Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 2/15 էջ 8–11
  • Փնտրել արժանավորներին Քենիայում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փնտրել արժանավորներին Քենիայում
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Մեր հարազատները մեր ամենամոտ դրացիներն են
  • Գանձն աղբակույտի մեջ
  • Վկայություն աշխատանքի վայրում
  • Ամենազարմանալի ավարտը
  • Հոգ է տարվում աճի մասին
2001 Դիտարան
w01 2/15 էջ 8–11

Փնտրել արժանավորներին Քենիայում

Քենիան մի երկիր է, որն աչքի է ընկնում իր շքեղ բնությամբ։ Սաղարթախիտ անտառները, լայն դաշտավայրերը, կիզիչ արևի տակ սփռված անապատներն ու ձյունածածկ լեռները ամենուր զարդարում են երկրագնդի այս գեղեցիկ հողակտորը։ Հարուստ իր կենդանական աշխարհով՝ Քենիան օթևան է տալիս ավելի քան մեկ միլիոն գնուի (հարավաֆրիկյան այծքաղ) և բնաջնջման վտանգի տակ գտնվող ռնգեղջյուրին։ Իսկ սավաննաներում մարդու աչքից աննկատ չեն մնում երկայնավիզ ընձուղտների հոտերը։

Բազմազան է նաև այստեղի թռչնաշխարհը՝ սկսած օդում սավառնող հզոր արծվից մինչև բազմերանգ գույներով երգեցիկ թռչունները, որոնց դայլայլների քաղցրահնչուն մեղեդիներով միշտ էլ հագեցած է լինում օդը։ Իսկ ո՞ւմ աչքից կարող են վրիպել փղերն ու առյուծները։ Իրոք որ հնարավոր չէ մոռանալ Քենիայի բնությունն ու նրա կենդանական աշխարհի արձակած ձայները։

Բայց կա մի ձայն, որ նույնպես հնչում է Քենիայում։ Դրանք ձայներն են այն հազարավորների, որոնք պատմում են մարդկության համար պահված մի հույսի մասին (Եսայիա 52։7)։ Այդ ձայները հասնում են ավելի քան քառասուն ցեղերի ու լեզուների մարդկանց։ Այս առումով, կարելի է ասել, որ պակաս շքեղություն չունի նաև Քենիայի հոգևոր «բնությունը»։

Քենիայի բնակչության մեծ մասը հակում ունի դեպի հոգևորը և սիրով պատրաստ է հոգևոր թեմաներ քննարկել։ Չնայած դրան, իրականում մեծ դժվարությամբ են գտնվում այնպիսիները, որոնց հետ կարելի է զրուցել, քանզի Քենիան, ինչպեսև շատ ուրիշ երկրներ, մեծ փոփոխություններ է ապրում։

Տնտեսական ծանր պայմանները ստիպել են շատերին փոխելու իրենց ապրելակերպը։ Կանայք, որոնք սովորաբար աշխատում էին միայն տանը, այժմ փորձում են աշխատանք գտնել տարբեր գրասենյակներում։ Ոմանք մրգեր, բանջարեղեն, ձուկ կամ ձեռագործ զամբյուղներ են վաճառում ճանապարհներին։ Տղամարդիկ առավոտից մինչև երեկո քրտնաջան աշխատում են իրենց ընտանիքները կերակրելու համար։ Նույնիսկ երեխաներն են՝ տոպրակները բոված գետնանուշ ու խաշած ձու լցրած, շրջում փողոցներում՝ իրենց բարիքները վաճառելու համար։ Դժվար չէ կռահել, որ մարդկանց մեծամասնությունը փաստորեն բացակայում է տնից։ Այս իրավիճակն անհրաժեշտություն է առաջ բերել, որ Աստծո Թագավորության բարի լուրի քարոզիչները փոփոխություններ մտցնեն իրենց գործելակերպում։

Եհովայի վկաների ժողովներին խորհուրդ է տրվել առավելապես կենտրոնանալու տանից դուրս գտնվող մարդկանց վրա, ովքեր իրենց առօրյա գործերով միշտ դրսում են լինում, ինչպես նաև զրուցել ընկերների, բարեկամների, գործարար մարդկանց ու գործընկերների հետ։ Եվ իրոք, եղբայրները սկսել էին ամենուրեք զրուցել մարդկանց հետ (Մատթէոս 10։11)։ Արդյո՞ք քարոզչությունն ընդարձակելու այդ ջանքերը որևէ արդյունք են բերել։ Պատկերացրեք, որ այո՛։ Ահա մի քանի օրինակ։

Մեր հարազատները մեր ամենամոտ դրացիներն են

Քենիայի մայրաքաղաքը Նայրոբին է՝ իր մոտ երեք միլիոն բնակչությամբ։ Քաղաքի արևելյան մասում մի պաշտոնաթող մայոր էր բնակվում, որը երկար ժամանակ հակակրանքով էր լցված դեպի Եհովայի վկաները, թեև, ի հիասթափություն իրեն, նրա հարազատ որդին նույնպես Վկա էր։ Մի օր՝ փետրվար ամսին, այս երբեմնի պաշտոնյան գնում է որդուն այցելության (160 կմ ճանապարհ անցնելով)՝ Նակուրու քաղաքի Ռիֆտ Վալլեում։ Այնտեղ որդին նրան մի գիրք է նվիրում՝ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» վերնագրով։* Հայրը վերցնում է գիրքը և տուն վերադառնում։

Երբ նա արդեն տանն էր, գիրքը տալիս է կնոջը, որը սկսում է ընթերցել այն՝ գաղափար անգամ չունենալով, որ դա Եհովայի վկաների հրատարակած գրականությունն է։ Կամաց–​կամաց Աստվածաշնչի ճշմարտությունը սկսում է հասնել նրա սրտին, ու կինն իր իմացածի մասին պատմում է նաև ամուսնուն։ Հետաքրքրությունից դրդված՝ նա էլ է սկսում կարդալ այդ գիրքը։ Ի վերջո, հայտնաբերելով, թե ում կողմից է հրատարակվել այն՝ երկուսն էլ հասկանում են, որ մինչ այդ Եհովայի վկաների մասին ճշմարտությունը չեն իմացել։ Նրանք գտնում են տեղի Վկաներին և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսում։ Երբ դեռ ինքնուրույն կարդում էին գիրքը, եկել էին այն եզրակացության, որ քրիստոնյային վայել չէ ծխախոտ ծխելը կամ էլ վաճառելը (Մատթէոս 22։39; Բ Կորնթացիս 7։1)։ Առանց վարանելու՝ նրանք ոչնչացրել էին իրենց խանութի ծխախոտերը։ Մի քանի ամիս անց՝ արդեն պատրաստ էին չմկրտված քարոզիչներ դառնալու. շուտով նրանք մկրտվեցին տեղի նահանգային համաժողովում։

Գանձն աղբակույտի մեջ

Մայրաքաղաքի մերձակա շրջաններով մեկ անկանոն տարածված գյուղեր կան, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են ապրում։ Այստեղ կարելի է տեսնել ցեխից, փայտից, մետաղի կտորներից կամ էլ մատնեքավոր երկաթից կառուցված տների շարքեր։ Երբ արդյունաբերական գործարաններում աշխատանք գրեթե չի լինում, մարդիկ իսկույն ինչ–​որ գործ են հորինում։ «Յուա կալի» (սվահիլի՝ «կատաղի արև») աշխատողները կիզիչ արևի տակ հին անվադողերից սանդալներ կամ էլ դեն նետված թիթեղատուփերից նավթալամպեր են պատրաստում։ Ուրիշները քչփորում են աղբակույտերն ու աղբանոցները՝ թուղթ, թիթեղատուփ ու շիշ գտնելու և դրանք վերամշակելու համար։

Հնարավո՞ր է աղբակույտում գանձ գտնել։ Պարզվում է, որ այո։ Ահա թե ինչ է պատմում եղբայրներից մեկը. «Մի օր թիկնեղ, թափթփված տեսքով ու չհարդարված մազերով մի տղամարդ՝ հին լրագրերով ու ամսագրերով լցված պլաստմասսայե մեծ տոպրակ ձեռքին, մոտեցավ մեր Թագավորության սրահին։ Նախ՝ ներկայացավ և ասաց, որ անունը Վիլյամ է, ապա հարցրեց. «Ունե՞ք «Դիտարանի» վերջին համարները»։ Սկզբում նրան կասկածամտորեն վերաբերվեցի՝ զարմանալով, թե ինչո՞ւ է հարցնում, բայց հետո բերեցի ու ցույց տվեցի պարբերագրից հինգ համար։ Մեկ առ մեկ աչքի անցկացնելով՝ նա ասաց, որ կվերցնի բոլորը։ Զարմացած, որոշեցի նրան առաջարկել նաև «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային դրախտում» գիրքը։a Ցույց տալով Դրախտի նկարը՝ բացատրեցի, որ մենք մարդկանց հետ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն ենք անցկացնում։ Ապա հարցրի. «Վիլյա՛մ, չէի՞ք ուզենա վաղը գալ, և մենք միասին ուսումնասիրություն սկսեինք»։ Հաջորդ օրը նա եկավ։

Մի կիրակի Վիլյամն առաջին անգամ եկավ ժողովի հանդիպմանը։ Այդ օրը ես հանրային ելույթ ունեի։ Ներս մտնելուն պես՝ նա շուրջբոլորը նայեց, տեսավ ինձ բեմահարթակին կանգնած ու հանկարծ դուրս վազեց։ Ավելի ուշ հարցրեցի, թե ինչո՞ւ այդպես վարվեց։ Կարմրելով պատասխանեց, որ ներկաները չափից դուրս կոկիկ ու մաքուր էին հագնված, ու դրանից նա նյարդայնացել էր։

Մինչ Վիլյամն առաջադիմում էր իր ուսումնասիրության մեջ, Աստվածաշնչի ճշմարտությունը մեծ փոփոխություններ էր մտցնում նրա կյանքում։ Նա լողանում էր, մազերը կտրում ու հարդարում, կոկիկ ու մաքուր հագուստ էր կրում և կանոնավորաբար հաճախում ժողովի հանդիպումներին։ Երբ լույս տեսավ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, սկսեցինք ուսումնասիրել դրա օգնությամբ։ Այդ ընթացքում նա երկու անգամ ելույթ ունեցավ Աստվածապետական ծառայության դպրոցում և չմկրտված քարոզիչ դարձավ։ Ուրախությունից տեղս չէի գտնում, երբ մեկօրյա հատուկ համաժողովում Վիլյամը մկրտվեց՝ դառնալով իմ հոգևոր եղբայրը»։

Ե՞րբ էր Վիլյամն առաջին անգամ տեսել «Դիտարանը» ու հասկացել դրա արժեքը։ «Մի քանի համար գտել էի աղբակույտում դեն նետված թերթերի մեջ»,— պատմում է նա։ Այո՛, Վիլյամն այդ գանձը գտել էր այդքան անսովոր կերպով։

Վկայություն աշխատանքի վայրում

Արդյո՞ք միշտ պատրաստ ենք առիթը բաց չթողնել, երբ աշխատավայրում վկայություն տալու հնարավորություն է ստեղծվում։ Նայրոբիի ժողովներից մեկում ծառայող մի երեց՝ Ջեյմս անունով, ժամանակին հենց իր աշխատանքի վայրում է առաջին անգամ ծանոթացել Աստվածաշնչի ճշմարտությանը։ Իր հերթին՝ նա կարողացել է շատ հմտորեն օգտագործել այդ մեթոդը ուրիշների հետ ճշմարտության մասին խոսելու համար։ Օրինակ՝ մի անգամ, երբ գործընկերներից մեկը մտնում է աշխատասենյակ, Ջեյմսը տեսնում է նրա հագուստի վրա կրծքանշան՝ «Հիսուսը Փրկիչ է» բառերով։ Կրկնելով ժամանակին գրի առնված Փիլիպպոս ավետարանչի խոսքերը՝ Ջեյմսը հարցնում է աշխատակցին. «Հասկանո՞ւմ ես այդ խոսքերի իմաստը» (Գործք 8։30, 31)։ Այդ հարցը շատ հաճելի մի զրույցի սկիզբ է տալիս։ Այդ անձնավորության հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսվում, ու հետագայում նա մկրտվում է։ Իսկ նման դեպքեր էլի պատահե՞լ են։ Ահա թե ինչ է պատմում Ջեյմսը։

«Ես ու Թոմը աշխատում էինք միևնույն գործընկերությունում և հաճախ էինք միասին վարում ծառայողական ավտոբուսը։ Մի առավոտ նորից միասին էինք։ Մեր գրքերից մեկն էի ընթերցում ու աշխատում էի այնպես բռնել գիրքը, որպեսզի Թոմը տեսնի, թե ինչի մասին է։ Ինչպես և կարծում էի, գիրքը գրավեց նրա ուշադրությունը, ու ես սիրով առաջարկեցի այն նրան։ Թոմին իրոք տպավորել էր կարդացածը, և շուտով համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այսօր ինքն ու կինը Եհովայի մկրտված ծառաներ են»։

Ահա մեկ այլ օրինակ ևս։ «Ընդմիջումների ժամանակ,— պատմում է Ջեյմսը,— գործընկերներիս միջև հաճախ շատ հետաքրքիր զրույցներ են լինում։ Ժամանակ առ ժամանակ ընդմիջմանը հանդիպում էի Էփրայիմին ու Ուոլտերին։ Երկուսն էլ գիտեին, որ ես Վկա եմ։ Էփրայիմն ուզում էր իմանալ, թե ինչու մեծ հակառակություն գոյություն ունի Եհովայի վկաների դեմ։ Ուոլտերը հարցեր էր տալիս Վկաների ու այլ կրոնների միջև գոյություն ունեցող տարբերությունների մասին։ Երկուսին էլ բավարարեցին Գրությունների հիման վրա իմ տված պատասխանները, և նրանք ցանկություն հայտնեցին Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Էփրայիմը սկսեց շատ արագ հոգևոր քայլեր անել։ Ժամանակի ընթացքում նա և իր կինը նվիրվեցին Եհովային։ Էփրայիմը այժմ ծառայում է որպես երեց, իսկ կինը ընդհանուր ռահվիրա է։ Ինչ վերաբերում է Ուոլտերին, նա այնպիսի հակառակության հետ բախվեց, որ անմիջապես ընդհատեց ուսումնասիրությունը։ Սակայն ես հաստատակամ գտնվեցի, և Ուոլտերը վերսկսեց ուսումնասիրությունը։ Այժմ նա էլ ժողովներից մեկում որպես երեց ծառայելու առանձնաշնորհումն ունի»։ Ընդհանուր առմամբ, ուղիղ տասնմեկ հոգի ճշմարիտ քրիստոնյաներ են դարձել միայն այն բանի շնորհիվ, որ Ջեյմսը առիթը բաց չի թողել՝ աշխատանքի վայրում ազատ վկայություն տալու։

Ամենազարմանալի ավարտը

Վիկտորիա լճի ափին գտնվող մի գյուղակում ընկերներն ու հարազատները հավաքվել էին թաղման արարողության մասնակցելու։ Նրանց մեջ էր նաև մի տարեց Վկա։ Մոտենալով Դոլի անունով մի ուսուցչուհու՝ նա պատմում է, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները՝ հայտնելով նաև մահը հավիտյան վերացնելու Եհովայի նպատակը։ Ուսուցչուհու կողմից դրական տրամադրվածություն նկատելով՝ այդ եղբայրն ասում է նրան. «Երբ վերադառնաք տուն, մեր միսիոներներից մեկը կայցելի ձեզ, և միասին կարող եք Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել»։

Դոլին ապրում է Քենիայի երրորդ խոշորագույն քաղաքում, և այդ ժամանակ այնտեղ ընդամենը չորս միսիոներներ էին ծառայում։ Այդ եղբայրը միսիոներներին չի տեղեկացնում Դոլիի մասին. պարզապես, նա վստահ էր, որ նրանք անպայման կայցելեն։ Եվ իրոք, կարճ ժամանակվա ընթացքում միսիոներ քույրերից մեկը հանդիպում է Դոլիին և նրա հետ ուսումնասիրություն սկսում։ Այժմ Դոլին մկրտվել է։ Նրա փոքր աղջիկը արդեն մասնակցում է Աստվածապետական ծառայության դպրոցին։ Երկու որդիները նույնպես մկրտված են։ Դոլիին նաև առանձնաշնորհում է տրվել մասնակցելու Ռահվիրայական ծառայության դպրոցին։

Հոգ է տարվում աճի մասին

Ոչ պաշտոնական քարոզչությանը ավելի շատ ուշադրություն դարձնելու շնորհիվ՝ Քենիայում հազարավոր այլ մարդիկ հնարավորություն են ստացել բարի լուրը լսելու։ Ավելի քան 15 000 քարոզիչներ այսօր զբաղված են առաջնային կարևորություն ունեցող այս գործում, և ավելի քան 41 000 հոգի անցյալ տարի մասնակցել են Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին։ Ամբողջ Քենիայում ժողովների հանդիպումներին ներկա գտնվողների թիվը հաճախ երկու անգամ գերազանցում է Թագավորության քարոզիչների թվին, իսկ այս իրողությունը նոր սրահների կարիք է առաջացրել։

Թագավորության սրահներ կառուցվում են և՛ մեծ քաղաքներում, և՛ քաղաքներից հեռու գտնվող փոքր բնակավայրերում։ Դրանցից մեկը Նայրոբիից դեպի հարավ–​արևելք 320 կմ հեռավորության վրա գտնվող բոլորովին կղզիացած սամբուրական փոքր քաղաքն է։ 1934–ին քաղաքն անվանվեց Մարալալ, որ սամբուրու լեզվով նշանակում է «փայլող», քանի որ այստեղ առաջին անգամ մատնեքավոր երկաթից կառուցված տանիքը փայլել է արևի տակ։ Վաթսուներկու տարի անց Մարալալում կառուցվեց մեկ այլ շինություն՝ մատնեքավոր երկաթից, և վերջինս նույնպես «փայլում ու շողում է», քանի որ այնտեղ է անցկացվում ճշմարիտ երկրպագությունը։

Տասնհինգ քարոզիչներ մեծ ջանքեր են ներդրել Քենիայի այս հեռավոր վայրում Թագավորության առաջին սրահը կառուցելու գործում։ Շինանյութերի հիմնական պաշարը սահմանափակ էր, ուստի եղբայրները ստիպված էին հաշվի առնել միայն տեղի շինանյութերը։ Պատերը կառուցվեցին կարմիր հողից, թրջվեցին ջրով և ամուր շրջապատվեցին ուղղահայաց կանգնած ձողաններով։ Այնուհետև պատերը ողորկվեցին ու պատվեցին գոմաղբի ու մոխիրի խառնուրդով, ինչը երկար տարիներ ապահովում է դրանց ամրությունը։

Շինարարության մեջ օգտագործելու ձողաններ ստանալու համար եղբայրները ծառահատման թույլտվություն էին ստացել։ Բայց մոտակա անտառը ուղիղ տաս կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում։ Եղբայրներն ու քույրերը պետք է ոտքով գնային անտառ, ծառերը կտրեին, հղկեին և այնուհետև բերեին շինարարության վայրը։ Մի անգամ անտառից վերադառնալիս՝ եղբայրներին կանգնեցրեց ոստիկանությունը և հայտարարեց, որ թույլտվությունն անվավեր է։ Եղբայրներից մեկին, որը հատուկ ռահվիրա էր, ոստիկաններից մեկը հայտարարեց, թե ձերբակալված է ծառահատման համար։ Տեղացի քույրերից մեկը, որին շատ լավ ճանաչում էին այնտեղ, և նրան գիտեր նաև ոստիկանությունը, ասաց. «Եթե ձերբակալեք մեր եղբորը, ապա մեզ էլ պետք է ձերբակալեք, քանի որ բոլորս էլ կտրել ենք ծառերը»։ Սպան թույլ տվեց բոլորին հեռանալ։

Անտառում վայրի գազաններ կային, այնպես որ անտառով քայլելը այնքան էլ ապահով չէր։ Մի անգամ, երբ քույրերից մեկը ծառը հրելով գետին տապալեց, նկատեց, որ ինչ–​որ կենդանի մի կողմ ցատկեց ու փախավ։ Կենդանու բաց դարչնագույն մորթուց նա կարծեց, թե այծքաղ է, սակայն հետո ոտնահետքերից հասկացավ, որ առյուծ էր։ Չնայած նման վտանգներին՝ եղբայրներն ավարտեցին սրահի շինությունը. այժմ այդ սրահը Եհովայի անվան փառաբանության իսկական «փայլատակող» վայր է։

1963 թ. փետրվարի մեկը նշանակալից օր էր Քենիայի Եհովայի վկաների աստվածապետական պատմության մեջ։ Այդ օրը Քենիայում բացվեց առաջին մասնաճյուղը՝ ընդամենը մեկ սենյակ՝ 7,4 քառակուսի մետր տարածքով։ 1997–ի հոկտեմբերի 25–ը մեկ այլ կարևոր օր էր Քենիայի աստվածապետական պատմության մեջ. այդ օրը տեղի ունեցավ նոր Բեթելի բացումը (7 800 քառ. մետր)։ Այդ ավարտի հասցված նախագիծը երեք տարվա անձնուրաց ջանքերի պտուղն էր։ Քսանհինգ ազգություններից կամավորներ 3,2 հեկտար ցեխով ու մոլախոտով պատված հողատարածությունը վերածել են մի գեղատեսիլ պարտեզանման վայրի, որտեղ ապրում են Բեթելի ընտանիքի ութսուն անդամները։

Բոլոր պատճառներն ունենք ուրախանալու այն ամենի համար, ինչ որ Եհովան անում է իր ժողովրդին։ Երախտապարտ ենք նրան, որ իր ծառաներին մղում է ընդարձակել ծառայությունը և առավել եռանդով այդ երկրում փնտրել արժանավորներին՝ բնական գեղեցկությունից բացի նրան նաև հոգևոր հմայք տալով։

[ծանոթագրություններ]

a Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը