Մի՞թե Եհովան չափից ավելին է պահանջում մեզանից
«Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ» (Միքիա 6։8)։
1. Շատերն ինչո՞ւ չեն ծառայում Եհովային։
ԵՀՈՎԱՆ որոշակի պահանջներ է ներկայացնում իր ժողովրդին։ Կարդալով Միքիայի մարգարեությունից մեջբերված վերոհիշյալ խոսքերը՝ կարելի է եզրակացնել, թե որքան ողջամիտ են Աստծո պահանջները։ Այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ չեն ծառայում մեր Մեծ Ստեղծիչին, ոմանք էլ թողնում են նրան ծառայելը։ Իսկ ինչո՞ւ. որովհետև նրանք այն կարծիքին են, թե Աստված չափից ավելին է իրենցից պահանջում։ Բայց արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը։ Գուցե բանը Աստծո պահանջների հանդեպ մարդու ունեցած վերաբերմունքի մե՞ջ է կայանում։ Այս հարցը հասկանալու համար մեզ կօգնի մի հին պատմական դեպքի արձանագրություն։
2. Ո՞վ էր Նեեմանը, և Եհովայի մարգարեն ի՞նչ պատվիրեց նրան անել։
2 Ասորական բանակի զորավար Նեեմանը տառապում էր բորոտությամբ. նա տեղեկացավ, որ Իսրայելում է ապրում Եհովայի մարգարեներից մեկը, և միայն նա կարող է բուժել իրեն։ Լսելով այդ մասին՝ Նեեմանն իր շքախմբով ճանապարհ ընկավ դեպի Իսրայել և ի վերջո հասավ այն վայրը, որտեղ ապրում էր Աստծո մարգարե Եղիսեն։ Տնից դուրս գալու և իր նշանավոր հյուրին ողջունելու փոխարեն՝ Եղիսեն իր ծառային ուղարկեց Նեեմանի մոտ և պատվիրեց հայտնել նրան. «Եօթն անգամ լուացուիր Յորդանանումը, եւ մարմինդ քեզ մօտ կ’դառնայ եւ կ’մաքրուիս» (Դ Թագաւորաց 5։10)։
3. Ինչո՞ւ Նեեմանը սկզբում մերժեց կատարել Եհովայի պահանջը։
3 Եթե Նեեմանը աներ այն, ինչ որ իրենից Աստծո մարգարեն էր պահանջում, ապա նա կբուժվեր գարշելի ախտից։ Կարելի՞ է կարծել, թե Եհովան նրա ուժերից վեր բան էր պահանջում անել։ Ըստ էության, ո՛չ։ Բայց Նեեմանը չէր պատրաստվում հետևել Եհովայի պահանջին։ Նա բողոքեց. «Մի՞թէ Դամասկոսի Աբանա եւ Փարփար գետերը Իսրայէլի բոլոր ջրերիցը լավ չեն. մի՞թէ նորանցում չէի լուացուիլ եւ մաքրուիլ»։ Այս խոսքերն ասելով՝ Նեեմանը բարկացած թողեց ու հեռացավ (Դ Թագաւորաց 5։12)։
4, 5. ա) Ինչպե՞ս վարձատրվեց Նեեմանի հնազանդությունը, և ինչպե՞ս նա արձագանքեց խորհրդին։ բ) Ի՞նչ ենք հիմա քննարկելու։
4 Իրականում, Նեեմանն ինչո՞ւ հապաղեց իրեն պատվիրվածի պես վարվել։ Հարցը իրենից պահանջվածի դժվարության մեջ չէր կայանում։ Նեեմանի ծառաները զգուշությամբ ասացին նրան. «Եթէ մարգարէն քեզ մի մեծ բան ասած լինէր, չէ՞իր անիլ. ո՞ւր մնաց որ քեզ ասեց. Լուացուիր եւ կ’մաքրուիս» (Դ Թագաւորաց 5։13)։ Նեեմանի հապաղելը նրա մտածելակերպի հետ էր կապված։ Նրա ուղեղում պտտվում էր այն միտքը, թե իր հետ արժանապատվությամբ չվարվեցին և պատվիրեցին անել մի բան, որն ինքը, հավանաբար, անօգտակար ու նվաստացուցիչ էր համարում։ Այնուամենայնիվ, Նեեմանը ականջ դրեց ծառաների խորհրդին և յոթ անգամ սուզվեց Հորդանան գետի մեջ։ Պատկերացրեք նրա ուրախությունը, երբ «նորա մարմինը ետ դառաւ իբրեւ մի փոքր տղայի մարմին, եւ նա մաքրուեցաւ»։ Դեռ ավելին, Նեեմանը ցույց տվեց իր երախտագիտությունը՝ հայտարարելով, որ այսուհետև բացի Եհովայից ուրիշ ոչ մի Աստծո չի պաշտելու (Դ Թագաւորաց 5։14—17)։
5 Մարդկության ողջ պատմության ընթացքում Եհովան պահանջել է, որ մարդիկ կատարեն իր հրամանները։ Հրավիրում ենք ձեզ նկատի առնել դրանցից մի քանիսը։ Ընթացքում ինքդ քեզ հարց տուր, թե անձամբ դու ինչպե՞ս կարձագանքեիր, եթե Եհովան քեզանից նման բան պահանջեր։ Իսկ այժմ կքննարկենք, թե Եհովան այսօր ի՛նչ է պահանջում իր ծառաներից։
Ի՞նչ էր պահանջում Եհովան անցյալում
6. Ի՞նչ հրահանգ տրվեց առաջին մարդկային զույգին, և, եթե դու լինեիր նրանց փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։
6 Եհովան մարդկային առաջին զույգին՝ Ադամին ու Եվային հրահանգներ տվեց՝ զավակներ ունենալ, տիրել երկրին և հոգ տանել երկրի վրա ապրող կենդանիներին։ Առաջին մարդկային զույգը նաև օրհնվեց՝ ստանալով ընդարձակ դրախտանման բնակավայր (Ծննդոց 1։27, 28; 2։9—15)։ Սակայն այնտեղ Եհովան նրանց համար մի սահմանափակում դրեց. նրանք կարող էին օգտվել Եդեմի պարտեզի բոլոր պտղատու ծառերից՝ բացառությամբ մեկի (Ծննդոց 2։16, 17)։ Եկեք համաձայնվենք, որ այս սահմանափակումն իրենից առանձնապես դժվարություն չէր ներկայացնում։ Մի՞թե քեզ ուրախություն չէր պատճառի նման մի հանձնարարություն կատարելը, երբ քո առջևում բացված լիներ հավիտյան ու կատարյալ առողջությամբ ապրելու հեռանկարը։ Եթե պարտեզում հայտնվեր գայթակղիչը, մի՞թե չէիր մերժի նրա առաջարկը։ Համաձայն չե՞ս այն մտքի հետ, որ Եհովան իրավունք ուներ հասարակ մի սահմանափակում դնելու (Ծննդոց 3։1—5)։
7. ա) Նոյն ի՞նչ հանձնարարություն ստացավ և ի՞նչ խանգարող հանգամանքների հանդիպեց։ բ) Անձամբ դու ինչպե՞ս կարձագանքեիր, եթե քեզ էլ նույն պատվերը տրվեր։
7 Հետագայում Եհովան պատվիրեց Նոյին մի տապան կառուցել, որի միջոցով նրանք պիտի փրկվեին գալիք համաշխարհային ջրհեղեղից։ Եթե հաշվի առնենք տապանի հսկայական չափսերը՝ կարելի է ենթադրել, որ աշխատանքն այնքան էլ հեշտությամբ չի ընթացել. ըստ երևույթին, նրանք նաև ծաղրանքի ու հակառակության են հանդիպել։ Կարելի է պատկերացնել, թե որքա՜ն երջանիկ էր Նոյը, որ հնարավորություն էր ստացել իր ընտանիքի անդամներին, ինչպես նաև որոշակի քանակության կենդանիների ջրհեղեղից ազատել (Ծննդոց 6։1—8; 14—16; Եբրայեցիս 11։7; Բ Պետրոս 2։5)։ Եթե քեզ նման հանձնարարություն տրվեր, այն կատարելու համար չէի՞ր ներդնի, արդյոք, ողջ ջանքերդ։ Ճիշտ կլինե՞ր եզրակացնել, թե Եհովան մեզանից չափից ավելին է պահանջում։
8. Աբրահամն ի՞նչ հանձնարարություն ստացավ, և նրա հնազանդությունն ի՞նչ բանի մարգարեական ցուցադրումն էր։
8 Աստված պատվիրեց Աբրահամին վերջինիս համար բավականին ծանր մի գործ կատարել. «Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մօրիայի երկիրը գնա, եւ այն տեղ նորան ողջակէզ արա» (Ծննդոց 22։2)։ Եհովան վաղուց խոստացել էր Աբրահամին, որ Իսահակը (որն այն ժամանակ դեռևս զավակներ չուներ) սերունդ է ունենալու, ուստի Աբրահամի հավատը Իսահակին նորից կյանքի վերադարձնելու Աստծո կարողության հարցում փորձության ենթարկվեց։ Երբ Աբրահամը պատրաստվում էր կատարել Աստծո պատվերը, այն է՝ Իսահակին զոհաբերել, Եհովան թույլ չտվեց դա իրագործել. նա պահպանեց երիտասարդի կյանքը։ Այս աչքառու դեպքով Աստված ուզում էր ցույց տալ, որ նման ձևով իր Որդուն է զոհաբերելու մարդկության համար, իսկ ավելի ուշ հարություն է տալու նրան (Ծննդոց 17։19; 22։9—18; Յովհաննէս 3։16; Գործք 2։23, 24, 29—32; Եբրայեցիս 11։17—19)։
9. Ինչո՞ւ չափից ավելին չէր Աբրահամից Եհովայի պահանջածը։
9 Ոմանց կարող է թվալ, թե Եհովան Աբրահամից չափից ավելին էր պահանջում։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ Որքանո՞վ է տրամաբանական ենթադրելը, թե մահացածներին հարություն տալու զորություն ունեցող մեր Ստեղծիչի կողմից դաժանություն է խնդրելը, որ հնազանդվենք իրեն նույնիսկ այն դեպքում, երբ նա պահանջում է մի որոշ ժամանակ ննջել մահվան քնով։ Հիսուս Քրիստոսն ու առաջին դարի իր հետևորդներն այդպես չէին մտածում։ Նրանք պատրաստ էին հալածվելու, նույնիսկ մահանալու, միայն թե կատարեին Աստծո կամքը (Յովհաննէս 10։11, 17, 18; Գործք 5։40—42; 21։13)։ Եթե հանգամանքները դա պահանջեն, դու նույնպես պատրաստ կլինե՞ս նման կերպով վարվելու։ Եկեք նկատի առնենք այն մի քանի պահանջները, որոնք Եհովան ներկայացրեց նրանց, ովքեր համաձայնվեցին գտնվել իր ժողովրդի մեջ։
Եհովայի օրենքը՝ իսրայելացիներին
10. Ովքե՞ր խոստացան Եհովայի բոլոր պահանջները կատարել, և Եհովան ի՞նչ տվեց նրանց։
10 Աբրահամի հետնորդները նրա որդի՝ Իսահակի ու թոռան՝ Հակոբի կամ Իսրայելի միջոցով բազմացան և նրանցից հետագայում կազմավորվեց իսրայել ազգը։ Եհովան ազատագրեց իսրայելացիներին Եգիպտոսի ստրկությունից (Ծննդոց 32։28; 46։1—3; Բ Թագաւորաց 7։23, 24)։ Այդ դեպքերից շատ չանցած՝ նրանք խոստացան կատարել Եհովայի բոլոր պահանջները՝ ասելով. «Եհովայի բոլոր ասածները կ’անենք» (Ելից 19։8)։ Քանի որ իսրայելացիները ցանկացան, որ Եհովան իրենց կառավարի, վերջինս տվեց այդ ազգին 600–ից ավելի օրենքներ՝ այդ թվում նաև Տասը պատվիրանները։ Հետագայում, Մովսեսի միջոցով Աստծո տրված օրենքները ճանաչվեցին պարզապես որպես Օրենք (Եզրաս 7։6; Ղուկաս 10։25—27; Յովհաննէս 1։17)։
11. Ո՞րն էր Մովսիսական օրենքը տալու նպատակներից մեկը, և որո՞նք են այն կանոնները, որոնք օգնում էին ժողովրդին Օրենքը կատարել։
11 Օրենքի նպատակներից մեկն էր իսրայելացիներին ապահովել բարոյական, գործարքային բնույթի հարցերին և երեխաների խնամքին վերաբերող օգտակար կանոններով (Ելից 20։14; Ղեւտացոց 18։6—18, 22—24; 19։35, 36; Բ Օրինաց 6։6—9)։ Բացի այդ, կային օրենքներ այն մասին, թե ինչպես վերաբերվել դրացու, ինչպես նաև կենդանիների հետ (Ղեւտացոց 19։18; Բ Օրինաց 22։4, 10)։ Տարեկան տոների և երկրպագության նպատակով միասին հավաքվելու վերաբերյալ կանոններն օգնում էին ժողովրդին հոգևորապես մաքուր մնալ (Ղեւտացոց 23։1—43; Բ Օրինաց 31։10—13)։
12. Ո՞րն էր Օրենքի գլխավոր նպատակը։
12 Պողոս առաքյալը բացատրեց Մովսիսական օրենքի գլխավոր նպատակը, երբ գրեց. «[Օրենքը] տրուեցավ՝ որպեսզի մարդիկ իրենց յանցանքները ճանչնան, մինչեւ Աբրահամի զաւակին՝ այսինքն Քրիստոսի գալը, որուն ուղղուած էր խոստումը» (Գաղատացիս 3։19, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Այն իսրայելացիներին շարունակ հիշեցնում էր իրենց անկատարության մասին։ Հետևաբար, նրանք կարիք ունեին կատարյալ զոհաբերության, որը լիովին կմաքրեր իրենց մեղքերը (Եբրայեցիս 10։1—4)։ Ուստի, Օրենքը նախատեսված էր ժողովրդին նախապատրաստելու համար, որպեսզի ընդունեին Հիսուսին՝ Մեսիային կամ Քրիստոսին։ Պողոսը գրում է. «Օրէնքը դաստիարակ եղաւ՝ մեզ Քրիստոս Յիսուսին բերելու, որպէսզի հաւատով արդարանանք» (Գաղատացիս 3։24)։
Արդյո՞ք Եհովայի տված Օրենքը բեռ էր
13. ա) Անկատար մարդկանց համար ինչպիսի՞ն էր Օրենքը և ինչո՞ւ։ բ) Արդյո՞ք Օրենքն իսկապես բեռ էր։
13 Թեև Օրենքը «սուրբ [էր] եւ արդար ու բարի», այնուամենայնիվ, շատերն այն բեռ էին համարում (Հռովմայեցիս 7։12)։ Իսրայելացիները չէին կարողանում ապրել Օրենքի բարձր չափանիշներով, քանի որ այն կատարյալ էր (Սաղմոս 19։7, Արևմտ. Աստ.)։ Ահա թե ինչու Պողոս առաքյալն այն կոչեց «մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը եւ ո՛չ էլ մենք կարողացանք տանել» (Գործք 15։10)։ Ինչ խոսք, Օրենքը ինքնին ծանր չէր, իսկ նրան հնազանդվելու դեպքում ժողովուրդն օգուտներ էր քաղում։
14. Որո՞նք են այն մի քանի օրինակները, որոնք ցույց են տալիս Օրենքի բերած մեծ օգուտները։
14 Օրինակ՝ ըստ Օրենքի, գողին չէին բանտարկում, սակայն նա պետք է աշխատեր, որպեսզի վճարեր իր գողացածի կրկնապատիկը կամ դրանից ավելին։ Այսպիսով՝ տուժած անձնավորությունը վնասներ չէր կրում, իսկ աշխատավոր ժողովուրդը՝ բանտային համակարգեր հովանավորելու բեռը (Ելից 22։1, 3, 4, 7)։ Արգելվում էր առողջության համար վտանգավոր սնունդ օգտագործելը։ Կիսաեփ խոզի միսն առաջ էր բերում տրիխինելոզ հիվանդությունը, իսկ նապաստակինը՝ տուլարեմիա (Ղեւտացոց 11։4—12)։ Օրենքն արգելում էր դիպչել դիակներին և դրանով կանխում էր այլ հիվանդությունների առաջացումը։ Մահացածին դիպած մարդը պիտի լվանար ինչպես մարմինը, այնպես էլ հագուստները (Ղեւտացոց 11։31—36; Թուոց 19։11—22)։ Արտաթորանքը հողի մեջ պիտի թաղվեր մանրէների տարածումից պաշտպանվելու նպատակով, մի բան, որը գիտնականների կողմից հայտնաբերվեց միայն մի քանի հարյուրամյակ առաջ (Բ Օրինաց 23։13)։
15. Ի՞նչը բեռ դարձավ իսրայելացիների համար։
15 Մովսիսական օրենքը չափից ավելին չէր պահանջում ժողովրդից։ Սակայն բոլորովին այլ կարծիքի էին Օրենքը մեկնաբանելու պատասխանատվությունն իրենց վրա վերցրած անձինք։ Ջեյմս Հեյսթինգսի խմբագրությամբ լույս տեսած «Աստվածաշնչյան բառարանում» այդ մեկնաբանների պարտադրված կանոնների մասին հետևյալն է նշվում. «Աստվածաշնչի ամեն մի պատվիրան մանրակրկիտ կանոնների ցանցով էր շրջապատված.... Այսինքն՝ փորձ էր արվում ցանկացած հնարավոր բան ընդգրկել Օրենքի սահմանների մեջ և «դաժան» տրամաբանության միջոցով մարդկանց ապրելակերպը ամբողջությամբ ենթարկել այդ բիրտ օրենքներին.... Խղճի ձայնը լռեցված էր. Աստծո խոսքի կենդանի զորությունը վերացված էր ու ճնշված հավելյալ կանոնների շարանով» («Dictionary of the Bible»)։
16. Հիսուսն ի՞նչ ասաց կրոնական առաջնորդների պարտադրած դժվարակիր կանոնների ու ավանդույթների մասին։
16 Ժողովրդին կանոններով ծանրաբեռնած կրոնական առաջնորդներին էր, որ դատապարտեց Հիսուս Քրիստոսը, երբ ասաց. «Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք» (Մատթէոս 23։2, 4)։ Նա մատնանշեց, որ հենց նրանց դժվարակիր, մարդակերտ կանոններն ու ավանդույթները, ինչպես օրինակ՝ մանրակրկիտ լվացումները ‘անարգեցին Աստծո օրենքը’ (Մարկոս 7։1—13; Մատթէոս 23։13, 24—26)։ Հիսուսի երկիր գալուց առաջ էլ Իսրայելում կրոնական ուսուցիչներն աղավաղված ձևով էին ներկայացնում այն ամենը, ինչ որ Եհովան իրականում պահանջում էր։
Իրականում ի՛նչ էր պահանջում Եհովան
17. Ինչո՞ւ Եհովային հաճելի չէին անհավատարիմ հրեաների կողմից կատարվող զոհաբերությունները։
17 Եհովան հայտնեց Եսայիա մարգարեի միջոցով. «Ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում» (Եսայիա 1։10, 11)։ Հարց է ծագում. ինչո՞ւ Աստծուն հաճելի չէին այն զոհերը, որոնք հենց ինքն էր պահանջել Օրենքի համաձայն (Ղեւտացոց 1։1—4։35)։ Պատճառը Եհովայի հանդեպ ժողովրդի անհարգալից վերաբերմունքն էր։ Ուստի նրանց զգուշացվեց. «Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց։ Սովորեցէք բարութիւն անել, որոնեցէք իրաւունք, ուղղութիւն ցուցէք զրկուածին, որբի դատը տեսէք, որբեւայրիի դատը պաշտպանեցէք» (Եսայիա 1։16, 17)։ Մի՞թե այս խոսքերը մեզ պարզ չեն հուշում, թե Եհովան ի՛նչ է պահանջում իր ծառաներից։
18. Եհովան իրականում ի՞նչ էր պահանջում իսրայելացիներից։
18 Թե իրականում Աստված ի՛նչ էր պահանջում, ցույց տվեց Հիսուսը՝ իրեն ուղղված «օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ» հարցին հետևյալ պատասխանը տալով. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը։ Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները» (Մատթէոս 22։36—40; Ղեւտացոց 19։18; Բ Օրինաց 6։4—6)։ Ժամանակին նույն խոսքերն էր ասել Մովսես մարգարեն. «Ի՞նչ է պահանջում քեզանից քո Եհովայ Աստուածը. բայց միայն որ քո Եհովայ Աստուածանից վախենաս, նորա ամեն ճանապարհներումը գնաս եւ նորան սիրես, եւ պաշտես քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ եւ բոլոր հոգիովդ, որ Եհովայի պատուիրանքները եւ կանոնները պահես» (Բ Օրինաց 10։12, 13; 15։7, 8)։
19. Իսրայելացիներն ինչպե՞ս էին փորձում սուրբ երևալ, սակայն Եհովան ի՞նչ ասաց նրանց։
19 Իրենց գործած մեղքերով հանդերձ՝ իսրայելացիները փորձում էին սուրբ երևալ։ Չնայած այն բանին, որ Մովսիսական օրենքը պահանջում էր տարին միայն մեկ անգամ՝ Քավության օրը, ծոմ պահել, նրանք սկսեցին այդ արարողությունը հաճախակի կատարել (Ղեւտացոց 16։30, 31)։ Հանդիմանելով նրանց՝ Եհովան ասաց. «Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. եւ ջարդուածներին ազատ թող տուր. եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք։ Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր» (Եսայիա 58։3—7)։
20. Ինչո՞ւ Հիսուսը քննադատեց կեղծավոր կրոնական առաջնորդներին։
20 Եսայիայի օրերի կեղծավոր իսրայելացիները նույն խնդիրն ունեին, ինչ որ շողոքորթ կրոնական առաջնորդները, որոնց էլ ուղղված էին Հիսուսի հետևյալ խոսքերը. «Տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել եք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել» (Մատթէոս 23։23; Ղեւտացոց 27։30)։ Հիսուսի այս խոսքերը մեզ չե՞ն օգնում հասկանալու, թե Եհովան ի՛նչ է պահանջում մեզանից։
21. Միքիա մարգարեն ի՞նչ պատասխան տվեց՝ ամփոփելով, թե Եհովան ի՛նչ է պահանջում և ինչ չի պահանջում, որ մենք անենք։
21 Միքիա մարգարեն Աստծո՝ մեզանից պահանջածը հստակորեն ներկայացնելու համար իր մի շարք տրված հարցերին ինքն էլ պատասխանեց. «Ես ինչո՞վ դիմաւորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրեալ Աստուծոյ առաջին. արդեօք դիմաւորեմ նորան ողջակէզներո՞վ, մէկ տարեկան որթերո՞վ։ Մի՞թէ Տէրը կ’հաճի հազարաւոր խոյերի կամ բիւրաւոր իւղի գետերի. արդե՞օք իմ անդրանիկը տամ իբրեւ իմ յանցանքի պատարագ, իմ որովայնի պտո՞ւղը՝ իբրեւ իմ անձի մեղքի զոհ։ Քեզ յայտնել է, ով մարդ, թէ ինչ է բարին. եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ» (Միքիա 6։6—8)։
22. Եհովան հիմնականում ի՞նչ էր պահանջում Մովսիսական օրենքի տակ գտնվողներից։
22 Հետևաբար, ո՞րն էր Եհովայի հիմնական պահանջը Օրենքի տակ գտնվողներից։ Ինչ խոսք, նրանք պիտի սիրեին Եհովա Աստծուն։ Հետագայում Պողոս առաքյալը գրեց. «Ամբողջ օրէնքը այս մէկ խօսքի մէջ է ամփոփւում. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս՝ ինքդ քեզ» (Գաղատացիս 5։14)։ Իսկ հռոմեացիներին գրած իր նամակում նա նաև ավելացրեց. «Ով սիրում է ընկերոջը, կատարում է օրէնքը.... սէրն է օրէնքի լրումը» (Հռովմայեցիս 13։8—10)։
Չափից ավելին չի պահանջվում
23, 24. ա) Ինչո՞ւ մեզ երբեք չպիտի թվա, թե Եհովան չափից ավելին է պահանջում մեզանից։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
23 Մի՞թե մեզ չի տպավորում այն, թե ինչ սիրառատ, հոգատար ու ողորմած Աստված է Եհովան։ Նրա միածին որդին՝ Հիսուս Քրիստոսը, երկիր եկավ, որպեսզի գովաբանի Աստծո սերը և հնարավորություն տա մարդկանց համոզվելու, թե որքան թանկ արժեն իրենք Եհովայի համար։ Այդ սիրո մեծությունը նկարագրելու համար նա օրինակ բերեց հասարակ ճնճղուկներին. «Նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետին չի ընկնում»։ Ապա ավելացրեց. «Մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք» (Մատթէոս 10։29—31)։ Ուրեմն թող երբեք մեզ չթվա, թե նման սիրո Աստվածը չափից ավելին կարող է պահանջել մեզանից։
24 Իսկ ի՞նչ կարելի է ասել այսօրվա մասին։ Ինչո՞ւ է ոմանց թվում, թե Աստծո պահանջները կատարելը վեր է իրենց ուժերից։ Քննարկելով այս հարցերը՝ մեզ համար հասկանալի կլինի, թե Եհովայի պահանջների համաձայն վարվելը ինչո՞ւ է հոյակապ առանձնաշնորհում մեզ համար։
Կարո՞ղ եք պատասխանել
◻ Ինչո՞ւ են շատերը մերժում Աստծուն ծառայել։
◻ Տարիների ընթացքում ինչպե՞ս են փոփոխվել Եհովայի պահանջները։
◻ Մովսիսական օրենքն ի՞նչ նպատակների էր ծառայում։
◻ Ինչո՞ւ չենք կարող ասել, թե Եհովան չափից ավելին է պահանջում։
[նկար 8–րդ էջի վրա]
Մարդակերտ կանոնները, ինչպես օրինակ՝ մանրակրկիտ լվացումները, երկրպագությունը բեռ էին դարձրել։