Փրկությունը՝ Ռոբինզոն Կրուզո կղզու վրա
ՌՈԲԻՆԶՈՆ ԿՐՈՒԶՈՆ Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի ափով մեկ 640 կիլոմետր երկարությամբ ձգվող Խուան Ֆեռնանդեսի արշիպելագի մեջ մտնող երեք կղզիներից մեկն է։a 93 քառակուսի կիլոմետր մակերեսով այս կղզին իր անունը ստացել է 18–րդ դարի անգլիացի գրող Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» հանրահայտ վեպի հիման վրա։ Վեպում՝ ոչ բոլոր մանրամասնություններով, վերապատմվում էին շոտլանդացի ծովագնաց Ալեքսանդր Սելքըրքի արկածները. Ալեքսանդրը չորս տարի այդ կղզու վրա մնացել էր բոլորովին մենակ։
Ահա մի հատված կղզում հայտնաբերված փայտե տախտակի վրա գրված խոսքերից. «Այստեղ, ավելի քան չորս տարի շարունակ շոտլանդացի նավաստի Ալեքսանդր Սելքըրքը ամեն օր նայել է հորիզոնին՝ որևէ նավ նշմարելու հույսով, որը կլիներ մենակյաց կյանքից իրեն փրկելու միակ միջոցը»։ Սելքըրքին, ի վերջո, գտել են ու վերադարձրել հայրենի երկիր, բայց, ավա՜ղ, իր փոքրիկ դրախտից հետո հայրենիքն այլևս չէր կարողացել բավարարել իրեն։ Ասում են, թե նա հառաչել է. «Օ՜ իմ սիրելի կղզի... Որքա՜ն կուզեի լքած չլինել քեզ»։
Ժամանակի ընթացքում կղզին վերածվել է պատժիչ գաղութի, որտեղ աքսորել են «Կաթոլիկ եկեղեցու դեմ մեղանչածներին»։ Այն արդեն շատ հեռու էր Սելքըրքի «հայտնաբերած» դրախտային վայրը կոչվելուց։ Սակայն մեր օրերում կղզու բնակիչները վայելում են իրենց անբասիր միջավայրի անդորրը, մի բան, որից այնքան հեռու են աշխարհի շատ մասերում ապրող մարդիկ։ Կղզիաբնակների մշակույթին հատուկ կյանքի հանդարտ ռիթմը թույլ է տալիս խոսակցություն սկսել գրեթե ամեն բնակչի հետ։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռոբինզոն Կրուզոյի բնակչությունը կազմում է 500 մարդ, սակայն տարվա ընթացքում միայն մոտ 400–ն են լինում կղզում։ Պատճառը մասամբ այն է, որ շատ մայրեր ուսումնական տարվա ընթացքում իրենց երեխաների հետ միասին ապրում են մայրցամաքում՝ Չիլիում և վերադառնում են միայն արձակուրդների ընթացքում՝ իրենց ընտանիքի հետ միասին ժամանակ անցկացնելու։
Որքան էլ որ Ռոբինզոն Կրուզոյի բնակիչներին շրջապատում են համատարած կանաչապատ պարտեզները, այնուամենայնիվ, նրանք հոգևոր դատարկություն են զգում և իրենց շատ հարցերի պատասխանների փնտրտուքների մեջ են։ Ոմանք էլ զգում են, որ կարծես թե հոգևոր առումով փրկության կարիք ունեն։
Հոգևոր փրկություն
Հոգևոր առումով այդպիսի փրկարար աշխատանքները սկսեցին ձեռնարկվել 1979 թ.–ից։ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում Եհովայի վկաների հետ Աստվածաշունչն ուսումնասիրող մի կին տեղափոխվեց կղզի, որտեղ էլ սկսեց իր քարոզչական գործունեությունը։ Անցավ որոշ ժամանակ և պատահեց, որ մի երեց ինչ–որ գործով ժամանեց կղզի. նա անակնկալի եկավ՝ տեղեկանալով Աստվածաշունչ ուսումնասիրողների մի փոքր խմբի մասին, որի անդամները այդ կնոջ օգնությամբ հոգևոր քայլեր էին կատարում։ Երեք ամիս հետո, երբ երեցը կրկին այցելեց նրանց, Աստվածաշնչի այդ մեկուսացած ուսուցիչը և նրա երկու հետաքրքրվողներն արդեն պատրաստ էին մկրտության։ Ուստի երեցը նրանց հետ հարցազրույց անցկացրեց և երեքին էլ օգնեց մկրտվել։ Նրանցից մեկը հետագայում ամուսնացավ և ամուսնու հետ միասին շարունակեց իր գործը, այն է՝ փնտրել հոգևոր ազատագրման կարիք ունեցող անհատների։ Ամուսնու ղեկավարությամբ կղզում շուտով մի համեստ Թագավորության սրահ կառուցվեց, որը մինչև օրս էլ ծառայում է կղզիաբնակ քարոզիչների փոքր խմբին։ Այժմ այս զույգը, տնտեսական պայմաններից ելնելով, տեղափոխվել է Չիլիի կենտրոն, որտեղ և շարունակում է աշխուժորեն ծառայել Եհովային։
Կամաց–կամաց կղզու այս խումբն աճեց. նրանց միացան նաև ուրիշները՝ իրենք էլ իրենց հերթին ազատվելով կեղծ կրոնից։ Սակայն, քանի որ մարդիկ իրենց կրթությունը շարունակելու համար ստիպված էին տեղափոխվել մայրցամաք, խմբում մնացել են միայն երկու մկրտված քույր և մեկ աղջիկ։ Արձակուրդների ընթացքում կղզի վերադարձող որոշ մայրերի հաշվին խումբն աճում է։ Դա չտեսնված թարմացուցիչ ազդեցություն է գործում երեք քրիստոնյաների վրա, որոնք ամբողջ տարվա ընթացքում մենակ են մնում։ Այս քույրերի կատարած ժրաջան աշխատանքի շնորհիվ Եհովայի վկաները քաջ հայտնի են Ռոբինզոն Կրուզոյում։ Ճիշտ է, կղզիաբնակներից ոմանց դուր չի եկել նրանց գործունեությունը և փորձել են մարդկանց տրամադրել Թագավորության ավետիսը մերժելու։ Այնուամենայնիվ, անկեղծ մարդկանց սրտերում սերմանված Աստվածաշնչի ճշմարտությունը շարունակում է ծիլեր տալ։
Ամրապնդել փրկվածներին
Տարին մեկ անգամ շրջագայող վերակացուն այցելում է կղզի։ Հեշտ չէ մի քանի խոսքով նկարագրել այն տեսարանը, երբ այցելում են հեռավոր կղզում ապրող մի բուռ Վկաների։ Ահա թե ինչ է պատմում նա Ռոբինզո Կրուզո կատարած իր առաջին այցելության մասին։
«Դա պարզապես մի հեքիաթային ճանապարհորդություն էր,— հիշում է նա։— Մենք Վալպարաիսոյից դուրս եկանք առավոտյան ժամը յոթին և, հասնելով Սանտյագոյի «Սերիլոս» օդանավակայանը, նստեցինք յոթ տեղանոց մի փոքրիկ ինքնաթիռ։ Երկու ժամ քառասունհինգ րոպե տևողությամբ թռիչքից հետո մեծ հեռավորության վրա նկատեցինք ամպերի տակից վեր խոյացող մի լեռան գագաթ։ Որքան ավելի էինք մոտենում, այնքան ավելի պարզ ու տեսանելի էր դառնում կղզին՝ օվկիանոսից դուրս ցցված այդ ակնածանք ներշնչող ժայռը։ Այն ասես ծովում մոլորված նավ լիներ, որ լողում էր ջրերում։
Վայրէջք կատարելուց հետո նավակով լողացինք դեպի մոտակա գյուղը։ Ծովի ջրերի միջից այստեղ–այնտեղ ժայռանման բեկորներ էին դուրս ցցված, որոնք Խուան Ֆեռնանդեսի փոկերի համար հանգստի վայր էին ծառայում։ Այս փոկերը պաշտպանության տակ են առնված, քանի որ դրանց թիվը կտրուկ նվազել է... Հանկարծ ջրից ինչ–որ բան դուրս ցատկեց ու նավակի կողքով թռչելով կրկին անհետացավ ջրի մեջ։ Թռչող ձուկ էր, որի ծալքավորված լողաթևերը թռչունի թևեր էին հիշեցնում։ Հավանաբար, ցատկելով նա միջատներ էր որսում, և, իհարկե, երբեմն էլ «որսորդն» ինքն էր զոհ դառնում, երբ նրա ցատկը գրավում էր ուրիշ գիշատիչների ուշադրությունը, որոնք պատրաստ էին նրան կլանելու իր ջուրը մտնելու պահին։
Վերջապես հասանք Սան Խուան Բաուտիստա (սուրբ Հովհաննես Մկրտիչ) գյուղը։ Նավամատույցին բավականին մեծ թվով մարդիկ էին հավաքվել, որոնք կա՛մ իրենց այցելուներին էին սպասում, կա՛մ էլ հետաքրքրասիրությունից դրդված ուզում էին տեսնել, թե ովքեր են ժամանողները։ Մեր առջև հրաշալի մի համայնապատկեր էր բացվել. վեհապանծ Էլ Յունկի (Զնդան) լեռը, որ մուգ կանաչ թավիշով պատված՝ ջինջ կապույտ երկնքում իր սրածայր գագաթով համբուրվում էր ճեփ–ճերմակ ամպերի հետ, չէր կարող մեզ անտարբեր թողնել։
Նավամատույցի վրա շուտով նկատեցինք մեր քրիստոնյա քույրերին, որոնք իրենց երեխաների հետ միասին մեզ էին սպասում։ Քանի որ դպրոցական արձակուրդի օրերն էին, ուստի խումբը սովորականից ավելի մեծ էր։ Ջերմ ողջագուրանքներից հետո մեզ առաջնորդեցին մի հաճելի տնակ, որն էլ այնտեղ գտնվելու օրերին դարձավ մեր օթևանը։
Քանի որ դա սովորական շաբաթ չէր, մենք շուտով հասկացանք, որ այն շատ արագ էր անցնելու։ Հարկավոր էր ժամանակը ճիշտ օգտագործել։ Հենց այդ օրը այցելեցինք Աստվածաշունչ ուսումնասիրող մի կնոջ, որը պատրաստվում էր դառնալ մեր հոգևոր քույրը՝ Աստծո հոգևոր դրախտի մի մասնիկը։ Նա բարձր տրամադրության մեջ էր, բայց և, միևնույն ժամանակ, շատ հուզված։ Մոտենում էր երկար սպասված մկրտության օրը։ Միասին քննարկեցինք որոշ կարևոր տեղեկություններ, որպեսզի պարզ դառնար՝ կարելի՞ էր արդյոք նրան որակավորել որպես բարի լուրի քարոզիչ։ Հաջորդ օրն այդ կինը առաջին անգամ մասնակցեց քարոզչական ծառայությանը։ Մյուս օրը մկրտության հարցերը քննարկեցինք, և շաբաթվա վերջում նա մկրտվեց։
Շաբաթվա ընթացքում անցկացված հանդիպումներն աչքի էին ընկնում լավ հաճախումներով, և ներկաների ամենաբարձր թիվը հասավ տասնչորս հոգու։ Ամեն օր ծառայության էինք դուրս գալիս, վերայցելություններ կատարում, Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնում և հովվական այցելություններ անում։ Դա անչափ մեծ քաջալերանք էր տարին բոլոր ողջ գործն իրենց ուսերի վրա կրող քույրերի համար»։
Կղզու տղամարդիկ ավելի դժվարությամբ են արձագանքում ճշմարտությանը, և դա, թերևս, իրենց կատարած հոգնատանջ աշխատանքի հետևանքն է։ Նրանց հիմնական գործը ծովախեցգետին որսալն է, ինչը շատ ժամանակ է պահանջում։ Բացասական արձագանքի պատճառներից է նաև նախապաշարմունքը, որը իր որոշակի դերն է կատարում։ Չնայած այս ամենին, հույս կա, որ կղզու բնակիչներից շատերը՝ թե՛ տղամարդիկ, և թե՛ կանայք, ապագայում դեռ կարձագանքեն ճշմարտությանը։
Մինչև այժմ կղզում «փրկվելու հավակնորդները» տասն են, ովքեր արդեն ճանաչել են ճշմարտությունն ու ծանոթացել Եհովա Աստծո նպատակների հետ։ Նրանցից մի քանիսը տարբեր պատճառներով հեռացել են կղզուց։ Բայց ամեն դեպքում, նրանց հոգևոր փրկությունը շատ ավելի մեծ արժեք ունի, քան Ալեքսանդր Սելքըրքի փրկությունը. որտեղ էլ որ ապրելիս լինեն, նրանք, միևնույն է, այժմ հոգևոր դրախտի մեջ են գտնվում։ Կանաչապատ կղզում իրենց երեխաների հետ ապրող քույրերը ոչ միայն վայելում են շրջապատի գեղեցկությունը, այլև հույս ունեն ապրելու այն ժամանակներում, երբ ամբողջ երկիրը կվերածվի իսկական դրախտի՝ այս բառի ամենալայն իմաստով։
«Փրկարար աշխատանքները» շարունակվում են
Ռոբինզոն Կրուզո կղզում ապրող Եհովայի վկաների այս փոքր խմբի անդամները աշխարհագրական առումով շատ հեռու են գտնվում իրենց հոգևոր քույրերից ու եղբայրներից, բայց դրանից շոտլանդացի Սելքըրքի նման նրանք իրենց լքված չեն զգում։ «Դիտարան» ընկերության Չիլիի մասնաճյուղից այնտեղ ուղարկվող աստվածապետական գրականության, ինչպես նաև տարեկան երեք համաժողովների տեսաերիզների առատ հոսքի և շրջանային վերակացուի տարեկան այցելության շնորհիվ՝ նրանք սերտ կապ են պահպանում Եհովայի կազմակերպության հետ։ Եվ այսպես, համայն աշխարհում տարածված իրենց եղբայրության գործունյա մի մասնիկն էլ իրենք են (Ա Պետրոս 5։9)։
[ծանոթագրություն]
a Կղզու պաշտոնական անունն է՝ Մաս–ա–Տիերա։
[քարտեզներ/նկար 9–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՉԻԼԻ
Սանտյագո
ՌՈԲԻՆԶՈՆ ԿՐՈՒԶՈ ԿՂԶԻՆ
[նկար 9–րդ էջի վրա]
Սան Խուան Բաուտիստա
Էլ Յունկի
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ
ՍԱՆՏԱ ԿԼԱՐԱ ԿՂԶԻՆ
[նկար]
Տեսադաշտում կղզու հայտնվելուն պես՝ օվկիանոսի միջից վեր խոյացող մի հսկայական ժայռ է երևում։
[թույլտվությամբ]
Չիլիի քարտեզը: Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.
[նկար 8–րդ, 9–րդ էջերի վրա]
Վեհապանծ, սրագագաթ Էլ Յունկի (Զնդան) լեռը։
[նկար 9–րդ էջի վրա]
Սան Խուան Բաուտիստա գյուղը (սուրբ Հովհաննես Մկրտիչ)։
[նկար 9–րդ էջի վրա]
Փոքրիկ կղզիները հանգստի վայր են ծառայում փոկերի ու ծովառյուծների համար։
[նկար 10–րդ էջի վրա]
Սանտյագոյից օդ բարձրացանք փոքր ինքնաթիռով։
[նկար 10–րդ էջի վրա]
Ռոբինզոն Կրուզո կղզու կտրտված ափը։
[նկար 10–րդ էջի վրա]
Կղզու համեստ Թագավորության սրահը։