Ինչպե՞ս արթնացնենք մեր եկեղեցական ծխերը
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ կաթոլիկական «Քրիստոնեական ընտանիք» («Famille Chrétienne») ամսագրում վերջերս տրված այս հարցը շատերին չի զարմացնի։ Բրիտանիայի կարդինալ Հյումը եկեղեցու ծխերը նույնիսկ անվանել է «քնած հսկաներ»։ Այդ նիրհին վերջ դնելու նպատակով ծխական որոշ խմբերի առաջարկվել է մարդկանց քարոզել։ Իտալացի մի քահանա այն անվանեց «Ուղղակի ավետարանման նոր մեթոդներ»։ Թեև վերջերս այդ նախաձեռնությունը քաջալերանքի արժանացավ Հռոմի պապի կողմից, սակայն ոչ բոլորն են գտնում, որ իրենց հավատի մասին անհրաժեշտ է ուրիշներին էլ պատմել։
Վերջերս Աֆրիկա այցելություն կատարած Պիջի Պերինիին՝ Միլանի ծխատեր քահանայի օգնականին, մի միանձնուհի հետևյալն ասաց. «Արդեն քառասուն տարի է, ինչ այստեղ եմ, և այդքան ժամանակ ինձ հաջողվել է չարտասանել Հիսուսի անունը, որպեսզի ոչ մի կերպ վնաս չհասցնեմ աֆրիկյան մշակույթին»։ Պիջի Պերինին եզրակացնում է. «Մենք այլևս չենք խոսում Հիսուսի մասին, այլևս մարդկանց չենք պատմում նրա հանդեպ ունեցած մեր հավատի մասին, այլևս չենք քարոզում ավետարանը»։ Սակայն, շատերի համար քարոզելն իրենց կյանքի կարևոր մասն է կազմում և նպաստում հոգևորապես արթուն մնալուն։ Պիջի Պերինին խոստովանում է. «Եթե շուկայում պատահաբար հանդիպես երկու հոգու Քրիստոսի մասին խոսելիս, կամ էլ, եթե նրանց ձեռքին Աստվածաշունչ տեսնես, անմիջապես կհասկանաս, որ Եհովայի վկաներ են»։
Այսօր, Եհովայի վկաները Աստվածաշնչի շուրջ զրույցներ են անցկացնում, որին սիրով ընդառաջում են միլիոնավոր մարդիկ։ Անկասկած, ձեր շրջապատում հանդիպած կլինեք նրանց։ Ինչպես առաջին դարում, այնպես էլ հիմա, այս եռանդուն քրիստոնյաները քաջալերում են միմյանց իրենց հավատի մասին ուրիշների հետ էլ խոսել։ Նրանց ժողովների հանդիպման վայրերում (որոնք կոչվում են Թագավորության սրահներ) ջերմ և բարեկամական մթնոլորտ է տիրում։ Ինչո՞ւ չայցելել Եհովայի վկաների կողմից անցկացվող որևէ հանդիպման և տեսնել, թե ինչպես կարելի է պայքարել հոգևոր թմրածության դեմ։