Դեպի խաղաղօվկիանոսյան կղզիներ՝ կառուցելո՛ւ
ԲՐԻՍԲԵՆԻ և Սիդնեյի (Ավստրալիա) միջազգային օդանավակայանների մեկնման սրահներում սովորականից աշխույժ եռուզեռ էր։ 46 մարդուց բաղկացած մի խումբ սպասում էր թռիչքի դեպի արևաշատ Սամոա։ Այնտեղ նրանց պետք է միանային ևս 39 հոգի Նոր Զելանդիայից, Հավայիից և Միացյալ Նահանգներից։ Նրանց ուղեբեռը չափից դուրս տարօրինակ էր. բաղկացած էր գլխավորապես գործիքներից՝ մուրճ, սղոց, շաղափիչ՝ իրեր, որ սովորաբար խաղաղօվկիանոսյան գեղատեսիլ կղզիներ ճանապարհորդելիս չեն վերցնում։ Երևում էր, որ այս մարդիկ մի ոչ սովորական առաքելությամբ էին մեկնում Սամոա։
Նրանք կամավորներ էին, որոնք, սեփական ծախսերով թռչելով, երկու շաբաթ անվարձահատույց մասնակցեցին մի շինարարական ծրագրի իրականացմանը՝ Եհովայի վկաների Ավստրալիայի մասնաճյուղի Տարածաշրջանային ինժեներական բաժնի հսկողության ներքո։ Այս ծրագիրը, որը հովանավորվում էր կամավոր նվիրատվություններով, իր մեջ ընդգրկում է Թագավորության ու Համաժողովների սրահներ, միսիոներական տներ և մասնաճյուղերի կոմպլեքսներ կամ թարգմանչական գրասենյակներ կառուցելը։ Դա անհրաժեշտ է, քանի որ խաղաղօվկիանոսյան կղզիներում Եհովայի վկաների ժողովները գնալով ավելանում են։ Եկեք ծանոթանանք աշխատողներից մի քանիսի հետ, ովքեր իրենց երկրներում ընդգրկվել էին Թագավորության սրահների շինարարության բրիգադներում։
Մաքսը տանիքագործ է, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Կաուրա քաղաքից։ Ամուսնացած է, ունի հինգ երեխա։ Առնոլդը Հավայիից է, ունի կին ու երկու որդի։ Նա ռահվիրա է, այսինքն՝ լիաժամ ծառայող։ Ե՛վ Մաքսը, և՛ Առնոլդը երեցներ են իրենց ժողովներում։ Ակնհայտ է, որ այս տղամարդիկ, ինչպես և ծրագրի մեջ ընդգրկված շատ–շատերը, ազատ ժամանակ ունենալու պատճառով չէ, որ կամավոր եկել են աշխատելու։ Դեռ ավելին, նրանք և իրենց ընտանիքները, տեսնելով, որ իրենց եղբայրները կարիք ունեն, ցանկանում են ամեն ինչ անել նրանց օգնելու համար։
Բազմազգ խումբը կարևոր գործ է կատարում
Վայրերից մեկը, որտեղ կամավորների կարիք էր զգացվում, Տուվալուն է՝ հեռավոր ինը կորալյան կղզիներից բաղկացած կղզեխումբ, որը գտնվում է Սամոայից հյուսիս–արևմուտք՝ հասարակածին մոտ։ Այնտեղ ապրում է մոտ 10 500 մարդ։ Կղզիների (ատոլներ) միջին մակերեսը 2,5 կմ2 է։ 1994–ին տեղաբնակ 61 Վկաների համար նոր Թագավորության սրահի և ավելի ընդարձակ թարգմանչական գրասենյակի խիստ կարիք զգացվեց։
Խաղաղ օվկիանոսի այս արևադարձային գոտում շինությունները պետք է այնպես նախագծել ու կառուցել, որ վերջիններս կարողանան դիմանալ հաճախադեպ կատաղի փոթորիկներին ու ցիկլոններին։ Սակայն կղզիներում որակյալ շինանյութեր քիչ կան։ Ի՞նչ անել։ Ամեն ինչ՝ սկսած տանիքի հերձանից ու ձողակառույցներից մինչև կահույքն ու վարագույրները, ունիտազներն ու ցնցուղները, նույնիսկ պտուտակներն ու մեխերը բեռնանավերով բերվեցին Ավստրալիայից։
Նախքան շինանյութերի բերվելը, շինարարական մի փոքր խումբ նախապատրաստեց տեղամասն ու գցեց շենքի հիմքը։ Հետո եկան միջազգային շինարարները, որպեսզի կանգնեցնեն, ներկեն ու կահավորեն շենքերը։
Տուվալուում տեղի ունեցող այս շինարարությունը տեղի քահանայի ցասումն առաջ բերեց։ Նա ռադիոյով հայտարարեց, թե Վկաները «Բաբելոնի աշտարակն» են կառուցում։ Սակայն փաստերն ի՞նչ ցույց տվեցին։ «Ինչպես արձանագրված է Աստվածաշնչում,— նշում է կամավոր շինարար Գրեյմին,— Բաբելոնի աշտարակի շինարարները, տեսնելով որ այլևս իրար չեն հասկանում (քանի որ Աստված խառնել էր իրենց լեզուները), ստիպված հրաժարվեցին իրենց ծրագրերից, և աշտարակաշինությունը կիսատ մնաց (Ծննդոց 11։1–9)։— Դա ճիշտ հակառակն է այն բանի, որ մենք աշխատում ենք Եհովա Աստծո համար։ Չնայած մեր լեզուներն ու մշակույթները տարբեր են, նախագծերը միշտ իրականացվում են»։ Նույնը վերաբերում է նաև այս նախագծին, որը կյանքի կոչվեց ընդամենը երկու շաբաթում։ Փաստն այն է, որ 163 մարդ, այդ թվում վարչապետի կինը, ներկա եղան նվիրման արարողությանը։
Դագը, շինարարության աշխղեկը, անդրադառնալով կատարված աշխատանքին, ասում է. «Հաճելի է տարբեր երկրներից ժամանած կամավորների հետ մեկտեղ աշխատելը։ Ճիշտ է, ամեն մեկս տարբեր կերպ ենք սովորել գործը կատարել, տարբեր են մեր գործածած տերմինները, չափման համակարգերը, սակայն այդ ամենը չխանգարեց մեզ շինարարությունն իր ավարտին հասցնել։ Ես մասնակցել եմ մի շարք ծրագրերի իրականացմանը և եկել եմ այն եզրակացության, որ Եհովայի օգնությամբ նրա ժողովուրդը կարող է կառուցել աշխարհի ցանկացած վայրում, որքան էլ հեռու լինի և տեղն էլ՝ անհարմար։ Ճիշտ է, մեր մեջ շնորհալի անհատներ շատ կան, բայց Եհովայի ոգին է, որ գործին հաջող ընթացք է տալիս»։
Աստծո ոգին նաև մղում է կղզիների Վկա–ընտանիքներին սնունդ և գիշերելու տեղ տրամադրել աշխատողներին, ինչը ոմանց համար իսկական զոհողություն է։ Նման հյուրընկալությունը բարձր գնահատվեց շինարարների կողմից։ Քենը, որը Մելբուռնից է (Ավստրալիա), նույնանման ծրագրի մասնակցել էր Ֆրանսիական Պոլինեզիայում։ Նա ասում է. «Մենք եկանք որպես ծառաներ, բայց ընդունվեցինք որպես թագավորներ»։ Որտեղ հնարավոր է, շինարարությանը մասնակցում են նաև տեղացի Վկաները։ Սողոմոնի կղզիներում կանայք բետոնը ձեռքո՛վ էին խառնում։ 100 տղամարդ և կին բարձրացան լեռները, ուր սովորաբար շատ անձրևներ են տեղում, և ավելի քան 40 տոննա անտառանյութ բերեցին։ Երիտասարդները նույնպես բաժին ունեցան այդ գործում։ Նորզելանդացի մի շինարար հիշում է. «Մի կղզեբնակ երիտասարդ եղբայր միանգամից երկու–երեք պարկ ցեմենտ էր վերցնում և ամբողջ օրը արևի ու անձրևի տակ բահով ավազ էր նետում»։
Տեղացի եղբայրների մասնակցությունը շինարարությանը մեկ ուրիշ դրական արդյունք էլ ունեցավ։ «Դիտարան» ընկերության Սամոայի մասնաճյուղը տեղեկացնում է. «Կղզեբնակ եղբայրները աշխատանքային հմտություններ են ձեռք բերել, որոնք կարող են կիրառել Թագավորության սրահների շինարարության մեջ, ինչպես նաև հետցիկլոնային վերանորոգումներ ու կառուցումներ կատարելիս։ Դա նաև կարող է օգնել նրանց ապրուստի միջոցներ վաստակել այնտեղ, որտեղ շատերի համար դա այնքան էլ հեշտ չէ»։
Շինարարությունը հիանալի վկայություն է տալիս
Քոլինը եղավ Հոնիարայում և տեսավ Սողոմոնի կղզիներում կառուցվող Համաժողովների սրահը։ Տեսածից տպավորված՝ նա «Դիտարան» ընկերության տեղի մասնաճյուղին նամակ գրեց. «Բոլորը միասնաբար աշխատում են, մեկը մյուսի վրա չի գոռում։ Իրոք որ համերաշխ ընտանիք»։ Կարճ ժամանակ անց, վերադառնալով 40 կմ հեռավորության վրա գտնվող իր Արուլիգո գյուղը, ընտանիքի հետ միասին սկսեց իրենց Թագավորության սրահը կառուցել։ Հետո նրանք մեկ այլ նամակ գրեցին մասնաճյուղին. «Մեր Թագավորության սրահը, նույնիսկ ամբիոնը, պատրաստ է։ Կարելի՞ է այնտեղ հանդիպումներ անցկացնել»։ Արագորեն միջոցներ ձեռք առնվեցին, ու հիմա ավելի քան վաթսուն մարդ կանոնավորաբար հաճախում է ժողովի հանդիպումներին։
Տուվալուում ընթացող շինարարության ականատեսներից էր Եվրամիության մի խորհրդատու։ Դիմելով շինարարներից մեկին՝ նա ասաց. «Կարծում եմ՝ այն, ինչ որ ուզում եմ ասել, արդեն բազմիցս ասվել է. սա ինձ համար պարզապես հրաշք է»։ Իսկ հեռախոսային կոմուտատորի վրա աշխատող մի կին հարցրեց կամավոր շինարարներից մեկին. «Այդ ինչի՞ց է, որ բոլորդ ուրախ դեմք ունեք... Այս շոգը չի՞ ազդում ձեզ վրա»։ Նախկինում նրանք երբեք չէին տեսել, որ քրիստոնեություն դավանողներն աշխատելիս այդ աստիճանի գործունյա լինեն և անձնազոհություն դրսևորեն։
Զոհել առանց ափսոսալու
«Ով առատաձեռնօրէն է սերմանում, առատութեամբ էլ կը հնձի»,— ասում է Աստվածաշունչը (Բ Կորնթացիս 9։6)։ Շինարարները, նրանց ընտանիքներն ու ժողովները շարունակում են առատաձեռնորեն «սերմանել» խաղաղօվկիանոսյան հավատակիցներին օգնելու համար։ «Ինքնաթիռի տոմսի արժեքի ավելի քան մեկ երրորդ մասը մեր ժողովը վճարեց,— պատմում է Ռոսը, որը երեց է Քինքումբերում (քաղաք Սիդնեյի մոտակայքում),— իսկ աներձագս, որը նույնպես եկել էր այստեղ, օժանդակեց 500 դոլլարով»։ Մեկ ուրիշ կամավոր ճանապարհածախսի համար հողամաս վաճառեց, իսկ մյուսը իր ավտոմեքենան։ Քեվինին անհրաժեշտ էր 900 դոլլար, և նա որոշեց վաճառել իր երկու տարեկան 16 աղավնիները։ Ծանոթի միջոցով նա գնորդ գտավ, որը թռչունների դիմաց առաջարկեց ուղիղ 900 դոլլար։
Դանիին ու Շերիլին հարցրին. «Մի՞թե արժեր ինքնաթիռի տոմսի վրա, նաև հրաժարվելով հնարավոր աշխատավարձից, ընդհանուր հաշվով 6 000 դոլլար ծախսել»։ «Այո՛,— պատասխանեցին նրանք,— երկու անգամ ավելին արժեր, դեռ մի բան էլ ավել»։ Ալանը, որ Նոր Զելանդիայի Նելսոն քաղաքից է, ավելացրեց. «Տուվալու գնալու համար ծախսած գումարովս կարող էի գնալ Եվրոպա ու դեռ որոշ գումար էլ կմնար։ Բայց կօրհնվեի՞ արդյոք, այսքան շատ ընկերներ՝ աշխարհի տարբեր ծագերից, կունենայի՞, կամ ինձանից բացի մեկ ուրիշին էլ արած կլինեի՞ մի բարի գործ։ Ո՛չ։ Ինչ որ տվեցի մեր կղզեբնակ եղբայրներին, փոխարենը շատ ավելին ստացա»։
Ծրագրի հաջող իրականացմանը նպաստեց նաև ընտանիքների աջակցությունը։ Կանանցից ոմանք կարողանում էին իրենց ամուսիններին ընկերակցել և նույնիսկ օգնել նրանց շինհրապարակում. մինչդեռ մյուսները դպրոցական տարիքի երեխաներ ունեն, որոնց հարկավոր էր հոգ տանել, կամ էլ ընտանիքի ընթացիկ գործերով պետք է զբաղվեին։ «Քանի դեռ այնտեղ էի, երեխաներին ու տանը հետևելու կնոջս պատրաստակամությունը շատ ավելի մեծ զոհողություն էր, քան իմը»,— ասում է Քլեյը։ Իսկապես. բոլոր այն ամուսինները, որ չէին կարողացել կանանց իրենց հետ վերցնել, համակարծիք էին Քլեյի հետ։
Տուվալուում շինարարությունն ավարտելուց հետո շինարարները կառուցեցին Թագավորության և Համաժողովների սրահներ, միսիոներական տներ և թարգմանչական գրասենյակներ Ֆիջիում, Տոնգայում, Պապուա Նոր Գվինեայում, Նոր Կալեդոնիայում և այլ վայրերում։ Շատ նախագծեր՝ ներառյալ նաև հարավարևելյան Ասիային վերաբերող, դեռևս չեն իրականացվել։ Կգտնվե՞ն արդյոք բավականաչափ աշխատողներ։
Ակնհայտ է, որ այս առնչությամբ խնդիրներ չեն ծագի։ «Միջազգային շինարարական այս ծրագրերի բոլոր մասնակիցները խնդրեցին իրենց հիշել հաջորդ ծրագրի ժամանակ,— գրում են Հավայիի մասնաճյուղից։— Տուն հասնելուն պես նրանք սկսում են խնայողություններ հավաքել դրա համար»։ Ինչպե՞ս կարող է շինարարական ծրագիրը ձախողվել, երբ Եհովան առատորեն օրհնում է այսպիսի անձնվիրությունը։
[նկարներ 9–րդ էջի վրա]
Շինանյութերը բեռնաթափվում են։
Աշխատանքային բրիգադը շինհրապարակում։
[նկարներ 10–րդ էջի վրա]
Շինարարությունն ավարտվեց։ Մեզ բերկրանք պատճառեց այն ամենը, ինչ որ արել էր Աստծո ոգին։