Կենսագրություն
Օրհնվել եմ մի յուրահատուկ ժառանգությամբ
Պատմում է Կարոլ Ալլենը
Միայնակ կանգնած՝ ձեռքիս պինդ սեղմել էի իմ նոր գեղեցիկ գիրքը։ Վախը համակել էր ինձ. արցունքներս գլորվում էին դեմքիս վրայով։ Չէ՞ որ ընդամենը յոթ տարեկան աղջիկ էի՝ օտար քաղաքում մոլորված, իսկ շուրջս տասնյակ հազարավոր մարդիկ էին։
ՎԵՐՋԵՐՍ՝ վերոհիշյալ դեպքից գրեթե վաթսուն տարի անց, երբ ամուսնուս՝ Փոլի հետ այցելել էինք Պատերսոնում (Նյու Յորք նահանգ) «Դիտարանի» գեղեցիկ կրթական կենտրոնը, այդ դեպքը վառ պատկերներով արթնացավ հիշողությանս մեջ։ Իսկ Պատերսոն եկել էինք, որովհետև Փոլը հրավիրվել էր սովորելու շրջագայող վերակացուների դպրոցի երկրորդ դասարանում։
Երբ Փոլի հետ շրջում էինք արևոտ նախասրահում, նկատեցի մի մեծ ստենդ, որի վրա գրված էր՝ «ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐ»։ Կենտրոնում երեխաների մի հին, սև–սպիտակ լուսանկար կար։ Նրանք հուզված թափահարում էին իրենց ձեռքի գրքերը, որից այն ժամանակ ես էլ ունեի։ Արագորեն կարդացի նկարի տակ գրվածը. «1941 թվական. Սենտ Լուիսում (Միսսուրի նահանգ), երբ առավոտյան ծրագիրը նոր էր սկսվել, 5–ից 18 տարեկան 15 000 երեխաներ հավաքվեցին գլխավոր սեկտորում՝ ուղիղ բեմահարթակի առջև.... Եղբայր Ռադերֆորդը հայտարարեց «Երեխաներ» գրքի լույս ընծայման մասին»։
Երեխաները մեկական գիրք ստացան։ Այնուհետև բոլորը վերադարձան իրենց ծնողների մոտ, բացի ինձանից։ Ես կորցրեցի ծնողներիս։ Մարզադաշտի մի բարյացակամ աշխատակից բարձրացրեց ինձ, կանգնեցրեց նվիրատվությունների բարձր արկղի վրա ու ասաց, որ աչքերով ծանոթ մարդու փնտրեմ։ Ես հուզված նայեցի աստիճաններով ներքև իջնող մարդկանց։ Որտեղից որտեղ մի ծանոթ դեմք տեսա. «Քեռի Բո՜բ... Քեռի Բո՜բ»։ Վերջապես. ինձ գտան։ Բոբ Ռեյներն ինձ տարավ ծնողներիս մոտ, որոնք արդեն սկսել էին անհանգստանալ։
Վաղ իրադարձություններ, որոնք ձևավորեցին իմ կյանքը
Դիտելով այդ ստենդը՝ մեջս խորը հիշողություններ արթնացան։ Հիշեցի այն ամենը, որ ձևավորել էին իմ հետագա կյանքը և մեզ բերել Պատերսոնում գտնվող այս հրաշալի վայրը։ Մտովի ետ գնացի ու հիշեցի բաներ, որոնք տեղի էին ունեցել ավելի քան հարյուր տարի առաջ. բաներ, որոնց մասին պատմել էին ծնողներս, պապս ու տատս։
1894 թ. դեկտեմբերին Աստվածաշունչ ուսումնասիրողներից (ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները) մի լիաժամ ծառայող այցելեց իմ հայրական գծով պապիս՝ Քլեյթոն Վուդվորթին։ Պապս նոր էր ամուսնացել և ապրում էր Սկրանտոնում (Փենսիլվանիա նահանգ)։ Նա նամակ գրեց «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» նախագահ Չարլզ Թեյզ Ռասելին, և այդ նամակը տպագրվեց «Դիտարանի» 1895–ի հունիսի 15–ի համարում։ Նամակում պապս բացատրում էր.
«Ես և կինս երիտասարդ ամուսիններ ենք ու համարյա տասը տարի անվանական եկեղեցու անդամներ ենք եղել, սակայն հիմա, հուսով ենք, որ դուրս ենք գալիս նրա խավարից դեպի նոր օրվա լույսը, որը ծագում է Բարձրյալի նվիրյալ զավակների համար.... Նախքան մեր հանդիպելը՝ ես և կինս երկար ժամանակ ցանկացել ենք ծառայել Տիրոջը և եթե նրա կամքն է, միսիոներներ լինել որևէ այլ երկրում»։
Ավելի ուշ՝ 1903–ին մորս պապն ու տատը՝ Սեբաստիան ու Քեթրին Կրեզգիները, որոնք ապրում էին Փենսիլվանիայի գեղատեսիլ Պոկոնո լեռներում գտնվող մի մեծ ֆերմայում, ուրախությամբ լսեցին «Դիտարան» ընկերության ներկայացուցիչների հաղորդած աստվածաշնչյան լուրը։ Նրանց աղջիկները՝ Կորան և Մերին, իրենց ամուսինների՝ Վաշինգտոն և Էդմունդ Հաուելների հետ նույնպես ապրում էին այնտեղ։ Ընկերության ներկայացուցիչներ Կարլ Համերլին ու Ռեյ Ռատկլիֆը նրանց հետ մնացին մի ամբողջ շաբաթ՝ շատ ու շատ բաներ սովորեցնելով։ Ընտանիքի բոլոր վեց անդամներն էլ լսեցին, ուսումնասիրեցին և շուտով դարձան Աստվածաշնչի նախանձախնդիր ուսումնասիրողներ։
Նույն տարում Կորա և Վաշինգտոն Հաուելները դուստր ունեցան՝ Քեթրինին։ Նրա ամուսնությունը հորս՝ Քլեյթոն Վուդվորթ կրտսերի հետ, մի հետաքրքիր պատմություն է ու, իմ կարծիքով, շատ բանի մասին է խոսում, օրինակ, թե ինչպիսի խորաթափանց ու հոգատար ծնող է եղել պապս՝ Քլեյթոն Վուդվորթ ավագը։
Հայրս սիրառատ օգնություն է ստանում
Հայրս՝ Քլեյթոն կրտսերը, ծնվել է 1906–ին՝ Սկրանտոնում, որը Հաուելների ֆերմայից մոտավորապես 80 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այդ տարիներին պապս մտերմացավ Հաուլների բազմանդամ և հյուրընկալությամբ հայտնի ընտանիքի հետ ու հաճախակի այցելում էր նրանց։ Նրա օգնությունը մեծ էր այդ շրջանում ապրող Աստվածաշունչ ուսումնասիրողների ժողովի համար։ Ավելի ուշ պապս հրավիրվեց գլխավորելու Հաուելների երեք որդիների հարսանեկան արարողությունները, և ամեն անգամ նա իր հետ վերցնում էր որդուն՝ մտածելով, որ դա բարերար ազդեցություն կթողնի նրա վրա։
Այն ժամանակ հայրս ակտիվորեն չէր մասնակցում Աստվածաշունչ ուսումնասիրողների գործունեությանը։ Ճիշտ է՝ նա մեքենայով պապիս ծառայության էր տանում, սակայն ինքը, չնայած նրա հորդորներին, այդքան էլ չէր ձգտում ջերմեռանդ լինել։ Այդ ժամանակ հորս ողջ ուշադրությունը կենտրոնացած էր երաժշտության վրա. նա ավելի շատ մտածում էր պրոֆեսիոնալ երաժշտի կարիերայի մասին։
Քեթրինը՝ Կորա և Վաշինգտոն Հաուելների աղջիկը, նույնպես հմուտ երաժիշտ դարձավ։ Նա դաշնամուր էր նվագում և դասեր էր տալիս։ Սակայն, երբ մասնագիտական կարիերա անելու հեռանկար բացվեց, նա ամեն ինչ մի կողմ դրեց ու լիաժամ ծառայություն սկսեց։ Պապիկը, համենայն դեպս իմ կարծիքով, չէր էլ կարող մտածել կյանքի ավելի լավ ուղեկից գտնել իր տղայի համար։ Հայրիկս մկրտվեց և վեց ամիս անց՝ 1931–ի հունիսին ամուսնացավ մայրիկիս հետ։
Պապս միշտ հպարտանում էր տղայի երաժշտական ընդունակություններով։ Երջանկությունից ուղղակի ցնծում էր, երբ հորս խնդրեցին պարապել մի մեծ նվագախմբի հիմնական կազմի հետ, որը նվագելու էր 1946–ին Կլիվլենդում (Օհայո նահանգ) տեղի ունենալիք միջազգային համաժողովում։ Հետագա տարիներին հայրս նվագախումբ էր ղեկավարում Եհովայի վկաների մի շարք այլ համաժողովներում։
Պապիս դատը և բանտարկությունը
Պատերսոնի ցուցասրահում ես ու Փոլը մի լուսանկար նկատեցինք, որը դուք տեսնում եք հարևան էջում։ Իսկույն ճանաչեցի այդ լուսանկարը. ավելի քան 50 տարի առաջ պապիկն ինձ դրանից մի օրինակ էր ուղարկել։ Լուսանկարում պապիկը երկրորդ շարքում աջից առաջինն է։
Առաջին համաշխարհային պատերազմի հայրենասիրական հիստերիայի ժամանակ Աստվածաշնչի այս ութ ուսումնասիրողները, այդ թվում նաև «Դիտարան» ընկերության նախագահ Ջոզեֆ Ռադերֆորդը (նստած՝ կենտրոնում), անարդարացիորեն բանտարկվեցին և հնարավորություն չստացան գրավով ազատվելու։ Նրանց մեղադրում էին՝ հիմնվելով «Սուրբ գրությունների ուսումնասիրություններ» աշխատության յոթերորդ՝ «Գաղտնիքը բացահայտված է» հատորում տեղ գտած արտահայտությունների վրա։ Ասվածին սխալ մեկնաբանություն տալով՝ մեղադրողները կարծում էին, թե գրքում գրված տողերը դատապարտում են Միացյալ Նահանգների մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին։
Չարլզ Թեյզ Ռասելը երկար տարիների ընթացքում գրեց «Սուրբ գրությունների ուսումնասիրությունների» առաջին վեց հատորները, սակայն մահացավ նախքան յոթերորդը գրելը։ Նրա գրառումները տվեցին պապիս ու Աստվածաշնչի մի այլ ուսումնասիրողի. հենց նրանք էլ գրեցին յոթերորդ հատորը։ Գիրքը լույս տեսավ 1917–ին՝ նախքան պատերազմի ավարտը։ Դատարանը պապիս ու մյուսների մեծ մասին դատապարտեց ազատազրկման՝ միանգամից չորս կետով՝ յուրաքանչյուրը քսան տարի ժամկետով։
Այն լուսանկարի տակ, որը մենք տեսանք Պատերսոնի ցուցասրահում, ասվում էր. «Ռադերֆորդի և մյուսների բանտարկությունից ինն ամիս անց, երբ պատերազմն արդեն ավարտվել էր, 1919–ի մարտի 21–ին վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց ութ մեղադրյալներին գրավով ազատել, իսկ մարտի 26–ին Բրուքլինում, յուրաքանչյուրի համար 10 000 դոլլար գրավ վերցնելով, նրանց ազատ արձակեցին։ 1920–ի մայիսի 5–ին Ջ. Ռադերֆորդն ու մյուս անձինք արդարացվեցին»։
Ազատազրկման դատապարտվելուց հետո, բայց նախքան Ատլանտայի (Ջորջիա նահանգ) համերկրային բանտն ուղարկվելը, ութ մեղադրյալները բանտարկության առաջին օրերն անց կացրին Բրուքլինում (Նյու Յորք)՝ Ընկերության գլխավոր վարչության հարևանությամբ՝ Ռեյմոնդ սթրիթում գտնվող բանտում։ Այնտեղից պապս գրեց, որ իրեն տեղավորել են 1,8 × 2,4 մ չափսի խցում, «որտեղ սարսափելի կեղտոտություն ու անկարգություն էր տիրում»։ «Դու լրագրերի մի կույտ ունես և եթե սկզբում ուշադրություն չէիր դարձնում դրանց վրա, շուտով եզրակացնում ես, որ այդ թերթերը, օճառը և խավավոր անձեռոցիկը քո միակ հնարավորությունն են՝ մաքուր մնալու և ինքնասիրությունդ պահպանելու»։
Սակայն պապս հումորի զգացումը չէր կորցնում և բանտը անվանում էր «Հոթել դե Ռեյմոնդի»՝ նշելով, որ «հենց ժամկետս լրանա, հյուրանոցից դուրս կգամ»։ Իսկ մի անգամ, երբ իրենց հանել էին բակ՝ քայլելու, նա մի պահ կանգ էր առել՝ սանրվելու, և այդ պահին մի գրպանահատ փորձել էր ճանկել նրա գրպանի ժամացույցը, սակայն, ինչպես պապիկն էր գրում, «շղթան կտրվեց ու ես փրկեցի ժամացույցս»։ Երբ 1958–ին այցելեցի Բեթել, «Դիտարան» ընկերության այն ժամանակվա քարտուղար–գանձապետ Գրանտ Սյութերն ինձ կանչեց իր գրասենյակը ու հանձնեց այդ ժամացույցը։ Ես մինչև հիմա գանձի պես պահում եմ այն։
Ինչպես այդ իրադարձություններն ազդեցին հորս վրա
Երբ 1918–ին պապիկին անարդացիորեն բանտարկեցին, հայրիկն ընդամենը տասներկու տարեկան էր։ Տատս փակեց տունը ու հայրիկի հետ միասին տեղափոխվեց մոր ու երեք քույրերի հետ ապրելու։ Տատիկիս օրիորդական ազգանունը Արթուր էր, և նրանց ընտանիքը հպարտանում էր, թե իրենց բարեկամներից մեկը՝ Չեստեր Ալան Արթուրը, Միացյալ Նահանգների 21–րդ նախագահն է եղել։
Երբ պապիս երկարաժամկետ պատիժ սահմանեցին իբրև Միացյալ Նահանգների դեմ կատարված հանցագործությունների համար, Արթուրների ընտանիքը իր ազգանունը խայտառակված համարեց։ Այդ ժամանակները զգացական առումով շատ ծանր էին հայրիկի համար։ Հավանաբար հենց այդ պատճառով էր, որ սկզբում նա երկմտում էր՝ մասնակցել ծառայությանը, թե՝ ոչ։
Երբ պապիկն ազատվեց բանտից, ընտանիքը տեղափոխեց Սկրանտոն և Քուինսի սթրիթում մի մեծ սվաղապատված տուն գտավ։ Այն ժամանակ երեխա էի. հիշում եմ և՛ այդ տունը, և՛ տատիկի գեղեցիկ ճենապակյա սպասքը։ Մենք դա անվանում էինք սուրբ սպասք, որովհետև բացի տատիկից, ոչ ոք իրավունք չուներ այն լվանալու։ 1943 թ.–ին տատիկի մահից հետո մայրիկը հաճախ էր օգտագործում այդ սպասքը, երբ հյուրեր էինք ունենում։
Զբաղված՝ ծառայության մեջ
Պատերսոնում գտնվելու հաջորդ օրը ես մոտեցա մի լուսանկարի, որտեղ պատկերված էր եղբայր Ռադերֆորդը՝ 1919–ին Սիդար Փոյնթում (Օհայո նահանգ) տեղի ունեցած համաժողովում ելույթ ունենալիս։ Այդ համաժողովում նա հորդորում էր բոլորին նախանձախնդիր կերպով մասնակցել Աստծո Թագավորության քարոզչությանը և օգտագործել այդ համաժողովին լույս տեսած նոր հրատարակությունը՝ «Ոսկե դար» պարբերագիրը։ Պապիկը խմբագիր նշանակվեց և շարունակեց այդ գործը մինչև 40–ականների ավարտը՝ գրեթե մինչև իր մահը։ 1937–ին պարբերագրի անունը վերափոխվեց՝ «Մխիթարության», իսկ 1946–ին դարձավ «Արթնացե՛ք»։
Պապիկն իր հոդվածները գրում էր և՛ տանը՝ Սկրանտոնում, և՛ տնից 240 կմ հեռավորության վրա գտնվող Բրուքլինի «Դիտարան» ընկերության գլխավոր վարչությունում՝ յուրաքանչյուր վայրում անցկացնելով երկու շաբաթ։ Հայրիկի խոսքերով՝ հաճախ էր պատահում, որ պապիկի գրամեքենայի տկտկոցը ձայնը չէր լռում մինչև առավոտյան ժամը հինգը։ Բացի այդ՝ պապիկը լրջորեն էր վերաբերվում նաև քարոզչական ծառայությանը։ Նա նույնիսկ բաճկոնը ձևափոխել ու ներսից մեծ գրպաններ էր կարել աստվածաշնչյան գրականությունը տեղավորելու համար։ Իմ 94 տարեկան քեռակինը՝ Նաոմի Հաուելը, մինչև հիմա էլ մի այդպիսի բաճկոն ունի։ Պապիկը նաև գրքեր տեղավորելու համար մի կանացի պայուսակ էր կարել։
Մի անգամ, ինչ–որ մեկի հետ Աստվածաշնչի աշխույժ քննարկումից հետո, պապիկի ծառայակիցն ասել էր.
— Գիտե՞ս, որ մի սխալ ես թույլ տվել։
— Ի՞նչ սխալ,— հարցրել էր պապիկը։ Ապա ստուգել էր բաճկոնի գրպանները. երկուսն էլ դատարկ էին։
— Մոռացել ես նրան «Ոսկե դարի» բաժանորդագրություն առաջարկել։
Երկուսն էլ մի կուշտ ծիծաղել էին, որ խմբագիրը մոռացել էր իր պարբերագրի մասին։
Մանկության հիշողություններ
Հիշում եմ, թե ինչպես էի երեխա ժամանակ նստած պապիս գոգին, փոքրիկ ձեռքս նրա ձեռքում, և նա պատմում էր «Մատների հեքիաթը»։ Սկսելով «Թոմի բութիկից», և անցնելով «Պիտեր ցուցամատիկին՝ նա յուրաքանչյուր մատի վերաբերյալ պատմում էր մի հետաքրքիր պատմություն։ Ապա, զգուշորեն իրար միացնելով բոլոր մատներս՝ ասում էր. «Միասնական աշխատանքից լավ բան չկա։ Մատը մատին երբ օգնում է, պրծում չկա՜»։
Ամուսնանալուց հետո ծնողներս տեղափոխվեցին Կլիվլենդ (Օհայո նահանգ)։ Այնտեղ նրանք մտերմացան Էդ և Մերի Հուպերների հետ։ Նրանց ընտանիքները Աստվածաշնչի ուսումնասիրողներ էին դեռևս դարասկզբին։ Ծնողներս և քեռի Էդն ու մորաքույր Մերին, ինչպես ես էի նրանց կոչում, իրարից անբաժան էին։ Հուպերները կորցրել էին իրենց միակ դստրիկին, ուստի երբ ես 1934–ին լույս աշխարհ եկա, դարձա նրանց սիրելի «աղջիկը»։ Հոգևորապես հարուստ միջավայրում դաստիարակություն ստանալով՝ ես նվիրվեցի Աստծուն ու մկրտվեցի, երբ ութ տարեկանս դեռ չէր լրացել։
Աստվածաշունչը սկսեցի կարդալ վաղ տարիներից։ Եսայիա 11։6–9-ում Աստծո նոր աշխարհի նկարագրությունն իմ սիրելի հատվածներից մեկն էր։ Առաջին անգամ Սուրբ Գիրքն ամբողջությամբ սկսեցի կարդալ 1944–ին, երբ Աստվածաշնչի «Ամերիկյան ստանդարտ թարգմանության» իմ անձնական օրինակը ստացա, որը հատուկ թողարկվել ու բաժանվել էր Բուֆալոյի համաժողովում (Նյու Յորք նահանգ)։ Ես շատ հուզված էի, քանի որ հնարավորություն ունեի կարդալու Աստվածաշնչի մի թարգմանություն, որտեղ Աստծո «Եհովա» անունը «Հին Կտակարանում» վերականգնված է և հանդիպում է մոտ 7 000 անգամ այն տեղերում, որտեղ որ պետք է լիներ։
Մեր հանգստյան օրերը ուրախ էին անցնում։ Ծնողներս ու Հուպերները գնում էին գյուղական վայրերում ծառայելու և ինձ էլ էին իրենց հետ վերցնում։ Մենք ճաշում էինք գետակի ափին։ Իսկ հետո գնում էինք որևէ մեկի ֆերման՝ նախապես բոլոր հարևաններին հրավիրելով աստվածաշնչյան թեմայով ելույթ լսելու։ Մենք պարզունակ կյանք էինք վարում։ Ուրախ էինք, որ ընտանիքներով բարեկամություն ենք անում։ Իսկ մեր ընտանիքի մտերիմներից շատերն ավելի ուշ դարձան շրջագայող վերակացուներ, որոնց թվում էին Էդ Հուպերը, Բոբ Ռեյները և նրա երկու որդիները։ Ռիչարդ Ռեյներն իր կնոջ՝ Լինդայի ուղեկցությամբ մինչև հիմա էլ ծառայում է որպես շրջագայող վերակացու։
Հատկապես ուրախ էին անցնում ամռան ամիսները։ Ես երկու զարմուհիներիս հետ միասին մնում էի Հաուելների ֆերմայում։ 1949–ին նրանցից մեկը՝ Գրեյսը, ամուսնացավ Մալկոլմ Ալլենի հետ։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ տարիներ անց ամուսնանալու եմ Գրեյսի ամուսնու եղբոր հետ։ Ինչ վերաբերում է կրտսեր զարմուհուս՝ Մարիոնին, նա միսիոներ էր Ուրուգվայում։ Մարիոնը ամուսնացավ Հովարդ Հիլբորնի հետ 1966–ին։ Երկու զարմուհիներս էլ իրենց ամուսինների հետ երկար ժամանակ ծառայել են Բրուքլինի գլխավոր վարչությունում։
Պապիկն ու իմ դպրոցն ավարտելը
Միջնակարգ դպրոցում սովորելուս տարիներին պապիկը հաճույքով նամակներ էր գրում ինձ։ Նա նամակների հետ հաճախ ընտանեկան հին լուսանկարներ էր ուղարկում և դրանց ետևում մանրամասն գրում մեր ընտանիքի պատմությունից։ Հենց այդ լուսանկարների մեջ էր նաև պապիկի ու մյուս անարդարացիորեն դատապարտվածների լուսանկարը։
1951–ի վերջերին պապիկի կոկորդում քաղցկեղ հայտնաբերեցին, ու ստիպված էին հեռացնել ձայնալարերը։ Սակայն նրա սուր միտքն անվնաս էր մնացել, և եթե մի բան էր ուզում ասել, գրում էր փոքրիկ բլոկնոտում, որն իր հետ ման էր ածում։ 1952–ի հունվարին տեղի էր ունենալու մեր դասարանի ավարտական երեկոն, և ես դիպլոմների հանձնման արարողության ժամանակ պիտի ելույթ ունենայի։ Դեկտեմբերի սկզբին պապիկին ուղարկեցի ելույթիս սևագրությունը։ Նա մի քանի նշումներ էր կատարել, իսկ վերջին էջում երեք բառ էր գրել. «Պապիկը հիացած է»։ Այս խոսքերը մինչև սրտիս խորքերը հասան։ Նա ավարտեց իր երկրային ընթացքը 81 տարեկանում՝ 1951–ի դեկտեմբերի 18–ին։a Ես մինչև հիմա պահում եմ այդ, արդեն խունացած, սևագրությունը։
Դպրոցն ավարտելուն պես ռահվիրայական ծառայություն սկսեցի, ինչպես Եհովայի վկաներն են անվանում այդ լիաժամ քարոզչական գործունեությունը։ 1958–ին ներկա եղա Նյու Յորքում տեղի ունեցած խոշոր համաժողովին. Յանկի և Պոլո Գրաունդզ մարզադաշտերում 123 երկրներից հավաքված պատվիրակների բարձրագույն թիվը կազմել էր 253 922 մարդ։ Այդ համաժողովին հանդիպեցի մի աֆրիկացի պատվիրակի, որի պլակետկայի վրա գրված էր՝ Վուդվորթ Միլս։ Մոտ երեսուն տարի առաջ նրան այդ անունն էին տվել պապիկիս պատվին։
Հպարտանում եմ իմ ժառանգությամբ
Երբ 14 տարեկան էի, մայրս կրկին ռահվիրայական ծառայություն սկսեց և մինչև 1988–ին իր մահանալը՝ 40 տարի շարունակ ծառայեց որպես ռահվիրա։ Իսկ հայրս ռահվիրայություն էր անում այն ժամանակ, երբ հնարավորություն էր ունենում։ Նա մայրիկից ինն ամիս շուտ մահացավ։ Նրանք, ում հետ մենք ուսումնասիրություններ էինք անցկացրել, մեր լավ ընկերները դարձան։ Նրանց որդիներից ոմանք ծառայում են Բրուքլինում, իսկ մյուսները՝ որպես ռահվիրա։
1959 թ.–ը ինձ համար առանձնահատուկ տարի դարձավ։ Այդ տարի ես ծանոթացա Փոլ Ալլենի հետ։ Նա շրջագայող վերակացու էր նշանակվել 1946–ին միսիոներներ պատրաստող «Գաղաադ» դպրոցի յոթերորդ դասարանն ավարտելուց հետո։ Ծանոթանալիս մեզանից ոչ ոք չգիտեր, որ Փոլի հաջորդ նշանակումը Կլիվլենդն է լինելու (Օհայո նահանգ), որտեղ ես էի ծառայում։ Հայրիկն ու մայրիկը սիրում էին նրան։ Մենք ամուսնացանք 1963–ի հուլիսին։ Հարսանիքը տեղի ունեցավ Հաուելների ֆերմայում, որտեղ ներկա էին մեր ընտանիքները, իսկ Էդ Հուպերը հանդես եկավ հարսանեկան ելույթով։ Ամեն ինչ շատ լավ էր։
Փոլը երբեք ավտոմեքենա չէր ունեցել։ Երբ նա նոր նշանակում էր ստացել, և մենք պետք է գնայինք Կլիվլենդից, մեր ողջ ունեցվածքը տեղավորվեց իմ 1961 թվականի արտադրության «Բզեզում»՝ փոքրիկ «Ֆոլկսվագենում»։ Հաճախ մեր ընկերները, որոնցից բաժանվում էինք երկուշաբթի օրերը (այդ օրը մենք մեկնում էինք այլ ժողով), գալիս էին տեսնելու, թե ինչպես ենք մենք մեր իրերով հանդերձ տեղավորվում մեքենայում։ Դա նման էր կրկեսային ներկայացման. ճամպրուկները, թղթապանակները, քարտարանը, գրամեքենան ու այլևայլ իրեր անհետանում էին այդ փոքրիկ մեքենայի մեջ։
Ես ու Փոլը միասին հազարավոր կիլոմետրեր ենք անցել՝ տեսնելով և՛ ուրախություններ, և՛ տխրություններ, ու ամեն ժամանակ զգացել ենք, թե ինչպես է Եհովան մեզ թիկունք կանգնում։ Այդ բոլոր տարիները երջանկության տարիներ են եղել. մեր կյանքը լի է եղել Եհովայի, միմյանց և հին ու նոր ընկերների հանդեպ ունեցած սիրով։ Այն երկու ամիսը, որ անցկացրինք Պատերսոնում, որտեղ Փոլը ուսուցում ստացավ, մեր կյանքի ամենավառ շրջանը եղավ։ Եհովայի երկրային կազմակերպությունը մոտիկից տեսնելը ամրապնդեց իմ վստահությունն այն բանում, որ սա իրոք Աստծո կազմակերպությունն է։ Այդ վստահությունն իմ անգնահատելի հոգևոր ժառանգության մի մասն է հանդիսանում։ Ի՜նչ երջանկություն է լինել Աստծո կազմակերպության մի մասնիկը։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Դիտարանի» 1952–ի փետրվարի 15–ի համարը, էջ՝ 128, (անգլ.)։
[նկար 25–րդ էջի վրա]
Էդ Հուպերի հետ՝ 1941–ին Սենտ Լուիսում անցկացված համաժողովից քիչ առաջ, որտեղ ստացա «Երեխաներ» գիրքը
[նկար 26–րդ էջի վրա]
Պապիկը՝ 1948–ին
Հաուելների ֆերմայում, ծնողներիս (շրջանակի մեջ) ամուսնության օրը
[նկար 27–րդ էջի վրա]
Ութ Աստվածաշունչ ուսումնասիրողները, որոնց 1918–ին անարդարացիորեն բանտարկեցին (պապիկը երկրորդ շարքում աջից առաջինն է)
[նկար 29–րդ էջի վրա]
Մեր ողջ ունեցվածքը տեղավորվեց «Ֆոլկսվագենում»
Ամուսնուս՝ Փոլի հետ