Ո՞րն է հաջողության բանալին
ԵՐԿՈՒ ձեռներեց երիտասարդներ վճռական փորձարկման էին նախապատրաստում տարօրինակ տեսք ունեցող մի սարք։ Հանկարծ, քամու ուժեղ հոսանքը վեր բարձրացրեց փխրուն սարքը, պտտեցրեց օդի մեջ և դղրդյունով վայր նետեց։ Հուսալքված երիտասարդները լուռ կանգնած նայում էին։ Ջանասիրությամբ ու մանրազնին կատարված իրենց աշխատանքը ծռմռված մետաղի և փայտի կույտի վերածվեց։
Օդից ծանր թռչող սարքի ստեղծման փորձեր կատարելիս Օրվիլ և Ուիլբեր Րայթերի համար 1900 թ. հոկտեմբերին պատահածը առաջին հիասթափեցնող անհաջողությունը չէր։ Այդ փորձերը նրանցից արդեն տարիներ և մեծ քանակությամբ դրամական միջոցներ էին խլել։
Ի վերջո, նրանց հաստատակամությունը վարձատրվում է։ 1903–ի դեկտեմբերի 17–ին, Քիթի Հոքում (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինայի նահանգ) Րայթ եղբայրները հաղորդաշարժիչով մի մոդել են արձակում, որը թռչում է 12 վայրկյան տևողությամբ, կարճ՝ այսօրվա ինքնաթիռների թռիչքների հետ համեմատած, բայց բավականաչափ երկար՝ աշխարհն ընդմիշտ փոխելու համար։
Շատ դեպքերում հաջողությունը հիմնականում կախված է հաստատակամ լինելուց։ Լինի դա նոր լեզվի տիրապետման, արհեստ սովորելու կամ նույնիսկ մարդկանց հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու մեջ, արդյունքի կարելի է հասնել միայն երկարատև ջանքերի շնորհիվ։ «Հաջողության տասից ինը,— ասում է գրող Չարլզ Թեմփլտոնը,— ուղղակիորեն կապված է ջանասիրության հետ»։ Լրագրող Լեոնարդ Փիթսը նշում է. «Խոսում ենք տաղանդի մասին, ողջունում հաջողությունը, բայց հաճախ անտեսում ենք ամենակարևոր բաները՝ ներդրված ջանքերն ու բազում ձախողումները, և, իհարկե, այդ ամենի վրա ծախսված ժամանակը»։
Սա հաստատում է այն միտքը, ինչը դեռ վաղուց գրված է Աստվածաշնչում. «Աշխատասէրների ձեռքը կ’իշխէ» (Առակաց 12։24)։ Աշխատասիրությունը՝ դա սկսած աշխատանքը հաստատակամորեն ավարտին հասցնելն է։ Սա հատկապես կարևոր է, եթե ուզում ենք հասնել մեր առջև դրված նպատակներին։
[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]
U.S. National Archives photo