Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 7/15 էջ 21–23
  • Երբևէ ենթարկվե՞լ եք ցինիկների ազդեցությանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբևէ ենթարկվե՞լ եք ցինիկների ազդեցությանը
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հին ցինիկները. նրանց ծագումն ու համոզմունքները
  • Ազդում է նրանց ապրելակերպի վրա
  • Ժամանակակից ցինիկներ. հարկ կա՞ ընդօրինակել նրանց
  • Ինչպես պայքարել ցինիզմի դեմ
  • Փոփոխական արժեքներ
    2007 Դիտարան
  • Գիտեի՞ք արդյոք
    2012 Դիտարան
  • Հոգու անմահության գաղափարի ակունքները
    Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
  • Պարտավո՞ր ես հավատալ
    2000 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 7/15 էջ 21–23

Երբևէ ենթարկվե՞լ եք ցինիկների ազդեցությանը

«ՑԻՆԻԿԸ մարդու մեջ երբեք լավը չի տեսնում և վատը երևան հանելուց էլ չի ձախողվում։ Նա մարդակերպ բու է, խավարում՝ արթուն, լույսի հանդեպ՝ կույր, որը լեշը գերադասում է ազնվացեղ որսամսից»։ Սա 19–րդ դարի ամերիկացի հոգևորական Հենրի Ուորդ Բիչերի մեկնաբանությունն է։ Հնարավոր է շատերը մտածեն, թե սա դիպուկ կերպով նկարագրում է ժամանակակից ցինիկին (արտասանվում է նաև կինիկ)։ Սակայն «ցինիկ» բառը, որը ծագել է հին Հունաստանում, չէր սահմանափակվում միայն վերոհիշյալ իմաստով։ Դարեր շարունակ նրանով է կոչվել փիլիսոփայական դպրոցներից մեկը։

Ինչպե՞ս է զարգացել կինիկյան փիլիսոփայությունը։ Ի՞նչ էր այն սովորեցնում։ Ցանկալի՞ է, որ քրիստոնյան ունենա ցինիկին բնորոշող հատկություններ։

Հին ցինիկները. նրանց ծագումն ու համոզմունքները

Հին Հունաստանը բանավեճերի օջախ է եղել։ Վաղ ժամանակներից մինչև մեր թվարկությունը այնտեղ իրենց փիլիսոփայական ուսմունքներն են առաջ քաշել և հանրաճանաչ դարձել այնպիսի մարդիկ, ինչպիսիք են՝ Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը։ Նրանց ուսմունքները խոր ազդեցություն են թողել մարդկանց վրա, և մինչև օրս էլ նման գաղափարներ հայտնաբերվում են արևմտյան մշակույթում։

Սոկրատեսի (մ.թ.ա. 470–399) համոզմունքներից մեկն այն էր, որ հարատև երջանկությունը նյութական իրեր ունենալու մեջ չէ, և ոչ էլ՝ զգայական հաճույքների։ Նա պնդում էր, որ երջանկության հասնելու համար հարկավոր է կյանքը նվիրել առաքինության որոնումներին։ Սոկրատեսը գտնում էր, որ առաքինությունն այն բարիքն է, որին ամբողջ ուժով պետք է ձգտել։ Այդ նպատակին հասնելու համար նա մերժեց բարեկեցիկ կյանքն ու ոչ անհրաժեշտ ձգտումները, որպեսզի դրանք չշեղեին իրեն։ Նա չափավորության և ինքնուրացության կողմնակից էր, ուստիև՝ հասարակ, համեստ կյանք էր վարում։

Սոկրատեսը մշակեց ուսուցման նոր եղանակ, որը հայտնի էր սոկրատյան մեթոդ անունով։ Մինչ մտածողների մեծ մասը գաղափարներ էին առաջ քաշում ու հիմնավորում, Սոկրատեսը հակառակն էր անում. նա լսում էր այդ փիլիսոփաներին և ջանում բացահայտել նրանց գաղափարների թերությունները։ Նման մոտեցումը ուրիշների նկատմամբ քննադատական և արհամարհական վերաբերմունք առաջ բերեց։

Սոկրատեսի հետևորդների մեջ Անտիսթենես անունով (մոտավորապես մ.թ.ա. 445–365) մի փիլիսոփա կար։ Նա և մի քանի ուրիշ փիլիսոփաներ որդեգրեցին Սոկրատեսի հիմնական ուսմունքները և առաջ տարան դրանք՝ հետագայում ասելով, որ առաքինությունը միակ բարիքն է։ Ըստ նրանց՝ հաճույքներ հետապնդելը ոչ միայն խանգարում է առաքինության ձգտելուն, այլ նաև՝ չարիք է։ Դառնալով չափազանց ինքնամփոփ՝ այդ փիլիսոփաները խիստ արհամարհանքով էին վերաբերվում մարդկանց։ Նրանք հայտնի դարձան որպես ցինիկներ։ Հավանական է, որ «կինիկ» անվանումը ծագած լինի հունարեն կի–նի–կոս բառից՝ բնութագրելու համար նրանց մռայլ ու ինքնահավան վարքագիծը։ Այն նշանակում է «շնական»։a

Ազդում է նրանց ապրելակերպի վրա

Թեև կինիկյան փիլիսոփայության որոշ հայացքներ, ինչպես օրինակ՝ նյութապաշտության և ցանկասիրության մերժումը կարող էր գովելի համարվել, սակայն ցինիկներն իրենց գաղափարները ծայրահեղության հասցրեցին։ Սա ակնհայտ է մեծ ճանաչում գտած ցինիկի՝ փիլիսոփա Դիոգենեսի կյանքից։

Դիոգենեսը ծնվել է մ.թ.ա. 412–ին Սև ծովի ափին գտնվող Սինոպ քաղաքում։ Իր հոր հետ նա տեղափոխվեց Աթենք, որտեղ էլ ծանոթացավ կինիկյան փիլիսոփայությանը։ Իսկ Անտիսթենեսի մոտ դասեր առնելուց հետո՝ տարվեց այդ փիլիսոփայությամբ։ Եթե Սոկրատեսին բնորոշ էր հասարակ կյանքով ապրելը, իսկ Անտիսթենեսին՝ ամեն տեսակ զգացական հաճույքներից հրաժարվելը, ապա Դիոգենեսն ընդհանրապե՛ս ճգնավոր դարձավ։ Հարմարավետ կյանքի հանդեպ իր ունեցած անտարբերությունն ընդգծելու նպատակով, համաձայն ավանդության, նա կարճ ժամանակով ապրեց տակառում։

Ասում են՝ լավագույնի որոնման ջանքերով տարված՝ Դիոգենեսը օրը ցերեկով ձեռքն էր վերցնում վառվող լապտերն ու շրջում Աթենքի փողոցներում՝ առաքինի մարդ փնտրելով։ Այսպիսի վարմունքը ուշադրություն էր գրավում, և դրա միջոցով Դիոգենեսն ու մյուս ցինիկները տարածում էին իրենց գաղափարները։ Մի անգամ Ալեքսանդր Մեծը նրան հարցրել է, թե ամենից շատ ի՛նչ կուզեր։ Դիոգենեսը Ալեքսանդրին պատասխանել է, որ նա մի կողմ քաշվի, որպեսզի արևի լույսը չծածկի։

Դիոգենեսն ու մյուս ցինիկները մուրացկանի նման էին ապրում։ Նրանք մարդկային նորմալ փոխհարաբերությունների համար ժամանակ չունեին և հրաժարվում էին քաղաքացիական պարտականություններից։ Բացառված չէ, որ սոկրատյան մեթոդից ազդված լինելով՝ նրանք անքաղաքավարի էին դարձել մարդկանց հանդեպ։ Դիոգենեսը հայտնի էր իր «կծող» ծաղրանքով։ Ցինիկները «շնական» կոչվելու «պատվին» էին արժանացել, իսկ անձամբ ինքը՝ Դիոգենեսը, Շուն մականունն էր ձեռք բերել։ Նա մահացավ մ.թ.ա. 320–ին՝ մոտ 90 տարեկան հասակում։ Նրա գերեզմանի վրա շան կերպարանքով մի մարմարյա կոթող կանգնեցվեց։

Կինիկյան փիլիսոփայության որոշ հայացքներ փոխանցվեցին ուրիշ փիլիսոփայական դպրոցներին։ Սակայն, ժամանակի ընթացքում, Դիոգենեսի, իսկ ավելի ուշ՝ նրա համախոհների տարօրինակությունները կինիկյան դպրոցին վատ համբավ բերեցին։ Վերջ ի վերջո, այդ դպրոցը ընդհանրապես դադարեց գոյություն ունենալ։

Ժամանակակից ցինիկներ. հարկ կա՞ ընդօրինակել նրանց

«Օքսֆորդի անգլերեն բացատրական բառարանը» ժամանակակից ցինիկին նկարագրում է որպես «հայհոյելու կամ մանրախնդրության հակվածությամբ աչքի ընկնող մեկը.... որը կասկածի տակ է դնում մարդկանց գործողությունների ետևում անկեղծ և բարի շարժառիթների գոյությունը, և իր այդ անվստահությունը սովորաբար դրսևորում է խայթող ծաղրանքով ու հեգնանքով. ծաղրասեր մանրախնդիր»։ Ցինիկի բնորոշմանը համապատասխանող գծերը մեր շրջապատող աշխարհում շատ մեծ տարածում են գտել, սակայն, ինչ խոսք, դրանք վայել չեն քրիստոնյային։ Նկատի առնենք աստվածաշնչյան մի շարք ուսմունքներ և սկզբունքներ։

«Բարեգութ եւ ողորմած է Տէրը. երկայնամիտ եւ բազմագութ։ Նա իսպառ չի բարկանալ, եւ ոխ չի պահիլ յաւիտեան» (Սաղմոս 103։8, 9)։ Քրիստոնյաներից պահանջվում է «Աստծուն նմանվել» (Եփեսացիս 5։1)։ Այն, որ Ամենակալ Աստված նախընտրում է լինել բարեգութ ու ողորմած և հակված չէ «հայհոյել ու մանրախնդրություն» հանդես բերել, անկասկած, նշանակում է, որ քրիստոնյաները պետք է ձգտեն նույնն անել։

Հիսուս Քրիստոսը, որ Եհովայի էության բուն պատկերն է, ‘մեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնանք’ (Ա Պետրոս 2։21; Եբրայեցիս 1։3)։ Ժամանակ առ ժամանակ նա մերկացնում էր կրոնական կեղծիքը և վկայում աշխարհի չար գործերի մասին (Յովհաննէս 7։7)։ Սակայն նա նաև գովում էր անկեղծ սիրտ ունեցող մարդկանց։ Օրինակ՝ Նաթանայելի վերաբերյալ նա այսպես արտահայտվեց. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ» (Յովհաննէս 1։47)։ Երբ Հիսուսը հրաշքով բժշկում էր մարդկանց, ուշադրության էր արժանացնում նրանց ունեցած հավատը (Մատթէոս 9։22)։ Իսկ երբ մի կին թանկարժեք նվեր բերեց Հիսուսին՝ որպես նրա նկատմամբ գնահատանքի արտահայտություն, ոմանք մտածեցին, թե նա անտեղի շռայլություն իրեն թույլ տվեց։ Սակայն Հիսուսը ոչ թե ցինիկաբար վերաբերվեց նրա շարժառիթներին, այլ ասաց. «Ամբողջ աշխարհում, ուր էլ այս Աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց» (Մատթէոս 26։6–13)։ Հիսուսը, որ վստահելի ընկեր էր և իր հետևորդների համար՝ սիրալիր ուղեկից, «իսպառ սիրեց նրանց» (Յովհաննէս 13։1)։

Քանի որ Հիսուսը կատարյալ էր, նա հեշտությամբ կարող էր անկատար մարդկանց սխալները նկատել։ Սակայն, կասկածամիտ ու բծախնդիր լինելու փոխարեն, նա ձգտում էր հոգեկան հանգստություն տալ մարդկանց (Մատթէոս 11։29, 30)։

«[Սերը] ամէն բանի հաւատում է» (Ա Կորնթացիս 13։7)։ Այս խոսքերը ուղղակիորեն հակասում են ցինիկի բնավորությանը, որը կասկածի տակ է դնում ուրիշների մղումներն ու վարմունքը։ Ճիշտ է, մեր շուրջը կան բազմաթիվ մարդիկ, ովքեր գաղտնի շարժառիթներ կարող են ունենալ, ուստի զգուշությունը անհրաժեշտ է (Առակաց 14։15)։ Բայցևայնպես, սերը պատրա՛ստ է հավատալու, քանի որ այն վստահում է և անհիմն չի կասկածում։

Աստված սիրում և վստահում է իր ծառաներին՝ գիտենալով նրանց թերությունները շատ ավելի լավ, քան անձամբ իրենք։ Չնայած դրան՝ նա երբեք կասկածամտությամբ չի վերաբերվում նրանց և իրենց կարողություններից վեր ոչինչ չի ակնկալում (Սաղմոս 103։13, 14)։ Դեռ ավելին, Աստված մարդկանց մեջ լավն է փնտրում, և, չնայած անկատար, բայց իրեն հավատարիմ գտնվող անձանց հանդեպ վստահություն է դրսևորում՝ տալով նրանց իշխանություն և առանձնաշնորհումներ (Գ Թագաւորաց 14։13; Սաղմոս 82։6)։

«Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ» (Երեմիա 17։10)։ Եհովան կարող է ճշգրտորեն կարդալ մարդու սիրտը։ Բայց մենք չենք կարող։ Հետևաբար, ուրիշներին որոշակի շարժառիթներ վերագրելուց հարկավոր է զգուշանալ։

Եթե թույլ տանք, որ ցինիկությունը մեզանում արմատավորվի և, ի վերջո, իշխի մեր մտածողության վրա, հնարավոր է մեր և մեր հավատակիցների միջև պատնեշ գոյանա։ Սա կարող է քրիստոնեական ժողովի խաղաղությունը խախտել։ Ուստի, եկեք հետևենք Հիսուսի օրինակին, որը ոչ միայն իրատեսություն, այլև դրական վերաբերմունք էր ցուցաբերում իր աշակերտների հանդեպ և նրանց արժանահավատ բարեկամը դարձավ (Յովհաննէս 15։11–15)։

«Ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք եւ դուք նրանց» (Ղուկաս 6։31)։ Հիսուս Քրիստոսի տված այս խորհուրդը տարբեր կիրառումներ կարող է ունենալ։ Օրինակ՝ բոլորիս էլ ցանկալի է, որ մեզ հետ խոսելիս զրուցակիցը լինի սիրալիր և հարգալից։ Ուստի, կասկած չկա, որ մեզանից էլ է նույնը ակնկալվում։ Նույնիսկ երբ Հիսուսը բացահայտում էր կրոնական առաջնորդների կեղծ ուսմունքները, երբեք դա չէր անում ցինիկաբար (Մատթէոս 23։13–36)։

Ինչպես պայքարել ցինիզմի դեմ

Հուսահատության պահին հեշտությամբ կարելի է ընկնել ցինիզմի ազդեցության տակ։ Սակայն կարող ենք պայքարել այս հակվածության դեմ՝ գիտակցելով, որ Եհովան վստահում է իր անկատար ժողովրդին։ Սա կօգնի մեզ ընդունելու Աստծո երկրպագուներին այնպիսին, ինչպիսին որ կան՝ անկատար մարդիկ, որոնք ձգտում են ճիշտ վարվել։

Ցավառիթ դեպքերը հնարավոր է ոմանց մեջ մարդկանց նկատմամբ անվստահության զգացում առաջ բերեն։ Անշուշտ խելամիտ չի լինի հույսը լիովին անկատար մարդկանց վրա դնել (Սաղմոս 146։3, 4)։ Սակայն, քրիստոնեական ժողովում շատերն են անկեղծորեն ուզում քաջալերանքի աղբյուր լինել։ Հապա մտածիր այն հազարավորների մասին, ովքեր մայրեր, հայրեր, քույրեր, եղբայրներ և որդիներ են դարձել նրանց համար, ովքեր կորցրել են իրենց ընտանիքի անդամներին (Մարկոս 10։30)։ Խորհիր, թե քանի՜–քանի՜սն են նեղությունների ժամանակ ապացուցել իրենց ճշմարիտ բարեկամ լինելըb (Առակաց 18։24)։

Ինչպես նշեց Հիսուսը, իր հետևորդները եղբայրական սիրո դրսևորումով էր, որ պետք է ճանաչվեին, և ոչ թե ցինիզմի։ Նա ասաց. «Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 13։35)։ Ուստի, եկե՛ք իրար նկատմամբ սեր դրսևորենք, և մեր ուշադրությունը կենտրոնացնենք հավատակիցների լավ հատկությունների վրա։ Այսպես վարվելով՝ կխուսափենք ցինիկին բնորոշող հատկություններ ձեռք բերելուց։

[ծանոթագրություններ]

a Հնարավոր է նաև, որ կինիկ անունը առաջ եկած լինի կի–նոսա՛ր–գես բառից՝ Աթենքում գտնվող գիմնազիայի անվանումից, որտեղ ուսուցանել է Անտիսթենեսը։

b Տե՛ս «Դիտարանի» 1999 թ. մայիսի 15–ի «Քրիստոնեական ժողովը օժանդակության աղբյուր» հոդվածը (ռուս.)։

[նկար 21–րդ էջի վրա]

Ցինիզմի հանրաճանաչ ներկայացուցիչ Դիոգենեսը։

[թույլտվությամբ]

«Great Men and Famous Women» գրքից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը