռագիր 50 երկրների, այդ թվում նաև Գերմանիայի, Եհովայի վկաների կողմից։
Ի պատասխան՝ նացիստները սաստկացրեցին իրենց հալածանքը։ 1935–ի ապրիլի 1–ին Եհովայի վկաների գործունեությունը արգելվեց Գերմանիայում։ Իսկ 1936–ի օգոստոսի 28–ին գեստապոն լայնածավալ հարձակում սկսեց Վկաների վրա։ Այդուհանդերձ, Վկաները «շարունակեցին գրքույկներ տարածել և այլ կերպերով պահպանել իրենց հավատը», ինչպես նշում է «Դավաճանություն. Գերմանական եկեղեցիներն ու Հոլոքոստը» գիրքը։
Օրինակ՝ 1936 թ. դեկտեմբերի 12–ին մոտ 3 500 Վկաներ անմիջապես գեստապոյի քթի տակ տարածեցին իրենց դեմ գործադրված դաժան վերաբերմունքը բացահայտող բանաձևի տասնյակ հազարավոր օրինակներ։ Այդ արշավի մասին «Դիտարան» պարբերագիրը հաղորդում է. «Դա մեծ հաղթանակ էր և մեծ հարված՝ թշնամուն, իսկ հավատարիմների համար՝ անպատմելի ուրախություն» (Հռովմայեցիս 9։17)։
Հալածանքը վերջ է գտնում
Նացիստները շարունակում են հետապնդել Եհովայի վկաներին։ Մինչև 1939 թ. բանտարկվում են 6 000 Վկաներ և հազարավորներ ուղարկվում համակենտրոնացման ճամբարներ (նկար 3–րդ)։ Ինչպիսի՞ն էր իրավիճակը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջերին։ Մահացել էին մոտ 2 000 Վկաներ, որոնցից ավելի քան 250–ը մահապատժի հետևանքով։ Այնուամենայնիվ, ինչպես գրում են պրոֆեսորներ Էրիքսընը և Հեշելը, «գրեթե բոլոր Եհովայի Վկաները անսասան պահեցին իրենց հավատը հալածանքների դիմաց»։ Արդյունքում՝ երբ հիտլերյան ռեժիմը փլուզվեց, ավելի քան հազար Վկաներ հաղթանակով դուրս եկան ճամբարներից (նկար 4–րդ; Գործք 5։38, 39; Հռովմայեցիս 8։35–37)։
Ի՞նչն էր զորացնում Եհովայի ժողովրդին՝ հալածանքներին դիմակայելու համար։ Համակենտրոնացման ճամբարից կենդանի մնացած Ադոլֆ Առնոլդը պատմում է. «Նույնիսկ ամենածանր վիճակում Եհովան տեսնում է քեզ, գիտի, թե ինչեր ես դիմագրավում, ուստի, նա քեզ հարկ եղած ուժը կտա, որպեսզի հաղթահարես այդ իրավիճակը և հավատարիմ մնաս։ Նրա ձեռքը կարճ չէ»։
Որքա՜ն տեղին են Սոփոնիա մարգարեի խոսքերը այդ հավատարիմ քրիստոնյաների պարագայում։ Նա հայտարարում է. «Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանայ քեզ վերայ զուարճութեամբ» (Սոփոնիա 3։17)։ Թող որ ճշմարիտ Աստծո բոլոր երկպագուներն այսօր ընդօրինակեն հավատն այն անձնվեր Վկաների, որոնք անխախտ պահեցին իրենց ուղղամտությունը նացիստների հալածանքների ներքո և ուրախացրին Եհովայի սիրտը (Փիլիպպեցիս 1։12–14)։
[նկար 8–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Państwowe Muzeum Oświȩcim-Brzezinka, courtesy of the USHMM Photo Archives