Խաղաղության ավետիսը Չիապասի լեռնային մարզում
«Քառասունհինգ անպաշտպան գյուղացիներ ու տասներեք մանկահասակ երեխաներ Չիապաս նահանգում անողորմաբար կոտորվեցին մի խումբ զինված մարդկանց կողմից»,— հաղորդել է «Ունիվերսալ» լրագիրը, 1997–ի դեկտեմբերի 22–ին Ակտելում (Չիապաս նահանգ) տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ («El Universal»)։
ՉԻԱՊԱՍԸ Մեքսիկայի ամենահարավային մասում գտնվող նահանգ է, որը սահմանակից է Գվատեմալային։ Չքավորության ու բազում զրկանքների երկար պատմություններից հետո մի խումբ բնիկ մայա հնդկացիներ 1994–ի հունվար ամսին Էյերսիտո Զապատիստա դե Լիբերասիոն Նասիոնալ–ի (ԷԶԼՆ, Ազգային Ազատագրական Զապատիստա Բանակ) գլխավորությամբ զինված ապստամբություն սկսեցին։ Ծագած իրավիճակը խաղաղ ճանապարհով հարթելու բանակցությունները շարունակ ձգձգվում էին։ Ապստամբների ու կառավարության զորքերի կողմից կատարվող ասպատակություններն ու հարձակումները բերեցին արյունահեղության և շատերի մահվան պատճառ դարձան։ Այդ ողջ իրարանցումը բազում գյուղացիների տեղահան արեց ու ստիպեց բնակության համար ապահով վայրեր փնտրել։
Խաղաղասեր մարդկանց մի խումբ, սակայն, քաղաքական պայքարի այդ անորոշ պայմաններում մնաց իր չեզոք դիրքերում։ Իրենց ողջ ուշադրությունը նրանք սիրով կենտրոնացնում են Աստծո Թագավորության վրա՝ վստահ լինելով, որ դա է միակ լուծումը մարդկային բոլոր խնդիրների՝ թե՛ տվյալ տեղանքում և թե՛ համայն աշխարհում (Դանիէլ 2։44)։ Ովքե՞ր են նրանք. Եհովայի վկաները։ Հնազանդվելով քարոզելու Հիսուսի պատվերին՝ նրանք ամեն կերպ ջանում են Աստծո Թագավորության ավետիսը հասցնել Չիապաս լեռնային մարզի ամենահեռավոր անկյունները (Մատթէոս 24։14)։ Սակայն ինչպե՞ս էր դա նրանց հաջողվում իրարանցման այդ ծանր ժամանակներում և ինչպիսի՞ արդյունքներով։
«Ես Եհովայի վկա եմ»
Ադոլֆոն՝ մի երիտասարդ, որը նոր–նոր դարձել էր Թագավորության քարոզիչ, մի առավոտ գտնվում էր աշխատանքի վայրում՝ Օկոսինգոյի ռադիոկայաններից մեկում։ Հանկարծ լսվում են դռան ուժգին բախոցներ, ապա ներս է խուժում դիմակավորված տղամարդկանց մի խումբ՝ հրացանները պահած դեպի նա։ Սրընթաց գրոհելով դեպի հաղորդավարի խցիկը՝ նրանք իսկույն իրենց ձեռքն են վերցնում ռադիոսարքավորումը և պատերազմ հայտարարում կառավարությանը։
Ադոլֆոյին նրանք հրամայում են միանալ իրենց շարժմանը։ «Ես Եհովայի վկա եմ»,— լինում է նրա պատասխանը, թեև դեռ մկրտված չէր։ Ապա նա բացատրում է, որ խաղաղության իր միակ հույսը Աստծո Թագավորությունն է, և կտրականապես հրաժարվում է նրանց առաջարկած զենքից ու համազգեստից։ Տեսնելով նրա վճռական դիրքը՝ Ադոլֆոյին թույլ են տալիս հեռանալ։ Հիշելով այդ օրը՝ Ադոլֆոն ասում է. «Այդ դեպքն իսկապես ամրապնդեց հավատս»։
Ժամանակի ընթացքում իրավիճակը փոքր–ինչ կայունացավ, սակայն տարածքը դեռ մնում էր ռազմական հսկողության ներքո։ Չնայած դրան, Ադոլֆոն սիրով ընդունեց տեղի ժողովի երեցների առաջարկը՝ սկսելով համագործակցել տարածքի հեռավոր մասերում գտնվող քրիստոնյաների մի խմբի հետ։ Վերահսկչական կետերում զինվորականները հարգանքով էին վերաբերվում նրան, երբ նա ներկայանում էր որպես Եհովայի վկա։ Հետագայում Ադոլֆոն մկրտվեց և մեծ բավականությամբ օգնեց վերոհիշյալ խմբին աճել և Եհովայի վկաների ժողով դառնալ։ «Այժմ, երբ արդեն մկրտված եմ,— ասում է նա,— կարող եմ առավել վստահությամբ ասել, որ Եհովայի վկա եմ»։
«Եհովան զորացրել է մեզ»
ԷԶԼՆ–ի՝ կառավարությանը ռադիոյով պատերազմ հայտարարելուց շատ չանցած քաղաքի բնակիչները սկսեցին գաղթել։ Ֆրանցիսկո անունով մի լիաժամ ծառայող (ռահվիրա) պատմում է, թե ինչպես է Եհովան զորացրել նրան ու իր կնոջը այդ ծանր ժամանակներում։
««Որոշել էինք ապաստան գտնել մի տեղանքում, որի հեռավորությունը մեր բնակավայրից երեք ժամվա ոտքի ճանապարհ էր։ Այնտեղ նաև ժողով կար, ուստի կարող էինք եղբայրների հետ լինել։ Շուտով նաև շրջանային համաժողով էր անցկացվելու՝ Պալենկա գյուղում, և ես ու կինս ցանկանում էինք բաց չթողնել ռահվիրաների համար նախատեսված հատուկ հանդիպումը։ Սակայն իմացանք, որ ԷԶԼՆ–ն փակել է դեպի գյուղ տանող ճանապարհը։ Որոշեցինք անցնել ջունգլիի միջով, ինչի համար ինը ժամ պահանջվեց։ Ժամանակին հասանք ռահվիրաների համար անցկացվող հանդիպմանը, և մեծ հաճույք ստացանք և՛ այդ հանդիպումից, և՛ ամբողջ համաժողովի ծրագրից։
Վերադառնալով տեսանք, որ այդ ընթացքում հրդեհել էին մեր տունը ու գողացել ընտանի կենդանիներին։ Միակ բանը, որ թողել էին, մի քանի կտոր հագուստեղենն էր։ Տխրեցինք պատահածի համար, սակայն Օկոսինգոյի եղբայրները սիրալիր կերպով մեզ իրենց տներն ընդունեցին։ Նրանք նաև սովորեցրին մեզ այնպիսի աշխատանքներ անել, ինչպիսին մենք՝ հողագործներս, երբեք նախկինում չէինք արել։ Եղբայրներից մեկը սովորեցրեց լուսանկարել, մեկ ուրիշը՝ կոշիկ վերանորոգել։ Այդ ամենի շնորհիվ, ես ու կինս կարողացել ենք մշտապես հոգալ մեր նյութական կարիքները, առանց դադարեցնելու ռահվիրայական ծառայությունը։ Մտաբերելով ողջ պատահածը՝ տեսնում ենք, որ այն ժամանակ, երբ հեշտ չէր դիմանալը, Եհովան զորացրել է մեզ»։
Քարոզչական աշխատանքի պտուղները
Չիապաս նահանգում բնակվող Վկաները թույլ չէին տալիս, որ կյանքի նեղություններն ու սպառնալիքները իրենց ետ պահեն բարի լուրը մարդկանց պատմելուց։ Օրինակ՝ 1995 թ. ապրիլ և մայիս ամիսներին չիապասցիները, միանալով իրենց համաշխարհային եղբայրությանը, մասնակցեցին «Թագավորության լուրը» № 34՝ «Ինչո՞ւ է կյանքը այդքան պրոբլեմներով ծանրաբեռնված» վերնագրով թերթիկի տարածմանը։
Այդ քարոզարշավի ընթացքում Սիռո անունով մի ընդհանուր ռահվիրա Պուեբլո Նուաբո կոչվող տեղանքում իր ծառայությունն անցկացնելիս հանդիպում է մի ընտանիքի, որի անդամներին հետաքրքրում է նրա բերած լուրը։ Երեք օր անց նա արդեն Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսում այդ ընտանիքի հետ։ Սակայն, երբ Սիռոն իր ընկերակիցներից մեկի հետ հաջորդ անգամ այցելում է նրանց՝ ուսումնասիրությունը շարունակելու, տանտերը տանը չի լինում։ Փոխարենը՝ նրան դիմավորում են մի խումբ դիմակավորված ու զինված մարդիկ։ Սպառնալով վերջ տալ նրանց կյանքին՝ այդ մարդիկ հարցնում են նրանց գալուստի պատճառը։ Լուռ Եհովային աղոթելուց հետո Սիռոն ու նրա ընկերակիցը առանց վախենալու բացատրում են, որ եկել են այդ ընտանիքի հետ միասին Աստվածաշունչ ուսումնասիրելու։ Դիմակավորված մարդիկ բաց են թողնում նրանց։ Իսկ տանտերը, ինչ–ինչ պատճառներով, այդ օրը այդպես էլ տուն չի վերադառնում։
Այդ օրից գրեթե երեք տարի անց Սիռոյի տան դուռը թակում է հենց այն տանտերը։ Ու որքա՜ն է ուրախանում Սիռոն, երբ իմանում է, որ նա և իր ընտանիքի բոլոր անդամները մկրտվել են և այժմ համագործակցում են Գվատեմալայի ժողովներից մեկի հետ։ Իսկ նրա աղջիկներից մեկը նույնիսկ ծառայում է որպես ընդհանուր ռահվիրա։
Խորին երախտագիտություն հոգևոր կերակուրի համար
Չիապասի նահանգային վերակացուն հաղորդում է, որ չնայած շարունակական բնույթ կրող դժվարություններին, տեղի Վկաները անկեղծորեն գնահատում են ժողովի հանդիպումների կարևորությունը (Եբրայեցիս 10։24, 25)։ Նա պատմում է, թե ինչ է պատահել վերջին հատուկ համաժողովի օրը, որը պլանավորել էին սկսել վաղ առավոտյան, որպեսզի ներկաները կարողանային լույսով տուն վերադառնալ (ինչը համեմատաբար ավելի ապահով է)։ Եվ չնայած այն բանին, որ մեծամասնությունը պետք է ավելի քան երեք ժամ ոտքով քայլեր ջունգլիի միջով՝ առավոտյան ժամը յոթին բոլորն արդեն զբաղեցրել էին իրենց տեղերը։ Ներկաների մեջ գտնվում էին նաև ԷԶԼՆ–ի անդամներից վեց հոգի, որոնց, ըստ երևույթին, ծրագիրը դուր էր եկել, քանի որ լսում էին ու ծափահարում։ Նրանք նույնպես ոտքով երեք ժամ ճանապարհ էին անցնել համաժողովին ներկա գտնվելու համար։ Հետագայում նրանցից քսան հոգի ներկա գտնվեցին նաև Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին, որն անցկացվեց Թագավորության սրահում։
Մեկ այլ երիտասարդ, որը ինչ–որ պարտիզանական շարժման անդամ էր, հրաման էր ստացել պարեկություն անելու ջունգլիի մի տեղանքում։ Տեղ հասնելուն պես նրա համար պարզ դարձավ, որ բնակիչները՝ մեծամասամբ Եհովայի վկաներ, թողել էին իրենց տներն ու հեռացել։ Այսպիսով հաստատվեց այդ անբնակ տներից մեկում։ Չունենալով առանձնապես որևէ անելիք՝ նա ձեռքը վերցրեց այդ տանը հայտնաբերած մի քանի գրքեր ու սկսեց զբաղվել ընթերցանությամբ։ Պարզվեց, որ «Դիտարան» ընկերության գրականությունն էր։ Միայնության մեջ՝ երիտասարդը բավականին ժամանակ ուներ խորհելու իր կարդացածի շուրջ։ Շուտով նա որոշեց շեշտակի փոխել իր կյանքը և զենքերը ցած դնել։ Օգտագործելով հենց առաջին իսկ հնարավորությունը՝ նա գտավ Եհովայի վկաներին և Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց։ Իսկ դրանից վեց ամիս հետո նա արդեն ուրիշներին էր պատմում Աստծո Թագավորության բարի լուրը։ Նա, ինչպես նաև իր ընտանիքից ևս երեք հոգի, ովքեր նույնպես նախկինում պարտիզանական շարժման կողմնակիցներ էին, այժմ մկրտված քրիստոնյաներ են։
Չենք անտեսում դրական կողմը
Թեև այդ ընդհարումները ժողովրդին մեծ դժվարությունների առաջ կանգնեցրին, սակայն փաստ է, որ քարոզչական գործունեության հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքի վրա այն դրականորեն անդրադարձավ։ Ահա թե ինչ է պատմում երեցներից մեկը, որ ապրում է հենց այն քաղաքում, որտեղ սկիզբ էր առել կռիվը. «Կռիվը սկսվելուց հինգ օր հետո քարոզչական գործունեություն կազմակերպեցինք քաղաքում և նրանից դուրս։ Մարդիկ պատրաստ էին լսելու մեզ։ Մեծ քանակությամբ աստվածաշնչյան գրականություն տարածեցինք և մի քանի ուսումնասիրություն սկսեցինք։ Տեղանքներից մեկում մարդիկ մեծ հակառակություն էին դրսևորում ճշմարտության հանդեպ, բայց հիմա՝ այդ ընդհարումներից հետո, լսում են, Աստվածաշունչ ուսումնասիրում և մասնակցում ժողովի հանդիպումներին ու համաժողովներին»։
Եղբայրներն ուրախ են, որ, չնայած այնտեղ տիրող անկայուն վիճակին, չեն դադարեցրել իրենց աստվածապետական գործունեությունը։ Երկու ընդդիմադիր կողմերի (կառավարության և ԷԶԼՆ–ի) գիտությամբ՝ նրանք շարունակում են անցկացնել իրենց համաժողովները, որոնք հոգևորապես անչափ ամրապնդիչ են նրանց համար։ Շրջագայող վերակացուների այցելությունները նույնպես հզոր խթան են՝ քարոզչությունը շարունակելու։ Հետաքրքիր է, որ նույնիսկ այդ ընդհարման մեջ ընդգրկված մարդկանց կողմից երբեմն ուշադրության արժանի քաջալերանքներ են լսվում։ Նրանք հաճախ են ասում, որ Վկաները չդադարեցնեն իրենց քարոզչական աշխատանքը։
Թեև Չիապասում՝ ժողովրդին տանջող զրկանքներն ու փորձությունները ժամանակի ընթացքում ինչ–որ չափով նվազել են, սակայն դեռ լիովին չեն վերացել։ Մի բանում, սակայն, կարելի է վստահ լինել. Եհովայի վկաները պատրաստ են առանց հանձնվելու շարունակել իրենց ջանքերը ներդնել՝ մարդկանց պատմելու Աստծո Խոսքում՝ Աստվածաշնչում պարունակված խաղաղության բարի լուրը (Գործք 10։34–36; Եփեսացիս 6։15)։ Նրանք էլ Երեմիա մարգարեի նման գիտակցում են, որ «մարդինը չէ իր ճանապարհը և, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Միայն Աստծո Թագավորությամբ և Աստծո Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով կարող է լուծում գտնել աշխարհում տիրող անարդարությունն ու համատարած չքավորությունը (Մատթէոս 6։10)։
[9–րդ էջի վրայի քարտեզը]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Չիապաս
Գվատեմալա
Մեքսիկական ծոց
Խաղաղ օվկիանոս
[թույլտվությամբ]
Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.
[նկար 9–րդ էջի վրա]
Վկաները ուղևորվում են դեպի Չիապասի լեռնային մարզ՝ քարոզելու