Ի՞նչ է հարկավոր իմանալ կախարդության մասին
ԱՅՍՕՐ դժվար է կախարդության ճիշտ սահմանումը տալ, քանի որ դրանով զբաղվողները հանդես գալիս գործածում են ամենատարբեր միջոցները։ Իրենց համոզմունքներն ի մի բերելու համար նրանք չեն ընդունում որևէ ընդհանուր ղեկավարություն, ուսմունք կամ սուրբ գիրք։ Տարբեր են նաև նրանց սովորությունները, կարգն ու կանոնները, ծիսակատարությունները, իսկ թե ինչ աստծու են ուզում պաշտել, ընտրությունն իրենց ձեռքում է։ Մի գրող նկատում է. «Ոգիների աշխարհն անհատին գաղափարների «ազատ շուկա» է առաջարկում»։ Մեկ ուրիշի կարծիքով «նեոհեթանոսների մեծ մասը գրեթե բոլոր հարցերում տարակարծիք է»։
Շատերի համար էական նշանակություն չունի տարբեր տեսակետների գոյությունը։ Կախարդության մի ուղեցույց նշում է. «Երբ իրար հակասող տեղեկություն եք ստանում, քննարկման ենթարկեք այն և ինքներդ որոշեք, թե ինչին հավատալ։ Ականջ դրեք ձեր գիտակցության ձայնին։ Այլ կերպ ասած՝ ազատ եղեք ծիսակատարություններ և դրանց վերաբերյալ գրականություն ընտրելու հարցում. ընտրեք այն, ինչը ձեզ ճիշտ է թվում»։
Սակայն ճշմարտությունն իմացողները այդպես միանշանակ չեն մոտենում նման հակասություններին։ Ճշմարտությունն իրական փաստ է։ Եթե անհատը զգում է կամ հույս է փայփայում, կամ էլ հավատում է ինչ–որ բանի ճիշտ լինելուն, դա դեռ չի նշանակում, որ դա իսկապես ճիշտ է։ Օրինակ՝ կար ժամանակ, երբ բժիշկները կարծում էին, թե կարող են թոքաբորբը բուժել՝ կենդանի հավը երկու մասի բաժանելով և այդ կտորները հիվանդի կրծքավանդակի վրա դնելով։ Անշուշտ, շատ հիվանդներ անկեղծորեն հավատում էին ապաքինվելու հույս ներշնչող բուժման այդ մեթոդին։ Բայց նրանց հավատն ու հույսերն իրականությունից շատ հեռու էին. թոքաբորբը հնարավոր չէ բուժել այդ ճանապարհով։ Մարդիկ ճշմարտություն չեն կարող ստեղծել. նրանք պարզապես փորձում են հասկանալ այն։
Աստվածաշունչը մի գիրք է, որը ցույց է տալիս, թե որտեղ կարելի է գտնել հոգևոր հարցերի վերաբերյալ ճշմարտությունը։ Երբ երկրի վրա էր, Հիսուս Քրիստոսը իր Հորն աղոթելիս ասաց. «Քո խօսքը ճշմարտութիւն է» (Յովհաննէս 17։17)։ Պողոս առաքյալը Աստվածաշնչի մասին գրեց, որ այն «Աստծու շնչով [է] գրուած» (Բ Տիմոթէոս 3։16)։ Մինչդեռ կախարդությամբ զբաղվողներից շատերը համամիտ չեն այս խոսքերի հետ։ Այս տեսակետն ընդունելու փոխարեն՝ նրանք առաջնորդություն են փնտրում առասպելների, հին կրոնների և նույնիսկ գիտական ֆանտազիայի մեջ։ Ուստի, խելամիտ չի՞ լինի արդյոք մի փոքր քննարկման ենթարկել այդ մասին Աստվածաշնչի հաղորդագրությունը։ Չէ՞ որ վերջինս գրեթե ամբողջ աշխարհում ընդունված է որպես սուրբ գիրք։ Աստվածաշունչը նաև համարվում է պահպանված հնագույն կրոնական գրություններից մեկը։ Թեպետ գիրքը գրվել է մոտ 1 600 տարիների ընթացքում, սակայն նրանում պարունակվող ուսմունքների մեջ պահպանված է հետևողականությունը։ Եկեք Աստվածաշնչի ուսուցումները համեմատենք լայն տարածում գտած որոշ հավատալիքների հետ, որոնց հետևում են կախարդությամբ զբաղվող անհատները։
Ո՞վ է ապրում հոգևոր ոլորտում
Հոգևոր հարցերը հասկանալու համար հիմնականում հետևյալ հարցն է բարձրացվում՝ ո՞վ է բնակվում հոգևոր ոլորտում։ Թեև կախարդությամբ զբաղվող անհատներից շատերն այսօր բազմաստվածական են և հավատում են բնական ուժերին, սակայն ոմանք երկրպագում են մեծ մայր–աստվածուհուն՝ պատկերելով նրան երեք դերում՝ կույսի, մոր և պառավ կնոջ և դրանով ներկայացնելով կյանքի հիմնական շրջանները։ Այդ աստվածուհու սիրելին ինչ–որ եղջյուրավոր աստված է։ Կախարդների մի որոշ մասն էլ երկրպագում է միաժամանակ և՛ աստվածուհուն, և՛ աստծուն։ Գրողներից մեկն ասում է. «Աստվածուհին ու նրա սիրելին՝ Աստված, ներկայացնում են բնության մեջ կին ու տղամարդ արարածների սկիզբը։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ խառնվածք, որոնք, ներդաշնակորեն իրար միանալով, սկիզբ են տալիս կյանքին»։ Մեկ ուրիշ հեղինակավոր անձնավորություն գրում է. «Կախարդության մեջ կարևորագույն պայմաններից մեկը աստվածության (աստվածների կամ աստվածուհիների) քո սեփական ընտրությունն է, որոնց հետ պատրաստվում ես կապի մեջ մտնել։ ....Այս զբաղմունքը ազատություն է տալիս քեզ՝ պաշտելու այն աստծուն, որին ինքդ կընտրես»։
Աստվածաշունչը համամիտ չէ վերոհիշյալ գաղափարներից և ոչ մեկի հետ։ Հիսուս Քրիստոսն իր ողջ ծառայությունը նվիրեց «միակ ճշմարիտ Աստծո»՝ Եհովայի մասին մարդկանց սովորեցնելու գործին (Յովհաննէս 17։3)։ Աստվածաշունչը հայտնում է. «Տէրը մեծ է եւ շատ օրհնուած, եւ ահաւոր է նա ամեն աստուածների վերայ։ Որովհետեւ ազգերի բոլոր աստուածները կուռքեր են» (Ա Մնացորդաց 16։25, 26)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել Սատանայի մասին։ Մի բացատրական բառարան («Webster’s Ninth New Collegiate Dictionary») «կախարդություն» բառը սահմանում է որպես Սատանայի հետ հաղորդակցության միջոց։ Քանի որ շատերն առհասարակ չեն հավատում Սատանայի գոյությանը, դժվար թե այսօր հանդիպեք կախարդությամբ զբաղվող մի անհատի, որն ընդունի վերոհիշյալ սահմանումը։ «Այրիշ թայմզում» («The Irish Times») բերվում են մի երիտասարդ կնոջ խոսքերը, որը «հայտնի կախարդ է ու իռլանդական կախարդների ամենանշանավոր խմբերից մեկի ղեկավարը»։ Նրա կարծիքով՝ «հավատալ Սատանային նշանակում է ընդունել քրիստոնեությունը։ ....[Սատանան] չի կարող բնակվել մի ոլորտում, որտեղ Աստված չկա»։
Իսկ Աստվածաշունչը հաստատում է Սատանայի գոյությունը և վերջինիս մեղադրում երկրի վրա գոյություն ունեցող տառապանքի ու քաոսի մեջ (Յայտնութիւն 12։12)։ Հիսուսը ոչ միայն հայտարարեց, որ Բանսարկուն իրականում գոյություն ունի, այլև ցույց տվեց, որ մարդիկ անգիտակցաբար կարող են Սատանայի կամքը կատարել։ Օրինակ՝ առաջին դարի հպարտ կրոնական առաջնորդները պնդում էին, թե իրենք որոշ իմաստով Աստծո որդիներն են և հավատացած էին, թե Աստծո կամքն են կատարում։ Իսկ Հիսուսն այդպես չէր կարծում, քանի որ կարողանում էր կարդալ նրանց սրտերը։ Նրանց դիմելով՝ նա բացահայտորեն ասաց. «Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել» (Յովհաննէս 8։44, ԱԹ)։ Դեռ ավելին, Աստվածաշնչի «Յայտնութիւն» գիրքը Սատանային ներկայացնում է որպես մի անձնավորություն, որը «մոլորեցրեց ամբողջ աշխարհը» (Յայտնութիւն 12։9)։
Մոգության որոշ ձևեր գուցե բարերա՞ր են
Անհերքելի է, որ մոգությունը միշտ կապված է եղել ոգեհարցության հետ։ Ե՛վ վաղեմի ժամանակներում, և՛ այսօր շատերը հավատում են, որ մոգությունը մարդկանց տառապանք պատճառելու միջոց է։ Այն կարծիքը կա, թե կախարդները կարող են մոգության միջոցով մարդկանց մեծ ցավ պատճառել և նույնիսկ մահվան մատնել։ Բոլոր ժամանակներում ընդունված է եղել կախարդներին համարել գրեթե բոլոր դժբախտությունների պատճառը, այդ թվում նաև հիվանդությունների, մահվան և վատ բերքի։
Մերօրյա կախարդները հերքում են նման պնդումները։ Թեպետ նրանք ընդունում են, որ կան խաբեբա կախարդներ, որոնք չարություն են գործում, սակայն նրանց մեծամասնությունը պնդում է, որ իրենց մոգության նպատակը միայն օգուտներ տալն է և ոչ թե՝ տառապանք պատճառելը։ «Վիկկա» կրոնական ուղղության անդամները հայտարարում են, որ մոգության ուժը եռակի անգամ ավել փոխանցվում է դրանով զբաղվողին, և որ այդ ուժը ծառայում է որպես մարդկանց չարություն պատճառելուց կախարդներին ետ պահելու հիմնական միջոց։ Այսպես կոչված բարերար մոգության ներգործության մեջ մտնում են թալիսմաններ կրելը, նախկին բնակիչներից մնացած բացասական էներգիայից ազատվելը, հակառակ սեռի ներկայացուցչի վրա ազդելը, որպեսզի նա սիրահարվի քեզ, բուժումներ ու բժշկություններ կատարելը, աշխատանքը կորցնելուն խոչընդոտելը և փող ձեռք բերելը։ Կախարդությանն ու մոգությանը այսպիսի մեծ հնարավորություններ վերագրելով՝ զարմանալի չէ, որ այն այդքան մեծ տարածում է գտել։
Սակայն Աստվածաշունչը տարբերություն չի դնում սև ու ճերմակ մոգությունների միջև։ Մովսեսին տրված Օրենքում Աստված հստակորեն բացահայտում է իր տեսակետը։ Նա ասում է. «Չ’հմայէք» (Ղեւտացոց 19։26)։ Իսկ Բ Օրինաց 18։10, 11–ում կարդում ենք. «Ձեր մէջ չ’գտնուի.... գուշակող եւ հմայող [‘մոգությամբ զբաղվող’, ԷԹ], ....նաև կախարդ, կամ վհուկ, ....կամ մեռելահարցուկ»։
Ինչո՞ւ է Աստված զգուշացնում այդ մասին։ Իհարկե, ոչ այն պատճառով, որ մեզ զրկի օգտավետ բաներից։ Եհովան այդ օրենքները տվեց իր ժողովրդին՝ ելնելով նրանց հանդեպ ունեցած սիրուց և չցանկանալով, որպեսզի մարդիկ վախի ու սնոտիապաշտության գերին դառնային։ Ընդհակառակը, նա իրեն ծառայողներին հորդորում է անհրաժեշտ բաների խնդիրով դիմել իրեն։ Եհովան «ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ» տվող Աստված է (Յակոբոս 1։17)։ Հովհաննես առաքյալը վստահեցրեց իր հավատակիցներին. «Ինչ էլ որ հայցենք, կը ստանանք [Աստծուց], որովհետեւ պահում ենք նրա պատուիրանները եւ կատարում նրան հաճելի բաները» (Ա Յովհաննես 3։22)
Ովքե՞ր են չար ոգիները
Աստվածաշունչը տեղեկացնում է, որ չար ոգիներն իրականում գոյություն ունեն, և կախարդությամբ զբաղվող անհատներից շատերն այդ հարցում համամիտ են Աստծո Խոսքի հետ։ Կախարդության կողմնակիցներից մեկն իր աշխատության մեջ զգուշացնում է. «Ուրվականները ձեր կողքին են. նրանք բնակվում են մեր մոլորակին զուգահեռ անտեսանելի մի աշխարհում, նրանք կենդանի արարածներ են։ ....«Սատանայի ճուտ», «չար ոգի» և «դև» բառերի ետևում կանգնածներն իրական անձնավորություններ են։ Նրանք զորավոր են....։ Նրանցից ամենախելամիտները կարող են մուտք գործել ձեր ներքնաշխարհը (եթե, իհարկե, որևէ մեկը բարեհաճությամբ նրանց առջև «մուտքի դուռը» բաց անի)։ ....Նրանք կարող են տիրանալ ձեր մարմնին.... և նույնիսկ ինչ–որ չափով հսկել ձեզ։ Այո՛, սա իրոք նման է այն հին պատմություններին, որոնցում պատմվում է դևերի իշխանության տակ գտնվող մարդկանց մասին»։
Աստվածաշնչյան ժամանակներում դևերն իրենց ազդեցությունը բանեցնելու զանազան միջոցներ էին գործածում։ Ոմանք դիվահարվելով զրկվում էին խոսելու կամ տեսնելու ունակությունից, ոմանք խելագարվում էին, մի քանիսն էլ գերմարդկային ուժ էին ստանում (Մատթէոս 9։32; 12։22; 17։14, 17; Մարկոս 5։2—5; Ղուկաս 8։29; 9։42, 43; 11։14; Գործք 19։16)։ Երբեմն տառապանքն ավելի էր սաստկանում, երբ մի քանի դև միաժամանակ ներգործում էին մեկի վրա (Ղուկաս 8։2, 30)։ Հետևաբար, կարող ենք վստահությամբ ասել, որ Եհովան բարի միտումով է զգուշացնում մարդկանց հեռու մնալ կախարդությունից և ոգեհարցության այլ ձևերից։
Ճշմարտության վրա հիմնված կրոնը
Մեր օրերում շատերին է հրապուրում կախարդությունը, քանի որ նրանց թվում է, թե այն անվնաս է և օգտակար, բնական ուժերի նկատմամբ հավատ դրսևորող կրոն է, ընդունված է հասարակության տարբեր խավերի կողմից, ինչպես նաև վախազդու չէ։ Հաճախ պատահում է նաև այնպես, որ կախարդությանը լրջորեն չեն վերաբերվում։ Այն հասարակություններում, որտեղ կրոնական հանդուրժողականությունը թույլ է տալիս տարօրինակ ուղղությունների հարել, կախարդությունը մեծ հարգանք է վայելում։
Իսկապես, կրոնական աշխարհը վերածվել է մի շուկայի, որտեղից մարդիկ ազատորեն կարող են ընտրել այն կրոնը, որն իրենց է հարմար. սա կարելի է համեմատել հարմար կոշիկ ընտրելու հետ։ Հակառակ այսպիսի ազատության՝ Հիսուսը խոսեց ընդամենը երկու հնարավոր ընտրության մասին։ Նա ասաց. «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթէոս 7։13, 14)։ Իհարկե, մենք ազատ ենք՝ ընտրելու այդ ճանապարհներից որևէ մեկը։ Սակայն, մեր կատարած ընտրությունը հույժ կարևոր է այն պատճառով, որ դրանից է կախված մեր հավիտենական բարօրությունը։ Որպեսզի հոգևորի մասին ճիշտ հասկացողություն ձեռք բերենք, պետք է գնանք ճշմարտության ճանապարհով. այն ուղիով, որը մատնանշում է միայն Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը։
[նկար 5–րդ էջի վրա]
Շատերն այսօր կախարդությունը համարում են որպես բնական ուժերին հավատ ընծայող, անվնաս կրոն։
[նկար 6–րդ էջի վրա]
Մոգությունը միշտ կապված է եղել ոգեհարցության հետ։
[նկար 6–րդ էջի վրա]
Գուցե կախարդությամբ զբաղվող անհատները անգիտակցաբար Սատանայի կա՞մքն են կատարում։
[նկար 7–րդ էջի վրա]
Աստվածաշունչը ցույց է տալիս ճշմարտության ճանապարհը։