Հնարավո՞ր է արդյոք գտնել հոգեկան անդորր
Ամերիկացի գրող Հենրի Թորոն դեռևս 1854 թ.–ին այսպես արտահայտվեց. «Մարդկային զանգվածներն ապրում են լռելյայն հուսահատության մեջ»։
Ամենայն հավանականությամբ, նրա ժամանակակիցների մոտ բացակայում էր հոգու անդորրը։ Իհարկե, այս խոսքը 150 տարվա հնություն ունի, բայց ի՞նչ կարելի է ասել մե՛ր օրերի վերաբերյալ. արդյոք Թորոյի խոսքերն այժմեական հնչերանգ ունե՞ն։ Անձամբ դուք ձեր կյանքում ունե՞ք այդ անդորրը, թե՞ ավելի շատ անապահովության, ապագայի հանդեպ անվստահության և, ինչպես արտահայտվել է Թորոն, «լռելյայն հուսահատության» զգացում եք ապրում։
ՑԱՎՈՔ, կյանքում կան շատ բաներ, որոնք մարդուն զրկում են հանգստությունից՝ հոգեկան անդորրից։ Փորձենք նշել դրանցից ընդամենը մի քանիսը։ Շատ երկրներում գործազրկությունն ու ցածր աշխատավարձը մարդկանց կանգնեցնում են չքավորության ու տնտեսական փլուզման եզրին։ Ուրիշ տեղերում շատերն իրենց եռանդը վատնում են՝ տարվելով հարստության ու նյութական կարողության տիրանալու մոլուցքով։ Մինչդեռ մրցակցության վրա հիմնված ապրելակերպը ավելի հաճախ իր հետ բերում է ոչ թե երկար սպասված ներքին բավարարվածություն, այլ՝ հիասթափություն։ Հիվանդությունը, պատերազմը, հանցագործությունը, անարդարությունը և կեղեքումը նույնպես խլում են մարդկանց հոգեկան անդորրը։
Նրանք հոգեկան անդորր էին փնտրում
Շատերը ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել ներկայիս դառը իրավիճակի հետ։ Անտոնիուa անունով մի տղամարդ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի խոշոր գործարաններից մեկում արհմիության ղեկավար էր։ Անտոնիուն պայքարում էր կենսապայմանների բարելավման համար՝ մասնակցելով բողոքներին ու ցույցերին, սակայն արդյունքում, միևնույն է, ոչ մի կերպ նրան չէր հաջողվում ներքուստ թեթևացում զգալ։
Երբեմն մարդիկ ենթադրում են, որ գոնե ամուսնությունը ինչ–որ չափով հանգստություն կբերի իրենց կյանքում, սակայն պատահում է, որ այն իր հետ ընդամենը հիասթափություն է բերում։ Մարկոսը հաջողակ բիզնեսմեն էր. սկսել էր քաղաքականությամբ զբաղվել ու դարձել մի արդյունաբերական քաղաքի քաղաքագլուխ։ Սակայն ընտանեկան կյանքում հաջողություն չուներ։ Երբ երեխաներն առանձնացան իրենցից, ինքն ու կինը ամուսնալուծվեցին իրենց անհաշտ բնավորությունների պատճառով։
Բրազիլիայի Սալվադոր քաղաքի փողոցներում մեծացած Գերզոն անունով մի անապաստան տղա շարունակ արկածախնդիր կյանք էր վարում՝ բեռնատար մեքենաների վարորդների հետ քաղաքից քաղաք տեղափոխվելով։ Գերզոնը շուտով սկսեց թմրադեղեր օգտագործել, ու, քանի որ դրա համար դրամ էր հարկավոր, սկսեց նաև գողությամբ զբաղվել։ Արդյունքը եղավ այն, որ մի քանի անգամ ոստիկանության կողմից ձերբակալվեց։ Չնայած իր ագրեսիվ ու անզուսպ բնավորությանը, Գերզոնը նույնպես ներքին խաղաղության փափագ ուներ։ Բայց նրան երբևէ կհաջողվե՞ր գտնել այն...
Վենիան դեռ փոքր էր, երբ մայրը մահացավ։ Մոր մահից հետո աղջիկը ստիպված էր տան ողջ հոգսը, ներառյալ նաև հիվանդ քրոջ խնամքը իր ուսերի վրա կրել։ Վենիան եկեղեցի էր հաճախում, բայց նրան շարունակ թվում էր, որ Աստված բոլորովին չի հոգում իր մասին։ Ինչ խոսք, այդ ամենը նա ծանր էր տանում։
Իսկ ահա թե ինչ է տեղի ունեցել Մարսելույի հետ։ Նրան հետաքրքրում էին միայն կյանքի զվարճալիքները։ Սիրում էր մշտապես կերուխումների մեջ լինել իր հասակակիցների հետ՝ պարել, խմել ու թմրադեղերին տրվել։ Այնպես պատահեց, որ ծեծկռտոցի մեջ Մարսելուն ծանր վնասվածք հասցրեց մի տղայի։ Բայց հետո, անչափ զղջալով իր արածի համար, խնդրում էր, որ Աստված օգնի իրեն։ Նա նույնպես հոգեկան անդորր էր փնտրում։
Բերված օրինակները ցույց են տալիս, թե ինչը կարող է մարդուն զրկել հոգեկան անդորրից։ Կարո՞ղ էին արդյոք վերոհիշյալ անհատները՝ արհմիության առաջնորդը, քաղաքագետը, անտուն տղան, գերծանրաբեռնված երեխան ու զվարճություններին գերի դարձած երիտասարդը, գտնել իրենց փափագած հոգեկան անդորրը։ Եվ արդյո՞ք նրանց հետ պատահածը մեզ ինչ–որ բան չի հուշում։ Այս երկու հարցերին էլ կարելի է պատասխանել մի բառով՝ այո՛. իսկ թե ինչպես, դա կտեսնենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[նկար 3–րդ էջի վրա]
Ունե՞ք արդյոք հոգեկան անդորրի կարիք։